Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

11-18 փետրվարի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, փոքր պատվիրակության կազմով, փետրվարի 15-ին մեկնել է Անկարա, որտեղ կայացել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ նրա հանդիպումը: Այցը, ըստ պաշտոնական ներկայացման, նպատակ ուներ ցույց տալու Հայաստանի աջակցությունը փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից խոշոր վնասներ կրած Թուրքիային։ Ավելի ուշ Միրզոյանը հանդիպել է երբեմնի հայաբնակ՝ Ադիյաման քաղաքում որոնողական-փրկարարական աշխատանքներ իրականացնող հայկական խմբին: Փաստորեն՝ ՀՀ արտգործնախարարը գնացել է մի քաղաք, ուր 100 տարի առաջ թուրքերը ջարդել են հայերին: Եվ գնացել է այն օրերին, երբ ազերի թուրքերը փորձում են Արցախում նույնն անել՝ կոտորել հայերին։ Ճակատագրի հեգնա՞նքն է:

Երկրաշարժի օրը ՀՀ ղեկավարները ցավակցական ուղերձներ են հղել Թուրքիայի իրենց պաշտոնակիցներին, ինչպես նաեւ զանգել ու աջակցության պատրաստակամություն են հայտնել: Հաջորդ օրը աղետի գոտի էր գործուղվել 57 փրկարար. մի մասը՝ Թուրքիա, մյուսը՝ Սիրիա: Փետրվարի 11-ին ՀՀ-ն ամենակարճ ցամաքային կապով՝ Մարգարայի կամրջով աղետյալներին էր հասցրել 100 տոննա մարդասիրական բեռ, իսկ փետրվարի 14-ին՝ օգնության 2-րդ խմբաքանակը: Նախանձելի ուշադրություն եւ առատաձեռնություն էր ցուցաբերվում իշխանության կողմից, ինչը հակասական գնահատականների տեղիք է տվել հասարակության եւ քաղաքական ուժերի շրջանում:

Մամուլում եւ սոցցանցերում հնչում էին իրարամերժ դատողություններ՝ մի կողմից հավանություն ու քաջալերանք, մյուս կողմից՝ քննադատություն ու քամահրանք: Մինչ իշխանական շրջանակները ողջունում էին Կառավարության մարդասիրական քայլերն ու նախաձեռնությունները, ընդդիմությունը գտնում էր, որ ցուցաբերվող օգնությունը տեղին չէ, որի փոխարեն կարելի էր սահմանափակվել ցավակցության մի «չոր» տեքստով: «Թուրքիան բացեց Մարգարայի ճանապարհը, երբ իրեն պետք էր, եւ փակ կպահի այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանը չկատարի Թուրքիայի դրած բոլոր պահանջները»,- ասում է ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ընդդիմադիրների եւ հանրության մի մեծ շերտի համոզմամբ՝ մարդասիրական քայլերը հազիվ թե որեւէ դրական ազդեցություն ունենան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա: Նրանց հիմնավորմամբ՝ եթե Թուրքիան ցանկանար բարի կամք դրսեւորել՝ կպահանջեր կրտսեր «եղբորից» բացել ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Բերձորի միջանցքը: Եվ իսկապես՝ ինչպե՞ս է պատահում, որ Մարգարայի՝ 30 տարի փակված ճանապարհը մեկ օրում բացվում է, իսկ Արցախի պարագայում միջոց չի գտնվում: Մանավանդ որ, կենսական գրեթե բոլոր անհրաժեշտություններից՝ գազից, հոսանքից, կապի միջոցներից զրկված, կտրոնի հույսին մնացած 120 հազար բնակչության վիճակը պակաս օրհասական չէ:

 Ակնհայտ է, որ նույնիսկ այս իրավիճակում Թուրքիան Ադրբեջանի կողմը բաց չի թողնում, շարունակում է միակողմանիորեն պաշտպանել նրա շահերն ու մոտեցումները: Մենք տեսանք, թե Էրդողանն ինչպիսի գորովանքով է զրուցում Բաքվից ժամանած փրկարարների խմբի հետ: Բարեխիղճ աշխատանքի համար հատուկ շնորհակալություն հայտնելով ադրբեջանցի փրկարարներին, նա միաժամանակ այդ «նեղ միջոցին» հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան էլ կանգնած էր իր եղբոր՝ Ադրբեջանի կողքին եւ նույն ջանասիրությամբ օգնում էր նրան: Ուրեմն՝ Թուրքիայի «բարի կամքին» ապավինելը խոր մոլորություն է: Այնպես չէ, որ Հայաստանի հանդեպ Անկարայի հետագա քաղաքականությունը որոշվելու է իրեն ցուցաբերված հումանիտար օգնությամբ կամ ՀՀ իշխանությունների ցավակցությունների քանակով:

Բերված փաստարկներն, անշուշտ, չեն նսեմացնում դժբախտության մեջ հայտնված հարեւանին՝ թող որ դա լինի Թուրքիան կամ Ադրբեջանը, օգնության ձեռք մեկնելու կարեւորությունը: Նախահարձակ եւ ռազմամոլ հարեւանի հետ, այո, ճիշտ հարաբերվելու բանաձեւ պիտի կարողանաս բանեցնել: Պահպանել բարիդրացիական հարաբերություններ՝ նման փոխօգնությունների հիման վրա, եւ զուգահեռաբար՝ օր-օրի ուժեղացնել քո ռազմական ներուժը՝ ամրակուռ առաջնագիծ, արդիական զենք-զինամթերք, արդյունավետ ռազմարդյունաբերական համալիր: Մեր պապերը կասեին՝ «թուրքի հետ բարեկամացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր»: Իմաստուն խրատ է, որ դարերի փորձություններ է անցել:

 

Փետրվարի 16-ին լարված իրավիճակ էր ՊՆ-ի՝ Երեւան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող նախկին վարչական համալիրի մուտքի առջեւ: Առավոտ կանուխ՝ ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ էին ժամանել այդտեղ՝ դուրս հանելու շենքում տարբեր ժամանակներ ապօրինաբար բնակություն հաստատած 150-ի չափ տնազուրկ ընտանիքներին: Ոստիկանները՝ կոշտ ուժ գործադրելով, բնակարաններից հանում եւ բերման էին ենթարկում տղամարդկանց, իսկ կանանց, երեխաներին ու տարեց անձանց կարգադրում անմիջապես ազատել բնակարանը: Չենթակվողներին դուրս էին հրավիրում ուժով՝ տանն առկա իրերի հետ մեկտեղ:

Շատերը չգիտեին էլ, թե ինչ է կատարվում, իրար էին խառնվել՝ վեճ, հրմշտոց, քաշքշուկ: Տարաբախտ, պատերազմում զավակ կորցրած ընտանիքներ են, պատշաճ փոխհատուցում չստացած փախստականներ, տնանկներ, որոնք տարբեր խողովակներով տեղեկացվել էին ՊՆ նախկին շենքերում ազատված տարածքների մասին, որտեղ կարելի է միառժամանակ ապրել, մինչեւ «մի լույս կծագի»: Ուրիշ ի՞նչ կարող էին անել՝ պետությունը չի օգնում, իրենք էլ բնակարան գնելու կամ անգամ վարձակալելու հնարավորություն չունեն: Կմնային գոնե մինչեւ ցրտերն անցնեն, օրերը տաքանան, մի ճամփա կբացվի: Ասում են՝ երբ Աստված բոլոր ճամփաները փակում է, միշտ մեկը թողնում է բաց:

Ոստիկանության ներկայացուցչի պարզաբանմամբ՝ խնդրո առարկա շենքը 2022թ. ապրիլից ամրակցված է Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) եւ նախատեսված է օգտագործել որպես արտաքին տնտեսական գործունեության կենտրոն: Ոստիկանության խնդիրն է՝ ՊԵԿ-ից ստացված գրության հիման վրա եւ Կառավարության 797-Ն որոշման համաձայն՝ իրականացնել տարածքում ապօրինաբար գտնվող անձանց ներխուժումը վերացնելու գործողություն, որին մասնակցում են նաեւ ՆԳՆ փրկարար ծառայության եւ շտապօգնության աշխատակիցներ: Գնդապետի խոսքով՝ իրավական առումով ոչ մի խնդիր չկա. «Երեք անգամ զգուշացրել ենք, որ լքեն տարածքը, ժամկետ ենք տվել, դուրս չեն եկել»,- ասում է նա:

ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյան բնակիչներին հորդորում է գնալ «Նաիրի» մշակույթի կենտրոն, որտեղ սոցիալական ծառայության աշխատողները, ըստ նրա, համապատասխան հաշվառում են կատարում՝ փորձելով մարդկանց խնդիրների հետ կապված որոշակի սոցիալական աջակցություն ցուցաբերել: Սակայն մարդիկ չեն հավատում իշխանության ներկայացուցիչների խոստումներին, որովհետեւ նախկինում էլ շատ խոստումներ են տվել եւ ոչինչ չեն արել: Մարդիկ կան, որ վաղուց են ապրում այս շենքում, իրենց բնակության իրավունքը հաստատող ինչ-որ փաստաթղթեր են ներկայացնում, կան, որ վարկ են վերցրել, բնակարան վերանորոգել, հարմարություններ ստեղծել եւ չեն ուզում թողնել-գնալ:

Ամեն դեպքում պետությունը չի կարող իր քաղաքացիներին բախտի քմահաճույքին թողնել: Իսկ եթե, այնուամենայնիվ, թողնում է, ուրեմն նա չի կարող պետություն լինել:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 17-ին մեկնեց Մյունխեն՝ մասնակցելու Անվտանգության համաժողովին: Այդ մասին «Ազատությանը» հայտնել են Կառավարության լրատվական վարչությունից: Համաժողովն անցկացվելու է փետրվարի 17-19-ը: Այցի շրջանակում Փաշինյանը նաեւ հանդիպումներ կունենա մի շարք պետությունների ղեկավարների հետ: Նախատեսվա՞ծ է արդյոք հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ՝ Կառավարությունից առայժմ չեն հայտնում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիեւը նույնպես մասնակցելու է Մյունխենի Անվտանգության համաժողովին:

Հայաստանն ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները եւ առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին, Կառավարության փետրվարի 16-ի նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա տեղեկացմամբ՝ փաստաթուղթը փոխանցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը փետրվարի 13-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ քննարկելով տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրության փոփոխության գործընթաց է սկսել: Նա ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ «նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության եւ դրա առանձահատկությունների վերաբերյալ»: Փետրվարի 13-ին Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է ԱԺ քննարկմանը։

Վեց զինծառայող դատարանի առջեւ կկանգնի 2022թ. սեպտեմբերի 14-ին մարտական դիրքերը լքելու մեղադրանքով. նյութերն ուղարկվել են դատարան: Ըստ Քննչական կոմիտեի՝ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ եռամսյա վարժական հավաքներին զորակոչված զինծառայողները 2022-ի սեպտեմբերի 14-ին ինքնակամ թողել էին մարտական դիրքերը։

Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել է պաշտոնից։ Թե ինչ պատճառաբանությամբ՝ ՆԳՆ լրատվական ծառայությունից չեն մանրամասնել։ Փետրվարի 10-ի ուշ երեկոյան համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները Հանրապետության հրապարակում փորձում կանգնեցնել արծաթագույն «Համեր» ամենագնացի վարորդին, որը խախտել էր երթեւեկության կանոնները, չէր ենթարկվել պարեկների օրինական պահանջներին՝ կատարելով նրանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր գործողություններ:

Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի օգնական: Համապատասխան որոշումը գործադիրի ղեկավարը ստորագրել է փետրվարի 16-ին: Բաղդասարյանը հունվարի վերջին է հրաժարական տվել մարզպետի պաշտոնից, որում նշանակվել էր 2021թ. նոյեմբերին:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: