Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Իրան: Սա նրա առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն: Հանդիպումների օրակարգն ընդգրկում է երկկողմ հարցերի լայն տարրապատկեր: Այցի շրջանակում վարչապետը նախ Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի, ապա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի հետ: Երկու երկրների առաջնորդները մամուլի համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ի պատիվ Հայաստանի վարչապետի՝ Իրանի նախագահի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Երեկոյան վարչապետն այցելել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոն եւ հանդիպել Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներին: Իսկ հաջորդ օրը` փետրվարի 28-ին, Հայաստանի կառավարության ղեկավարը մեկնել է Սպահան, որտեղ հանդիպում է ունեցել նահանգապետի եւ հայ համայնքի անդամների հետ:
Բանակցություններում քննարկվել են երկկողմ օրակարգին, տարածաշրջանային համագործակցությանը, անվտանգությանը եւ միջազգային խնդիրներին վերաբերող բազմաբնույթ հարցեր:
…Հայ-իրանական բարեկամությունը պատմականորեն խոր արմատներ ունի: Այսօր էլ այդ երկիրը Հայաստանի լավագույն բարեկամների ցանկում է: Իրան-Հայաստան դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են անկախության առաջին իսկ օրերից, երբ 1991թ. դեկտեմբերի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը: Այդ ժամանակից սկսած՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ աստիճանաբար ձեւավորվել ու զարգացել է տնտեսական համագործակցությունը: Արդյունավետ գործակցություն է ծավալվել գլխավորապես էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, միջմարզային, գիտակրթական եւ մշակութային ոլորտներում: Վերջին շրջանում լուրջ ուշադրություն է դարձվում մասնավոր հատվածները ներկայացնող առեւտրական կառույցների ու հաստատությունների համագործակցության սերտացմանը, համատեղ ներդրումների խրախուսմանը եւ գիտագործնական ու մշակութային միջոցառումների անցկացմանը:
Լինելով մոտ ու բարյացակամ հարեւան՝ ԻԻՀ-ն, բնականաբար, ցանկանում է 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ծավալված գործընթացների, մասնավորապես իշխանափոխության համատեքստում վերարծարծել տարբեր ոլորտներում ՀՀ նոր իշխանությունների մոտեցումներն ու տեսլականը, ինչպես նաեւ երկու երկրների համագործակցության հեռանկարները: Դիվանագիտական հարուստ փորձ եւ հեռատեսություն ունեցող Իրանը, ամենայն հավանականությամբ, խնդիր ունի հասկանալու նոր գործընկերոջը եւ հասկացվելու նրա կողմից: Դա պայմանավորված է նախեւառաջ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերի վերաբերյալ միմյանց դիրքորոշումների հստակեցման հանգամանքով: Թե որքանով այդ խնդիրը բյուրեղացավ երկու պետությունների ղեկավարների բանակցությունների արդյունքում ու որքանով գոհացրեց կողմերին՝ կերեւա ամենամոտ ժամանակներս, բայց մի բան հաստատ է՝ ի դեմս Իրանի, մենք ունենք լավ հարեւան եւ հուսալի գործընկեր: Հայաստանը բարձր է գնահատում Արցախի հարցում այդ երկրի հավասարակշռված դիրքորոշումը: Իրանը միակ պետությունն է, որը սահմանակից է թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին, թե՛ Ադրբեջանին եւ, հետեւաբար, շահագրգռված է տարածագոտու կայունությամբ, խաղաղությամբ ու անվտանգությամբ: «Մենք պետք է Իրանի հետ հարաբերություններում ձգտենք պահպանել բոլոր չափորոշիչները, որոնք բնորոշ են հայ-իրանական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին, որոնք մշտապես զարգացել են վերընթաց կորագծով, եւ որեւէ մեկն իրավունք չունի խաթարելու այդ հարաբերությունները, քանի որ դրանք բխում են մեր երկրի կենսական շահերից»,- ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ ակնարկելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի անզգույշ որակումը, թե Իրանը «ավտորիտար բնույթի» պետություն է: Փորձագետներն ընդգծում են Հայաստանի համար Իրանի ռազմավարական նշանակությունը՝ համոզմունք հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանի այցը նոր խթան է հաղորդելու երկու երկրների համակողմանի կապերին: Այս իմաստով անխոհեմ հայտարարություններն անթույլատրելի են. դրանք կարող են լրջորեն վնասել երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Ավելի ուշ Կոնջորյանը զղջացել է` ասելով, որ դա վրիպակ է եղել, ինքն ամենեւին չի ցանկացել նսեմացնել բարեկամ ժողովրդի ու պետության՝ Հայաստանի հետ ունեցած ջերմ, բարիդրացիական հարաբերությունները:
Հուսանք հետագայում նման թյուրիմացություններ չեն լինի: Հիշենք ժողովրդական իմաստնությունը. «Խոսելիս պետք է յոթ չափել, մեկ կտրել»:
Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-ին եռօրյա աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Լիլիթ Մակունցը, Վլադիմիր Վարդանյանը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը եւ Անուշ Բեղլոյանը:
Նույն օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանին, որի ելույթը Դաշնային խորհրդում նախատեսված էր փետրվարի 27-ի լիագումար նիստում։ Այցի շրջանակում անցկացվեցին մշակութային միջոցառումներ, ինչպես նաեւ ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարն ընդունելություն կազմակերպեց ի պատիվ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի։
…Սա ՀՀ նորընտիր Ազգային ժողովի ղեկավարի առաջին այցն էր արտերկիր եւ, պետք է նկատել, որ բավական ջերմ էր։ Ասենք՝ հայ-ռուսական պաշտոնական հանդիպումները միշտ էլ առանձնացել են հատուկ ջերմությամբ ու բարեկամական զգացմունքների շռայլ փոխադարձմամբ: Բացառություն չէր եւ Միրզոյան-Մատվիենկո հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությանն առնչվող հարցեր: Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին, կարեւորել է դրանց խաղաղ բնույթը եւ համապատասխանությունը սահմանադրաիրավական կանոնակարգումներին: Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը, իր հերթին, շնորհակալություն հայտնելով տիկին Մատվիենկոյին հրավերի համար, բարձր է գնահատել երկու խորհրդարանների միջեւ տարիներ շարունակ առկա փոխգործակցության մակարդակը: Նա հավաստիացրել է, որ ՀՀ նոր գումարման խորհրդարանը շահագրգռված է ռուսաստանցի գործընկերների հետ կառուցողական երկխոսություն ծավալել՝ օրակարգում ներառելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցեր: Միրզոյանը ռուս պաշտոնակցին տեղեկացրել է, որ արդեն իսկ մեկնարկել են 7-րդ գումարման Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովների կազմերի ձեւավորման աշխատանքները եւ մոտ ապագայում հնարավոր կլինի գումարել ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որը շուրջ մեկ տարի շարունակ տարբեր պատճառներով հետաձգվել է:
Ստեղծված ավանդույթի համաձայն՝ հայ բարձրաստիճան ղեկավարների արտասահմանյան առաջին այցի ուղղությունը Մոսկվան է: Այդ ավանդույթի հիմքը ժամանակին դրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին հետեւել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ իրենց առաջին պաշտոնական այցերը կատարելով Ռուսաստան: Հաջորդ նախագահի կարգավիճակում ավանդույթն անխախտ է պահել նաեւ Արմեն Սարգսյանը: Միգուցե շատ չնչին բացառությամբ, բայց նույնկերպ են վարվել ու վարվում մեր մյուս բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետներն ու Ազգային ժողովի նախագահները: Ավանդույթի ուժը, հավանաբար, դժվար հաղթահարելի է:
Հատկանշական եւս մեկ դիտարկում. պաշտոնական մակարդակում որքան ջերմ են (կամ այդպես են մեզ հրամցնում) երկու երկրների հարաբերությունները, այնքան կեղծ ու շինծու են դրանք ոչ պաշտոնական հարթությունում: Այստեղ հակասություններն ակներեւ են, որոշակի լարվածությունը՝ նույնպես: Մեկ էլ կտեսնես հայկական կողմից հնչեցին հակառուսական, ռուսական կողմից էլ՝ հակահայկական կոչեր: Ընդ որում՝ ռուսական կողմը նախընտրում է այդ կոչերը հնչեցնել գլխավորապես ՌԴ-ում բնակվող հայազգի գործիչների շուրթերով, իսկ ՀՀ-ում հակառուսական տրամադրություններին հակազդել հենց հայաստանաբնակ ռուսամետ գործիչների միջոցով:
Սա վաղուց ընդունված մարտավարություն է դարձել մեր ռազմավարական գործընկերոջ համար, իսկ եզրահանգումը մեկն է՝ հայ-ռուսական պաշտոնական հարաբերություններում բացակայում է անկեղծությունը: Ասվածը հիմնավորելու համար հեռուն գնալու կարիք չկա` ամենաթարմ փաստը մեր պատվիրակության` Մոսկվա այցի նախօրեին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային որոշ ռուս օրենսդիրների մասնակցությունն է: ՌԴ Դաշնային ժողովի վերին պալատի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ այդ թեմային անդրադարձել է Արարատ Միրզոյանը: Նա տեղին նկատել է. «Արդարացի տարակուսանք է առաջացնում այդ միջոցառմանը ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը: Չնայած ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման գործում ռուսական կողմի հետեւողական ջանքերին, մեր որոշ ռուս գործընկերներ տառացիորեն երեկ դարձել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի մասնակիցներ, որն անցկացվել է Բաքվում եւ ուղղված էր տարածաշրջանում խաղաղության ու կայունության խափանմանը»:
Երեւում է՝ հայ-ռուսական եղբայրական բարեկամության մասին պատեհ-անպատեհ հնչող բաժակաճառերն ու բարձրագոչ խոսքերը պետք չէ իսկապես լուրջ ընդունել:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Միջազգային մամուլ
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել
Time-ը հաղորդում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երկուշաբթի ուշ երեկոյան հրաժարական է տվել` «ներողություն խնդրելով» ազգից, քանի որ համաշխարհային ուժային կենտրոնների հետ բանակցած միջուկային պայմանագիրը ԱՄՆ-ի գործարքից դուրս գալուց հետո գտնվում է փլուզման եզրին: Փորձառու դիվանագետն իր հրաժարականի մասին առաջինը ակնարկեց Instagram-ում, որտեղ «ներողություն խնդրեց» իր «ծառայությունն այլեւս շարունակել չկարողանալու համար»: Պարբերականի վկայությամբ՝ Զարիֆն իր կիրակնօրյա ելույթում քննադատել է Իրանի ծայրահեղականներին`ասելով. «Մենք չենք կարող թաքնվել իմպերիալիզմի հետեւում եւ մեր անգործունակության համար մեղադրել նրանց: Անկախություն՝ չի նշանակում աշխարհից մեկուսացում»:
BBC-ին գրում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային պայմանագրի ճարտարապետ Զարիֆը դիվանագիտական ջանքեր է գործադրում այն պահելու համար, քանի որ նոր պատժամիջոցներն առաջացնում են տնտեսական ահագնացող խնդիրներ: Բայց նա ծայրահեղականների ուժգին ճնշման տակ է, քանի որ վերջիններս չեն հավատում Արեւմուտքի հետ վարվող բանակցությունների դրական ելքին:
Politico-ի պնդմամբ՝ Զարիֆին ստիպված էր հրաժարական տալ Սիրիայի նախագահ Ասադի՝ Թեհրան կատարած այցի ժամանակ կազմակերպված ընդունելությանն իր մասնակցությունը բացառելու պատճառով:
Այնուհետեւ BBC-ին հաղորդեց, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի ընդունել իր արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականը:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը