Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

22-29 փետրվարի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանակերտում մասնակցել են Անվտանգության խորհուրդների հերթական համատեղ նիստին։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Փաշինյանը եւ Սահակյանը հանդես են եկել ելույթներով: Նման ձեւաչափով նիստերի անցկացումը, ՀՀ վարչապետի խոսքով, այլեւս անդառնալի ավանդույթ է դառնում: «Սա բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի եւ Արցախի իշխանությունները լինեն միեւնույն էջի վրա, եւ Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր երկրի, հայրենիքի, ժողովրդի անվտանգության կարեւորագույն բաղադրիչն է»,- նշել է նա: Իր ելույթում Բակո Սահակյանն արծարծել է արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներ՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ:

Նիստին ներկա էին նաեւ Հայաստանի ու Արցախի խորհրդարանների նախագահներ Արարատ Միրզոյանը եւ Աշոտ Ղուլյանը:

…Անվտանգության խնդիրը երեք կարեւորագույն բաղադրիչ ունի` Զինված ուժերի մարտունակության բարձրացում, Հայաստան-Արցախ միասնության ու համերաշխության ամրապնդում եւ, երրորդ, տնտեսական առաջընթացի ապահովում: Անշուշտ` կան նաեւ ազգային անվտանգության ու պաշտպանունակության հետ կապված այլ երաշխիքներ` ժողովրդավարություն, աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակություն եւ այլն, բայց ամենաառանցքայինը վերը թվարկվածներն են: Առանձին-առանձին դիտարկենք այդ գործոնները` հասկանալու համար, թե իրականում որքանով է հուսալի երկու հայկական պետականությունների անվտանգությունը: Խնդիրն այն է, որ այս առումով իշխանության եւ ժողովրդի պատկերացումների միջեւ երբեմն խզումներ կամ տարակարծություններ լինում են:

Եվ այսպես, Զինված ուժերում տիրող վիճակի մասին: Ընդունված է` բանակային խնդիրների մասին շատ չբարձրաձայնել, ուստի կփորձենք հնարավորինս կոռեկտ լինել` չմտնելով «ռազմական գաղտնիքի» տիրույթներ: Վերջին շրջանում շատ է լուսաբանվում բանակում դժբախտ պատահարների, մասնավորապես` ոչ պատերազմական վիճակում զինվորների կորուստների թեման: Այս տարվա մեկուկես ամսում 13 զինծառայողների` տարբեր հանգամանքներում մահվան դեպքերը վկայում են Զինված ուժերում առկա լուրջ բացթողումների եւ, առաջին հերթին, սպա-զինվոր հարաբերությունների, մարտական կարգապահության անբավարար վիճակի, բանակում քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերի տարածվածության մասին: Կառավարությունը ստիպված էր իր նիստերից մեկում քննության առնել ԶՈՒ-ում տեղ գտած արատավոր երեւույթները եւ կայացնել մի շարք կարեւոր որոշումներ, այդ թվում` կադրային: Իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին գերատեսչության Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը,  Զինված ուժերի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանը եւ այլք: Թե ինչ կտան կադրային փոփոխությունները` ցույց կտա ժամանակը, բայց այն, որ բանակում կարգուկանոնի վերականգնման հարցը շուտափույթ լուծման կարիք ունի, վեր է բոլոր կասկածներից:

Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անվտանգությունը երկու հայկական պետությունների համագործակցության անկյունաքարային թեմաներից մեկն է, «որովհետեւ Արցախն ու Հայաստանը անվտանգային ընդհանուր միջավայր են, եւ այստեղ մեր օրակարգը որեւէ ձեւով չի կարող տարանջատված ու տարբերակված լինել»: Անշուշտ, չկարգավորված հակամարտություն ունեցող երկրի համար անվտանգությունը թիվ մեկ խնդիր է, մինչդեռ Արցախի ներկայիս սահմանները ապահովում են միայն անվտանգության նվազագույն մակարդակ` ոչ ավելին: Սրանով է պայմանավորված Հայաստանի հետ գործակցությունը եւ Զինված ուժերի պատրաստականությունը միշտ ամենաբարձր նիշի վրա պահելու կարեւորությունը, ինչը, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է:

Ներհայաստանյան վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այնքան էլ բարվոք չեն նաեւ Հայաստան-Արցախ փոխառնչությունները: Տպավորություն է, թե անտես մի ձեռք անընդհատ խառնում է հայության երկու հատվածների փոխհարաբերությունները` սերմանելով ատելություն, փոխադարձ անվստահություն եւ հատվածապաշտական հակումներ: Մամուլում եւ սոցցանցերում շրջանառվող տեղեկանյութերի առանձին հեղինակներ դիտավորություն են տեսնում նրանում, որ Արցախի պաշտպանության բանակում հայաստանցիներ են զոհվում: Որոշ շրջանակների կողմից, այդ թվում` մտավորականների, երբեմն հնչում են Ղարաբաղ վերադառնալու հորդորներ` ուղղված Երեւանում բնակություն հաստատած արցախցիներին: Ոմանք էլ տեսակետներ են տարածում, թե ՀՀ ղեկավարությունը առաջիկա ընտրությունների համատեքստում անհարկի միջամտում է Արցախի Հանրապետության ներքին գործերին:

Ամենատարածվածը, սակայն, ժամանակ առ ժամանակ հանրային դիսկուրսում հայտնվող արհեստածին մի օրակարգ է Արցախի կարգավիճակի շուրջ, թե որն է արդյոք լավագույնը Լեռնային Ղարաբաղի համար` ինքնիշխան պետությո՞ւնը, թե՞ Հայաստանի կազմում ընդգրկվելը` որպես մարզ: Այս քննարկումների շրջանակում «սրեր են խաչվում» ամենահավանական եւ անհավանական զարգացումների «մարտադաշտում»: Ոմանք Արցախը «տեսնում են» Հայաստանի մարզի կարգավիճակում, ուրիշները` իբրեւ անկախ պետություն: Շատերի մտքով չի էլ անցնում, որ Արցախի կարգավիճակի միակ որոշողն իր բնօրրանում ապրող ու արարող արցախցին է լինելու, ուրիշ ոչ ոք, հետեւաբար կարիք չկա անտեղի կրքեր բորբոքելու:

Կան փորձագիտական կարծիքներ, համաձայն որոնց` արցախյան կարգավորման հստակ հայեցակարգ չունենալու պատճառով Հայաստանը միջազգային հարթակներում չի կարողանում լավագույնս ներկայացնել ԼՂՀ-ի շահերը, եւ հայկական սակավափորձ դիվանագիտությունը հաղթանակած երկրի արժանավայել կեցվածքի փոխարեն բանակցություններում երբեմն հանդես է գալիս խաղաղություն եւ անվտանգություն հայցողի դիրքերից` օրակարգ թելադրողի գերապատվությունը զիջելով պատերազմում պարտված կողմին: Ըստ էության, անվտանգությունը կարգավորման գլխավոր սկզբունք դիտարկող նոր իշխանություններն իսպառ մոռացության են մատնել ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքը: Այդ առնչությամբ դժգոհություններ են հնչում ոչ միայն Արցախի ընդդիմադիր շրջանակներից, այլեւ Հայաստանից, ինչը եւս փոխադարձ անվստահության, կասկածամտության հունդեր է սերմանում:

Անվտանգության հիմնական երաշխիքներից հաջորդը զարգացած տնտեսությունն է, որի ապահովումը մեզանում «թավշյա» հեղափոխության երկրորդ փուլ է հայտարարված` չնայած որեւէ հեղափոխական գործընթաց, դինամիկա կամ արդյունք առայժմ տեսանելի չեն: «Տնտեսությունն է, որ պետք է Հայաստանի ու Արցախի Զինված ուժերին ապահովի անհրաժեշտ ռեսուրսներով` իրենց գործառույթներն իրականացնելու համար, եւ այսօրվա օրակարգում կքննարկենք նաեւ տնտեսական ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր»,- ԱԽ համատեղ նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը` միաժամանակ խոստովանելով, որ այստեղ ավելի շատ նոր սրացումներ կան, քան լուծումներ: Ի դեպ, տնտեսական առաջընթացի միտումների մասին խոսելիս` վարչապետը սիրում է բերել ժողովրդի ապրելակերպի դրական փոփոխության մասին վկայող այն օրինակը, թե կարելի է 50 եվրոյով Երեւանից թռչել Հռոմ եւ վերադառնալ:

Այս կարգի պնդումները ոչ այլ ինչ են, քան մանիպուլյատիվ հնարք, որն անընդհատ կրկնելուց` տնտեսական աճի ցուցանիշը հաստատ չի բարձրանա: Նախ` Երեւան-Հռոմ չվերթի տոմսը, թեկուզեւ այդքան էժանը, առաջին անհրաժեշտության ապրանք չէ, եւ ցածր ու միջին եկամուտ ունեցող հազար մարդուց 1-2 հոգու դա հազիվ թե հետաքրքրի: Եվ երկրորդ` ավիացիայի ոլորտի լավատեղյակ մասնագետները մոլորություն են համարում նման պնդումը` հավաստիացնելով, որ մեկ ուղեւորին Հռոմ տեղափոխելու միայն ինքնարժեքը 175 դոլար է: Ուրեմն` իրականությունն այն է, որ 2019-ին արձանագրված 7,6 տոկոս տնտեսական աճը, ինչի մասին վերջերս հայտարարեց մեր վարչապետը, միջին վիճակագրական հայաստանցու կյանքում դեպի լավը ոչինչ չի փոխել:

Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարած բուն 7,6 տոկոս տնտեսական աճին, ապա դրա կառուցվածքում, տնտեսական գործոնից զատ, առկա է նաեւ ստվերի կրճատման գործոնը։ Հետեւաբար` տնտեսագետները խորհուրդ են տալիս տնտեսական աճի փոխարեն օգտագործել ՀՆԱ-ի իրական ծավալի աճ ձեւակերպումը, որովհետեւ վերոնշյալ ցուցանիշի միայն մի մասն է պայմանավորված զուտ տնտեսական աճով: Ամեն դեպքում 7,6 տոկոս աճը Հայաստանի պես փոքր երկրի համար, որը չունի ո´չ ծովի ելք, ո´չ նավթ կամ գազ, կարելի է դրական ցուցանիշ համարել: Իսկ այն, որ շարքային քաղաքացու կյանքում որեւէ դրական փոփոխություն չի եղել, ունի իր պատճառը` եկամտի աճի արդյունքը անհամաչափ է բաշխվում հասարակության անդամների միջեւ: Խոցելի խմբերին` գործազուրկներ, թոշակառուներ, նպաստառուներ, բյուջեից «փշրանքներ» են հասնում, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներին, պատգամավորներին, իշխանության բոլոր օղակների ներկայացուցիչներին` «յուղոտ պատառներ»: Այսինքն` խախտվում է սոցիալական արդարության սկզբունքը: Հետեւանքը լինում է այն, որ հասարակության բեւեռացումը մեծանում է, իսկ հանրության ամենալայն շերտերի ապրելակերպի վրա տնտեսական աճի ազդեցությունը` նվազում կամ, նույնիսկ, զրոյանում:

Երբ ավարտում էի այս հոդվածը, հեռուստաէկրանին աչքովս ընկավ հետեւյալ վազող տողը. «Փայլուն տնտեսական տարի ենք սկսել. Նիկոլ Փաշինյան»: Չլինի՞ այս տարի էլ պատրաստվում ենք հասնել ու անցնել Նորվեգիային, Բրունեյին ու Նիդերլանդներին…

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիին, որի հետ քննարկել են հայ-մոլդովական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Փաշինյանը կարեւորել է հայ-մոլդովական միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլեւ հումանիտար եւ մշակութային հարաբերությունների ամրապնդմանը: Իր հերթին` Զինաիդա Գրեչանին նշել է, որ իր երկիրը շահագրգիռ է նոր թափ հաղորդելու Հայաստանի հետ փոխգործակցությանը ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսության ոլորտում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-մոլդովական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցերի եւս:

Երեքշաբթի օրը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատավարությունը։ Դատարան մտնելուց առաջ` դիմելով իր աջակիցներին, որոնք հավաքվել էին դատարանի առջեւ, պաշտոնաթող նախագահը շնորհակալություն հայտնեց իրեն սատարելու համար եւ հորդորեց վերադառնալ տները եւ զբաղվել իրենց առօրյա հոգսերով: Նախկին նախագահը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Գործով մեղադրյալներ են նաեւ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում փետրվարի 25-ին  տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ եւ բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հրատապության մի շարք հարցերի, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ: ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարեցին ԼՂ խաղաղ գործընթացին:

Երկօրյա պաշտոնական այցով փետրվարի 27-ին Երեւանում էր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը,  պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի ու Վրաստանի մասնակցությամբ բազմակողմ ձեւաչափով փոխգործակցության հնարավորությունները: Տոնոյանը եւ Ղարիբաշվիլին ստորագրել են ՀՀ եւ ՎՀ պաշտպանության նախարարությունների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության 2020թ. ծրագիրը։

Այցի շրջանակում Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նույն օրը վրացի պաշտոնյաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: