Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

20-27 փետրվարի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Արցախյան շարժման 33-ամյակի օրը՝ փետրվարի 20-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» հրավիրել էր համապետական հանրահավաք, որն ամենաբազմամարդն էր Շարժման անցկացրած բոլոր համանման միջոցառումներից: 17 քաղաքական ուժերի պահանջը նույնն էր` վարչապետի հրաժարականը: Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետ Ազատության հրապարակը պետք է դառնա այն վայրը, որտեղ մարդիկ հավաքվելու են, քննարկեն առաջիկա անելիքները:

Իր ելույթում Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ գործող իշխանությունները ձերբակալություններ են սկսել երկրին նվիրված ազնիվ մարդկանց նկատմամբ` ի դեմս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի եւ այլոց: «Այսպիսի պետությունո՞ւմ էինք մենք ուզում ապրել»,- բարձրաձայն հնչեցրեց Մանուկյանը, ինչին ի պատասխան՝ որոտաց ցուցարարների համերաշխ «ո՜ոոչ»-ը: Բանախոսն անդրադարձավ նաեւ տնտեսության ողբալի վիճակին, առկա կոռուպցիոն երեւույթներին եւ մի շարք այլ խնդիրների:

…Կա՞ արդյոք ելք բոլոր ոլորտներում ստեղծված ծանր իրավիճակից: Սա էր, թերեւս, հանրահավաքի առանցքային հարցադրումը: «Այո, կա, մենք իսկապես կարող ենք,- վստահեցնում է վարչապետի այլընտրանքային թեկնածուն: -Մենք ուժեղ ենք եւ կկարողանանք այս իրավիճակից դուրս գալ, բայց դրա համար մի նախապայման կա` այս վարչակազմը պետք է հեռանա, որից հետո կարվեն ճգնաժամը հաղթահարելու իրական քայլեր»: Ըստ նրա, առաջին հերթին կառուցվածքային մեծ փոփոխությունների կենթարկվեն զինված ուժերը, որպեսզի կարողանան ամրապնդել երկրի կայունությունն ու անվտանգությունը: 

Երկրորդ կարեւորագույն խնդիրը տնտեսության աննախընթաց վերելքի համար ամուր հիմքի ստեղծումն է՝ արտաքին ներդրումների գրավչությունն ապահովելու, համատեղ ձեռնարկություններ հիմնելու, ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը զարկ տալու, նոր տեխնոլոգիաներ ներմուծելու, աշխատատեղեր բացելու, արդյունավետ ու ճկուն դրամավարկային քաղաքականություն իրականացնելու եւ այլ միջոցներով: Պաշտպանական-անվտանգային եւ տնտեսական ոլորտների աշխուժացումը, Շարժման վարչապետի թեկնածուի ընդգծմամբ, այն ամուր հենարանն է, որը թույլ կտա կարճ ժամանակամիջոցում երկիրը ոտքի կանգնեցնել, դուրս բերել առաջընթացի բնագծեր, կասեցնել արտագաղթը, երիտասարդությանը կապել հայրենիքի վերազարթոնքի հրամայականին: 

Ինչ վերաբերում է այսօրվա անհետաձելի անելիքներին, ապա դրանց շարքում Վազգեն Մանուկյանը կարեւորում է գերիների ու անհետ կորածների խնդրի շուտափույթ լուծումը, խայտառակաբար տապալված իշխանության հեռացումը, որին կարելի է հասնել ամենօրյա աշխատանքով, ՀՀ ողջ տարածքում կոմիտեների ձեւավորմամբ, գործադուլների ու ցույցերի անցկացմամբ, անհնազանդության երթերի, հանրային պարսավանքի միջոցների ակտիվացմամբ: «Պիտի համոզել ուժային կառույցներին ու թողնել նահանջի ճանապարհ: Աշխատանք պետք է տարվի Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հենարան հանդիսացող պատգամավորների հետ: Բայց կա նաեւ «Բ» պլանը, որը ենթադրում է քաղաքական բոլոր տարբերակները սպառելուց հետո պատրաստ լինել քաղաքացու՝ ապստամբելու իրավունքի իրացմանը՝ կայծակնային արագությամբ վերցնելու իշխանությունը»,- փակագծերը բացել է Մանուկյանը: Այս արտահայտության համար, ի դեպ, Քննչական կոմիտեում քրեական գործ բացելու պատվեր է իջեցվել: 

Հանրահավաքում հնչեցին բազմաթիվ այլ ելույթներ, որոնց քննադատության թիրախում Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հրաժարականի պահանջն է: Հռետորների խոսքում մեղադրանքներն ուղղված էին վարչապետի աթոռը զբաղեցնող անձի գործունեության եւ նրա վարքագծի արատավոր գծերին՝ մի մարդու, ով ամեն Աստծո օր մի նոր, տհաճ անակնկալ է մատուցում բազմաչարչար հայ հանրությանը, ինչն այլեւս ոչ ոքի համար զարմանալի չէ: Սրանից կարելի է գալ հետեւության, որ հանրահավաքային բազմությունը, որի գերակշռող սեգմենտը մտածող անհատականություններն են, Ազատության հրապարակ է գալիս մի փոքր այլ ակնկալիքով՝ ո՞րն է լինելու Շարժման հաջորդ քայլը՝ չէ՞ որ ժամանակը չի սպասում, եւ մեծ շռայլություն կլիներ հայտնի անձի հերթական անհեթեթ հայտարարության կամ գործողության անդրադարձի վրա ժամանակ ծախսել: Մանավանդ որ, առանց այդ էլ բոլորի համար ամեն ինչ պարզ է: 

Լավ է գոնե, որ ուշացումով, բայց կայացվեց ճիշտ որոշում՝ խոսքը ամենօրյա ռեժիմով անցկացվող միջոցառումների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քայլերթերում եւ բողոքի այլ գործողություններում երիտասարդական միավորումների, ուսանողական խմբերի ակտիվ ներառման մասին է: Սխալվելու չնչին հավանականությամբ կարելի է պնդել, որ արդյունավետ անցան հետհանրահավաքային երիտասարդական ակցիաները՝ չնայած ժամանակ առ ժամանակ դրանք ուղեկցվում էին ոստիկանական բռնություններով: «Թավշյա» առաջնորդն ու նրա թիմակիցները չեն հասկանում, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրվող բռնությունները միայն մոտեցնում են իրենց հրաժարականի օրը:

 

Փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում ընթանում էր IDEX-2021 (International Defence Exhibition) միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը: Հայաստանը եւս մասնակցում էր ցուցահանդեսին, բայց որքան էլ դա տարօրինակ լինի՝ դատարկ տաղավարներով: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով, որ ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչեւ ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Սակայն, ըստ նախարարության, առաջացած լոգիստիկ խնդիրների հետեւանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ «Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն»,- հայտնել են նախարարությունից:

…Եվ այսպես՝ իշխանության անկազմակերպվածության, փնթիության շորշոփները հասան մինչեւ Միացյալ Արաբական Էմիրություններ: IDEX-2021 ցուցահանդեսի ժամանակ ՀՀ տաղավարի կառուցապատման ու դիզայներական աշխատանքների կատարման նպատակով դեռեւս փետրվարի 2-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը «Էքսպո Գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքել էր ծառայությունների մատուցման պայմանագիր, որի գինը կազմել է 23 մլն դրամ: Ընդհանուր առմամբ՝ պետբյուջեից դուրս է գրվել ավելի քան 40 մլն դրամ, սակայն տեղական արտադրության զինտեխնիկայի ու սպառազինության ցուցահանդեսային նմուշների փոխարեն Հայաստանը ցուցահանդեսի բացմանը ներկայացել է անիմացիոն հոլովակներով եւ բուկլետներով: Ի դեպ, անտեղի ծախսված 40 միլիոնը 800-1000 բնակչությամբ մեր 4 գյուղերի տարեկան բյուջեի չափ է: 

Ցուցահանդեսի առաջին օրվանից սոցիալական ցանցերով նկարներ էին տարածվում, որ ՀՀ-ի տաղավարը դատարկ է՝ ի տարբերություն այլ պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի: Մեր որոշ իշխանավորներ փորձում էին արդարանալ՝ մատնանշելով, որ բուկլետներով ու անիմացիոն հոլովակներով են ներկայացված նաեւ Գերմանիայի, Բելգիայի, Իսրայելի եւ որոշ այլ երկրների տաղավարները: Այո, բայց Գերմանիան կամ Բելգիան հակամարտության մեջ գտնվող երկրներ չեն եւ, բացի դրանից, չունեն իրենց ռազմական արդյունաբերության արտադրանքը գովազդելու կամ ճանաչելի դարձնելու անհրաժեշտություն, քանի որ այն լայնորեն ճանաչված է: Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա նրա ԱԹՍ-ների, մյուս զինատեսակների սարսափը, ցավոք, արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում իր մաշկի վրա զգաց նաեւ հայ զինվորը: Ով չգիտի, որ Իսրայելը ռազմական հագեցվածության, բանակաշինության ու մարտունակության ցուցիչով աշխարհում լավագույն բանակն ունեցող պետություններից է: 

Իրականությունն այն է, որ ԲՏԱ նախարարությունը, որը կազմակերպել է Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին, չի կարողացել ապահովել համապատասխան ցուցանմուշների առկայությունը տաղավարում։ Ասում են՝ փետրվարի 24-ի դրությամբ հայկական զենքերի տեսականին դեռ Մոսկվայում էր, չնայած դրանք պետք է առնվազն փետրվարի 21-ին լինեին Աբու Դաբիում։ Այդպիսի հասարակ գործն անգամ մեր կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներն ի վիճակի չեն պատշաճ կերպով կազմակերպել: Նախարար Հակոբ Արշակյանը վարչապետ աշխատող անձնավորության մտերիմներից է, այսինքն՝ արտոնյալների դասից, հետեւաբար ազատ է սիրտն ուզածի պես տնօրինելու իրեն վստահված կարեւոր՝ անվտանգային ոլորտը եւ թերացումների համար պատասխանատվություն չկրել: 

Հասարակական-քաղաքական շատ գործիչներ ու փորձագետներ չեն բացառում, որ տեղի ունեցած խայտառակությունը, հնարավոր է, միտումնավոր է արվել, որի հետեւում երեւում են ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ականջները։ Այսպես՝ «Քաղաքացու որոշում» սոցիալդեմոկրատական կուսակցության անդամ Հայկ Սահակյանը ՖԲ իր էջում գրել է. «Համաձայն ասեկոսեների՝ այս ամոթալի միջադեպի հետեւում պարզունակ, նեղ անձնական շահեր ու բախումներ են: ««Իմ քայլ»-ում ռազմարդյունաբերության ոլորտի վրա աչք դրած կամ ՊՆ նախարարի ամբիցիաներ ունեցող մեկը կարողացել է ձախողել մեր էքսպոնատների՝ ժամանակին տեղ հասնելը, որ Նիկոլի աչքում քցի կազմակերպիչներին ու ոլորտն իրենով անի»,- նշել է Սահակյանը։ 

Ցուցահանդեսին դատարկ սեղաններով մասնակցության թեման ակտիվորեն քննարկվում էր նաեւ սոցհարթակների հայկական տիրույթում։ Քաղաքացիներին զայրացրել է ԲՏԱ նախարարության անգործունակության հետեւանքով ստեղծված ամոթալի վիճակը: Այն է՝ պատերազմում պարտված երկրի ռազմարդյունաբերությունը միջազգային հանրությանը թղթի վրա պատրաստված նկարներով ներկայացնելը: Ստորեւ ամենաուշագրավ ֆեյսբուքյան գրառումներից ներկայացնենք հակիրճ հատվածներ եւ ավարտել: Ահավասիկ. 

«Այ ապիկարներ, այ անկարողներ, դուք չեք կարողանում նույնիսկ լոգիստիկ պարզ խնդիր լուծել այդ ինչպե՞ս պիտի տնտեսություն զարգացնեք: Ամոթ ունեցեք, բարոյականություն ունեցեք ու ռադներդ քաշեք»»: Արսեն Բաբայան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ. 

«Այս ամենը տեսնելով՝ հասկանում ես , որ աղմկահարույց ֆեյք gagik soghomonyan-ի բնութագրումներն այս իշխանությունների հասցեին մեղմասացություններ են»: Ապրես Զոհրաբյան, քաղաքացի. 

«Աբու Դաբիի ցուցահանդեսին պետք է սրանց տանեին՝ որպես Հայաստանի զանգվածային ոչնչացման կենսաբանական զենք: Տիգրան Աթանեսյան, փաստաբան. 

«Ասում եք պատերազմում ոնց պարտվեցինք, հենց այսպես։ Դասալիք բուկլետներն ինչ գիտեն՝ զենքն ինչ է, որ մի հատ էլ ներկայացնեին»։ Իրինա Դանիելյան, քաղաքացի. 

«Ճի՞շտ է, որ միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանը ներկայացել է տարածաշրջանի ամենամարտունակ բուկլետներով»։ Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Փետրվարի 25-ին հեռախոսազրույց է կայացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության, երկու ղեկավարները քննարկել են հայաստանյան իրավիճակը։ «Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի եւ հանդարտության պահպանմանն ու իրավիճակի կարգավորմանը օրենքի շրջանակներում։ Ռուսաստանի առաջնորդը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել»,- հաղորդում է Կրեմլը։

Ոստիկանությունում փետրվարի 22-ին քրեական գործ է հարուցվել շաբաթ օրը հանրահավաքի ընթացքում Վազգեն Մանուկյանի հնչեցրած հայտարարությունների մասով՝ 301 հոդվածի (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հատկանիշներով: Գործն ուղարկվել է Քննչական կոմիտե: Փետրվարի 20-ին ընդդիմադիրների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարել էր, թե պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով՝ վերցնել իշխանությունը:

Վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի գործողությունների ժամանակ ոստիկանությունը փետրվարի 23-ին կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկել 25 մասնակցի։ Ըստ ոստիկանության մամուլի ծառայության, քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Ցուցարարները նախատեսում էին շրջափակել կառավարության 3-րդ մասնաշենքը, սակայն ոստիկաններն այդտեղ մեծ պատ էին կազմել եւ թույլ չտվեցին ցուցարարներին մոտենալ շենքին։ Ակցիայի մասնակիցները փորձում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարության այդ մասնաշենք։

ՊՊԾ գունդը գրավելու համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների մասով դատարանը փետրվարի 24-ին հրապարակեց դատական վճիռները։ Ըստ այդմ՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Մխիթարյանը, Գագիկ Եղիազարյանը եւ Արեգ Կյուրեղյանը դատապարտվեցին 7-ական տարվա ազատագրման, էդուարդ Գրիգորյանը՝ 6, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարվա ազատազրկման։ Ոստիկաններ Արթուր Վանոյանի եւ Յուրի Տեփանոսյանի մահվան համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման։ Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանն արդարացվեց ու ազատ արձակվեց դատարանի դահլիճից, դատախազը նրա համար պահանջում էր 21 տարի։

Վերջնական պատժի նշանակման համար դատարանը հաշվի է առել նախաքննության եւ դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետները։

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: