Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

19-26 փետրվարի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 23-ին ժամը 12:00-ին պետք է գումարվեր խորհրդարանի արտահերթ նիստ, որի օրակարգում «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված Ազգային ժողովի հայտարարության նախագիծն էր՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ։ Սակայն նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ Գրանցվել էր  ընդամենը 29 պատգամավոր։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չներկայացան նիստին։ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցում, բայց ոչ ավելի քան 4 ժամ։ Ընդդիմության կողմից ներկայացված հայտարարության նախագծում  նշված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր խոր մտահոգությունն է հայտնում օկուպացված Շուշիում 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացման կապակցությամբ»:

 

Մեկնաբանություն

Անհավատալի է, բայց՝ փաստ. քաղաքական մեծամասնության ձեռամբ եւ կամոք տապալվեց ակնհայտորեն հակահայկական ուղղվածություն ունեցող մի գործընթաց, որը դատապարտող հայտարարության ձեւաչափով նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը, եւ որը որոշակի առումով նաեւ հայոց խորհրդարանի դեմքը փրկելու առաքելություն ուներ: Խոսքը օկուպացված Շուշիում 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» մասին է, որով կնքվել է թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքը՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակում: Թեեւ փաստաթղթում նշված է, որ այն չի ստեղծվել երրորդ կողմի դեմ, այդուհանդերձ, դրա ողջ բովանդակությունն ուղղված է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների եւ բացառապես հայ ժողովրդի դեմ: Այն արձանագրում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների ռազմավարական նպատակներն՝ ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ Ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների:

Հռչակագրում առաջին անգամ տեղ գտած՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձեւակերպումները վկայում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար: Դատապարտելի է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ հարցի բովանդակությունը խեղաթյուրելով եւ այն տանելով պատմագիտական ուսումնասիրության տիրույթ: «Շուշիի հռչակագրի» հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ կանոնադրությունը կամ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված անվտանգության որեւէ սկզբունք, այլ «ցեղային անվտանգության» մոտեցումը: Այն հակասում է միջազգային իրավունքի հիմնական նորմերին: Համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ. Վիեննայի կոնվենցիայի՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, առոչինչ են եւ չեն կարող ունենալ որեւէ միջազգային լեգիտիմություն:

Վերջերս այս հռչակագիրը նաեւ վավերացվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից: Դրանից հետո էր, որ «Հայաստան» խմբակցությունը հանդես եկավ նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դրեց հայտարարության տեքստ, որով ՀՀ խորհրդարանը՝ որպես առաջնային մանդատ կրող պետական կառույց, պետք է իր  գնահատականը տար հռչակագրի վավերացմանը՝ այդպիսով ընդգծելով, որ «Շուշիի հռչակագիրը»՝ իր սադրիչ եւ ապակառուցողական բնույթով, անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար: Ինչպես ենթադրվում էր, փետրվարի 21-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իշխող ուժը մերժեց «Շուշիի հռչակագրի» վավերացումը դատապարտող հայտարարության նախագիծը: Մերժելով հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն, փաստորեն, վերահաստատեց թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու՝ իր հանձնառությունը եւ մեկ անգամ եւս փաստեց, որ իրենք ընտրել են Հայաստանը թրքացման տանող ճանապարհը:

Հանձնաժողովի նիստում ՔՊ-ն, Գուրգեն Արսենյանի շուրթերով, հայտարարեց, որ չի միանա «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությանը, քանի որ կարծում են, որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ արձագանքել է դրան եւ համարում են, որ կրկնել պետք չէ։ Նախագծի հաստատմանն իշխանությունը քվեարկեց ձեռնպահ, եւ քանի որ մեծամասնություն էր կազմում հանձնաժողովում, նախագիծը չընդունվեց։ Օրինագծի հեղինակների ներկայացմամբ՝ «Շուշիի հռչակագիրը» լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքի հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ լուրջ կասկածներ է առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով»: Մինչդեռ օրվա իշխանությունը՝ ի դեմս Արսենյանի, տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու անվան տակ հայ ժողովրդին տանում է նոր զիջումների, կորուստների եւ նոր պատերազմի:

«Այսօր մենք ականատեսը դարձանք մի ամոթալի եւ խայտառակ քաղաքական որոշման, որը կայացրեց իշխանությունը: Որ ասեմ՝ շատ անսպասելի էր, սուտ կլինի, բայց որ այսքան բացահայտ թուրքամետ քաղաքականությունը կողջունի իշխող խմբակցությունը, չէի պատկերացնում»,– ասել է ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։ Նրա խոսքով` իշխանությունը մերժեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությունը` դրանով իսկ կողմ արտահայտվելով այդ հռչակագրին, կողմ արտահայտվելով Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն, կողմ արտահայտվելով Ցեղապանության ճանաչումից հրաժարվելուն, Զանգեզուրի միջանցքին եւ բոլոր այն նախապայմաններին, որոնք թուրքերն ու ադրբեջանցիներն առաջ են քաշում: Թեւանյանը հավելեց, որ սա խաղաղասիրական քաղաքականության դրսեւորում էր, որը հանգեցնելու է նոր ողբերգության։ Պատգամավորը կարծում է, որ այսպես խաղաղություն չի լինելու, ընդհակառակն՝ թուրքական ախորժակը եւ ադրբեջանցիների նկրտումները ՀՀ տարածքի նկատմամբ մեծանալու են: Եվ պատահական չէ, որ Ալիեւը խոսում է Սեւանից, Զանգեզուրից ու Երեւանից:

Թեւանյանի համոզմամբ՝ մենք այսօր գործ ունենք կոլաբորացիոնիստական իշխանության հետ, որը փաստացի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համագործակցաբար Հայաստանը տանում է նոր կապիտուլյացիայի: «Ես ուզում եմ SOS հնչեցնել մեր քաղաքացիներին: Սա խայտառակության եւ ամոթի, Հայաստանի անկախության հռչակագրից հրաժարվելու օր էր»,- իշխանության բացահայտ նահանջն այսպես գնահատեց ընդդիմադիր պատգամավորը: Նրա հետ դժվար է չհամաձայնել:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւորագույն իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Փետրվարի 21-ին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերություններում հաստատված իրավիճակը, տարածաշրջանային անվտանգության հարցեր: Այս մասին հայտնում է Հայաստանի կառավարությունը: Կրեմլի մամուլի ծառայությունը, իր հերթին, հաղորդում է, որ նրանք մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ։ «Երկու կողմից ընդգծվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հետեւողական կատարման կարեւորությունը՝ ներառյալ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնումը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի շուտափույթ մեկնարկին ուղղված քայլերի իրականացումը», - նշված է հաղորդագրության մեջ։

Նույն օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու հրամանագրերը: Պուտինը եւ Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները կնքել են բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության համաձայնագրեր: Ռուսաստանի նախագահն առաջարկել է Ռուսաստանի խորհրդարանին վավերացնել Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչելու հրամանագրերը:

Որքան սրվում է ներքաղաքական իրավիճակը, այնքան թուլանում են Հայաստանի դիրքերը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, առանց այդ էլ չափազանց բարդ, առաջիկա բանակցություններում։ Այս մասին Ilur.am-ում հրապարակված կարճ անդրադարձում փետրվարի 23-ին գրել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ առաջարկելով ժամանակավորապես դադարեցնել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները եւ դրանց անդրադառնալ ավելի բարենպաստ ու հանդարտ իրավիճակում։

Առաջին նախագահն անդրադարձել է նաեւ Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցման գաղափարին. «Քանի որ խնդիրը վերաբերում է բացառապես Հայ առաքելական եկեղեցու իրավասության ոլորտին, որին պետությունն անգամ միջամտելու իրավունք չունի, ապա, իմ խորին համոզմամբ, Հայոց եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդն, ըստ արժանվույն գնահատելով հանդերձ ազգային բարերար Գագիկ Ծառուկյանի անժխտելի երախտիքը եկեղեցաշինության գործում, այնուամենայնիվ, պետք է կտրականապես մերժի այդ գաղափարը, որովհետեւ այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին»,- գրել է Տեր-Պետրոսյանը:

«Եվրանեսթի» նիստերը կարեւոր հարթակ են համագործակցության զարգացման ու երկխոսության համար, փետրվարի 21-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ողջունելով «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերի անցկացումը Երեւանում։ Ընդունելով ԵՄ խորհրդարանի անդամ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետը շեշտել է՝ Եվրոպական միությունը հանդիսանում է Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում առկա փոխգործակցությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության վերաբերյալ, ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման նպատակով:

Փետրվարի 22-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որը գլխավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նիստում քննարկվել են Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: ԱԽ անդամներից բացի՝ նիստին մասնակցել են նաեւ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը եւ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը:

Ազգերի ինքնորոշման եւ սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար եւ հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, փետրվարի 22-ին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախի իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը: «Անկախ պետականության կերտումը եւ նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության եւ մարդասիրական աղետի կանխարգելման համար», իր ուղերձում ասել է Հարությունյանը՝ շարունակելով. «Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար եւ ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը»:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: