Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Շաբաթվա անցուդարձ

18-25 փետրվարի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին իր որոշումը։ Դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին կատարել ստանձնած պարտավորությունները՝ բացել Արցախի ճանապարհը եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան եւ ազատ տեղաշարժն ապահովելու համար։ Դատարանը միաժամանակ մերժեց Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջները, որոնք վերաբերում էին ենթադրյալ ականապատմանը:

Ասում են՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Բերձորի միջանցքի ապօրինի շրջափակումը ԼՂՀ-ում հանգեցրել է հումանիտար, բնապահպանական, էներգետիկ եւ տնտեսական ճգնաժամի։ Ադրբեջանը տմարդի նպատակ է հետապնդում՝ շրջափակման միջոցով, ինչը ցեղասպանական գործողություն է, էթնիկ զտման ենթարկել հազարամյա իր բնօրրանում խաղաղ ապրող ու արարող հայ ժողովրդի մի պատկառելի հատվածի։ Սակայն Բաքվի բռնապետը վրիպել է. Հաագայի դատարանը խառնել է նրա հաշիվները: Ընդունված որոշումից հետո միջանցքը փակ պահելու՝ նրա համառությունը տեղի կտա, միջազգային դատարանի վճիռն անտեսել նա կարող է, բայց հետեւանքներից խուսափել չի կարող:

Ադրբեջանը՝ եթե չգիտի, թող լավ իմանա. որեւէ տարածքի, բնակավայրի շրջափակումը հակասում է մարդու իրավունքի եվրոպական բոլոր այն սկզբունքներին ու արժեքներին, որոնց նկատմամբ ինքը հանձնառություն ունի: Բերձորի միջանցքի կարգավիճակը հստակ սահմանված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ի՞նչ դաս ստացանք այս ամենի արդյունքում. եթե իրավունքը քո կողմից է, ուրեմն հնարավոր է խնդիրը պատշաճ կերպով դնել՝ միջազգային տարբեր կառուցակարգերի օգնությամբ ցույց տալով, որ տվյալ պահանջն արդարացի է, եւ վստահ լինել, որ լուծումը չի ուշանա։ Իսկ Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջը «չպայթեց», քանի որ այն ականների կեղծ թեմայով էր: Դա էլ ադրբեջանական կողմի դասը թող լինի:

 

Հայկական Զինված ուժերի թուլացման եւ թշնամիների ցանկության իրականացման շրջանակներում շաբաթվա ընթացքում բացվեց եւս մեկ աղմկոտ քրգործ: Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի օրինականացման (փողերի լվացման) համար հանրային քրեական հետապնդում հարուցվեց բանակային երրորդ կորպուսի հրամանատար, փառաբանված գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ: Նախնական տեղեկություններով` Խաչատուրովը ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի «գործի» առնչակցությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ օրեր առաջ ԱԺ-ում ներկայացնելով Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը, հայտնել էր, որ վերջինիս պաշտոնավարման օրոք ՊՆ-ին պատկանող հատուկ նշանակության երկու հողամասեր՝ զորանոցով, կից այլ շինություններով հանդերձ, վաճառվել են կադաստրային արժեքից մի քանի անգամ ցածր գնով։ Դրանցից մեկը՝ Արմաշ համայնքի Երեւանյան խճուղի 24/1 հասցեում գտնվող 1,2 հա տարածությամբ, ըստ Վարդապետյանի, 4 մլն դրամով վաճառվել է N զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, որն էլ այն բանկում գրավադրել էր 18 մլն դրամով:

Ահաեւ 15 տարվա վաղեմության ժամկետն անցած՝ «փողերի լվացման» քրգործի ողջ պատմությունը, որի միջնորդությունը փետրվարի 21-ին մերժվեց դատարանի կողմից: Փառք Աստծո, որ արդարադատության փոքր «կղզյակներ» դեռ մնացել են: Թե ինչի համար են պարբերաբար հանրության դատին ներկայացվող աղմկահարույց ձերբակալությունները, միջադեպերը, հայտարարությունները, անգամ սոցցանցերում սուր թեմաներով «ֆեյքային» քննարկումները, հայտնի է շատերին: Սրանք հասարակության ուշադրությունը տեղի ունեցող ամենակարեւոր, հաճախ սեփական պետության ու ժողովրդի դեմ ուղղված լրջագույն խնդիրներից շեղելու նպատակ ունեն:

Այս պահի դրությամբ այդպիսի խնդիրներ են հունվարի 19-ին Ազատ գյուղի տարածքում տեղակայված N զորամասի կացարանում կասկածելի հանգամանքներում կատարված ողբերգական դեպքը, որը 15 զինծառայողի կյանք խլեց, ինչպես նաեւ Մյունխենում Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնի ստորագրված մի փաստաթուղթ, որով Արցախը, ըստ տարածվող լուրերի, անդառնալիորեն ամրացել է Ադրբեջանի կազմում: «Քայլիստները մեզ նախապատրաստում են նոր հակահայկական փաստաթղթերի ստորագրմանը եւ այդ համատեքստում էլ պետք է դիտարկել մեր ազգային հերոսների ձերբակալությունները»,- նկատել է «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:

 

Հայաստանի կառավարության, Եվրասիական զարգացման բանկի եւ «Լիդիան Արմենիա» ընկերության միջեւ ստորագրվել է 250 մլն դոլարի եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի հիման վրա սկսվելու է Ամուլսարի հանքի շահագործումը։ Այդ մասին փետրվարի 22-ին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ Հայաստանը կստանա ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը: Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, ապա, ըստ նախարարի, կատարվել են անհրաժեշտ բոլոր ուսումնասիրությունները, եւ ընկերությունը համապատասխան թույլտվությունները ստացել է դեռեւս ութ ամիս առաջ։

Նախարարի հաշվարկով՝ Ամուլսարում «Լիդիան» ընկերության աշխատանքը մեր երկրի ՀՆԱ-ն ավելացնելու է մոտ մեկ տոկոսով, ինչը, նրա կարծիքով, բավական բարձր ցուցանիշ է, իսկ ազդակիր համայնքները ամեն տարի, պայմանավորվածության համաձայն, «Լիդիան» ընկերության կողմից ստանալու են 7 մլն դոլարի աջակցություն: «Մենք իրավունք չունենք հրաժարվել այսպիսի հնարավորությունից, ընկերությունն արդեն այս պահից կարող է սկսել աշխատանքները, որեւէ օրենսդրական արգելք չկա»,- ընդգծել է Քերոբյանը, որի ասածները լրագրողներին առանձնապես մեծ հավատ չեն ներշնչում, որովհետեւ այս պաշտոնյան թվերն ուռճացնելու սովորություն ունի: Եվ դա արդեն ոչ ոքի չի զարմացնում:

Փոխարենը զարմանալի է, որ բազմաչարչար հանքավայրի հարցն առանց բնապահպան ակտիվականների դիմադրությանը հանդիպելու, այդպես լուռ ու անաղմուկ նորից սողոսկեց վաղուց մոռացված օրակարգ: Մինչդեռ ոչ վաղ անցյալում Ամուլսարի շահագործման ողջ ընթացքն ուղեկցվում էր բնապահպանների ու տեղի բնակիչների բողոքի ակցիաներով: Առայժմ բողոքի միակ երեւացող արտահայտությունը սոցցանցերում հատուկենտ դժգոհություններն են, եւ դժվար է ասել՝ արդյո՞ք «կայծից» բոց կբռնկվի, թե՝ ոչ: Հակիրճ վերհիշենք Ամուլսարի անցած ճանապարհի մի քանի շրջափուլեր։

 Ընդերքօգտագործման իրավունքը «Լիդիան» ընկերությունը ստացել էր 2012-ին, հանքի շահագործումը՝ սկսել 2016-ի օգոստոսին։ Հաջորդ տարի հայտարարվեց, որ ոսկու առաջին կորզումը տեղի կունենա 2018-ին։ Այդ ժամանակ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտնեց, որ կապիտալ ներդրումները մինչեւ շինարարության ավարտը կկազմեն 370 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ հանքի շինաշխատանքներում ներգրավված աշխատողների մեծ մասը կլինեն  Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները: 2018-ի մայիսին տարածքի բնակիչները փակել էին Ամուլսար տանող ճանապարհը, իսկ բողոքի գործողությունները պարբերաբար Ջերմուկից Երեւան էին տեղափոխվում։

Այնուհետեւ 2019-ին հանքի շահագործման ռիսկերը գնահատելու համար գործադիրը միջազգային փորձագետներ էր հրավիրել: «Էլարդի» թիմը, ի վերջո, եզրակացրել էր, որ ելակետային տվյալները բավարար չեն հանքի շահագործման վտանգները գնահատելու համար: 2020-ին վարչապետը հայտարարեց, որ եթե բնապահպանական վտանգավորությունը չհաստատվի՝ հանքը կշահագործվի։ 2021-ին արդեն Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հանքը շահագործելու մեծ հավանականություն կա։ Այս մոտեցումն ամրագրվել է ՀՀ կառավարության 2021-26 թթ. ռազմավարության մեջ, որտեղ Ամուլսարը դիտարկվում է որպես տնտեսության «փրկօղակ»։

Շահագործե՞լ Ամուլսարը, թե՞ ոչ… ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ: Բանավեճը կմտնի՞ նոր փուլ, թե կմատնվի անտարբերության, ինչպես Արցախի կորուստը, ՀՀ սահմանների վերաձեւման փորձերը, այս իշխանությունների բերած մյուս չարիքները: Մոռացվեցի՞ն Ամուլսարի ընդերքի շահագործմամբ պայմանավորված երբեմնի լրջագույն վտանգները, որոնցով հղի են ոչ միայն Ջերմուկի, այլեւ Սեւանա լճի ջրերը, շրջակա միջավայրն աղտոտող ու թունավորող ցիանիդային հարթակները, պոչամբարները: Ջերմուկն ու ջերմուկցին այսօր բոլորիս աջակցության կարիքն ունեն: Այստեղ ապրում ենք մենք ու մեր երեխաները, այստեղ ապրելու են մեր հետնորդները:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետը եւ ՌԴ նախագահը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական եւ էներգետիկ ճգնաժամը: Փաշինյանը կարեւորել է դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը, ինչպես նաեւ ընդգծել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու վերաբերյալ կայացված որոշման փաստը: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Փետրվարի 20-ին Հայաստան են ժամանել Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդները, որոնցից 50-ն անզեն են։ «Հունվարի 23-ին Եվամիության կողմից հաստատված եւ այսօր ՀՀ ժամանող քաղաքացիական առաքելության 100 ներկայացուցիչներից 50-ը կլինեն անզեն դիտորդներ»,- տեղեկացրել է Եվրամիությունը՝ չհստակեցնելով, թե արդյոք մյուս 50 ներկայացուցիչները զինված են, թե ոչ: Հայաստանում մեկնարկած ԵՄ առաքելությանը նույն օրը Թվիթերում անդրադարձել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ հույս հայտնելով, որ առաքելությունը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձեւաչափի կարեւորությունը: Միրզոյանը եւ Քվինը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում՝ Մյունխենում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Ավելի ուշ ԱՄՆ նորանշանակ դեսպանին ընդունել են ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարը։

Ռուբեն Վարդանյանն ազատվել է պետնախարարի պաշտոնից։ Այս մասին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության փետրվարի 23-ի նիստում։ Միաժամանակ նա հայտնել է, որ պետնախարար կնշանակվի Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։ «Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը եւ Արցախը զարգացնելու, առաջիկա մարտահրավերների դիմագրավմանը պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս եւ պետության, առանց փակագծեր բացելու, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից»,- նշել է Հարությունյանը:

Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 20-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական եւ անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ։ Պապիկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր:

Փաստահավաք առաքելությամբ ՀՀ ժամանած՝ ԵԽԽՎ Հայաստանի պարտավորությունների կատարման մշտադիտարկման պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) եւ Բորիանա Օբերգը (Շվեդիա) փետրվարի 19-ին այցելել են Սյունիք։ Համազեկուցողները հանդիպել են Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։ «Այստեղ ենք՝ փաստահավաք առաքելությամբ պարզելու, թե իրականում ինչ է կատարվում Հայաստան-Արցախ սահմանին։ Ուզում ենք լսել մարդկանց, հասկանալ նրանց ապրումները, որպեսզի ներկայացնենք մեր զեկույցներում»,- ասել է Կիմմո Կիլյունենը։ ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են նաեւ ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: