Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Անցած շաբաթավերջին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն, որին մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը` առաջին տիկնոջ հետ։ Կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ երկարամյա նվիրումի, ինչպես նաեւ հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար ՀՀ նախագահը կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին պարգեւատրել է Պատվո շքանշանով: Սարգսյանը մեկ անգամ եւս շնորհավորել է անվանի կինոռեժիսորին հոբելյանի առթիվ: Պատասխան խոսքում մաեստրոն երախտագիտություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին` իրեն պետական բարձր պարգեւի արժանացնելու համար: «Մեծարգո՛ պարոն նախագահ,- ասել է նա,- ինչ լավ է, որ Դուք կաք: Թող աշխարհի բոլոր ուժերը Ձերը լինեն»:
…Տարակուսելի է, որ աշխարհահռչակ կինոգործիչը, ով էությամբ սակավախոս, իր գնահատականներում զուսպ եւ ամբողջ կյանքն արժանապատվորեն ապրած անձնավորություն է, բարեկամեցողության այսպիսի խոսքեր է հղում մի մարդու, ում նկատմամբ հանրային կարծիքը Հայաստանում եւ համայն հայության շրջանում միանշանակ չէ: Մի մարդու, ով պետության ղեկավար էր ընտրվել լուրջ կեղծիքներով եւ «ընտրագողությամբ», որի ցայտուն հավաստիքը 2013-ի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակում ծավալված հետընտրական բազմահազարանոց հուզումներն էին: Մեծատաղանդ արվեստագետը մասնագիտական իր փառքի գագաթին հասել է ազնիվ տքնանքով, երբեք վիզ չի ծռել որեւէ իշխանավորի առջեւ, երբեք չի շողոքորթել ու չի նվաստացել: Դրա կարիքը նա չունի առավել եւս հիմա, երբ համաշխարհային մեծ ճանաչում ու հռչակ է ձեռք բերել եւ իրենով կինոարվեստի մի ուրույն ուղղություն է նշանավորում: Հասկանալի է, որ Փելեշյանի պես կինոհանճարը, ինչպես նրան բնութագրել է մեկ այլ հայ կինոհանճար` Սերգեյ Փարաջանովը, չէր կարող քծնել իրեն տրված շքանշանի ու Երեւանի կենտրոնում հատկացված բնակարանի կամ ինչ-որ ակնկալիքի համար: Բայց ի՞նչ արած` մոլորությունները նաեւ մեծերին են «կպչում»: Աստծո գործերն անքննելի են: «Ինչ լավ է, որ Դուք կաք…»,- ելույթի ընթացքում մի երկվայրկյան դադար տալով, միգուցե ավելի տեղին բնորոշում չգտնելով` ասել է ծերունազարդ հոբելյարը: Մարդիկ ներողամտորեն, բոլոր առումներով` մեծի հանդեպ ակնածանք ցուցաբերելով, նույնիսկ ծափերով էին արձագանքել նրա խոսքին: Իսկ ամեն մեկն իր մտքում թերեւս զարմացած` հարց էր տալիս. «դրա լավը ո՞րն է, սիրելի Վարպետ, երկիրը համակած թալա՞նը, կոռուպցիա՞ն, արտագա՞ղթը, զոռբայությո՞ւնը, իրավական տեռո՞րը…» Ամեն դեպքում մեծը մեծ է մնում` անգամ իր մանր մոլորություններով հանդերձ: Նրանց ամեն ինչ ներվում է, նրանց վրա այդօրինակ մանրուքներն ուղղակի չեն նշմարվում: Ցավալին այլ բան է` փոքր ու մանրահոգի մարդիկ մեծությունների` «կանխիկով» ասված փաղաքուշ խոսքը, քաջալերանքը սխալ են հասկանում: Նրանց թվում է` աշխարհն իսկապես լուսապայծառ եւ մարդկությունն անսահման երջանիկ է, որ իրենք կան:
Լրատվամիջոցների տեղեկացմամբ` օրերս Ելք» խմբակցությունն Ազգային ժողովում նախաձեռնեց լսումներ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ։ Փետրվարի 21-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու` «Ելք»-ի առաջարկին: Ընդդիմադիր դաշինքը խորհրդարանին առաջարկում էր խստորեն դատապարտել «2008-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը»: Հայտարարության նախագծով նաեւ առաջարկվում էր իրավապահ մարմիններից պահանջել սեղմ ժամկետներում բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել սպանությունների կազմակերպիչներին ու անմիջական կատարողներին։
…2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները տակավին մնում են չպարզված: Ցայսօր տրված չէ նաեւ «Մարտի 1»-ի իրավական գնահատականը: Ողբերգական գործողությունների հիմնական պատասխանատուն, բնականաբար, այն ժամանակվա իշխանությունն է, ում հրամանով զինված ուժերը գաղտնի ներքաշվել էին քաղաքական գործընթացների մեջ: Իշխանական մարմինների կողմից կատարվում էր պետական ահաբեկչություն, զանգվածային բռնությունների էին ենթարկվում ընդդիմության ներկայացուցիչներն ու խաղաղ ցույցերին մասնակցող ՀՀ քաղաքացիները: Իրավապաշտպան կառույցների դիտարկումների համաձայն`կան բավարար փաստեր պատասխանատվության ենթարկելու պաշտոնատար այն անձանց, որոնց հրամանով կատարվել են մարդկանց կյանքի ու առողջության համար վտանգավոր գործողություններ: «Իշխանությունն ինչպե՞ս կարող է բացահայտել «Մարտի 1»-ի գործը, երբ ինքն է եղել դրա հեղինակը»,- խորհրդարանական լսումներից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է մարտիմեկյան դեպքերի հետեւանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Նրա խոսքով՝ այդ գործն իրականում բացահայտված է, բայց իշխանությունը պաշտոնապես չի հայտարարում, քանզի ինքն է նստած այդ ճյուղի վրա, որը երբեք չի կտրի։ Զոհերի հարազատները մի փոքր հուսավառվեցին, երբ փետրվարի 27-ին խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծն օրակարգ ընգրկելու հարցին։ Կհաջողվի՞ հասնել ցանկալի քաղաքական փաստաթղթի ընդունմանը, կարդարանա՞ն արդյոք նրանց սպասելիքները` ցույց կտա ժամանակը: Բայցեւայնպես` լսումներն ի հայտ բերեցին մի հետաքրքիր միտում` իշխող ՀՀԿ-ի որոշ ներկայացուցիչների ելույթներում` մասնավորապես «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի խոսքում, մեղադրանքի շեշտադրումներն ուղղվում էին Ռոբերտ Քոչարյանի կողմը, իսկ գործող նախագահի մասին պահպանվում էր քար լռություն: Բայց չէ՞ որ Սերժ Սարգսյանն այն ժամանակ երկրի վարչապետն էր, ուրեմն այդ իրադարձությունների համար շարունակում է կրել պատասխանատվության իր բաժինը։ Այս մասին նախկինում քանիցս կարծիքներ են հնչել: Սակայն Հանրապետականն այժմ փորձում է մեղքը բարդել ընդդիմության վրա, ՀՀ երկրորդ նախագահի կամ մեկ ուրիշի վրա, բայց ոչ` «ուժերի ծաղկման շրջանում» գտնվող Սերժ Սարգսյանի, ով պատրաստվում է եւս 7 տարի «ծաղկեցնել» հայոց աշխարհը:
Մարտի 2-ին Ազգային ժողովը քվեարկությամբ ընտրեց ՀՀ 4-րդ նախագահին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը, ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 90, դեմ՝ 10 պատգամավոր: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: «Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: Քվեատուփում եղել է 101 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է համարվել մեկ քվեաթերթիկ: Այսպիսով, Արմեն Սարգսյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ»,- ասել է Մելիքյանը:
…Եվ այսպես՝ Հայոց պետականության պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահն ընտրվեց աննախադեպ ընտրակարգով` Ազգային ժողովի կողմից: Չնայած մեր պարագայում «ընտրվեց» ասելն այնքան էլ տեղին չէ, որովհետեւ ընտրություն կարող է լինել երկու եւ ավելի միավորների միջեւ: Եթե չկա այլընտրանք, չկան տարբեր ծրագրերի, մոտեցումների բախումներ, ուրեմն ինչ ընտրության մասին կարող է խոսք լինել: Ինչեւէ, եթե նույնիսկ համարենք, որ Արմեն Սարգսյանն ընտրվեց, այլ ոչ թե նշանակվեց, միեւնույն է, հանրությանը հուզող որոշ հարցեր մնացին անպատասխան: Դրանցից ամենաէականն այն հարցն է, թե արդյո՞ք Սարգսյանը վերջին 6 տարում ունեցել է միայն Հայաստանի քաղաքացիություն, ինչպես պահանջում է մեր Սահմանադրությունը: Այս պարզ հարցը քանիցս չարչրկվեց, տարատեսակ մեկնաբանությունների, բանավեճերի տեղիք տվեց, բայց այդպես էլ մնաց չպարզաբանված: Եվ անորոշության այդ նստվածքը երկար ժամանակ դեռ կմնա՝ որպես խարան ե՛ւ պետության վրա, ե՛ւ անձնապես Արմեն Սարգսյանի:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Միջազգային մամուլ
Արեւելյան Ղութայի վատթարացող իրավիճակը
Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ է քվեարկել Սիրիայում 30 օրվա ընթացքում հրադադարի հաստատման բանաձեւին: Սակայն, ինչպես տեղեկացնում է Reuters-ը, «Սիրիայի կառավարական ուժերը հարձակվել են Արեւելյան Ղութայի վրա` ձգտելով տարածքը ետ վերցնել ապսամբներից»: Ըստ զեկույցի, ամերիկացի գեներալը մեղադրել է Մոսկվային «հրկիզողի եւ հրշեջի միաժամանակյա երկակի դեր խաղալու» մեջ, որը չի ցանկանում զսպել Ասադին: Զեկույցում նշվում է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հետաքննություն է սկսել Արեւելյան Ղութայում տեղի ունեցած հարձակումների վերաբերյալ` պարզելու, թե արդյոք իշխանություններն արգելված զինամթերք են կիրառել:
Համաձայն մեկ այլ զեկույցի, ԱՄՆ-ի զինաթափման հարցերով դեսպան Ռոբերտ Վուդը հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման եւ Ասադի կառավարության կողմից թունավոր գազի օգտագործումը կանխելու պարտականությունը: «Ռուսաստանի այն պնդումները, որ Ասադի վարչակարգը վերացրել է քիմիական պաշարները, պարզապես անհեթեթ են: Աներեւակայելի է, թե ինչպես է Ռուսաստանը շարունակաբար ժխտում Ասադի վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառման հանցագործությունների փաստերը», - զինաթափման կոնֆերանսին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի դեսպան Ռոբերտ Վուդը: Նա նաեւ ավելացրեց. «Ռուսաստանն այս հարցում պետք է լինի պատմության ճիշտ կողմում: Այժմ այն պատմության սխալ կողմում է գտնվում»:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեթեր Նաուերտը մարտի 1-ի ասուլիսում անդրադարձավ այս հարցին. «Ռուսաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի հովանավորությամբ հրադադարի ռեժիմին: Սիրիան եւ նրա ռուսական կողմնակիցները պետք է դադարեցնեն արդարացումներ փնտրել եւ հավատարիմ մնան հրադադարի մասին ընդունած որոշմանը»:
Պուտինի «ուժի» ցուցադրումը
The New York Times-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ուղերձում «սպառնացել է Արեւմուտքին նոր սերնդի միջուկային զենքերով, այդ թվում նաեւ «անպարտելի» միջմայրցամաքային միջուկային հրթիռով եւ միջուկային տորպեդոյով, որն ունակ է շրջանցել ԱՄՆ պաշտպանությունը: Սակայն, չնայած նորացված զենքերի դեռեւս հնաոճ անիմացիաներին, տրամաբանական հարցեր առաջացան, թե արդյո՞ք այդ զենքերն իսկապես գոյություն ունեն: «Հաշվի առնելով ռուսական առաջընթացի ձախողումները կամ հրթիռների վաղաժամ վթարները, այն գաղափարը, որ Ռուսաստանը հանկարծակի զենքերի նոր սերունդ ունի, կասկածներ է առաջացնում: Քաղաքական վերլուծաբաններն ասում են, որ դա արդյունավետ քարոզարշավ էր, եւ պարզ չէ, արդյոք զենքերը գոյություն ունեն, թե ոչ», - ասում է հեղինակը: Պարբերականը մեջբերում է Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Վ. Մակարկինին. «Նա մարդկանց տալիս է ցանկալի ապագայի պատկերը, Ռուսաստանի ապագայի պատկերը, եւ սա հնչեցվում է իր ներքին լսարանի համար»: Մակարկինը ավելացրել է. «Իրականությունն այն է, որ երկիրը չունի բավականաչափ գումար սոցիալական ծախսումների հսկայական աճին զուգընթաց նոր սերնդի զենքերի զարգացման եւ արտադրության համար»: Հոդվածում նաեւ մեջբերում է հոդվածագիր եւ քաղաքական վերլուծաբան Մաքս Թրուդոլյուբովի այն միտքը, որ Պուտինի ուղերձը հիշեցնում է «Ցարի թնդանոթի ժամանակակից տարբերակը՝ Կրեմլի մոտակայքում տեղադրված 16-րդ դարի հսկայական սպառազինության մի կտոր, որը, ըստ լեգենդի, երբեք չի գործել»:
Լեոնիդ Բերշիդսկին Bloomberg-ի իր հոդվածում նշում է, որ «ռեւանշիզմը եւ առճակատումը շարունակում են մնալ Պուտինի հիմնական օրակարգը: Միեւնույն ժամանակ, նա կարծես հավատում է, որ Ռուսաստանի ներքին խնդիրները ինքնուրույն կլուծվեն, եթե նա հավակնոտ նպատակներ դնի իր առջեւ: Սա աղետ է, անկախ նոր զենքերից»: Հեղինակը պնդում է, որ «խնդիրը ոչ այնքան ժամանակակից զենքեր ունենալու մեջ է, քանի որ Ռուսաստանի պես մեծ երկիրը ռազմական ուժի կարիք ունի, որքան նրանում, թե այդ զենքերն իրականում ինչը պետք է պաշտպանեն: Առանց ապագայի տեսլականի կամ ուրիշների համար գրավիչ կառավարման մոդելի, առանց որեւէ փափուկ ուժի կիրառման հնարավորությունների, առանց տնտեսական մոդելի, որը կարող է կայուն աճ ապահովել կամ մարդկանց դուրս բերել աղքատությունից, հակահրթիռային աղմուկը սարսափելի, բայց ընդամենը դատարկ ձայն է: Նախապես կանխորոշված արդյունքներով ընտրությունների համատեքստում, Ռուսաստանի աճող ռազմական ուժը կարող է ավելի լավ պաշտպանություն ապահովել անհաշվետու, ճնշող վարչակարգի համար, որը չի պահելու իր խոստումներից որեւէ մեկը: Դա «մկան» է՝ առանց հույսի կամ նյութի»: Բերշիդսկին եզրակացնում է. «Զենքի արդիականացումը լավ է այն ժամանակ, երբ երկրի մնացած մասը նույնպես գնում է արդիականացման եւ ձերբազատվում է մաֆիայի պետության առանձնահատկություններից: Սա ավելի բարդ աշխատանք է, եւ Պուտինը գիտակցում է դրա անհրաժեշտությունը: Նա պարզապես առանձնահատուկ ոգեւորություն չի դրսեւորում այդ կապակցությամբ, եւ Ռուսաստանը եւս 6 տարի զբաղվելու է մկանների ցուցադրությամբ եւ շարունակելու է մնալ լճացման մեջ»:
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ին կարծես թե այնքան էլ չի տպավորել Պուտինի Կիմ Չեն Ընի ոճով հռետորաբանությունը: ԱՄՆ-ն իր «Միջուկային զսպվածության վերանայում» ծրագրում արդեն իսկ գնահատել էր ստեղծված իրադրությունը. «ավելի բազմազան եւ առաջադեմ միջուկային սպառնալիքի միջավայր, քան երբեւէ. պոտենցիալ հակառակորդների զարգացման եւ միջուկային զենքի եւ համակարգերի տեղակայման ծրագրերում զգալի դինամիզմ»: Հետեւաբար, ԱՄՆ-ի նոր ծրագիրը «ներկայացնում է ճկուն, ներդաշնակ եւ հզոր միջուկային հնարավորություններ, որոնք այժմ անհրաժեշտ են ԱՄՆ-ին, դաշնակիցներին եւ գործընկերներին պաշտպանելու եւ ռազմավարական կայունությանը նպաստելու համար»: Իսկ նոր Ազգային անվտանգության ռազմավարությունում առաջին անգամ Ռուսաստանը եւ Չինաստանը բացահայտորեն անվանվեցին ԱՄՆ-ի հակառակորդներ:
Պուտինի ամենամյա ուղերձից առաջ, Ջոն Պ. Կարլինը Politico-ի իր հոդվածում Ռուսաստանին անվանել է խարդախ պետություն: Հատկանշական է, նա գրել է հետեւյալը. «Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը վարում է ցածր ինտենսիվության կոնֆլիկտ ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ, որտեղ առեւտուրն ու բարգավաճումը անխուսափելիորեն կապված են թվային կապակցված մեքենաների հետ: Վախենալով, որ ժողովրդավարությունը եւ ազատ ու արդար տնտեսություններն իր կոռումպացված ավտորիտար վարչակարգի գոյատեւման համար վտանգ են ներկայացնում, Պուտինի Ռուսաստանն ավելի ու ավելի շատ պատասխանատու է դառնուն ինչպես կործանարար կիբերհարձակումների, այնպես էլ համաշխարհային առցանց տնտեսությանը վնասող կիբեռհանցագործների սատարման համար: Անհնար է դիմակայել կիբեռանվտանգության սպառնալիքներին՝ առանց Պուտինի խնդրին անդրադառնալու»: Կարլինը նաեւ հայտարարում է, որ «Պուտինի Ռուսաստանը խարդախ դերակատար է, եւ իր կառավարության վարքագծով ու հանցագործներին տրվող ազատություններով նա աշխարհն ավելի է վտանգում: Նա գործում է քաղաքակիրթ երկրների առցանց սահմաններից դուրս: Այս խնդիրը նման է Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրին, եւ մենք պետք է նմանատիպ հավաքական գլոբալ մոտեցում ցուցաբերենք՝ Ռուսաստանին պատժելու եւ մեկուսացնելու համար»:
Պուտինը փորձում է ստեղծել գերտերության տեսանելիություն, սակայն իրականում Ռուսաստանը ոչ այլ ինչ է, քան միջուկային զինանոցով թմրակարտել:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը