Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Անցած շաբաթավերջին` փետրվարի 29-ին, ՀՀ վարչական դատարանը Ամուլսարի գործով անվավեր է ճանաչել Բնապահպանական եւ ընդերքի տեսչության երկրորդ հիմնարար փաստաթղթի՝ ստուգման ակտի բոլոր հիմնական կետերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բնապահպանական եւ ընդերքի տեսչության նախկին ղեկավար, բնապահպան Արթուր Գրիգորյանը: Նա հիշեցնում է, որ մի քանի ամիս առաջ նույն դատարանը՝ գրեթե նույնանման «փաստարկներով» չեղարկել էր նաեւ Ամուլսարում ընդերքօգտագործման հետ կապված գործողություններ իրականացնելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ տեսչական մարմնի որոշումը:
…Գրիգորյանի բնորոշմամբ` սրանով փոշիացվում են Ամուլսարի հանքավայրի շահագործման անօրինականություններն արձանագրած միակ պետական մարմնի՝ Բնապահպանական տեսչության բացահայտումները, հանքավայրի շահագործման անթույլատրելիության իրավական հիմքերը։ «Անկասկած, սրա արդյունքում կարճվելու է ապօրինի ընդերքօգտագործման վերաբերյալ գլխավոր դատախազության հարուցած քրեական գործը, «մաքրվելու» են Lydian Armenia-ի «իմիջի» համար խնդրահարույց՝ պրիմիտիվ շինարարական խախտումների արձանագրումները, որոնցից շատերը ընկերությունն անգամ ընդունել է եւ, իմ տեղեկություններով, նույնիսկ վճարել պատճառած վնասի համար»,- նշել է բնապահպանը: Նա միաժամանակ տարակուսանք է հայտնել, որ պետական համակարգում գործող ինստիտուտը` ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, բեկանել է պետական մեկ այլ ինստիտուտի` Բնապահպանության եւ ընդերքի տեսչության ընդունած արդարացի որոշումը։
Ըստ երեւույթին, ՀՀ վարչական դատարանը` լավ տեղեկացված լինելով Ամուլսարի շահագործման վերաբերյալ Կառավարության դիրքորոշմանը, կայացրել է բարձրագույն իշխանության քիմքին հաճո վճիռ` չնայած խոսքը շրջակա միջավայրի աղտոտման ու դրա հավանական աղետալի հետեւանքների մասին է: Հայաստանի դեպքում սա այնքան էլ տարակուսելի երեւույթ չես համարի: Տարակուսելին այն է, որ ի դեմս այդ տեսչության` գտնվել է հանդուգն մի կառույց, որն իր սահմանափակ լիազորությունների շրջանակում գնացել է մինչեւ վերջ` ներկայացնելով անաչառ եզրակացություն: Այն է` Ամուլսարի շահագործումը բնապահպանական առումով խիստ ռիսկային է թե´ մերձակայքում ապրող բնակչության, թե´ Ջերմուկի հանքայի ջրերի ու Սեւանա լճի համար: Որոշումը պետք է հիմք դառնար` ապօրինի ընդերքօգտագործման վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճելու համար, բայց…
Այն մասին, որ պետական համակարգում Վարչական դատարանի պես ատյաններ ունենալն ուղղակի բարեբախտություն է մեր իշխանությունների համար, վկայում է Սահմանադրական դատարանի օրինակը: Բազմաչարչար մի հաստատություն, որից ազատվելու խնդիրը վաղուց դարձել է Կառավարության «ցավող ատամը», եւ այն կհեռացվի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի արդյունքով, եթե, իհարկե, «Այո»-ի օգտին քվեարկի մասնակիցների մեկ երրորդը կամ մոտավորապես 650 հազար ընտրող: Դրական արդյունքի դեպքում, վերջնականապես, Նիկոլ Փաշինյանի ձեռքում կհայտնվի նաեւ դատական իշխանության սանձը եւ կարելի կլինի առանց որեւէ «գլխացավանքի» անցկացնել ցանկացած որոշում` այդ թվում, գուցեեւ, Ամուլսարի թնջուկի լուծումը իշխանության համար ցանկալի հունով: Իսկ ցանկալին հանքավայրի շահագործումն է, ինչի մասին կառավարությունը քանիցս բարձրաձայնել է` շեշտելով, թե տվյալ խնդրի առնչությամբ պետությունը պարտավորություն ունի, որի չկատարումը բացասաբար կանդրադառնա երկրի միջազգային հեղինակության վրա: Կարելի է հիշատակել, օրինակ, Ամուլսարի ներդրումային նախագծում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մասնակցությունը: Բացի դրանից, պետությունն այդ ոլորտից բարձր եկամուտներ է ակնկալում: Այդ մասին հունվարի 25-ին կապանյան իր ասուլիսում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ Կառավարությունը շահագրգռված է Ամուլսարի գործարկմամբ, քանի որ «եթե հանքը շահագործվեր, մենք կունենայինք ավելի մեծ տնտեսական աճ»: Ահա որն է հայրենի գործադիրի մտահոգության հիմնական առարկան:
Հասարակությանը, սակայն, տնտեսական աճը ամենաքիչն է հետաքրքրում, եթե դրա գինը սերունդների առողջությունն ու բնապահպանական աղետներն են լինելու: Առավել եւս, որ տնտեսական աճի արդյունքներից լիաբուռն օգտվողները ոչ թե հասարակ ժողովուրդն է, այլ գրեթե ամեն ամիս ահռելի պարգեւավճարներ ստացող պետական մեծ ու փոքր պաշտոնյաները:
Մարտի 1-ին լրացավ 2008 թվականին տեղի ունեցած ողբերգական դեպքերի 12-րդ տարին։ Այդ օրը վաղ առավոտյան ոստիկանները հարձակվել էին «Ազատության» հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, որոնք իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Եվ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում ու դրա մերձակայքում ցուցարարների եւ ուժայինների միջեւ սկիզբ առած բախումների հետեւանքով զոհվեց 10 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ դուստրերի հետ հարգանքի տուրք է մատուցել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրն առավոտյան` իբրեւ հարգանքի տուրք զոհերի հիշատակին, ծաղիկներ են դրվել նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի անունից:
…Մարտիմեկյան իրադարձությունների թեման ներհայաստանյան դիսկուրսում ամենաքննարկվածներից է եւ շարունակում է մնալ որպես այդպիսին: Անցած 12 տարվա ընթացքում եղել են բազմաթիվ հատորներով քննչական գործեր, պետական հատուկ հանձնաժողովների ուսումնասիրություններ, դատավարություններ, բողոքարկումներ եւ այլն, սակայն 10 անմեղ զոհերի հարազատների ցավը մնում է տակավին չամոքված, իսկ հայոց հետանկախական շրջանի պատմության այդ ամոթալի էջը` չփակված: Դեպքերի հետագա զարգացումների, մասնավորապես սպանությունների հանգամանքների վրա լույս չսփռեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով գրեթե երկու տարի շարունակվող դատավարությունը: Ավելին` սույն քրգործը, ինչպես ասում են, մնացել է մեռյալ կետում եւ ոչ մի կերպ տեղից չի շարժվում, չնայած վարչապետի այն հայտարարությանը, թե «Մարտի 1»-ը բացահայտված է:
Իրականում ոչինչ էլ բացահայտված չէ, որովհետեւ կողմերից յուրաքանչյուրն ունի իր «ճշմարտությունը», որը, սակայն, չի կարողանում ապացուցել արդեն երկար ժամանակ: Նախկին նախագահին երկու մեղադրանք է առաջադրված` այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում եւ առանձնապես խոշոր գումարի կաշառակերություն: Մեղադրանքներից ոչ մեկը ցայսօր չի հաստատվել, եւ այդ ընթացքում գլխավոր ամբաստանյալը մի քանի անգամ ազատ է արձակվել ու կրկին կալանավորվել: Քոչարյանի պաշտպանական խմբի ու աջակիցների կարծիքով` ընթացող դատավարությունը «քաղաքական վենդետա է, որը չի տեղավորվում իրավական որեւէ դաշտում»: Նրանք դատարանից պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը, սակայն մեղադրող կողմը տարբեր պատճառաբանություններով ձգձգում է դատաքննությունը: Տպավորություն է, թե հատուկ է այդպես արվում` ամբաստանյալին կալանքի տակ հնարավորինս երկար պահելու համար:
Թե ում է դա ձեռնտու` կդժվարանանք ասել, բայց ակնհայտ է, որ գործի միակողմանի քննությամբ, ապացուցողական խախուտ հիմքով եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով ճշմարտությունը երբեք չի բացահայտվի, եւ մեղավորները չեն ստանա իրենց արժանի պատիժը: Անաչառ քննության համար բացակայում է ամենակարեւորը` քաղաքական կամքը, այլապես կարելի էր, օրինակ, գործում ներգրավել միջազգային փորձագետների ու փաստահավաք խմբերի եւ նրանց համար ստեղծել արդյունավետ աշխատանքի լավ պայմաններ: Եթե ավելի քան մեկ տասնամյակ դա չի արվել, մնում է մտածել, որ «Մարտի 1»-ի գործի անկողմնակալ բացահայտման շահագրգռվածություն չկա:
Ամենայն հավանականությամբ` գործող իշխանությունների օրոք դժվար թե լինի նման շահագրգռվածություն: Եվ խնդիրը սոսկ այն չէ, որ ներկայիս վարչապետն ընդիմության կողմից 2008-ի մարտիմեկյան դեպքերի առանցքային դերակատարներից էր ու առաջին նախագահի հետ որոշակի պատասխանատվություն էր կրում ցուցարարների դրսեւորած ագրեսիվ պահվածքի համար: Խնդիրն այն է, որ Քոչարյանի եւ մյուսների գործի աղմկոտ դատավարության հետ կապված` այս օրերին տեղեկատվական դաշտում լայն տարածում են գտել տվյալ թեմայով մեծաքանակ տեսագրություններ, վավերագրական ֆիլմեր, գաղտնալսումներ ու մի շարք այլ փաստական նյութեր, որոնք չէին կարող չազդել հանրային կարծիքի վրա` հօգուտ Քոչարյանի կողմնակիցների:
Ասում են` արդարությունը կարող է հիվանդանալ, բայց մահանալ` երբեք: Ամեն դեպքում այն մի օր հաստատ կհաղթանակի, եւ ժողովուրդը կտեսնի, թե ով ով է: Խորապես ցավակցում ենք «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին ու մերձավորներին, որոնց հանդեպ բոլորս բարոյական պարտք ունենք տալու:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով Վրաստանում էր: Վարչապետը այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի եւ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ է դրել հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել:
Տեղի է ունեցել նաեւ Փաշինյանի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Մանե Գեւորգյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի խոսնակ։ Համապատասխան որոշումը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մարտի 2-ին, այն հրապարակված է վարչապետի պաշտոնական էջում: Մինչ նոր նշանակումը Գեւորգյանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգողն էր, ավելի վաղ եղել է «Սիվիլիթաս» հիմնադրամի գլխավոր պրոդյուսերը։ Հիշեցնենք` վարչապետի խոսնակի պաշտոնը թափուր էր այս տարվա հունվարի 9-ից, երբ Վլադիմիր Կարապետյանն ազատվեց աշխատանքից։
Հայաստանում մարտի 1-ին գրանցվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին վաղ առավոտյան Ֆեյսբուքում գրառում էր կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտնելով, որ հիվանդը Հայաստանի Հանրապետության 29 տարեկան քաղաքացի է` տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին, Թեհրանից: «Տղամարդը ջերմություն է ունեցել եւ ինքն է դիմել բժշկի, նա հիմա լավ վիճակում է։ Ուներ ջերմություն, սակայն հիմա չունի»,- գրել է վարչապետը։ Նա նշել է, որ պացիենտի հետ շփում ունեցած բոլոր մարդիկ վերցվել են հսկողության տակ։
Հիշեցնենք, որ այդ օրը նախատեսված էր երթ` «Մարտի 1»-ի արյունալի իրադարձությունների զոհերի հիշատակին, սակայն կորոնավիրուսի առկայության պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեղարկել էր այն: