Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

26 փետրվարի - 5 մարտի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

ՀՀ ԱԳ նախարարությունը փետրվարի 27-ին հայտարարություն տարածեց Սումգայիթի հայ բնակչության ջարդերի տարելիցի առթիվ: Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների ծրագրմամբ եւ իրավապահների թողտվությամբ 34 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ը, իրականացվեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ եւ ծերեր, իսկ հազարավորներ` բռնի տեղահանվեցին։ Սումգայիթում տեղի ունեցածը միջազգային լայն արձագանք գտավ, համապատասխան դատապարտող բանաձեւ ընդունվեց Եվրոպական խորհրդարանի կողմից։

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում եւ այլ բնակավայրերում իրագործված զանգվածային հանցավորությունների անմեղ զոհերի հիշատակին եւ արձանագրում, որ հայատյացությունն ու ուժի կիրառման սպառնալիքը շարունակում են մնալ Ադրբեջանի պետական քաղաքականությունը, ինչն ակնհայտորեն հակասում է խաղաղ, զարգացող եւ կայուն տարածաշրջան ունենալուն ուղղված տարածաշրջանային եւ միջազգային ջանքերին»,- ասված  է հայտարարությունում:

 

Մեկնաբանություն

Հայերի դեմ կազմակերպված զանգվածային սպանություններն ու վայրագությունները, որոնք նպատակ ունեին ուժով ճնշելու Արցախի հայության ժողովրդավարական կամարտահայտումը եւ առկա իրավական մեխանիզմների հիման վրա իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացումը, հետագայում շարունակվեցին Բաքվում, Գանձակում եւ Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերում. ԼՂ ժողովրդի կողմից իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու կամքի բարձրաձայնմանն Ադրբեջանը պատասխանեց հայերի նկատմամբ հավաքական պատժի քաղաքականության իրագործմամբ, որը հետագայում վերաճեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ պատերազմի սանձազերծման։

Շարունակելով նույն քաղաքականությունը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում թուրք-ադրբեջանական զինված ուժերն ամբողջական էթնիկ զտումների ենթարկեցին իրենց վերահսկողության ներքո հայտնված բոլոր հայկական բնակավայրերը՝ հաշվեհարդար տեսան բազմաթիվ պատանդառված քաղաքացիական անձանց եւ ռազմագերիների նկատմամբ, բարբարոսաբար ոչնչացրին հայկական պատմամշակութային ու կրոնական կոթողներն ու սրբավայրերը։ Սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցի առթիվ հայերի հետ միասին սգալու եւ 1988թ. անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու վերաբերյալ իր ՖԲ էջում գրառում էր կատարել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անձնակազմը, ինչի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում:

2021թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը ցույց տվեց, որ Սումգայիթի ոճրագործությունից ավելի քան երեք տասնամյակ անց Ադրբեջանը շարունակվում է հայերի հանդեպ ռասայական ատելության եւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը: Այդ երկիրը պետական մակարդակով խրախուսում է ազգային անհանդուրժողականությունը՝ մանկապարտեզային տարիքից սկսած ադրբեջանցի երեխաների մեջ սերմանելով հայատյացության հունդեր, ձեւավորելով թշնամի ազգի համախտանիշ:

Պատերազմը եւ հետպատերազմյան ավելի քան մեկամյա ժամանակահատվածը ցույց տվեցին, որ ռամիլսաֆարովյան ավանդների ոգով դաստիարակված ու մեծացած ադրբեջանցիների նոր, աննախադեպ ագրեսիվ սերնդի հոգում խոր հետք է թողել վաղ մանկությունից նրա գլուխը ճխտած հակահայ գաղափարախոսական թափոնը: Դրա արդյունք են թե՛ սահմանամերձ բնակավայրերում հայերի նկատմամբ ժամանակ առ ժամանակ ցուցաբերվող ռասիստական գործողությունները, թե՛ Բաքվում ցայսօր պահվող 4 տասնյակի չափ գերիների ու քաղաքացիական անձանց խոշտանգումները:

Սումգայիթից անցել է 34 տարի, սակայն ամբարիշտ հարեւանի մտածումներում ու ամենօրյա գործողություններում ոչինչ չի փոխվել. «սումգայիթականությունը» շարունակում է ապրել եւ բարոյահոգեբանական նոր ավերածություններ գործել՝ որպես այդ ազգի մարդկային կերպարի մի անկապտելի մաս:

 

Ռուս-ուկրաինական պատերազմի հենքին հայտնի դարձավ, որ ապրիլին նախատեսվում է վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ շաբաթվա սկզբին, վերահաստատվել՝ շաբաթավերջին, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցների ընթացքում: Թե ինչ օրակարգով է Փաշինյանն այց իրականացնելու Մոսկվա՝ հայտնի չէ: Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը եւ պաշտոնական այցի մասին տեղեկությունները զուգադիպեցին Ադրբեջանի նախագահի՝ Ռուսաստանի Դաշնությսւն կատարած պաշտոնական այցին, որի ընթացքում Պուտինն ու Ալիեւը դաշնակցային փոխգործակցության վերաբերյալ 43 կետից բաղկացած հռչակագիր ստորագրեցին: Փաշինյանի առաջիկա այցի թեման մամուլում եւ սոցցանցերում ամենաշատ քննարկվածներից էր՝ ինչո՞ւ է ՌԴ նախագահը նրան հրավիրում Մոսկվա:

 

Մեկնաբանություն

Հայաստանյան փորձագիտական շրջանակները խիստ մտահոգիչ են համարում մեր երկրի հնարավոր մասնակցությունը ռուս-ուկրաինական պատերազմին՝ ցանկացած ձեւաչափով: Ներկայացնենք մի քանի տեսակետներ. «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ուղիղ կապ է տեսնում փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված ռուս-ադրբեջանական դաշնակցային փաստաթղթի եւ Փաշինյանի սպասվելիք այցի միջեւ: Ըստ նրա, Մոսկվայում Ադրբեջանի նախագահն ինչ-որ պահանջներ է առաջ քաշել, որոնք Պուտինը խոստացել է բավարարել՝ ստորադասելով Հայաստանի շահը: «ՀՀ վարչապետը պետք է զերծ մնա որեւէ ձեւաչափով նոր միութենական պետության մաս կազմելու գործընթացի մեջ Հայաստանը մտցնելուց եւ/կամ Ուկրաինայի դեմ Կրեմլի որեւէ գործողությանը միանալուց»,- լրագրողներին ասել է Խուրշուդյանը:

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էլ Փաշինյանի այցի վերաբերյալ կարծիք է հայտնել, թե Արեւմուտքի պատժամիջոցներից հետո Պուտինը ցանկանում է ցույց տալ աշխարհին, որ ինքը տարածաշրջանում պահպանում է դիրքերը: Մկրտչյանը եւս համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունը որեւէ մասնակցություն չպետք է ունենա ռուս-ուկրաինական խմորումներին: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկմամբ՝ պատերազմը ծավալվելու դեպքում ՀԱՊԿ զորքերի ներգրավումն անխուսափելի կլինի: «Հնարավոր է նաեւ՝ Բելառուսը ներքաշվի այս պատերազմի մեջ»,- չի բացառել պատգամավորը: Ամեն դեպքում, ըստ նրա, մտավախությունը մեծ է, որ հերթական անգամ զոհասեղանին կդրվի հայկական շահը: Շատերի կարծիքով՝ Հայաստանի դեպքում ամենահարմար դիրքորոշումը չեզոքությունն է:

Սակայն քաղաքական հարթակներում գերիշխում են հակառուսական տրամադրությունները, որոնք գեներացումը առերեւույթ կազմակերպված բնույթ է կրում: Փետրվարի 26-ին մամուլում հաղորդումներ եղան, որ ԱԺ իշխող մեծամասնությանը հրահանգվել է ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ հնարավորինս լռել, կողմնակալ կարծիք չհայտնել, չսադրել, մինչեւ «վերեւներից» կասեն՝ ինչը ինչպես ներկայացնել։ Բայց «վերեւներից» իջեցվելիք հրահանգները, կարծես թե, ուշանում էին, եւ իշխանական պատգամավորները, որոնց մեծ մասը հակառուսական կողմնորոշում ունի, հույսով լցված սպասում ու աղոթում էին, որ ՌԴ-ն տապալվի Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների արդյունքում:

Ֆեյսբուքյան իր էջում իրավիճակին արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներով եւ ռուս-ուկրաինական զինված հակամարտությամբ հրճվող օգտատերերին. «Հետաքրքիր է` ինչի՞ վրա եք հրճվում. որ այդ սանկցիաները հարվածելու են նաեւ Հայաստանի տնտեսությա՞նը, թե՞ ՌԴ-ում հազարավոր աշխատող ու Հայաստան փող ուղարկող մարդկանց եկամուտների կրճատման կամ կորուստի վրա: Թե՞ Ուկրաինայում բնակվող հազարավոր հայերի տուն ու տեղը, բիզնեսը կորցնելու եւ փախստական դառնալու վրա… Մոռացե՞լ եք, թե ովքեր են Արցախի մեր եղբայրների ու քույրերի անվտանգությունն այս պահին ապահովում»:

Ռուսատյացության թեմային անդրադարձել է նաեւ «7or.am»-ը՝ քննադատելով Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության տարածած հայտարարությունը, որտեղ դատապարտվում են Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունները: «Մենք հարգում եւ գնահատում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունը, նրա ժողովրդի՝ ինքնուրույն դաշինքներ ու պաշպանության համակարգեր ընտրելու իրավունքը, Ռուսաստանի ներխուժումը համարելով ժողովրդավարության, ինքնիշխանության եւ գոյություն ունեցող միջազգային օրենքների դեմ ուղղված արհամարհանք ու կոպտագույն խախտում»,- նշված է «Հանրապետություն» կուսակցության հայտարարությունում։

Պարբերականի դիտարկմամբ՝ Սարգսյանը ծպտուն չի հանել, երբ Շուշիում թշնամին պղծում էր իր եղբոր արձանը։ Ծպտուն չի հանել, երբ ադրբեջանցիները մտել են Շորժա եւ Սեւ լիճ։ Ծպտուն չի հանում, երբ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներում ամեն կերպ հիմնավորում է, թե Արցախն Ադրբեջան է, եւ՛ վերջ։ «Բայց հուժկու կերպով միանում է Թուրքիային ու հակառուսական կոալիցիային։ Եվ սա այն դեպքում, երբ հանգամանքների բերումով այսօր Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը փաստացի կախված է Ռուսաստանից»,- գրում է թերթը: Ի դեպ, փետրվարի 26-ին Հայաստանի հակառուսական կոալիցիայի որոշ դեմքերի հետ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանը եւ, ըստ տեղեկությունների, այդ հանդիպմանը որոշվել էր հանդես գալ վերը նշված բովանդակությամբ հայտարարություններով, ինչը եւ Արամ Սարգսյանը սրբորեն կատարել է։

Մամուլից հայտնի դարձան նաեւ հիմնական հակապուտինականների, հետեւաբար նաեւ արեւմտամետ կողմնորոշում ունեցող կուսակցությունների ղեկավարների անունները. Տիգրան Խզմալյան («ՀՀ եվրոպական կուսակցություն»), Լեւոն Շիրինյան («Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն»), Միքայել Հայրապետյան («Պահպանողական կուսակցություն»), Նորայր Նորիկյան («Արդար Հայաստան»), Մհեր Տերտերյան («Միասնական հայրենիք»), Դավիթ Սանասարյան («Ինքնիշխան Հայաստան» եւ այլք: Մոլի ռուսատյացների ցանկն այսքանով չի սահմանափակվում, սակայն սրանք են գլխավորապես օգտագործվում Նիկոլ Փաշինյանի ձեռքին՝ որպես հակառուսական տրամադրություններ բուծող ուժեր:

Ի՞նչ է ստացվում՝ Փաշինյանը մի կողմից ձեւականորեն դեմ է քվեարկել տալիս հակառուսական բանաձեւերին, ձայն չի հանում ընդդեմ Ռուսաստանի, բայց «տակից» հենց ինքն է կազմակերպում հակառուսական եւ ուկրաինամետ քարոզ՝ արեւմտյան տերերին դուր գալու համար, կարծելով, թե իր երկդիմի խաղերն աննկատ են մնում: Ի դեպ, ուկրաինական իշխանություններին աջակցություն է հայտնել նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւը, որն ընդամենը մի քանի օր առաջ դաշնակցային փաստաթուղթ էր ստորագրել պաշտոնական Մոսկվայի հետ եւ իրեն յոթերորդ երկնքում էր զգում Ռուսաստանի ու Թուրքիայի պես երկու հզոր դաշնակից ունենալու համար:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, ասեմ՝ իմանաք, ոչ մեկի ուշքը Ռուսաստանի համար չի գնում: Բայց դիվանագիտությունը, քաղաքական սառը հաշվարկները, սեփական շահերի ձեւակերպման ու առաջմղման ունակությունը եւ, վերջապես, «Չարյաց փոքրագույն» ասվածը շատ խորիմաստ բաներ են, որոնց պետք է տիրապետել: Թե ինչ է պատահում «երկու ցցի վրա» խաղացողի հետ՝ հայտնի է բոլորին:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւորագույն իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Մարտի 3-ին Վահագն Խաչատուրյանը ԱԺ-ում երկրորդ փորձից ընտրվեց Հայաստանի նախագահ: Հաշվիչ հանձնաժողովի նախագահը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Ըստ այդմ, քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել: Ավելի վաղ հրապարակվել էին Խաչատուրյանի ընտրության 1-ին փուլի քվեարկության արդյունքները: Այդ ժամանակ նրան կողմ էր քվեարկել 69 պատգամավոր: Ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը եւ թեկնածու չեն առաջադրելու: ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների 2/3-ը, սակայն ՔՊ-ն չունի: 2-րդ փուլում ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-ը:

Գարնան առաջին օրը բոլորեց մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 14-րդ տարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այդ օրը վաղ առավոտյան հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ։ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 14 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Մարտի 2-ին նշվեց Դիվանագետի օրը. ուղիղ 30 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) լիիրավ անդամ, եւ մեր եռագույն դրոշը հանդիսավոր կերպով բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջեւ: «Բերկրանքի եւ հպարտության, մեր լինելության, աշխարհին մեր երկրի ինքնիշխան վերադարձի արտապատկերն էր»,- վերհիշում է ՀՀ արտաքին գործերի առաջին նախարարը, 1992-ի մարտյան անմոռանալի օրերի հիմնական վկան՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, նորանկախ Հայաստանի անցած երեսնամյա ուղին արժեւորող իր հոդվածում:

ՌԴ բանակը նախագահ եւ Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրամանով փետրվարին 27-ից անցնում է ծառայության հատուկ պայմանակարգի: Պուտինի խոսքով՝ նա այդ որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հասցեին Արեւմուտքի ղեկավարների նախահարձակ հայտարարությունները: «Հրամայում եմ պաշտպանության նախարարին եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ռուսաստանյան բանակի միջուկային [զսպիչ] ուժերում հայտարարել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ»,- ասել է Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին հայտարարել է, որ Պուտինը «ստեղծում է գոյություն չունեցող սպառնալիքներ՝ հետագա ագրեսիան արդարացնելու համար»։

Նիկոլ Փաշինյանը միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ մարտի 1-ին զրուցել է ԵՄ-ում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի հետ: ՀՀ գործադիրի ղեկավարը հյուրին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման, ԼՂ հակամարտության կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման առնչությամբ Հայաստանի դիրքորոշումները, ինչպես նաեւ անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է խաղաղությունը եւ կայունությունը տարածաշրջանում` ակնկալելով միջազգային գործընկերների օժանդակությունն այդ գործընթացին:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը փետրվարի 27-ին Բրյուսելում հայտնել է, որ Եվրոպական միությունը որոշել է ամբողջությամբ փակել օդային տարածքը Ռուսաստանի համար: Այդ պատժամիջոցը, նրա խոսքով, տարածվում է ռուսական բոլոր, այդ թվում` մասնավոր օդանավերի վրա: Չի բացառվում նաեւ նավահանգիստները ռուսական նավերի համար փակելու հնարավորությունը: Եվրամիությունը, ըստ Լայենի, որոշել է նաեւ դադարեցնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ բոլոր գործարքները եւ սառեցնել դրա ակտիվները: Եվրահանձնաժողովի ղեկավարի փոխանցմամբ, այդ որոշումն ընդունվել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական արշավի ֆինանսավորումը կանխելու համար:

«Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Եվրոպա անցած ուկրաինացիներին իրավունք կընձեռվի ընդհուպ մինչեւ երեք տարի մնալ եւ աշխատել ԵՄ տարածքում»,- փետրվարի 28-ին Բրյուսելում հայտարարել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը։ «Հուսով եմ, որ ԵՄ անդամ 27 պետությունների ներքին գործերի նախարարներն այս առաջարկը կհաստատեն մինչեւ հինգշաբթի՝ մարտի 3-ը»,- հայտարարել է հանձնակատարը։ Յոհանսոնի խոսքով՝ այս պահին Ուկրաինայից ԵՄ է անցել ավելի քան 400 հազար փախստական։ «Մենք, սակայն, ակնկալում ենք, որ նրանց թիվը կարող է հասնել մի քանի միլիոնի»,- նշել է եվրոպացի պաշտոնյան։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին հրավիրել է ԱԽ նիստ, որտեղ քննարկվել են Արցախի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, միջազգային եւ տարածաշրջանային ասպարեզներում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Արցախի նախագահականից հաղորդվում է նաեւ, որ հստակեցվել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: