Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

25 փետրվարի - 4 մարտի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 27-29-ը իրականացված հայկական ջարդերի ողբերգական տարեգրությունը բոլորեց 35-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ փետրվարի 27-ին ՀՀ ղեկավարները բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1988-ի փետրվարին ազգային հողի վրա տեղի ունեցած դաժան սպանդի անմեղ զոհերի հիշատակին:

Սումգայիթում ադրբեջանցի բաշիբոզուկների կատարած ոճրագործությունից երեքուկես տասնամյակ անց, շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը ապօրինի կերպով շրջափակված է պահում Բերձորի միջանցքը, նպատակ ունենալով այժմ արդեն Արցախում՝ իրենց հազարամյա հողում ապրող 120 հազար հայերին եւս նույն «ձեռագրով» տեղահանել կամ ենթարկել նոր ցեղասպանության։ Եվ դարձյալ այդ ամենը՝ անտարբեր ու մեղսակից աշխարհի լուռ հայացքի առջեւ: Սա Սումգայիթի կրկնության փորձ է:

…Երեք օր քաղաքի փողոցներում՝ հայերի բնակարանների հասցեները գրպաններում, վխտում էին ջարդարարները՝ զինված միատեսակ մետաղաձողերով, ինչը վկայում էր այն մասին, որ սպանդը նախապես ծրագրված է եղել: Իսկ միութենական կենտրոնի օգնությունն ուշանում էր: Հետո ծանր սպասումների 3 օրերը ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի շուրթերին պիտի դառնային 3 ժամ: Իբր՝ խորհրդային օգնական զորքն ընդամենը 3 ժամ էր ուշացել: Զոհերի պաշտոնական թիվը, ըստ ադրբեջանական դատախազության հայտնած տվյալի, 29-ն էր, սակայն ոչ պաշտոնական, բայց հավաստի աղբյուրները փաստում էին ավելի քան 1000 զոհի մասին։

Ակնհայտ էր, սակայն, որ սպանվածների ու վիրավորների թիվն անգամներով ավելին կլիներ, եթե շարքային ադրբեջանցիները՝ առանձին խղճով ընտանիքներ, իրենց տներում չապաստանեին հայերին: Պաշտոնական Բաքուն մինչ օրս թաքցնում է զոհերի թիվը, մերժում ջարդերն առհասարակ: Ավելին՝ խեղաթյուրելով բացահայտ իրականությունը, Ադրբեջանը փորձում է սումգայիթյան եղեռնի կազմակերպիչներ հռչակել հայերին, ինչը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ: Այս ազգի իշխանավորների մեջ սուտն ու կեղծիքը գենետիկ հատկանիշ է՝ կեղծել պատմությունը, մշակույթը, արվեստը, անգամ՝ Ցեղասպանությունը:

Այս թեմայի համատեքստում ամենահայտնի դրվագը Սումգայիթի ցեղասպանությունը Խոջալուի՝ մատից ծծած դեպքերով հավասարակշռելու չստացված փորձն է: Թշնամին չի փոխվել: Նա նույնն էր 100-120 տարի առաջ, նույնն էր 35 տարի առաջ, նույնն էր 2,5 տարի առաջ, նույնն է նաեւ այսօր, երբ շուրջ երեք ամիս «բնապահպանական» պատճառաբանությամբ շրջափակել է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը: Կյանքի ճանապարհը: Այս իրավիճակի մեղավորը գործող իշխանությունն է՝ կամա թե ակամա:

 

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը Բաքվում էր, որտեղ հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության իր պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ: Բավականաչափ հագեցած այդ այցը նվիրված էր 2022թ. փետրվարի 22-ին երկու երկրների միջեւ ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի առաջին տարեդարձին, բայց բոլոր ձեւաչափի հանդիպումներում ու զրույցներում գերակշռում էին այս օրերի ամենաթեժ թեմաները՝ այդ թվում հայ-ադրբեջանական օրակարգին վերաբերող:

Կանդրադառնանք ՀՀ-ին առնչվող խնդիրների մասով տեղի ունեցած քննարկումներին: Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում Բայրամովը նշել է, որ ադրբեջանական կողմը ամենօրյա կապի մեջ է ռուսական խաղաղապահ ուժերի հետ: Արծարծելով Արցախի պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի հեռացման թեման, Բայրամովն այն դրական է գնահատել՝ նշելով, որ նրա ներկայությունը խոչընդոտ է Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսություն սկսելու համատեքստում՝ մի գործընթաց, որը Բայրամովը տեսնում է Ադրբեջանի սահմանադրության հիման վրա:

Այնուհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարվող բանակցային այլ թեմաների մասին խոսելիս՝ նա դժգոհել է, որ հայկական կողմը դեմ է արտահայտվել Լաչինի միջանցքում անցակետեր դնելու՝ ադրբեջանական առաջարկին, որով նախատեսվում էր հավասարեցնել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը եւ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ուղին: «Անցակետերի տեղադրման դեպքում բոլորը կտեսնեն, որ Լաչինի ճանապարհով երթեւեկությունը իրականացվում է եռակողմ հայտարարության պահանջներին համապատասխան»,- ասել է Բայրամովը՝ ավելացնելով, թե, իբր, դրանով ճանապարհի շուրջ ստեղծված լարվածությունը կանհետանա:

Երեւում է՝ սույն բարձրաստիճան պաշտոնյան, մեղմ ասած, լավ չի տիրապետում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջներին, այլապես չէր աղավաղի այդ փաստաթղթի՝ Լաչինի միջանցքին վերաբերող 6-րդ կետը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։ Անցակետի մասին որեւէ հիշատակություն ո՛չ այդ կետում, ո՛չ էլ հայտարարության ողջ տեքստում չկա: Ադրբեջանն այս փաստաթղթի շատ դրույթներ է խախտել եւ շարունակում է նույն ոգով առաջ գնալ, ինչը հայկական դիվանագիտության խղճուկ վիճակի վկայությունն է:

Բաքվում Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անցակետի թեմային անդրադարձել է նաեւ ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ «Լաչինի միջանցքում որեւէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ»: Ինչ վերաբերում է միջանցքի արգելափակմանը, ապա դրա գործելու ռեժիմը, ըստ Լավրովի, պետք է ամբողջապես համապատասխանի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, «ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ազատ տեղաշարժ ապահովել բացառապես քաղաքացիական եւ մարդասիրական բեռների, քաղաքացիական անձանց համար»: Բայրամովը անցակետերի տեղադրման պահանջների մերժումը պայմանավորում է նրանով, որ հայկական կողմը հետաքրքրված չէ ճանապարհի թափանցիկությամբ:

 Նրա խոսքով՝ Հայաստանը՝ օգտագործելով ճանապարհի շուրջ լարվածությունը, փորձում է միջազգային հարթակներում այն որպես ճնշման միջոց օգտագործել Ադրբեջանի դեմ: «Հայաստանը լուրջ հարված է հասցնում բանակցություններին եւ, ընդհանրապես, խաղաղության գործընթացին»,- գանգատվել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ոչինչ, որ իրենք են այդ լարվածությունը ստեղծել, բայց որ ՀՀ-ն դա օգտագործում է որպես ճնշման միջոց, Բայրամովը համարում է «լուրջ հարված» բանակցություններին: Տեսնես՝ էս խելքով քանի եղբայր են:

 

Լրացավ 2008 թվականի մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 15-րդ տարին, որի շուրջ տարակարծությունների ու կասկածանքների մրուրը տակավին մնում է՝ ժամանակ առ ժամանակ նորոգելով ցուցարարների եւ ուժայինների միջեւ սկիզբ առած բախումների հետեւանքով զոհված 10 քաղաքացու հարազատների ցավը: Դեպքից 15 տարի անց զոհերից ոչ մեկի սպանությունը բացահայտված չէ՝ չնայած Նիկոլ Փաշինյանը դեռ հինգ տարի առաջ հայտարարեց, թե «Մարտի 1-ի» գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է:

Չորեքշաբթի օրը երկրի ղեկավարներն այցելել էին «Մարտի 1-ի» զոհերի նորաբաց հուշարձանին՝ ոգեկոչելու նրանց հիշատակը: Հուշարձանի բացման արարողությունը առիթ էր, որպեսզի լրագրողները ստանան գործի բացահայտման վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցի պատասխանը: Գործադիրի ղեկավարի պատասխանն ավելի քան տարօրինակ էր. «Մարտի 1-ը» բացահայտված է, բայց մեղավորները ամենատարբեր պատճառներով դեռեւս պատժված չեն»: Ըստ նրա, նախաքննությունը 2008 թվականի մարտի 1-ից անմիջապես հետո «բոլոր ջանքերը գործադրել է, որպեսզի բացահայտումը դժվար լինի կամ անհնար դառնա»: Կարճ ասած, դարձյալ հանգում ենք հին երգին՝ մեղավոր են նախկինները:

Եթե այնպես է, ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, ուրեմն ինչու էր 5 տարի առաջ հայտարարում, թե «Մարտի 1-ի» գործն ամբողջ ծավալով բացահայտված է: Առնվազն ՀՀ վերջին երեք դատախազների օրոք գործին անդրադարձ եղել է, եւ որեւէ սպանություն չի բացահայտվել: Փաշինյանը խոստացել էր եւ շատ էր ջանացել, որպեսզի «Մարտի 1-ը» բացահայտվի, բայց ցանկալի արդյունքին չէր հասել, ուստի որոշել է հուշարձան կառուցել: Զոհերի հիշատակն, իհարկե, արժանի է հարգանքի ու խնկարկման, եթե մեջտեղը չկա մեկ մարդու հիշաչարության ու քմահաճույքի դրսեւորում:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Մարտի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Բեռլին։ Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանը հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, որին կհաջորդի հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ. Փաշինյանն ու Շոլցը կամփոփեն հանդիպման արդյունքները: ՀՀ վարչապետը նույն օրը այցելեց նաեւ Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ, իսկ վաղը նախատեսված է հանդիպում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Այցի շրջանակում տեղի կունենան մի շարք այլ հանդիպումներ եւս։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ Հարավային Կովկասի ու Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 25-ին կայացած հանդիպմանն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանն ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը: Կլաարը նախօրեին հանդիպումներ էր ունեցել Հայաստանի վարչապետի, ԱԽ քարտուղարի հետ:

«Ադրբեջանը միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնում Հայաստանի դեմ՝ Երեւանից ֆինանսական փոխհատուցում պահանջելով իր տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտները 1991-ից 2020 թվականներին անօրինականորեն շահագործելու համար», -հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ փետրվարի 27-ին տարածած հաղորդագրությունը։ Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Հայաստանը «անօրինականորեն շահագործել է Սարսանգի ջրամբարի վրա գտնվող Թարթառի ՀԷԿ-ը, գրավյալ տարածքներում կառուցել 37 փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնցում արտադրված էլեկտրաէներգիան արտահանվել է Հայաստան։

Ադրբեջանական կողմը փետրվարի 28-ին ու մարտի 1-ին խախտել է հրադադարի ռեժիմը, հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։ Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 28-ին Մարտունու շրջանում ադրբեջանական զինված ուժերը հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակել քաղաքացիներից մեկի տրակտորի ուղղությամբ, ինչի հետեւանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Կրահերթերը շարունակվել են նաեւ գարնան առաջին օրը։ Միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվել եւ ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին։

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների մարտի 1-ի հանդիպումը։ Թվիթերյան գրառման մեջ նա հուսադրող է որակել Իվանյանից ստացվող նորությունները Բաքվի ներկայացուցիչների եւ Ղարաբաղի հայերի շփումների վերաբերյալ. «Լավ է, որ քննարկումները, կարծես, կենտրոնացած են ինչպես անհապաղ մտահոգությունների, այնպես էլ ավելի լայն խնդիրների վրա»,- նշել է եվրոպացի պաշտոնյան:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: