Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Շաբաթվա անցուդարձ

6-13 մարտի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին հանդիպում է ունեցել Զինված ուժերի հրամանատարական կազմի հետ: Այդ օրվա իր ուղերձում Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վերահաստատել էր, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես հանրապետության վարչապետի հրաժարականի եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Նա տեղեկացրել է նաեւ, որ դիմել է Վարչական դատարան՝ ՀՀ-ում Սահմանադրության եւ իրավունքի գերակայությունն ապահովելու եւ «ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով»։ Դրան նախորդել էր Օնիկ Գասպարյանին Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին վարչապետի հայտարարությունը։

Վարչապետը դիմել էր նախագահին՝ Արտակ Դավթյանին Գլխավոր շտաբի պետ նշանակելու միջնորդությամբ:

…Անցնող շաբաթը հագեցած էր ներքաղաքական բուռն վայրիվերումներով, որոնցից հատկանշականը վարչապետի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ցույցերն էին եւ հանրահավաքային պայքարի կարեւոր մաս կազմող՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտնի հայտարարության շուրջ ծավալված զարգացումները: Այդ համատեքստում բազմանշանակ իրադարձություն էր Գլխավոր շտաբի հրամկազմի հետ Փաշինյանի մարտի 10-ի հանդիպումը, որտեղ նա շտապեց ներկայացնել ԳՇ նոր պետի իր թեկնածուին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, չսպասելով վերջինիս թեկնածության միջնորդությունը հաստատելու կամ մերժելու վերաբերյալ ՀՀ նախագահի որոշմանը: Եվ եղավ այնպես, որ հաջորդ օրը՝ մարտի 11-ին, նախագահն առարկություններով վերադարձրեց միջնորդությունը, իսկ գործադիրը նորից այն փոխանցեց Արմեն Սարգսյանին: Այժմ մինչեւ խնդրի վերջնական լուծումը, ԳՇ պետի պարտականությունը ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ով Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ ստորագրած 41 զինվորականներից է: 

Իսկ ո՞վ է Արտակ Դավթյանը եւ ինչո՞վ է արժանացել վարչապետի բարեհաճությանը: Նա Օնիկ Գասպարյանի նախորդն է, 2020թ. հունիսին ազատվել էր ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից եւ քիչ անց նշանակվել Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ, որտեղ պաշտոնավարել է ընդամենը 4 ամիս: ԳՇ պետի պաշտոնից նրան ազատել էին անցյալ տարվա հունիսին՝ թագավարակի պայմաններում իր որդու հարսանիքը շքեղ եւ մարդաշատ կազմակերպելու համար: Նոյեմբերի 11-ից այս կողմ Դավթյանը չէր աշխատում: Պրոֆեսիոնալ զինվորականներից ոմանք նրան համարում են անպատրաստ գեներալ եւ չհաջողված ռազմական գործիչ: Իսկ վերջերս, երբ հայտնի դարձավ, որ ԳՇ պետի պաշտոնում նա վարչապետի «սրտի» թեկնածուն է, մեր հայտնի գեներալներից մեկը սրամտորեն նկատեց. «Ուրեմն բանակում դեռ քանդելու բան է մնացել»: 

Բայց Արտակ Դավթյանի հանդեպ վարչապետի բարյացակամ վերաբերմունքը պետք է որ պատճառ ունենա՝ գեներալն անձնուրաց գործունեությամբ առանձնապես չի փայլել: Ավելին՝ Գլխավոր շտաբի պետ նրա աշխատած ժամանակ զենքի գնումների հետ կապված անօրինական գործարքներ են եղել, որոնց առնչությամբ քրեական գործ կա հարուցված, եւ հանրահայտ զինավաճառ Դավիթ Գալստյանը կալանավորված է։ Ուրեմն ո՞րն է Դավթյանի մասնագիտական գրավչության գաղտնիքը, որի համար նա վերջին երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ արժանանում է նման բարձր եւ պատասխանատու դիրքի: «Ժողովուրդ» թերթի մի տեղեկության համաձայն՝ գեներալը «Մարտի 1»-ի գործով ցանկալի ցուցմունքներ էր տվել ՀՔԾ-ում, ինչի դիմաց էլ, ամենայն հավականությամբ, շռայլորեն պարգեւատրվում է: Այլապես ինչպե՞ս է ստացվում, որ զենքի անօրինական գործարքի կողմերից մեկը՝ վաճառողը, գնում է ճաղերի հետեւ, իսկ մյուսը՝ գնորդը, բարձր պաշտոն է ստանում: Բայց սա այլ թեմա է: 

Ակնհայտ էր, որ մարտի 10-ին Գլխավոր շտաբ այցելած Փաշինյանի համար Արտակ Դավթյանին ներկայացնելուց պակաս կարեւոր չէր բարձրաստիճան զինվորականների հետ անցկացվող բուն խորհրդակցությունը: Մեծ վարպետությամբ տեսանկարահանված կադրերում հստակ երեւում է, թե ինչպես են վարչապետի հրաժարականը պահանջող գեներալները ոտնկայս, զգաստ դիմավորում նրան, զեկուցում իրավիճակի մասին եւ ոտնկայս էլ հրաժեշտ տալիս: Թե ինչ խոսվեց այդ կարճատեւ խորհրդակցությունում, կարեւոր չէ, Փաշինյանը նման խնդիր չուներ, նա ուներ ընդամենը ինքնահաստատվելու խնդիր եւ, կարծես թե, հասավ ուզածին: Դիտորդներից շատերի կարծիքով՝ հանդիպումը լավ բեմադրված ներկայացում էր: «Չգիտեմ՝ ով ում է խաբում եւ ինչ նպատակով, բայց դավաճան Նիկոլի ձայնում առկա դողը եւ ԳՇ-ից հապճեպ փախուստը հուշում են, որ այս մրցակցության մեջ հրամկազմը դեռեւս իրեն վստահ է զգում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ 

Քաղաքագետն այդ մասին վկայող մեկ օրինակ է բերել: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, ով չի ստորագրել իր հրաժարականի պահանջով ԳՇ հրամկազմի հայտարարությունը, սակայն գեներալները թույլ չեն տվել եւ պնդել են, որպեսզի պաշտոնակատար նշանակվի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը։ Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ Օնիկ Գասպարյանի հարցը եւս դեռ փակված չէ, եւ Նիկոլը դա լավ գիտի՝ չէ՞ որ Գասպարյանի պաշտոնանկմանը նա հասել է Սահմանադրության ոտնահարմամբ՝ հիմնվելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վրա, որի համապատասխան դրույթը, ի դեպ, օրենսդրական նախաձեռնության կարգով փոփոխվել էր նրա վարչապետության սկզբնական շրջանում: Ըստ երեւույթին՝ այս օրվա համար էր հեռատեսորեն կատարվել այդ փոփոխությունը: Բանակի նկատմամբ իր վերահսկողությունն օրենսդրորեն ամրացնելու մասին Փաշինյանը դեռ «էն գլխից» էր մտածել: 

Այսօր իրավական թնջուկի պատճառ դարձած այդ օրենքի սահմանադրականության հարցն է նախագահն ուղարկել Սահմանադրական դատարան՝ այն ակնկալիքով, որ ՍԴ որոշումը կարող է նպաստել ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը: Հուսանք:

 

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից իրեն ուղղված վիրավորանքների համար մարտի 9-ին դիմել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին եւ պահանջել պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու նպատակով սահմանված կարգով  ստեղծել ժամանակավոր հանձնաժողով։ Դրանից մեկ շաբաթ առաջ՝ ԱԺ–ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ, ԲԴԽ նախագահին ստորացնելու դիտավորությամբ Բաբաջանյանը նրա հասցեին վիրավորական խոսքեր էր ասել՝ վկայակոչելով Վարդազարյանի նոյեմբերի 15-ի հայտարարությունը։

«Արման Բաբաջանյանն իր հնչեցրած արտահայտություններով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել իմ հանդեպ՝ որպես ԱԺ–ում հարցի քննարկման մասնակցի, դրսեւորել պատգամավորին ոչ վայել վարքագիծ»,- ասվում է խորհրդարանի խոսնակին ուղղված՝ ԲԴԽ նախագահի դիմումում։

…Նախ՝ հիշեցնենք ԲԴԽ նախագահի նոյեմբերի 15-ի հայտարարությունը, որն առաջ է բերել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ խորհրդարանում նրանց միակ համակիր Արման Բաբաջանյանի վրդովմունքը: Վարդազարյանն այդ հայտարարության մեջ դատավորներին կոչ էր անում իրենց առաքելությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով, զերծ մնալ ամեն կարգի քաղաքական ճնշումներից եւ ազդեցություններից: «Այսօր է, թերեւս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությունը ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,- նշել էր ԲԴԽ նախագահը: 

 Հավանաբար ընդդիմախոսներին դուր չէր եկել վարչապետի հայտնի՝ «վնգստացող դատավորներ» արտահայտությանը հակադրվելու՝ նրա հանդգնությունը: Կա եւս մեկ «ներհակ» միտք, որ հաստատ չէր կարող վարչախմբի ու վերջինիս աջակիցների սրտով լինել: Ահա այն. «Որեւէ մեկը թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական հասարակության որեւէ օղակից չի կարող միջամտել կամ ներգործել ձեր իրավասությունների դաշտ: Ցանկացած նման միջամտություն կհանդիպի անձամբ իմ կոշտ դիմադրությանը»: Ժողովրդավարության, իրավական պետության մասին բարձրագոչ ճառեր ասող ՀՀ կառավարությունն ու ԱԺ քաղաքական մեծամասնությունը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ երբեք չեն հանդուրժի դատական համակարգի անկախությունը: Հիշենք կառավարության ղեկավարի նշանավոր պնդումը, թե ՀՀ-ում չի կարող գտնվել իր հրահանգները չկատարող դատավոր: 

Արման Բաբաջանյանը խորհրդարան էր մտել ընդդիմադիր ԼՀԿ-ի մանդատով, մի կարճ ժամանակ ձեւացել անկախ պատգամավոր, ապա սահուն անցում կատարել դեպի իշխանական դաշտ: ԱԺ մարտի 3-ի նիստում ԲԴԽ նախագահին հարց ուղղելիս՝ նա միացրել է ԱԱԾ-ի տարածած տեսանյութից հեռախոսային գաղտնալսման մի դրվագ, որում ընդդիմության երկու ներկայացուցիչ խոսում էին վարչապետի դեմ, իբր, մահափորձ կազմակերպելու մասին: «Պարոն Վարդազարյան, դուք չգիտեք՝ ինչ ղալաթ եք բերել ձեր գլխին նոյեմբերի 15-ի հայտարարությամբ»,- հեռախոսի մեջ ձայնագրված տեսանյութը ցուցադրելով՝ ասել է Բաբաջանյանը եւ պարզաբանել, որ «վարչապետին խփելու» մասին հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին, իսկ ԲԴԽ-ի նախագահի հայտարարության տեքստը հրապարակվել է դրա հաջորդ օրը: 

Պատգամավորն այս երկու դիպվածների միջեւ կապ է տեսնում, այսինքն՝ գտնում է, որ վարչապետի մահափորձը «ծրագրած» անձինք Վարդազարյանի ընկերական շրջապատից են: «Նոյեմբերի 15-ին արված «մարտակոչը» ուղղակի կապ ունի այս մտադրության, այս շրջանակի հետ»,- նշել է Բաբաջանյանը՝ ակնարկելով չորս ամսվա վաղեմության այն հնարովի պատմությունը, ըստ որի Փաշինյանին վերացնելու մասին գաղտնալսված խոսակցությունը եղել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի եւ ՀՀԿ-ական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի միջեւ: Այն ժամանակ «մահափորձի գործի» լրջությանը Բաբաջանյանի պես հավատացողներին մատների վրա կարելի էր հաշվել, եւ հետագա զարգացումները ցույց տվեցին, որ գործն իսկապես «կարված» է, այլապես վաղուց բացահայտված կլիներ: Իսկ նպատակը շատ պարզ էր՝ 44-օրյա պատերազմում խայտառակաբար պարտված ու պատվազրկված առաջնորդի խարխուլ վարկանիշն ինչ-որ կերպ փրկել՝ նրա շուրջը խղճահարության եւ հալածյալի կերպար ստեղծելու փորձված դեղատոմսով: 

Գալով Ազգային ժողովի նախորդ քառօրյային, որի երեք օրերին իմքայլական պատգամավորները անխնա «բզկտում» էին ԲԴԽ նախագահին, հարկ է նկատել, որ վերջինս, խոշոր հաշվով, պարտավորված չէր խորհրդարանականների հարցերին պատասխանելու: Վարդազարյանը ԱԺ էր եկել բոլորովին այլ առաքելությամբ՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորի երեք թեկնածուներին, որոնցից մեկը խորհրդարանի մեծամասնության քվեով պետք է ընտրվեր նշված պաշտոնում: Սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները Ռուբեն Վարդազարյանի՝ ԱԺ այցելելու առիթը բաց չթողեցին նրան, ըստ երեւույթին, նախնական պայմանավորվածությամբ մի լավ «քոթակելու» համար: 2-3 օր շարունակ յոթ ժամից ավելի նա ենթարկվեց դաժան հարցաքննության, վիրավորանքների ու նվաստացումների՝ ցուցաբերելով, ի պատիվ իրեն, անօրինակ զսպվածություն եւ համբերություն: 

Միայն Բաբաջանյանին ի պատասխան, երբ վերջինս ընդգծված չարությամբ ասաց. «Եկել եք սատանի մայլեն «քյանդրբազություն» եք անում, բոլոր ձեր պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն», ԲԴԽ նախագահը շատ վայելչակերպ զգուշացրեց, որ իր հասցեն արված վիրավորական արտահայտությունները հետեւանք են ունենալու։ «Միայն էթիկայի կանոններից բխող դրույթներն են ինձ զսպում, որ ձեզ չպատասխանեմ համարժեք բառապաշարով: Բայց այստեղից գնալուց հետո ես դիմելու եմ ԱԺ-ի խորհրդին կամ էթիկայի հանձնաժողովին, խնդրելու եմ, որ ձեզ ենթարկեն կարգապահական պատասխանատվության»,- ասել էր Վարդազարյանը: Նա արդեն դիմել է ԱԺ նախագահին եւ պահանջել կարգի հրավիրել ամեն չափ ու չափանիշ անցած խորհրդարանականներին՝ չնայած նրանցից սպասելիքները չնչին են: 

Իսկ ամենատարակուսելին այն է, որ Ազգային ժողովն այդ քառօրյայում դեմարշ արեց՝ տապալելով նիստերի օրակարգը եւ չընտրելով Վճռաբեկ դատարանի դատավոր: Այսինքն՝ թույլ տվեց հայեցողական իրավասությունների չարաշահում, ինչի իրավունքը չունի: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի պարզաբանմամբ՝ դրանով «Իմ քայլը» իր դիրքորոշումն արտահայտեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ՝ նոյեմբերի 15-ի հայտարարության համար: Պատկերացնո՞ւմ եք… Բա որ ասում եմ՝ սրանցից խելամիտ ինչ-որ բան ակնկալելն անհույս է, չեք հավատում:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Նիկոլ Փաշինյանը մարտի 6-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը:

Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Զրուցակցի ուշադրությունը հատկապես հրավիրվել է Ադրբեջանի կողմից գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի խնդրի վրա: Տվյալ համատեքստում ամերիկյան կողմը շեշտել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարեւորությունը եւ պատրաստակամություն հայտնել շարունակել իր դերակատարումը հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 7-ին հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի հրավերով: Սարգսյանն ու Բաղդասարյանը մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ: Նույն օրը նախագահն ընդունել է նաեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանին: Ընդդիմադիրները նախագահից պահանջել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու՝ վարչապետի միջնորդությունն ուղարկել ՍԴ:

Մարտի 8-ը Կանանց միջազգային համերաշխության, հավասար իրավունքների եւ ազատության համար պայքարի օրն է, որը 1975 թվականից նշվում է ՄԱԿ-ում: Այդ օրը Հայաստանում տոնական է՝ ոչ աշխատանքային: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը շնորհավորական ուղերձներ են հղել Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։ «Անփոխարինելի է կնոջ դերը ընտանիքի ամրության, քրիստոնեական արժեքներով եւ հայրենյաց ավանդներով մեր զավակներին կրթելու գործում։ Կանայք անձնուրաց նվիրումի, սիրո ու քնքշանքի մարմնացումն են մեր կյանքում»,- իր ուղերձում գրում է Վեհափառը։

Հայաստանի կառավարությունը մարտի 9-ին որոշում է կայացրել դադարեցնել Մարիան Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը որպես ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային գործելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել նրա պաշտոնավարումը»,- պարզաբանել է Նաղդալյանը:

Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Քլարկ-Հաթինգը 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի օգտին լրտեսություն է արել՝ ականապատված տարածների քարտեզը փոխանցելով թշնամուն: Մարիան Քլարկ-Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել էր 2020-ի հուլիսին՝ պատերազմից երկու ամիս առաջ։

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: