Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

5-12 մարտի

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Նիկոլ Փաշինյանը մարտի 8-9-ը աշխատանքային այցով Ֆրանսիայում էր: Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմը: Այցի շրջանակում Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, այնուհետեւ երկու երկրների առաջնորդները Փարիզում մասնակցել են «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին: Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ են ունեցել Մակրոնը եւ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում էին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանը, Արայիկ Խզմալյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

 

Մեկնաբանություն

«Սառը» պատերազմի ավարտից ի վեր Արեւմուտք-Ռուսաստան աննախադեպ սրված հարաբերությունների հենքին Ֆրանսիայի նախագահի հրավերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժամանումը Փարիզ՝ որոշակի հարցադրումներ, վարկածներ ու ինտրիգներ է առաջացրել: Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը Մակրոնի հրավերը եւ Փաշինյանի մեկնումը դիտարկում է երկու հարթության համատեքստում. առաջին՝ ապրիլին Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են, նախընտրական քարոզարշավը կարեւոր շրջան է մուտք գործել, եւ Էմանյուել Մակրոնը, ըստ Քոչինյանի, նպատակ ունի շահելու նաեւ ֆրանսահայերի քվեները։

Երկրորդ հարթությունը, փորձագետի կարծիքով, Եվրոպա-Ռուսաստան աննախադեպ առճակատման համատեքստում է, որը կարելի է պայմանականորեն անվանել «Սառը պատերազմ-2»: Այս հանգամանքով պայմանավորված՝ Եվրոպան, Քոչինյանի դիտարկմամբ, «երկարաժամկետ պլանավորման է գնում», ինչը ենթադրում է, որ ԵՄ-ը եւ դրա առաջատար երկրները պետք է որոշակի ներկայություն ունենան «բոլոր այն տարածաշրջաններում, որոնք կենսական կարեւորություն ունեն Ռուսաստանի համար»: Դրանցից առաջինը, փորձագետի համոզմամբ, Հարավային Կովկասն է, իսկ Հարավային Կովկաս մուտք գործելու համար Ֆրանսիայի համար ամենահարմար պետությունը թե՛ պատմական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կապերի տեսանկյունից Հայաստանն է:

Եվ ամեն ինչից զատ՝ Հայաստանի նկատմամբ Ֆրանսիան միշտ առանձնահատուկ վերաբերմունք է տածել, որն անկախության 30 տարվա ընթացքում անխաթար պահպանվել է ՀՀ բոլոր նախկին ղեկավարների կառավարման օրոք: Նախագահ Մակրոնը՝ թանկ գնահատելով իր նախորդների՝ Ժակ Շիրակի, Նիկոլա Սարկոզիի ավանդույթները, վերահաստատել է հավատարմությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների ջերմությանն ու կառուցողական ոգուն: Փարիզյան այցից մի քանի օր առաջ՝ մարտի 3-ին, Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ Փաշինյանին հղած իր ուղերձում Մակրոնը գրել է. «Կարող եք ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հասնելու ԼՂ հակամարտության տեւական կարգավորման նպատակով դեէսկալացիոն միջոցառումների ընդունմանը եւ իրականացմանը»:

Նույն օրը Մակրոնն ուղերձ էր հղել նաեւ Իլհամ Ալիեւին՝ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Նամակում նշված է. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան եւս լիովին հավատարիմ է տարածաշրջանում արդար, կայուն խաղաղությանը եւ բարգավաճմանը ուղղված ջանքերին աջակցելու իր հանձնառությանը»։ Ուղերձին ի պատասխան՝ Ալիեւը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ՝ «հիմնված միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը»։ Ինքնորոշման մասին՝ ոչ մի բառ: Հատկանշական է, որ Մակրոնին Ալիեւը պատասխանել է նամակով, իսկ Փաշինյանը՝ Փարիզ կատարած երկօրյա այցով:

Հարավկովկասյան տարածագոտում Ֆրանսիայի նախագահի աճող դերակատարությունը, որոշ դիտորդների հայացքով, ոչ միայն աշխարհաքաղաքական, այլեւ ներքաղաքական նշանակություն ունի, քանի որ Մակրոնը հավակնում է նախագահել երկրորդ ժամկետով: Նրա ջանքերը ցույց են տալիս, որ Եվրոպան չի պատրաստվում կորցնել այս տարածաշրջանը, որտեղ կոնկրետ ծրագրեր ունի իրագործելու, որի անհրաժեշտ մասը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին մասնակցելն է: Այս փուլում, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի աշխատում (համանախագահներին Ալիեւը թոշակի է ուղարկել), Եվրամիությունը, հավանաբար, փորձում է գործել Ֆրանսիայի նախագահի եւ ԵՄ ղեկավարի միջոցով:

«Արցախյան հակամարտության հարցում Արեւմուտքը բովանդակային առումով երկու դիպաշար է տեսնում՝ կամ նախկին ընթացքի ու նախկին պայմանավորվածությունների շարունակում, ինչը, կարծես թե, ներառում է Խաղաղության համաձայնագիրը, կամ այս գծի տապալում, քանի որ Ռուսաստանը խառնել է խաղաքարտերը եւ իրավիճակը դրել ուկրաինական ճգնաժամի ելքից ուղղակի կախվածության մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն: Ըստ նրա, կարեւոր է հասկանալ, թե ուկրաինական պատերազմի հենքին ինչ աշխարհաքաղաքական դերակատարում է ստանձնել Ֆրանսիայի նախագահը՝ «փորձելով անձամբ վարել եվրոպական քաղաքականությունը Ռուսաստանի, այսպես կոչված, ազդեցության գոտիներում եւ Ռուսաստանի հետ դիմակայության շրջանակում»:

Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոն ասել է. «Ֆրանսիան ցանկանում է ամրապնդել Հայաստանի հետ իր հարաբերությունները եւ օգնել Հայաստանին ավելի զարգանալու եւ աշխարհին բացվելու գործում»: Իսկական բարեկամի ցանկություն է: Մնում է հստակեցնել՝ իսկ ՀՀ իշխանությունները ցանկանո՞ւմ են:

 

Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ վիրավորում ստացած զինվորներից մեկը՝ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, մյուս զինծառայողի կյանքին, ըստ նախարարության, վտանգ չի սպառնում։ ՊՆ-ն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորված զինծառայողին:

 

Մեկնաբանություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, սովորության համաձայն, չքմեղացել է՝ հերքելով միջադեպին իր առնչակցությունը: ՀՀ ԶՈՒ զինծառայողը, ըստ ադրբեջանական կողմի պնդումների, զոհվել է ոչ իրենց ստորաբաժանումների գործողությունների հետեւանքով: Մինչդեռ նույն մարտի 7-ին Ադրբեջանի ՊՆ-ում տեղի ունեցած խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունը համահունչ է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին օրերի ագրեսիվության աճի տրամաբանությանը: Նմանօրինակ միջադեպերն ու Ադրբեջանի մյուս սադրիչ գործողությունները, որոնց երբեք պատշաճ գնահատական չի տրվում միջազգային հանրության կողմից, ավելի ու ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը:

Որոշ դիտորդներ անմիջական կապ են տեսնում Բաքվի սադրանքի եւ Ռուսաստան-Արեւմուտք խորացող հակամարտության միջեւ: Շատ է խոսվել այն մասին, որ տարածաշրջանում ՌԴ դիրքերի թուլացումը հղի է թուրք-ադրբեջանական սպառնալիքի աճով: Հարմար առիթի դեպքում թշնամի երկյակը, անտարակույս, փորձելու է օգտվել դրանից: Եվ, միգուցե, Արցախում Խրամորթի, իսկ Հայաստանում Երասխի մարտի 7-ի նմանատիպ դեպքերը առաջին փո՞րձն էին Ռուսաստանի դիրքերի ամրությունը ստուգելու համար: Այլ կերպ ասած՝ մեծ է հավանականությունը, որ Բաքուն առճակատման հող է նախապատրաստում թուրք-ադրբեջանական ծրագրերը՝ մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրը միջանցքի» մասով, իրականացնելու համար:

Այդ օրը եւս մեկ ուշագրավ իրադարձություն եղավ, որի մասին մամուլը գրել էր: Պարզվում է՝ Ադրբեջանի իշխանությունների ինքնասիրությունը «խիստ վիրավորել» է ՌԴ Պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւի տարածած հայտարարությունը, թե Ուկրաինա հասցված հումանիտար մատակարարումների ու մարդասիրական գործողությունների շրջանակում Կիեւի եւ Զապորոժիեի մերձակա վայրերի բնակիչների համար «50 տոննա պարենամթերք է առաքվել Սիրիայից, իսկ 14 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ Լեռնային Ղարաբաղից»: Ժամեր անց Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն արձագանքեց նշված հայտարարությանը՝ «Լեռնային Ղարաբաղ» բառեզրի օգտագործումը որակելով իբրեւ սադրանք, քանի որ Ադրբեջանի տարածքում, ըստ արձագանքի հեղինակների, «չկա «Լեռնային Ղարաբաղ» վարչատարածքային միավոր»:

«Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը… Պետք է զերծ մնալ այնպիսի դիրքորոշումներ հայտնելուց, որոնք կարող են վնասել ադրբեջանա-ռուսական հարաբերություններին եւ հանգեցնել իրավիճակի սրման Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը»,- կարծես թե սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ը՝ ռուս գործընկերներին հորդորելով տեքստում օգտագործած տեղանվան փոխարեն հետայսու օգտագործել «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ» եզրույթը, որը պաշտոնապես հաստատվել է երկու երկրների միջեւ ստորագրված համապատասխան փաստաթղթերում:

Վերադառնալով Երասխում տեղի ունեցածին, հարկ է նկատել, որ միջադեպի հավասարակշռված, խորը լուսաբանմամբ առաջիններից մեկը հանդես է եկել նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, որը խոստացել էր պաշտոնաթողությունից հետո շարունակել զբաղվել ադրբեջանական հանցագործությունների փաստագրման աշխատանքով: «Ադրբեջանի իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով եւ անմիջական պատասխանատվություն են կրում Երասխում նշանառու կրակոցներով հայ դիրքապահներին հրազենային վիրավորումներ հասցնելու, նրանցից մեկին սպանելու համար»,- գրել է Թաթոյանը՝ կետ առ կետ շարադրելով բոլոր այն փաստերը, որոնք, նրա կարծիքով, երբեք չպետք է դուրս մնան միջազգային հանրության ուշադրությունից: Ահա դրանցից մի քանիսը.

Ա/ ադրբեջանական զինված ծառայողերը պատերազմի սպառնալիքների ներքո տեղակայված են ՀՀ գյուղերի հարեւանությամբ ու համայնքների միջեւ ճանապարհներին; բ/ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Գեղարքունիքում եւ Սյունիքում նրանք ֆիզիկապես ներկա են այն շինություններում, հողատարածքներում (արոտավայրեր, վարելահողեր եւ այլն), որոնք օրինական փաստաթղթերով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են; գ/ պարբերաբար կրակում են մեր գյուղերի, այդ թվում` Երասխի խաղաղ բնակիչների, նրանց տների ուղղությամբ եւ իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի եւ առողջության համար, վնաս պատճառում նրանց գույքին եւ կենդանիներին; դ/ սահմանամերձ գյուղերում խաթարված են բնականոն ապրելակերպն ու անվտանգությունը, մարդիկ զրկվել են ազատ տեղաշարժի հնարավորությունից, հայտնվել մեկուսացման եւ հումանիտար խնդիրների առջեւ; ե/ Ադրբեջանի իշխանությունները պատերազմից հետո ավելի են խորացրել հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը:

Թաթոյանի դիտարկմամբ՝ խաղաղությունը, որի մասին Բաքուն շարունակ խոսում է, Ադրբեջանի իրական մտադրություններում տեղ չունի. «Դա արտաքին աշխարհի համար միայն շղարշ է, իսկ երկու ժողովուրդների միջեւ թշնամանքը, արտաքին թշնամու շարունակական կերպարը հայատյացության տեսքով` սեփական իշխանությունը պահելու միջոց»,- համոզված է Մարդու իրավունքների նախկին պաշտպանը: Այս համատեքստում մի տեսակ անհասկանալի են դառնում տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու՝ Նիկոլ Փաշինյանի տվայտանքները, որոնց այլ անվանում, քան դոնքիշոտություն, չես տա: Նույնիսկ մարտի 7-ին, երբ հայի արյան ծարավ ադրբեջանցի ելուզակները ՀՀ-ում եւ Արցախում նշանառու կրակի տակ էին առել սահմանին խաղաղ ծառայություն իրականացնող մեր զիծառայողներին, ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարում էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը ՀՀ կառավարության օրակարգային առաջնահերթություններից է:

Լավ, թող լինի առաջնահերթություններից, բայց ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ինչի՞ ենք ուզում հասնել այդ փաստաթղթով: Ադրբեջանն իր դիրքորոշումը քանիցս հստակեցրել է՝ խաղաղության պայմանագիրը, Բաքվի մեկնությամբ, ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ 1991թ. Խորհրդային Ադրբեջանի սահմաններով՝ ներառյալ Արցախը: Իսկ մե՞ր ընկալումը որն է: Մինչեւ հիմա մի բացատրություն է եղել՝ խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի համար առաջնահերթություն է, քանի որ ՀՀ կառավարության ղեկավարը որոշել է տարածաշրջանը տանել խաղաղության հաստատման ուղով: Ի՞նչ է ստացվում՝ խաղաղություն հանուն խաղաղությա՞ն…

Դատելով հեռահար ասուլիսներում վարչապետի ավելի վաղ արտահայտած դատողություններից, թե «նախկինների» ապիկար բանակցությունների արդյունքում Արցախն արդեն 2016-ին սպառել էր Ադրբեջանի կազմից դուրս լինելու անգամ տեսական որեւէ հնարավորություն, փորձագետներից ոմանք ենթադրում են, որ ՀՀ ղեկավարությունը, կարծես, մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, եթե վերջինս խոստանա ինչ-ինչ իրավունքներ ապահովել: Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ սա է պատճառը, որ մինչեւ հիմա գործադիրը չի հստակեցնում, թե ինչպես է պատկերացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, ինչ բովանդակություն պետք է այն ունենա եւ այլն: Մութ անտառ է:

Մի բան, սակայն, ակնհայտ է՝ ադրբեջանական կողմը ջանքեր չի խնայում ՀՀ-ի եւ Արցախի դեմ ռազմական պարտադրանք ու բռնաճնշումներ գործադրելու միջոցով արագացնել խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը: Մարտի 9-11-ը ոսոխը դարձյալ կրակ բացեց սահմանի արեւմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերի կիրառմամբ, Ադրբեջանի զինուժը նույն օրերին ակտիվ կրակ էր վարում Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Նախիջեւանիկ, Խնապատ, Մարտունու՝ Խնուշինակ, Կարմիր շուկա, Թաղավարդ համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժի համար, հայտնում են Արցախի իրավապահ մարմինները:

Թշնամին միաժամանակ իր վերահսկողության տակ գտնվող հատվածում խափանարար գործողություն է իրականացրել. պայթեցրել է Արցախ մտնող գազատարը եւ քանի օր է՝ թույլ չի տալիս, որպեսզի մասնագետները մոտենան՝ վերականգնելու գազատարի աշխատանքը: Առանց ջեռուցման է մնացել Արցախի ողջ տարածքը, Ստեփանակերտում հացի պակաս է զգացվում: Ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների վարած բանակցություններն ապարդյուն են անցել: Ավելին՝ հայտնի դարձավ, որ թշնամին Խրամորթի մոտ զենք եւ ծանր տեխնիկա է կուտակել: Արցախում 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացել:

Չլինի՞ Ադրբեջանն արդեն Արցախում երկրորդ ճակատն է բացել ընդդեմ Ռուսաստանի: Ինչը եւ պահանջվում էր ապացուցել:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւորագույն իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Եվրախորհրդարանը մարտի 10-ին քննարկել ու 635 կողմ, 2 դեմ եւ 42 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ ընդունել է ԼՂ-ում մշակութային ժառանգության ոչնչացման հարցով բանաձեւ: Այն պարտադիր կատարման ուժ չունի: Հիմք ընդունելով նախկինում ընդունված մի շարք բանաձեւեր եւ համազեկուցողների` Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով հայտարարություններ, ռասիզմի եւ անհանդուրժողականության մասին զեկույցներ, համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պահպանման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան եւ այլն, Եվրախոհրդարանը նշում է, որ վերջին պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ է հայտնվել 1456 կոթող, մեծամասամբ՝ հայկական:

Ռուսաստանը ժամանակավորապես արգելում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, սահմանափակումը տարածվում է ցորենի, տարեկանի, գարու, եգիպտացորենի վրա։ Այն ուժի մեջ կլինի մինչեւ օգոստոսի 31-ը։ Բացի դրանից, արգելվում է շաքարի ու եղեգնաշաքարի հումքի արտահանումը ԵԱՏՄ տարածքից դուրս։ Ըստ Ռուսաստանի գյուղնախարարության, որոշման նպատակն է՝ թույլ չտալ, որ ռուսական ցորենը երրորդ երկրներ հասնի ԵԱՏՄ տարածքից։ Հաղորդվում է, որ այս հարցի շուրջ առաջարկությունները պետք է քննարկման դրվեն ԵԱՏ հանձնաժողովի՝ մարտի 17-ին կայանալիք նիստում։

Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային տոնը, ամեն տարվա պես նշվեց որպես կանանց համերաշխության, հավասար իրավունքների եւ ազատության համար պայքարի օր: Տոնի առթիվ, որը ՀՀ-ում ոչ աշխատանքային է, շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում մարտի 10-ին Թուրքիա մեկնած՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդում է, որ Միրզոյանը Լավրովին է ներկայացրել ադրբեջանական ԶՈՒ կողմից ԼՂ-ում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում «հրադադարի պայմանակարգի շարունակական խախտումների եւ սադրիչ գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը՝ կարեւորելով լարվածության թուլացման եւ միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը»։

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ: Տուժածներ չկան: Ոստիկանությունը նաեւ նշում է, որ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում: Ոստիկանության շրջանային բաժիններում նյութեր են նախապատրաստվում:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: