Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Մարտի 5-ի կիրակնօրյա առավոտը Արցախում բացվեց ծանր գույժով. ադրբեջանական զինուժի խափանարար խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել ու գնդակոծել էր ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենան՝ տարածելով ստոր ապատեղեկատվություն, թե մեքենայով զենք-զինամթերք էր տեղափոխվում: Անակնկալ դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվել էր ոստիկանության 3 ծառայող, մեկը ծանր վիրավորվել էր:
Արցախի ոստիկանության ձեռքի տակ ունեցած տեսանյութերի վկայությամբ՝ թշնամու դիվերսիոն խումբը հարձակվել է «ՈՒԱԶ» մակնիշի միկրոավտոբուսի վրա, որի մեջ գտնվող ԼՂ ՆԳՆ աշխատակիցները ծառայողական նպատակներով Ստեփանակերտից գնում էին Արցախի Հին Շեն եւ Մեծ Շեն գյուղեր: «Ընդ որում՝ առկա տեսանյութերը հիմնավորում են, որ «ՈՒԱԶ»-ի մեջ, բացի ծառայողական փաստաթղթերից ու տաբելային զենքից, այլ բան չի եղել»,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակումը նախապես ծրագրված եւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է:
Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը ոչնչացվել է միջադեպին մոտ տեղակայված հայկական դիրքապահների կողմից, ինչը, սակայն, աննշան մխիթարանք է երեք որբացած ընտանիքների համար: Հայ ժողովրդին պատած այս բոլոր ողբերգությունները գալիս են մի կենտրոնից, որի կառավարման վահանակը ռազմական կրկնահանցագործ իլհամ ալիեւի ձեռքին է:
Մարդկային այդ թերմացքին սպասում է Ռումինիայի կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Չաուշեսկուի ճակատագիրը, որը մեղադրվում էր ժողովրդի դեմ ռազմական գործողությունների միջոցով ցեղասպանություն իրականացնելու համար: Նա եւս արհամարհում էր դատարանի վճիռը, սակայն ռազմական տրիբունալը Չաուշեսկու ամուսիններին դատապարտեց մահապատժի, ինչն էլ ի կատար ածվեց դատավճռից ժամեր անց՝ ճակատներին մի-մի գնդակ արձակելով: Ռումինիայի առաջնորդը ցեղասպանություն էր իրագործել ռազմական գործողությունների միջոցով, իսկ այս ոչխարենի երեւույթը նույնը կատարում է 120 հազար մարդկանց շրջափակման մեջ պահելով:
Մինչ Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան բացելու կեղծ խոստումներով արդեն տեւական ժամանակ «կուտ» է տալիս հանրությանը կամ, ավելի ճիշտ, դրա դյուրահավատ հատվածին, Ադրբեջանը ձեռքերը ծալած նստած չէ: Մեծ հաշվով՝ նրան խաղաղություն պետք չէ՝ նա իր համար նպաստավոր այս ժամանակն օգտագործում է ահաբեկչական գործողությունների, սադրանքների, քաղաքական խարդավանքների միջոցով առավելագույնը պոկելու Արցախից ու Հայաստանից, որին լկտիաբար «Արեւմտյան Ադրբեջան» է անվանակոչում:
Ստեփանակերտից 3 կմ հեռավորության վրա գտնվող «Խայփալու» տեղամասում կատարվածը, ըստ փորձագիտական որոշ կարծիքների, ռուս խաղաղապահ զորակազմին արժեզրկելու, նրա դերակատարումը նսեմացնելու նպատակ ունի: Դատելով նրանից, որ միջադեպի առնչությամբ Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարությունների արձագանքների թիրախը միանշանակ ռուս խաղաղապահներն էին, իսկ նյութի տարածման ժամանակը ներդաշնակեցված էր, ոմանք հակված են եզրակացնելու, որ ահաբեկչությունը համակարգված է Ադրբեջան-Հայաստան-Արցախ մեկ միասնական ցանցից եւ ուղղված ռուսական խաղաղապահ առաքելության վարկաբեկմանն ու տարածաշրջանից նրա դուրսմղմանը, ինչն Ադրբեջանի մեծ ցանկությունն է:
Արցախա-ադրբեջանական սահմանին Ռուսաստանի ներկայությունը միակ խոչընդոտն է, որն Ադրբեջանին խանգարում է հայաթափել Արցախը, տիրանալ նրան, ինչպես նաեւ Հայաստանից վերցնել նոր տարածքներ, այդ թվում՝ բաղձալի «Զանգեզուրի միջանցքը»:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել էր Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ ԱԺ քաղաքական ուժերի եւ շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Երկրի ղեկավարը խոսել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ տեղի ունեցած հայ-ադրբեջանական երկու հանդիպումների մասին, որոնց օրակարգում 4 հարց է եղել՝ Բերձորի միջանցքի ապաշրջափակում, էլեկտրամատակարարման վերականգնում, բնական գազի անխափան մատակարարում եւ Կաշենի հանքավայրի վերաշահագործում, ինչում, ի դեպ, ադրբեջանական կողմի շահերն անտեսված չեն:
Սակայն երկրորդ՝ մարտի 1-ին կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը, ըստ Հարությունյանի, փորձել է քննարկումը շարունակել արցախցիների ինտեգրման թեմայով, ինչը կանխել է Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը՝ ասելով, որ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: Նա հավելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազորված չեն: Դրանից հետո Ադրբեջանն իր խողովակներով փոխանցել է, որ «Ղարաբաղը կամ ընդունում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որեւէ լուծում չի լինելու, ընդհակառակը՝ լինելու են շատ ավելի կոշտ եւ կտրուկ քայլեր»:
Այդ քայլերից մեկը, ամենայն հավանականությամբ, մարտի 5-ին ոստիկանական ծառայություն իրականացնող «ՈՒԱԶ» մեքենայի անձնակազմի նկատմամբ կատարված ահաբեկչությունն էր, որը 3 հայ երիտասարդ ոստիկանի կյանք խլեց: Ինչ վերաբերում է Արցախի ինտեգրման առաջարկությանը, ապա պետք է նկատել, որ այս պահանջը, ըստ էության, նորություն չէ, սկսած հեռավոր 1988-ից Ադրբեջանն Արցախին հենց ինտեգրման քաղաքականություն է առաջարկում, սակայն ԼՂՀ նախկին ղեկավարներից ոչ մեկի օրոք այս թեման երբեք քննարկումների առարկա չի եղել: Հիմա ԱԽ նիստում Հարությունյանը փորձում է կիսալղոզված ձեւով հանրության ուշադրությունը կենտրոնացնել Ադրբեջանի այդ հին ու նոր առաջարկության վրա:
Նա նշել է. «…Մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք»: Նկատո՞ւմ եք՝ Արցախի առաջնորդը նոր աղետի վտանգ է ձեւավորում եւ միանգամից էլ ներկայացնում այլընտրանքը՝ ասելով. «Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք, կամ եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել եւ ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է»:
1988-ի համահայկական աննախադեպ վերելքի պայմաններում Արցախն ընտրել է իր ճանապարհը եւ արդեն 35 տարի հավատարիմ է մնում իր ընտրությանը: Ինչ վերաբերում է Հայաստանի ու Արցախի գործող իշխանությունների առաջարկած ճանապարհին, ապա այն համահունչ է Ադրբեջանի առաջարկածին եւ հակոտնյա՝ հայկական զույգ պետությունների ժողովուրդների ու համայն հայության ընտրությանը: Այդ առաջարկածն անապագա, դժխեմ եւ կործանարար ճանապարհ է: Արցախն այդ ճանապարհին ոտք դնել չի կարող: Երբե՛ք:
Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին, անդրադարձել է Հայաստանի Մեծամորի ատոմակայանի անվտանգության խնդրին եւ ընդգծել, որ «կայանը միջուկային մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար, աշխատում է հին տեխնոլոգիաներով եւ ունի լուրջ տեխնիկական խնդիրներ»։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդման, Ալիեւը նաեւ նշել է, որ ՀԱԷԿ-ից «որոշ միջուկային նյութերի անօրինական առեւտուրը մտահոգություն է առաջացնում»:
Դիպուկ խոսք կա՝ «անչափ հաճելի է լսել սուտը, երբ գիտես ճշմարտությունը»: ԱԷՄԳ-ի ղեկավարը քաջատեղյակ էր հայկական ԱԷԿ-ի իրական վիճակին, եւ Իլհամ Ալիեւից տրամագծորեն տարբերվող կարծիք ուներ: 2022թ. հոկտեմբերի 4-5-ը՝ անձամբ լինելով Մեծամորի ատոմակայանում, նա մեծ գոհունակությամբ էր խոսել այնտեղ կատարված անվտանգային բարեփոխումների մասին. «Ուրախ եմ տեսնել ՀԱԷԿ-ում իրականացված անվտանգության միջոցառումները, տպավորված եմ անձնակազմի ձեռնհասությամբ»,- Թվիթերում գրել էր Գրոսսին: Եվ երբ Ադրբեջանի նախագահը փորձում էր Հռոմի պապից ավելի կաթոլիկ ձեւանալ, աշխարհի թիվ մեկ ատոմագետը, հավանաբար, ծիծաղը մի կերպ էր զսպում:
Բայց էլ ավելի ծիծաղելի էր, երբ ՀԱԷԿ-ը փակելու անհրաժեշտության վերաբերյալ այդ խոսակցությունից 4 օր անց՝ մարտի 6-ին, Փաշինյանը սաղավարտը պինդ-պինդ գլխին քաշած՝ այցելել էր Մեծամոր, որպեսզի տեղեկանա, թե ինչն ինչոց է, եւ զեկուցի Ալիեւին, որ չանհանգստանա, ամեն ինչ OK է: Կամ էլ, ընդհակառակն, ի լուր ամենքի, հայտարարի, որ ատոմակայանը մի դժբախտ, դժգույն շինվածք է, պե՞տք է մեզ ատոմակայանը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է: Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Վահագն Խաչատուրյանը: «Ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումով են պահպանվում եւ սերնդեսերունդ փոխանցվում մեր ազգային ավանդույթները, ձեր հոգատար դաստիարակությամբ են հասակ առնում ազգի եւ Եկեղեցու արժանավոր զավակները, ովքեր մեր պատմության վճռորոշ հանգրվաններում իրենց սխրանքներով ու անձնազոհությամբ հերոսանում են հայրենյաց պաշտպանության սրբազան առաքելության մեջ»,- մասնավորապես ասված է մեր մայրերին ու քույրերին ուղղված՝ Վեհափառ հայրապետի խոսքում։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 7-9-ն աշխատանքային այցով Եգիպտոսում էր՝ մասնակցելու համար Կահիրեում Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։ Այցի ընթացքում տեղի են ունեցել տարբեր հանդիպումներ, այդ թվում՝ Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի եւ Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ: Հանդիպումներին Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակն ու առկա մարտահրավերները։ Նախարարն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաեւ Հայաստանի ու հայ ժողովրդի եւ արաբական աշխարհի միջեւ ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը:
Արցախում մարտի 5-ին տեղի ունեցած արյունալի իրադարձություններին արձագանքել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ հստակ մատնանշելով, որ ոստիկանական ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական կողմից։ «Ցավում ենք մարտի 5-ին տեղի ունեցած այդ ծանր միջադեպի զոհերի համար, որի ընթացքում Լաչինի միջանցքի մերձակայքում ոստիկանների տեղափոխող ավտոմեքենան թիրախավորվել է ադրբեջանական ուժերի կողմից՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- ասված է պաշտոնական Փարիզի արձագանքում: Ֆրանսիայի ԱԳ նախարարությունն անհրաժեշտ է համարում, որպեսզի լույս սփռվի միջադեպի հետ կապված բոլոր փաստերի վրա՝ հորդորելով խստորեն պահպանել հրադադարը։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 7-ին առանձին հանդիպումներ է ունեցել Երեւանում գտնվող՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի եւ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ։ Երկու համանախագահների հետ էլ Գրիգորյանը քննարկել է Բերձորի միջանցքի շուրջ ստեղծված եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ծանր իրավիճակը: Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Բերձորի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն ի կատար ածելու անհրաժեշտությունը: