Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Ազգային ժողովում նոյեմբերի 27-ին տեղի ունեցան լսումներ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագծի շուրջ։ Ընդդիմադիր խմբակցությունն Ազգային ժողովին առաջարկում է ընդունել մի հայտարարություն, որով խորհրդարանը, փաստորեն, իր աջակցությունը կհայտնի Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալուն: Հայտարարության կետերից մեկի համաձանի՝ «ԵԱՏՄ անդամ պետությունները չեն նպաստում Արցախի խնդրի խաղաղ կարգավորմանը, ավելին՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ադրբեջանական կողմի նախահարձակ քաղաքականության օգտին, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով վերջինիս բանակի տեխնիկայի եւ, հատկապես, հարձակողական զենք-զինամթերքի 85 տոկոսից ավելին»:
...Նախ՝ հիշեցնենք, որ խորհրդարանը հոկտեմբերի 4-ին ձայների 7 կողմ, 81 դեմ հարաբերակցությամբ մերժել էր ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ նույն «Ելք»-ի նախագիծը: Հանձնաժողովը պետք է քննարկեր Եվրասիական տնտեսական միության օգուտներն ու վնասները: Խմբակցությունը գտնում է, որ Հայաստանն այդ միությունում, ըստ էության, անելիք չունի, եւ ակնկալում է, որ լսումները յուրահատուկ հարթակ կհանդիսանան, որտեղ հանրային տարբեր շրջանակներ, փորձագետներ կներկայացնեն նախագծի վերաբերյալ իրենց կարծիքները։
Դե, ինչ՝ քանի որ մեր հանրությանն ամենաշատ հետաքրքրող հարցն այն է, թե որ միությունն է Հայաստանի համար ավելի շահավետ, կփորձենք մի քանի զուգահեռներ անցկացնել: Իսկ դատողները թող լինեն մեր ընթերցողները կամ ռադիոունկնդիրները: Սկսենք նրանից, որ տնտեսական հզորության առումով այդ երկու միություններն անհամեմատելի են: ԵԱՏՄ-ում բնակչության թիվը շուրջ 180 միլիոն է, համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)՝ 4 միլիարդ 360 միլիոն դոլար: Իսկ Եվրամիությունում բնակչությունը հասնում է 510 միլիոնի, համախառն ներքին արդյունքը՝ 16 միլիարդ 220 միլիոն դոլարի: Առաջինի կազմում ընդգրկված են 5, իսկ երկրորդի կազմում՝ 28 անդամ պետություններ: Այսինքն՝ ԵՄ-ը՝ ունենալով գրեթե 3 անգամ ավելի շատ բնակչություն, տալիս է շուրջ 4 անգամ ավելի շատ համախառն ներքին արդյունք: Էլ ավելի խոսուն են բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի տվյալները: Եթե ԵԱՏՄ-ում այդ ցուցանիշն ամենաբարձրը Ռուսաստանում է՝ 26. 4 հազար դոլար, ապա ԵՄ-ում այն Լյուքսեմբուրգում է՝ 104 հազար դոլար: Իսկ ամենացածր ցուցանիշներն այդ միություններում համապատասխանաբար Ղրղզստանում են՝ 3.5 հազար դոլար, եւ Բուլղարիայում՝ 20.3 հազար դոլար: Այսպիսով՝ ԵՄ-ում մեկ շնչին բաժին ընկնող միջին ՀՆԱ-ն շուրջ 2.4 անգամ ավելի շատ է, քան ԵԱՏՄ-ում: Պարզ է, որ եթե Հայաստանը լիներ ինքնիշխան պետություն, դժվար թե նրա նախագահը՝ ի վնաս իր երկրի շահերի, մի գիշերվա մեջ Ռուսաստանի պարտադրանքով կայացներ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշում: Եվ դա այն դեպքում, երբ Եվրասոցացման գործընթացի բանակցային փուլն արդեն ավարտին էր հասցված եւ ընդամենը 1-2 քայլ էր մնում համաշխարհային առաջատար բեւեռի հետ համագործակցությունը խորացնելու համար:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով նոյեմբերի 28-ի դատական նիստում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ամբաստանյալների դատավճիռները: Ըստ այդմ` Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի ու 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Նախորդ նիստում Սամվել Բաբայանը հանդես էր եկել պաշտպանական ճառով՝ նշելով, որ իրականությանը չի համապատասխանում «Իգլայի» գործով իրեն ուղղված մեղադրանքը, իսկ փողերի լվացման մեղադրանքն ընդհանրապես շինծու է: Փաստաբան Ավետիս Քալաշյանը տեղեկացրեց, որ անպայման բողոքարկելու են դատարանի դատավճիռը եւ անհրաժեշտության դեպքում հասնելու են մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
…Սամվել Բաբայանն իշխանությունների սեւեռուն ուշադրության կենտրոնում հայտնվեց այս տարվա ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ ակտիվորեն աջակցում էր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան նախընտրական դաշինքին: Ակնհայտ էր, որ մտավոր ու մարդկային զգալի ներուժ, ինչպես նաեւ հանրային համակրանք վայելող ՕՐՕ-ն լրջորեն անհանգստացնում է իշխանություններին: Հետեւաբար` իրենց վարչաիրավական բոլոր լծակներն ու քարոզչամիջոցները ուղղել էին այդ դաշինքի եւ, մասնավորապես, նրանց սատարող Սամվել Բաբայանի դեմ: Թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին` սկսած կեղծ մեղադրանքով կալանավորումից, մինչեւ 6 տարվա պատժաչափի սահմանում: Ի դեպ, 6 տարին, փաստաբանների համոզմամբ, ունի այն միտումը, որ հետագայում, համաներում լինելու դեպքում, դա չտարածվի Սամվել Բաբայանի վրա, որովհետեւ համաներմամբ, ըստ գործող կարգի, չեն կարող ազատ արձակվել 5 տարի եւ ավելի ժամկետով դատված անձինք: Թեպետ Բաբայանը ողջ դատավարության ընթացքում քաղաքական հայտարարություններ չէր արել, նախօրեի իր եզրափակիչ խոսքում պատմեց, որ ձերբակալությունից հետո իրավապահներն իր հետ խոսում էին ոչ թե «Իգլա»-ի, այլ քաղաքականության մասին, «երկար-բարակ բացատրում էին, թե ինչի համար են ինձ բռնել»: Այդպիսով` որեւէ հանցանք, ըստ էության, չկարողանալով հիմնավորել, դատարանը հերթական անգամ զնդան ուղարկեց պատերազմի հերոսին` որքան էլ հակասական կերպար նա լինի: Ցավալի է, երբ Եվրոպայի հետ ստորագրում ես մի փաստաթուղթ, որով պարտավորվում ես ղեկավարածդ երկրում ապահովել դատաիրավական համակարգի անկախությունն ու արդարացիությունը, իսկ գործնականում ճիշտ հակառակն ես անում` մեկուսացնելով անհաճո մարդկանց, որոնք դույզն-ինչ վտանգ են ներկայացնում քո անձնական իշխանությանը:
Անցած կիրակի՝ նոյեմբերի 26-ին, Թբիլիսիում կայացավ «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի մրցույթը, որում Հայաստանը ներկայացնող Միշան (Միքայել Գրիգորյան) փայլուն կատարեց իր «Բումերանգ» երգը՝ վաստակելով 148 միավոր եւ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։ Առաջին հորիզոնականը մրցույթում զբաղեցրեց Ռուսաստանը: Երկրորդ հորիզոնականում Վրաստանն էր, իսկ երրորդում՝ Ավստրալիան: Ուշագրավ է, որ այս տարի առաջին անգամ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ առցանց քվեարկելու «Մանկական Եվրատեսիլի» կայքում:
...Այս տարվա նորամուծությունն այն էր, որ առցանց քվեարկելու հնարավորություն էր տրված նաեւ հանդիսատեսին: Օգտատերերը կարող էին քվեարկել նույնիսկ սեփական երկրի ներկայացուցչի օգտին։ Իսկ հաղթողը որոշվում էր ժյուրիի եւ առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ՝ 50/50: Բացի Հայաստանից, մրցույթին մասնակցում էին եւս 15 երկրների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:
Հայաստանյան 9-ամյա պատվիրակն իր երաժշտական ուղին սկսել է «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ միասին: «Փոքրիկ ղարաբաղցին» 2016-ին Հայաստանը ներկայացրել էր «Մանկական Նոր ալիք» երգի մրցույթում եւ զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Նրա հնարավորություններն ավելի մեծ էին նաեւ «Մանկական Եվրատեսիլ-2017»-ում, քանի որ Միշան օժտված է ձայնային անուրանալի տվյալներով ու բեմական հմայքով: Եվ եթե ավելի բարձր բնագծի չհասավ, որին իսկապես արժանի էր, մեղքը իրենը չէր: Բոլորս գիտենք, որ անգամ մանկական երգի մրցույթում քաղաքականության որոշակի չափաբաժին կա, որը երբեմն անհարկի «խցկվում» է աղյուսակում այս կամ այն երկրի տեղը որոշելու գործընթացի մեջ: Սակայն սա չպիտի խանգարի, որ կազմակերպիչները թուլացնեն ջանքերը, մակերեսային մոտեցում ցուցաբերեն երգի ու երաժշտության ընտրության եւ մյուս բոլոր հարցերում: Սոցցանցերում իրավացի քննադատություն հնչեց երգի խոսքում (հեղինակներ՝ Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան, Արթուր Աղեկյան) տեղ գտած տարրական քերականական աղավաղումների մասին: Կրկներգի մեջ ականջ էր սղոցում «Բումերանգ, թռչիր դու վեր...» տողը, որտեղ «թռչել» բայի հրամայական եղանակը սխալ է կազմված, պետք է լինի՝ «թռիր»: Ինչ-որ է: Թվում է՝ մանրուք է, բայց չէ՞ որ դու մշակութային արժեք ես հանում միջազգային ասպարեզ, որը պետք է անթերի լինի: Սփոփիչ էր գոնե, որ փոքրիկ Միշան կարողացավ գերազանց իրացնել իր բաժին պատասխանատվությունը՝ հանդիսատեսին փոխանցելով բարության բանաձեւը, այն է՝ բումերանգի նման, վաղ թե ուշ, վերադառնալ մարդուն: