Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Շաբաթվա անցուդարձ

Մարտի 17-24

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Նախագահ Սերժ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում չի բացառել, որ ապրիլի 9-ից հետո վարչապետի պաշտոնում կարող է առաջադրվել իր թեկնածությունը: «Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե, ի վերջո, որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին»:

…Մարդը վերջապես՝ նախագահական լիազորությունների ավարտին ուղիղ երեք շաբաթ մնացած, բացում է փակագծերը՝ խոստովանելով, որ իր ձեռքն է վերցնելու երկրի վարչապետությունը: Փույթ չէ, թե 2014-ին պաշտոնական հայտարարությամբ բացառել է այդ պաշտոնում երբեւէ առաջադրվելու հնարավորությունը: Մի՞թե այդպիսի քիչ «բացառություններ» են ոտնահարվել իր քաղաքական ողջ կարիերայի ընթացքում: Եվ գիտե՞ք, թե ինչու: Որովհետեւ ինքը «նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող» մարդկանցից չէ, ուրեմն ինչպե՞ս կարող է «հաշվի չնստել իրականության հետ»՝ անտեսելով «ապագայի եւ ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար» սեփական պատասխանատվությունը: Մի խոսքով՝ ազգին երկար ժամանակ մտատանջող գլուխկոտրուկն այսպիսի հանգուցալուծման է գնում՝ ուզենք, թե չուզենք: Սերժ Սարգսյանը գալիս է, պինդ կացեք, եւ սա է դաժան իրականությունը: Գալը դեռ՝ քարը գլխին, հետն էլ իր պայմանն է բերում կամ միգուցե՝ արդարացումը, որին քնքշորեն կոչել է մեկ «սպրավոչ...», ներեցեք՝ «մեկ հավելում». «սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին»: Չէ՛, դուք պատկերացնո՞ւմ եք մեր երկրի հեռանկարը, որը պետք է հանձնվի անցած տարիների երեւացող եւ, մանավանդ, չերեւացող փորձով զինված քաղաքական լիդերների նոր սերնդի, ասենք՝ Արմեն Աշոտյանի, Գեւորգ Կոստանդյանի, Արփինե Հովհաննիսյանի, փուչիկ Կարենի եւ, մանավանդ, Էդուարդ Շարմազանովի ձեռքը: Ահա թե որն է ամենաահավորը: Այդ «փորձի» մասին շատ է խոսվել ու գրվել՝ սկսած ընտրական աճպարարություններից եւ բյուջետային չարաշահումներից, վերջացրած «թարս բուսած խիյարով»: Այդ «փորձը» մեծ փորձանք է բերել Հայաստանի գլխին՝ երբեմնի ծաղկուն երկիրը մատնելով ցավի, թալանի ու գործազրկության, հասցնելով այն տնտեսական կոլապսի, ամայության, աղքատության ու ժողովրդագրական աղետի եզրին, արժեզրկելով գիտությունը, կրթությունը եւ մշակույթը, արմատավորելով հայ հանրությանը խորթ բարքեր: Եվ այդ ամենը շտկելու, քաղաքակիրթ պետություններին հավասարվելու ջանադրության փոխարեն, այս հակոտնյա փո՞րձն է մեզ ժառանգություն հասնելու: Ցավոք, ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեմ: Եթե ունենայի, միանշանակ կասեի, որ մեզ, խոշոր հաշվով, պետք չեն ո՛չ այսօրինակ «փորձերը» եւ ո՛չ էլ, առավել եւս, դրանց փոխանցողը: Ժողովուրդը երկուսից էլ լիուլի կուշտ է:

 

Մարտի 20-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավճիռը: Ըստ այդմ՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 5 ամսվա ազատազրկման: Դատավորն ամբողջությամբ ապացուցված համարեց, որ Սեֆիլյանը նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով եւ գույք ոչնչացնելով, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-ինչ գործողություններ: Նույն գործով անցնող Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման, Սասունիկ Կիրակոսյանը եւ Ներսես Պողոսյանը՝ 3,5-ական տարվա, Գալուստ Գրիգորյանը եւ Հրայր Թոփչյանը՝ 3-ական տարվա, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարվա ազատազրկման:

…Ամենամեղմ պատժի արժանացած մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանը միակն էր, որ դատարանում Սեֆիլյանի դեմ ցուցմունք տվեց, ընդ որում` մտացածին: Փաստաբանների համոզմամբ` ընդամենը երկու ամսից Պետրոսյանն ազատ կարձակվի` իշխանություններին մատուցած անմաքուր ծառայության համար: Նա հայտարարել էր, թե «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդի հետ ծանոթացել է Ֆեյսբուքով եւ նրանից ստացել զինված գործողության պատրաստվելու ցուցում: Մյուս մեղադրյալները պնդել են, որ գործը շինծու է եւ, որ իրենք ճնշումների են ենթարկվել քննիչների կողմից: Մեղադրյալների խոսքով` իրավապահները փորձում էին իրենցից ցուցմունքներ կորզել ընդդեմ Սեֆիլյանի: Ու թեպետ ոմանք հայտարարել են, թե անձամբ չեն ճանաչում Սեֆիլյանին, միայն հեռուստացույցով են տեսել նրան եւ այլն, սակայն, ըստ մեղադրանքի, նրանք Սեֆիլյանի զինված խմբի անդամներ են: Փաստաբանները միաբերան ահազանգում են, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, արցախյան պատերազմի հերոս Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքները «շինծու են», իսկ դատավարությունն անցել է «համատարած խախտումների մթնոլորտում»: Սեֆիլյանը մեղադրվում է մի քանի ծանր հոդվածներով, եւ չնայած դատավարությունը տեւեց տասն ամիս, բայց մեղադրող կողմն ու դատարանը այդպես էլ չկարողացան ապացուցել Սեֆիլյանին առաջադրված երեք մեղադրանքներից գոնե մեկը: «Նրան ուղղակի լռեցնել էր պետք, որովհետեւ առաջին մարդն էր եւ միակը, ով բարձրաձայն ասաց, որ մենք 2016թ. ապրիլյան պատերազմում կորցրել ենք 700 հեկտար հող: Իշխանությունը հերքեց: Բայց հետո փաստերի ճնշման տակ ստիպված էր դա ընդունել: Այնուհետեւ նա առաջարկեց, որ ազատամարտիկները` մասնավորապես Շուշիի առանձնակի գումարտակը, պատրաստ են վերադարձնել կորցրած տարածքները: Դրանից կարճ ժամանակ անց Սեֆիլյանն ուղղակի ձերբակալվեց ու կալանավորվեց: Մեղադրանքները բացարձակապես անհիմն են եւ չփաստարկված»,- լրագրողներին պարզաբանել է փաստաբան Արայիկ Պապիկյանը: «Չկա գոնե թերի մի ապացույց, որ Սեֆիլյանը կապ է ունեցել գործում ձեւակերպված արարքների հետ: Երկու հոգի իրար հետ խոսում են, Սեֆիլյանի անունը տալիս են ու դրանով հանցագործությունը կպնում է Սեֆիլյանին»,- հավելել է մյուս փաստաբանը` Տիգրան Հայրապետյանը: Նրա պնդմամբ՝ սա դատավարություն չէ, այլ քաղաքական հաշվեհարդար Սեֆիլյանի նկատմամբ: «Սա խայտառակություն է, աչքակապություն, չի կարելի այս ընթացակարգերը դատարան համարել»,- նշել է Հայրապետյանը: Սեֆիլյանի փաստաբաններն այլ ելք չեն տեսնում, քան Եվրոպական դատարան դիմելը: Նրանց կարծիքը կիսում են նաեւ իրավապաշտպաններ Զարուհի Հովհաննիսյանը, Ժաննա Ալեքսանյանը եւ Նինա Կարապետյանցը, որոնց դիտարկմամբ՝ Սեֆիլյանը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում, երբ հայտարարեց ապրիլյան պատերազմում տարածքային կորուստների մասին: Մի փաստ, որ իշխանությունը երկար ժամանակ խնամքով թաքցնում էր հանրությունից: Ահա այսպիսի խեղկատակ դատավարություն, ահա այսպիսի թեթեւամիտ իշխանություններ, որոնք ցանկություն ունեն ապրիլի 9-ից հետո վերարտադրվելու:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

 

Ռուսաստանն ընտրեց իր ֆյուրերին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հաղթեց մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 76.7 տոկոսը: Ընդդիմության ակտիվիստներն ուշադրությունը սեւեռել էին քվեարկության կեղծման եւ վիճակագրական զարտուղի միջոցների օգտագործման մի շարք դեպքերի վրա՝ ներառյալ ընտրատեղամասերում ստացված միլիոնավոր ձայները, որոնք գրանցել են 85, 90 եւ 95 տոկոս մասնակցություն: Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ)  հայտարարել է, որ իրական ընտրություն չի եղել եւ բողոքել է, որ քննադատաբար տրամադրված նշանավոր քաղաքական գործիչների վրա անարդար ճնշում է գործադրվել: «Ընտրությունն առանց իրական մրցակցության, ինչպես տեսանք այստեղ, իրական ընտրություն չէ»,- ասված է հայտարարության մեջ: ԵԱՀԿ-ն նաեւ հավելել է, որ հիմնարար ազատությունների, ինչպես նաեւ թեկնածուների գրանցման սահմանափակումներն ազդել են քաղաքական ներգրավվածության վրա:

Աշխարհի առաջնորդները չէին շտապում շնորհավորել Վլադիմիր Պուտինին իր «հաղթանակի» կապակցությամբ: BBC- ն տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը շնորհավորել է Պուտինին, չնայած իր ազգային անվտանգության հարցերով խորհրդատուների հատուկ նախազգուշացումներին: Սենատոր Ջոն Մակքեյնը անմիջապես արձագանքել է իր թվիթերյան էջում. «Ամերիկայի նախագահն Ազատ աշխարհը չի առաջնորդում՝ շնորհավորելով բռնապետներին՝ շինծու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Եվ այդպես վարվելով Վլադիմիր Պուտինի հետ, նախագահ Թրամփը վիրավորեց Ռուսաստանի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր զրկված են ազատ եւ արդար ընտրություններում քվեարկելու իրավունքից»: Բայց Դոնալդ Թրամփը միակը չէր, ով իր շնորհավորանքն ուղարկեց Պուտինին: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  նույնպես շնորհավորական ուղերձներ հղեցին Պուտինին: Գարրի Կասպարովն իր Թվիթերում այս ամենի կապակցությամբ հետեւյալ կերպ է արձագանքել. «Թրամփը, Մերկելը, Յունկերը եւ այլք պետք է ուղղակի ասեին. «Շնորհավորում ենք պարոն Պուտինին՝ Ռուսաստանում ընդդիմությունը եւ ժողովրդավարությունը ջախջախելու համար: Մենք անհամբեր սպասում ենք նոր սպանությունների, զավթումների, կոռուպցիայի, շորթումների եւ ընտրություններին միջամտելու այլ երեւույթների»:

 

Ձերբակալվել է Նիկոլա Սարկոզին

The Guardian պարբերականը հաղորդում է, որ «Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պաշտոնապես հետաքննության տակ է վերցվել՝ նախընտրական քարոզչության ապօրինի ֆինանսավորման, կաշառք վերցնելու, Լիբիայի պետական միջոցների յուրացման համար մեղադրանքների առնչությամբ, ինչպես նաեւ Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիից ապօրինաբար միլիոնավեր եվրոների նախընտրական քարոզչության ֆինանսավորում ստանալու համար»:

Սարկոզին գրավի դիմաց ազատ է արձակվել մարտի 21-ին՝ կոռուպցիայի, փողերի լվացման եւ հարկերից խուսափելու հարցերով հետաքննող քննիչների կողմից երկու օր տեւած հարցաքննությունից հետո: Պարբերականը գրում է. «Հետաքննությունը, թերեւս, վերջին տասնամյակների ընթացքում Ֆրանսիայի ամենալուրջ եւ պայթյունավտանգ քաղաքական ֆինանսավորման սկանդալն է: Անօրինական քարոզչության իրականացման համար օտարերկրյա բռնապետի կողմից հսկայաքանակ ֆինանսավորում ստանալու մեղադրանքներն աննախադեպ եւ Ֆրանսիայի պատմության մեջ նախկին նախագահին ուղղված ամենալուրջ մեղադրանքներն են»:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: