Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

13-20 մարտի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Մարտի 15-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեցին 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Հիմնադրամի կողմից սոցիալական, առողջապահական եւ ենթակառուցվածքների ոլորտի հրատապ կարիքները հոգալու նպատակով Հայաստանի Հանրապետությանը փոխանցված դրամական միջոցների, ինչպես նաեւ Արցախի 2021թ. վերակառուցման ծրագրերի հարցերը: Նիստն անցկացվեց հեռավար կարգով:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Քննարկված առաջին հարցի վերաբերյալ հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, որից հետո ծավալվեց կառուցողական քննարկում: Այնուհետեւ Արցախում կատարվելիք ծրագրերն ու արդեն կատարված աշխատանքները ներկայացրեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նիստում լայնորեն արծարծվեց Արցախում պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52,7 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։

…Միառժամանակ հանրությունից գաղտնի էր պահվում Արցախյան պատերազմի ամենաթեժ օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամից Կառավարությանը փոխանցված 52 միլիարդ 703 միլիոն դրամ գումարը, որը Կենտրոնական բանկի 2020թ. նոյեմբերի 24-ի փոխարժեքով կազմում էր ավելի քան 104 միլիոն դոլար: Հիմնադրամը պետբյուջե գումար փոխանցելու իրավունք չուներ: Նրա դրամական միջոցները, գործող կարգի համաձայն, կարող են օգտագործվել միայն Հիմնադրամի կողմից հաստատված ծրագրերի, կանոնադրական նպատակների շրջանակում: Մինչդեռ բյուջե մտնելով՝ համազգային հանգանակության արդյունքում հավաքված գումարները հայտնվում են, ինչպես ասում են, ընդհանուր «կաթսայում»՝ դառնալով բյուջետային եկամուտ: 

Հարց է ծագում՝ իսկ ո՞րն էր փոխանցման իմաստը: Բանն այն է, որ բյուջե փոխանցվող գումարները չունեն նպատակային օգտագործման պարտադիր պայման, հետեւաբար կարող են ծախսվել ցանկացած նպատակով՝ այդ թվում պետծառայողների աշխատավարձերի ու պարգեւավճարների համար: Հիմնադրամում հավաքագրված դրամական միջոցների տնօրինման առանձնաշնորհն անցնում է Կառավարությանը, եւ վերջինս այն կարող է օգտագործել ուզածի պես: Գործադիրը որոշակի քաղաքական շահաբաժին կունենա անգամ այդ գումարը բուն նպատակին ծառայեցնելու, օրինակ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին օգնություն տրամադրելու դեպքում, որովհետեւ դա կդիտարկվի որպես Կառավարության ծրագրով տրված օգնություն: Այնպես որ, պետբյուջե ցանկացած դրամական մուտք գործադիրը հեշտությամբ կարող է փոխակերպել քաղաքական կապիտալի: 

Իսկ ինչի՞ համար են, այնուամենայնիվ, օգտագործվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները: Այս հարցի պատասխանը ոչ ոք չունի: Հոգաբարձուների խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը ստիպված էր խոստովանել, որ 52,7 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե եւ ծախսվել բյուջեի մյուս բոլոր ծախսերի ընդհանուր հոսքում, ինչը անհնար է դարձնում հստակեցնել՝ կոնկրետ ինչի վրա է ծախսվել տվյալ գումարը: Այդպես «ընդհանուր հոսքում» խառնվել են հաշիվները, եւ խախտվել է Հիմնադրամի հետ գործադիրի պայմանավորվածությունը, համաձայն որի՝ վերջինս պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն: Բայց ինչպե՞ս հաշվետվություն տալ, եթե պարզ չէ, թե կոնկրետ գումարն ինչ կոնկրետ նպատակի է ծառայել: Ավելին՝ եթե չկա ծախսերը հաստատող որեւէ փաստաթուղթ: 

«Ես չգիտեմ՝ այս ամենն արվել է միտումնավո՞ր, թե անփութության արդյունք է, բայց փաստացի՝ հենց Կառավարության գործողությունների արդյունքում լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը»,- նիստի ավարտին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով՝ լինելով հոգաբարձուների խորհրդի անդամ, տեղյակ չէր փոխանցման վերաբերյալ Հիմնադրամ-Կառավարություն, ըստ էության, անօրինական գործարքին: 2020թ. նոյեմբերին, երբ այս խնդիրը ջրի երես էր դուրս եկել, մամուլում տեղեկություն սպրդեց, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այն նիստին, որի ժամանակ ընդունվել էր խնդրո առարկա որոշումը, չէին հրավիրվել խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը: 

Մարտի 15-ի նիստում Քոչարյանը նշեց, որ վերոհիշյալ միջոցները պետք է մուտքագրվեին Կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին եւ ծախսվեին այդ հաշվեհամարից պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար։ Այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որեւէ խնդիր չէր լինի։ Բայց եղածը եղել է, եւ հիմա քայլեր են հարկավոր Արցախի ու արցախցիների հետպատերազմյան վերականգնման ուղղությամբ: Իրավիճակից միակ ելքը ՀՀ երկրորդ նախագահը տեսնում է այդ 52,7 մլրդ դրամի ձեւակերպումը՝ որպես Կառավարության պարտք Հիմնադրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով: «Հայաստան» հիմնադրամն իր հերթին պետք է այդ գումարը, ըստ Քոչարյանի, ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա: 

Պատերազմի ընթացքում Հայաստանի եւ Սփյուռքի կողմից հավաքագրված գումարը 170 մլն դոլարի կարգի է: Դրանից 104 միլիոնը, ինչպես նշվեց վերը, փոխանցվել կամ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի բառապաշարով, նվիրաբերվել է կառավարությանը: Այդ 170 միլիոնը օդից եկած գումար չէ, այլ համահայկական տքնանքի ու նվիրումի արդյունք: Մարդիկ նվիրաբերում էին իրենց վերջին խնայողությունները, վաճառում էին ավտոմեքենան, բնակարանը, ամառանոցը, ինչ հնարավոր էր, եւ գումարն ուղարկում Հիմնադրամին, որովհետեւ խնդիրը Հայրենիքի լինել-չլինելուն էր վերաբերում: Այդ միջոցին, երբ հանգանակության գործընթացին մասնակցում էին անգամ թոշակառու ծերունին եւ փողոցում այդ նպատակով առեւտուր անող փոքրիկը, մեր ազգընտիրները ԱԺ-ում քննարկում էին 2021-ի պարգեւավճարների հնարավորինս բարձր սանդղակ սահմանելու հարցը: 

 

Կառավարությունն ընդունել եւ խորհրդարան է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) եւ նրա աշխատակազմի ֆինանսավորման կրճատման մի օրինագիծ, որն, ըստ էության, այդ կառույցին ֆինանսական անկախությունից զրկելու փորձ է: Այս մասին մարտի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը: «Եթե օրենքն ընդունվի, ես կդիմեմ Սահմանադրական դատարան՝ սույն օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար: Ավելին՝ միջնորդություն կներկայացնեմ այդ  դրույթի կասեցման համար, քանի որ այն խնդիրներ կառաջացնի ժողովրդավարության եւ իրավական անվտանգության տեսանկյունից»,- շեշտել է նա: Թաթոյանը լրագրողներին հայտնել է, որ նախագիծը սկսել են քննարկել 2020 թվականի սեպտեմբերին՝ պատերազմից մի քանի օր առաջ, քննարկման ժամանակ նա մի շարք սկզբունքային առարկություններ էր ներկայացրել։

ՄԻՊ տարեկան բյուջեն 532 միլիոն դրամ է, որից աշխատանքի վարձատրության համար ամբողջ մասը հանած՝ տարեկան աճը կազմել է 2 մլն 350 հազար դրամ։

…Ամենայն հավանականությամբ՝ Հայաստանի իշխանությունները մտադիր են ՄԻՊ ինստիտուտը զրկել ֆինանսական անկախության սահմանադրական երաշխիքից: Այդպիսի անկախությունը նախատեսված է «Օմբուդսմենի մասին» սահմանադրական օրենքով, որի համաձայն՝ օմբուդսմենի եւ նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետական ​​բյուջեով նախատեսված տարեկան հատկացումները չեն կարող պակաս լինել նախորդ տարվա պետական ​​բյուջեով նախատեսված հատկացումներից: ՄԻՊ-ը, իրավունքի մասնագետների համոզմամբ, Հայաստանի ամենաարդյունավետ աշխատող պետական հաստատություններից է: ՀՀ փաստաբանների պալատն իր զորակցությունն է հայտնել Արման Թաթոյանին եւ առաջարկել գործադիրին՝ չեղարկել ՄԻՊ-ի ֆինանսավորման կրճատման օրինագիծը: Ինքը՝ Թաթոյանը, այս նախագիծը համարում է «խտրական փաստաթուղթ»։ 

Փաստաբանների պալատը բարձր է գնահատում քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը միջազգային հարթակներում բարձրաձայնելու եւ առաջ մղելու գործում ՀՀ օմբուդսմենի հետեւողական գործունեությունը, ինչն առավել կարեւոր նշանակություն ստացավ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ողջ ընթացքում եւ դրանից հետո: «Առաջարկվող փոփոխությունները հղի են ՄԻՊ-ի՝ որպես սահմանադրական մարմնի, եւ ՄԻՊ աշխատակազմի բնականոն աշխատանքի խաթարմանը, ինչը կարող է, որպես հետեւանք, հանգեցնել երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վատթարացմանը»,- արձանագրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: 

Պատերազմից հետո ՄԻՊ աշխատակազմի աշխատանքի ծավալը շեշտակի աճել է, մինչդեռ պետությունն այդ կառույցի բյուջեն կրճատում է: Տպավորություն է, թե մեր կառավարությունը լավ աշխատողին «խփում» է, իսկ անբանին՝ քաջալերում: Եթե այդպես չէ, ուրեմն ո՞րն է ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը կրճատելու տրամաբանությունը, մանավանդ որ, ամեն ինչից զատ, ֆինանսավորման կրճատումը նաեւ հակասահմանադրական է: Պարզվում է, չասենք տրամաբանություն, բայց դրդապատճառներ, կարծես թե, կան: Դրանցից մեկի մասին ՖԲ իր էջում գրառում է արել քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը: Նա գրել է. «Որ ՄԻՊ Արման Թաթոյանն իր աշխատակազմով լուրջ խնդիրներ է ունենալու, պարզ էր այն պահից, երբ ՄԻՊ-ը սկսեց միջազգային ատյաններում արդյունավետորեն զբաղվել գերիների վերադարձով»: 

Հակոբյանը համոզմունք է հայտնում, որ գերիներն են այն խաղաթուղթը, որով Նիկոլ Փաշինյանը փորձելու է «արդարանալ»՝ ասելով, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթից դուրս ինչ հանձնել է, հանուն գերիների վերադարձի է արել: «Գերիները կվերադառնան տուն, երբ կապիտուլյանտը կհանձնի այն, ինչ պայմանավորվել է»,- գրում է Հակոբյանը՝ ակնարկելով, որ Թաթոյանը փաստորեն խփում է Փաշինյանի «գործին»: Բայց սա միակ դրդապատճառը չէ: «Դեժավյու»-ի իշխանական աղբյուրը տեղեկացրել է, որ ՄԻՊ-ի դեմ «գրոհները» նախաձեռնել է իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը, ով Ադրբեջանում շատ ընկերներ ունի «Ենի Ազերբայջան» կուսակցությունից։ Նրանք էլ, ըստ «Դեժավյու»-ի աղբյուրի, Մարիային խնդրել են ջանալ Թաթոյանին փոխարինել այլ թեկնածուով, ով ավելի հանդուրժողական կլինի՝ «գերիների, անհետ կորածների եւ, առհասարակ, գերի ընկածների իրավունքները չի գերադասի հայ-ադրբեջանական մերձեցման նախաձեռնություններից»: 

Ընդհանրապես՝ Թաթոյանի դիրքերը միջազգային ատյաններում բավական ամուր են: Քչերը գիտեն, որ ՀՀ ՄԻՊ-ը ունի «A» խմբի կարգավիճակ, ինչը թույլ է տալիս տարբեր միջազգային կազմակերպություններում ընտրել եւ ընտրվել ղեկավար պաշտոնների: Բացի դրանից, կարելի է ելույթ ունենալ այնպիսի հարթակներում, որոնց չեն կարող հավակնել «B» կարգավիճակ ունեցող երկրները, օրինակ՝ Ադրբեջանը: Դա խոսում է այն մասին, որ նրանք կախված են կառավարությունից, եւ նրանց զեկույցը պակաս հուսալի է: Թաթոյանի պարզաբանմամբ՝ եթե չլիներ ՀՀ ՄԻՊ-ի այդ կարգավիճակը, ապա միջազգային մակարդակում կհավատային Ադրբեջանի բազմաթիվ կեղծ զեկույցներին: Ի դեպ, Ադրբեջանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի համար նույնպես «A» կարգավիճակ ստանալու համար: 

Թեմայի հենքին, որպես վերջաբան, հիշատակենք մեկ առանձնահատկություն, որը մեր իրականության բնորոշ գիծն է դառնում: Իշխանությանը հաջողվում է անվանարկել, հանիրավի քննադատության թիրախ դարձնել հատկապես իրենց գործը ջանասիրաբար եւ օրենքի շրջանակներում կատարող ոլորտներին եւ անձանց: Այդպես վերջերս եղավ ԲԴԽ նախագահի հետ, երբ փորձեց տեսանելի դարձնել դատաիրավական համակարգի անկախ գործունեության առաջին ծիլերը, այդպես է նաեւ ՄԻՊ-ի հետ: Տեսնենք՝ ով է լինելու հաջորդը: 

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Մարտի 18–ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ Հայաստանում արտահարերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հունիսի 20-ին։ «Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»,- գրել է Փաշինյանը: Մինչ այդ նա քննարկումներ էր անցկացրել նաեւ ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության եւ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, համաձայնություն է ձեռք բերվել հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Նախագահն ընդգծել է, որ Շվեդիան ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է Հայաստանի համար կարեւոր եւ դժվարին ժամանակներում: Ըստ ՀՀ նախագահի գրասենյակի, Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, դրա հետեւանքներին, ստեղծված իրավիճակին ու մարտահրավերներին: Այդ համատեքստում քննարկվել է տարածաշրջանային անվտանգության, կայունության եւ մարդասիրական հարցերի լայն շրջանակ:

Նախօրյակին ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։

Վարչական դատարանը մարտի 18-ին Օնիկ Գասպարյանի վերաբերյալ ընդունել է հայցի ապահովման միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում, ըստ որի՝ գեներալ-գնդապետը պետք է շարունակի զբաղեցնել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը՝ քանի դեռ դատարանը վերջնական վճիռ չի կայացրել։ Մամուլի որոշ տեղեկություններով՝ այս լուրն այնքան է վրդովվեցրել Փաշինյանին, որ նա կորցրել է ինքնատիրապետումը։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին եւ մյուսներին առնչվող քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ մարտի 16-ին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից։ Այդ կարճված գործը հարուցվել էր ԱԱԾ քննչական վարչությունում` նույն ծառայության աշխատակիցներից մեկի աշխատասենյակում ԱԱԾ սպառազինության հաշվեկշռում չգրանցված զենքերի հայտնաբերման դեպքի առիթով։ «Քրեական գործը ԱԱԾ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների եւ Արթուր Վանեցյանին վերաբերել է այնքանով, որ վերջինս նույն ժամանակահատվածում զբաղեցրել է ԱԱ ծառայության տնօրենի պաշտոնը»,- հայտնել են ՀՔԾ-ից՝ նշելով, որ Վանեցյանն այս գործով մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել։

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: