Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մարտի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին։ Խոսքը Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ մարտի 12-ին Հայաստան ուղարկած 5 կետանոց պահանջների մասին է, որոնք, ըստ Ադրբեջանի, կարեւոր դեր կարող են խաղալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում: Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու, եթե պաշտոնական Երեւանն ընդունի հինգ հիմնական սկզբունքները: Հայկական կողմի պատասխանում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի ու Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:
Մեկնաբանություն
Ադրբեջանի առաջարկած հինգ կետերը, որոնք պաշտոնական Բաքուն նպատակահարմար է համարում դնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում, բավական մեծ աղմուկ հանեցին՝ բացելով քաղաքական, փորձագիտական եւ հանրային քննարկումների լայն ասպարեզ: Առաջարկների շուրջ մեր իշխանությունները որոշ ժամանակ լուռ էին, խուսափում էին հրապարակել փաթեթի բովանդակությունը, եւ հանրությունը մանրամասներին տեղեկանում էր ադրբեջանական կամ թուրքական աղբյուրներից: Նույն աղբյուրներն ավելի ուշ բացահայտեցին նաեւ փաստաթղթի դրույթները կամ, ադրբեջանական լրատվամիջոցների ձեւակերպմամբ, «Երեւանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նախապայմանները»։
Ահա այդ «նախապայմանները». ա/ կողմերը փոխադարձաբար ճանաչում են երկու երկրների տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը եւ քաղաքական անկախությունը միմյանցից. բ/ հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային ոտնձգություններ եւ ստանձնում են ապագայում նույնպես նման ոտձգություններից հրաժարվելու իրավական պարտավորություն. գ/ պարտավորվում են միջազգային հարաբերություններում զերծ մնալ միմյանց անվտանգության, միմյանց քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքներից. դ/ պարտավորվում են սահմանազատում ու սահմանագծում իրականացնել եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել. ե/ պարտավորվում են բացել տրանսպորտային ուղիները եւ հաղորդակցությունները:
Հատկանշական է, որ 5 սկզբունքներից 4-ը՝ այս կամ այն կերպ առնչվում է Արցախին՝ առանց գեթ մեկ անգամ անունը մատնանշելու: Ուշադիր ընթերցողի աչքից, անշուշտ, չի կարող վրիպել, որ փաստաթղթի առաջին չորս կետերում Արցախ անվանումը ենթատեքստային, տողատակային մակարդակով շոշափվում է, բայց տարբեր մոտեցումների լույսի ներքո: Տեքստի երկրորդ նկատելի յուրահատկությունը «տարածքային ամբողջականություն» արտահայտության ականջ սղոցող կրկնությունն է առաջին 3 անընդմեջ դրույթներում: «Տարածքային ամբողջականությանը» հավասարազոր «ինքնորոշման իրավունք» ձեւակերպումը տեքստում, բնականաբար, տեղ չի գտել: Պատահականությո՞ւն է արդյոք բովանդակային այս կառուցվածքը: Չեմ կարծում:
Ավելին՝ նման կառուցվածքը հիմք է տալիս եզրակացնելու, որ «հիմնարար սկզբունքներ» կոչված մեկէջանոց այս նախագիծը գլխավորապես Արցախի մասին է: Դա պարզ երեւում է թշնամու նախահարձակ պահվածքից, Արցախը հնարավորինս շուտ՝ քանի դեռ Ռուսաստանի գլուխը խառն է, «իրենով անելու» անհագ մղումներից: Ադրբեջանը մի ձեռքով խաղաղության առաջարկներ է տարածում, մյուսով՝ ռմբակոծում Արցախի գյուղերը, գեներացնում սադրիչ գործողություններ, Հայաստանի սահմաններին եւ Արցախում կուտակում զենք ու ծանր տեխնիկա՝ հումանիտար աղետի մատնելով ողջ հայաբնակ տարածքը: Հիրավի, արտառոց իրավիճակ է. «խաղաղության» բանակցություններ՝ զինված շանտաժի պայմաններում: «Հայաստանին ներկայացված վերջնագիր». այսպես է խորհրդարանական ընդդիմությունն արձագանքում հարաբերությունների կարգավորման ադրբեջանական առաջարկներին:
Ամեն դեպքում՝ «խաղաղության պայմանագրի» անվան շահարկմամբ Ադրբեջանը ՀՀ-ին կապիտուլյացիոն նոր փաստաթուղթ է «դեմ տվել»: Ստորագրել այն՝ կնշանակի ընդունել 44-օրյա պատերազմի արդյունքները եւ համաձայնել Արցախն Ադրբեջանի ենթակայության տակ թողնելու չարագուշակ մտքին: Այդ տեսակետին է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի բուն նպատակը, ըստ նրա, 44-օրյա պատերազմի արդյունքների իրավաբանական ամրագրումն է. «Եթե Հայաստանն առանց Արցախի անկախության ճանաչման գնա փոխադարձության սկզբունքով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման՝ դա կնշանակի հրաժարում Արցախից եւ նրա ամրագրում Ադրբեջանի կազմում»,- ասում է պատգամավորը:
ՀՀ ԱԳ նախարարությունը՝ արձագանքելով Բաքվի առաջարկներին, դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով բանակցություններ կազմակերպելու համար: Սա այն ամբողջն է, որ Ջեյհուն Բայրամովի առաջարկների համատեքստում արել է մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը, ինչը այլ կերպ, քան անճարակություն, չես կոչի: Փորձագետները զգուշացնում են՝ «չեզոք ձեւակերպումների հետեւում խիստ վտանգավոր կոնկրետություններ են ընկած», բայց լսողն ո՞վ է: Ի դեպ՝ հարց ԱԳ նախարարին. հայ-ադրբեջանական առնչությունների հետ ի՞նչ կապ ունի ԵԱՀԿ ՄԽ-ն, որի մանդատը զուտ արցախյան խնդրի կարգավորման համար է:
«Այս մոտեցումը Մինսկի խմբին մեկուսացնում է իր հիմնական բանակցային առաքելությունից՝ ԼՂ հարցից եւ փորձում է նրա մանդատը նենգափոխել հայ-ադրբեջանական հարաբերություններով»,- պարզաբանում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Կա նաեւ տեսակետ, որ Մինսկի խմբին դիմելը Ռուսաստանին գործընթացներից դուրս թողնելու միտում է, որին Հայաստանը, կարծես թե, դեմ չէ, քանի որ համանախագահներին դիմողը հենց ինքն է: Որոշ փորձագետներ էլ չեն բացառում, որ համանախագահությանը դիմելը դիտավորություն է: Այդպես փորձում են ձեւախեղել Մինսկի խմբի մանդատը՝ մեկընդմիշտ քանդելով վիրավոր Արցախի «տանիքը»:
Կարծես թե՝ ամեն ինչ հստակեցվեց, անհասկանալի մնաց միայն մեկ հարց՝ ընդ որում ամենագլխավորը. պաշտոնական Երեւանն, ի վերջո, կո՞ղմ է ադրբեջանական 5 առաջարկներին, թե՞ դեմ է: Ո՞վ կասի:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւորագույն իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը եւ անդրադարձել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Կողմերը հաստատել են Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության եւ դաշինքի հետագա ամրապնդման փոխադարձ մտադրությունը։ Փաշինյանն ու Պուտինը նաեւ մտքեր են փոխանակել հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանային վերջին զարգացումների, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ:
ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 13-ին պաշտոնապես ստանձնեց լիազորությունները։ Մարզահամերգային համալիրում կեսօրից քիչ անց մեկնարկած ԱԺ հատուկ նիստում երդմնակալության արարողության ժամանակ նորընտիր նախագահը երդվեց: Այնուհետեւ օրհնության խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, որից հետո ելույթ ունեցավ Հայաստանի նախագահը։ Ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին նաեւ նախագահի երդմնակալության արարողությանը։
Հայաստանի նախագահությամբ Մոսկվայում ՀԱՊԿ-ի անդամ երկրները մարտի 15-ին խորհրդակցություն են անցկացրել՝ քննարկելով սպառազինությունների վերահսկողության, չտարածման, ապառազմականացման, ռազմավարական զենքի կրճատման եւ սահմանափակման ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր: Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանը։
Էդմոն Մարուքյանը մարտի 14-ին նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Որոշմանը հետեւել է Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը, որում տեղեկացնում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը: Մեր պետության եւ տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել ՀՀ-ին եւ սպասարկել ազգային-պետական շահերը»:
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ մարտի 15-ից հանրային սննդի օբյեկտներում՝ այդ թվում բացօթյա, արգելվում է ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործումը: Արգելքը խախտելու դեպքում պաշտոնատար անձը կտուգանվի 150-200 հազար դրամով, ֆիզիկական անձը՝ 50 հազար դրամով: Օրենքի նպատակն է՝ ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից: