Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

23-30 մարտի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Ավստրիայի Հանրապետություն: Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Սա Մինսկի հովանու ներքո Փաշինյան-Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպումն էր, որը կայացավ մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաքում: Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպեց նաեւ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի եւ նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Նախատեսված էր նաեւ վարչապետի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

…Նախօրեին ՀՀ Ազգային ժողովում` պատասխանելով պատգամավորների հարցերին, վարչապետը նշել է, որ արցախյան խնդրի կարգավորման շուրջ իր մոտեցումը չի փոխվել, եւ հայկական կողմը Վիեննա է մեկնում հենց այդ օրակարգով: «Այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում` Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, դա ըստ էության այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների եւ, ըստ էության, այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք հետագա բանակցային ողջ գործընթացում»,- ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր, որ Ստեփանակերտը պետք է ներգրավվի բանակցություններում, իսկ օրեր առաջ իր ասուլիսում պարզաբանեց, որ դա ձեւաչափի փոփոխություն չէ, ինչպես փորձում են ներկայացնել որոշ շրջանակներ Բաքվում եւ, նույնիսկ, Երեւանում, այլ նախկինում գործող ձեւաչափի վերականգնում: Ադրբեջանը, սակայն, կտրականապես մերժել էր Արցախի մասնակցության առաջարկը: Այս տարաձայնությունների խորապատկերին առաջընթացի որեւէ հույս տածել Վիեննայի գործընթացից` իրատեսական չէ: Առավել եւս, որ Փաշինյանի անկեղծ խոստովանությամբ` ինքն էլ առաջիկա հանդիպումից առայժմ միայն մտքերի փոխանակում է ակնկալում. «Կարծում եմ` սկզբնական փուլում առնվազն այդ հանդիպումները չպետք է ունենան կոնկրետ օրակարգ: Պետք է լինի հարցերի լայն շրջանակ, եւ մենք ուղղակի մտքեր փոխանակենք տարբեր ասպեկտների շուրջ»,- ասել է նա:

Բանակցային մթնոլորտի առողջացմանը չեն նպաստում հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերը: Վիեննայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը դարձյալ սրվել էր։ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 26-ին հաղորդել է, որ Բերդավան գյուղի մերձակայքում ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել` մոտեցնելով իրենց դիրքերը։ «Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները` կասեցվել։ Հայկական կողմից տուժածներ չկան»,- մասնավորապես ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում: Նույն օրն ադրբեջանական կողմն իր հերթին հաղորդեց, որ «շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը սադրանքների են դիմել, ինչի հետեւանքով զոհվել է ադրբեջանցի մեկ զինծառայող»:

Ծանոթ ձեռագիր է, այդպես չէ՞: Երկու երկրների առաջնորդների հանդիպումներից առաջ ադրբեջանական կողմը` հավատարիմ իր ոճին, դարձյալ ապակայունացնում է իրավիճակը շփման գծում: Նպատակը պարզ է՝ բանակցությունների սեղանի շուրջ հոգեբանորեն ընկճել մյուս կողմի կամքը եւ ինքը դառնալ թելադրող: Այդպես եղել է բանակցային բոլոր փուլերից առաջ, այդպես էլ շարունակվում է: Կարմիր կովը կաշին չի փոխում:

 

Անցած կիրակի օրը Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ պարզաբանելու վերջերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված՝ նրա «Բաց նամակ»-ում արծարծված հարցերից մեկը։ «Սա հարցաքննություն չէր. ինձ կանչել են ու ասել՝ «կարո՞ղ ենք Ձեր հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում»: Ես ասել եմ, որ կարող են»,- լրագրողներին ասել է Շիրխանյանը:

Հիշեցնենք, որ Քոչարյանին ուղղված իր նամակում Պաշտպանության նախկին փոխնախարարը մասնավորապես գրել էր, որ 1998թ. մարտի 30-ի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում Ռոբերտ Քոչարյանն իր օգտին տրված 27% քվեները դարձրել էր 59% եւ ինքնահռչակվել ՀՀ նախագահ: Իսկ փաստացի 73% ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվել էր 41%: Լրագրողների հետ զրույցում Շիրխանյանը կրկին պնդել էր, որ Քոչարյանը կեղծել է 1998-ի նախագահական ընտրությունների արդյունքները, եւ որ ինքը պատրաստ է այդ մասին ցուցմունք տալ ՀՔԾ-ում:

…Վահան Շիրխանյանի «նամակը» մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում եւ հանրային քննարկումներում: Ի հայտ էին եկել թե՛ նախկին փոխնախարարի կարծիքը կիսողներ ու աջակիցներ, թե՛ նրան «անարգանքի սյունին» գամողներ՝ հիմնականում ի դեմս քոչարյանական «ֆեյքերի», որոնցով այս օրերին հեղեղված է ֆեյսբուքը: Նախկին պաշտոնյան 1999թ. «Հոկտեմբերի 27»-ի գործին առնչվող ուշագրավ մանրամասներ է ներկայացրել իր «նամակում»՝ միաժամանակ պնդելով, որ գլխավոր ոճրագործ Նարիրի Հունանյանը եղել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գործակալ: Չորս բարձրաստիճան պաշտոնյա, Շիրխանյանի խոսքով, տեսել են այն թղթապանակը, որում Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին վկայող նյութեր են եղել: Դրանք են՝ Գորիկ Հակոբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ անձամբ ինքը: Բայց հետագայում, ըստ նրա, այդ թղթապանակն անհետացել էր: 23 կետերով Շիրխանյանը փոխանցել է 1998-1999 թվականների իրադարձությունների իր տարբերակը՝ երկրորդ նախագահին մեղադրելով ինչպես արտաքին քաղաքական ձախողումների, այնպես էլ պետությանը հասցրած միլիարդավոր դոլարի վնասների մեջ, որոնց վերաբերյալ քննությունն ավարտին չէր հասել «Հոկտեմբերի 27»-ի պատճառով: Նրա մեկ այլ պնդմամբ՝ 1999-ին Միացյալ Նահանգներում վարչապետ Վազգեն Սարգսյանին ներկայացվել էր հսկայական հաշիվներ ունեցող հայ պաշտոնյաների մի ցուցակ, ինչը նրան զայրացրել էր: Հատկանշական է, որ դրանից հետո արդյունաբերության մեջ «կամավոր» ներդրումներ են կատարել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը՝ 200 միլիոն դոլարի չափով: Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո միառժամանակ այդ մասին շատ էր խոսվում, բայց խոսակցությունները հետզհետե սկսեցին մարել:

«Նամակի» հեղինակին պարզաբանումների հրավիրելուց երկու օր առաջ՝ մարտի 22-ին, ՀՔԾ-ն հայտարարել էր, որ նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով։ Ինչ վերաբերում է նամակում նշված մյուս հանգամանքներին՝ մասնավորապես Արցախյան հիմնահարցի լուծման «Մեղրիի տարբերակին», ապա դրանք, ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի ասելով, Հատուկ քննչականի իրավասության շրջանակներում չեն: Փաստորեն երկու տասնյակից ավելի դրվագներից, որոնք մատնանշված են խնդրո առարկա նամակում, իրավապահ մարմիններին առայժմ հետաքրքրում է միայն մեկը` 1998թ. մարտյան նախագահական ընտրությունների արդյունքների կեղծումը: Չնայած Շիրխանյանը վստահ է, որ իր մյուս հայտարարությունների, այդ թվում «Հոկտեմբերի 27»-ի գործին առնչվող հաղորդումների վերաբերյալ նույնպես առաջիկայում գործեր կհարուցվեն:

Անկախ դրանից` ակնհայտ է, որ վերջին շրջանում «մոդայիկ» են դարձել «Բաց նամակի», հուշագրությունների ժանրերն ու գրոտեսկային ոճերը, որոնցով սիրում են հարաբերվել հատկապես նախորդ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ: Անձամբ կամ վարձու գրչակների, «ֆեյքերի» միջոցով միմյանց դեմ վարկաբեկիչ նյութեր են տիրաժավորում անգամ երբեմնի մտերիմ ընկերներն ու հավատարիմ թիմակիցները: Ինչո՞ւ են այս մարդիկ որոշել «խժռել» իրար: Այս երեւույթի պատճառները տարբեր են եւ, ամենայն հավանականությամբ, գալիս են ոչ այնքան հեռավոր անցյալից, երբ փողի, զոռբայության, իշխանատենչության, քծնանքի ու երեսպաշտության գերակայության պայմաններում միջանձնային հարաբերությունները կուլ էին գնում եղկելի բարքերին ու կեղծ արժեքներին: Բարձր իշխանավորին կեղտոտ ծառայությունների մատուցումը, հանուն շահի ու պաշտոնի՝ «շեֆի» ամեն տեսակ չարաշահումների, ստորացումների, քմահաճույքների հանդուրժումը շատ ենթակաների վարքագծի անկապտելի մասն էին: Այդ ամենի արդյունքում կուտակված բացասական էներգիան չէր կարող մի օր չժայթքեր, եւ այժմ, կարծես թե, այդ օրը եկել է: Այն, ինչ չէին կարող ասել երեկ, քանի դեռ «շեֆը» իշխանության ղեկին էր, իսկ ինքը՝ հանգիստ իր գործին, ասվում է այսօր, երբ «շեֆն» այլեւս չունի իշխանություն: Առավել եւս՝ երբ գտնվում է ճաղերի հետեւում: Շիրխանյանի օրինակն այդ առումով չափազանց տիպական է:

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս իրադարձությունների մասին` մի քանի տողով

Խորհրդարանը մարտի 27-28-ին շարունակում էր քառօրյայի հերթական նիստերի աշխատանքը: Օրակարգում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացումն էր: Պատասխանելով պատգամավորների հարցերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի մասնավորի, նշել է. «Կառավարության գործունեության առանցքային նպատակն է՝ արձանագրել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումը՝ որպես հանրային ու ազգային հարաբերությունների հիմք եւ հեղափոխության գաղափարների իրագործումը՝ որպես քաղաքական մշտական իրողություն»: Փաշինյանի փաստմամբ՝ 2019 թվականի բյուջեով 40 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտներ կհավաքագրվեն, ինչի շնորհիվ հուլիսից 10 տոկոսով կբարձրացվեն զինծառայողների, իսկ սեպտեմբերից՝ ուսուցիչների աշխատավարձերը:

Ազգային ժողովի խմբակցությունների հետ նախաձեռնած հանդիպումների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 25-ին ընդունել է իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին։ Հանրապետության նախագահը եւ պատգամավորներն անդրադարձել են Ազգային ժողովի աշխատանքներին, միջազգային հարթակներում նրա գործունեությանը, միջխորհրդարանական կապերին, ինչպես նաեւ գիտությանն ու կրթությանը վերաբերող հարցերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, զրուցակիցները քննարկել են հայ-վրացական կապերի օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: Փաշինյանը եւ Բախտաձեն ընդգծել են բոլոր ոլորտներում հայ-վրացական հարաբերությունների կարեւորությունը եւ համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ շփումները կնպաստեն երկու բարեկամ պետությունների միջեւ մի շարք ուղղություններով փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին. մարտի 25-ին նա Հանրապետության նախագահի հյուրն էր:

 

Միջազգային մամուլ

ԱՄՆ-ը ճանաչում է Գոլանի բարձունքները որպես Իսրայելի տարածք

Haaretz-ը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին հանդիպում է ունեցել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ` նախագահական հռչակագրի ստորագրման համար, որը պաշտոնապես ճանաչում է Գոլանի բարձունքները որպես իսրայելական տարածք: Նեթանյահուն Թրամփի որոշումը «պատմական արդարություն» եւ «դիվանագիտական հաղթանակ» է որակել՝ ասելով. «Իսրայելը Գոլանի բարձունքները վերցրել է արդար պատերազմում»:

The Time-ը տեղեկացնում է, որ Սպիտակ տանը կայացած համատեղ մամլո ասուլիսում Թրամփը հայտարարել է, որ իր որոշումը կամրապնդի հրեական պետության՝ տարածաշրջանային սպառնալիքներից պաշտպանվելու ունակությունը, եթե արաբաիսրայելական խաղաղության վերաբերյալ ընդհանրապես համաձայնություն ձեռք չբերվի:

Reuters-ը գրում է, որ Սաուդյան Արաբիան, Արաբական միացյալ էմիրությունները, Բահրեյնը, Քաթարը եւ Քուվեյթը քննադատել են Իսրայելի 1981թ. բռնակցումը ճանաչելու՝ Թրամփի քայլը, եւ հայտարարել, որ տարածքը պատկանում է արաբական երկրին: Էր-Ռիյադը եւ Աբու Դաբին հայտարարել են, որ սա արգելք է խաղաղության համար: Պարբերականի հավելմամբ՝ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի եվրոպական անդամները` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բելգիան եւ Լեհաստանը, չեն ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունն այն տարածքների նկատմամբ, որոնք Իսրայելը զբաղեցնում է 1967թ. հունիսից, այդ թվում` Գոլանի բարձունքները:

France24-ը նկատում է, որ Քաթարը՝ չնայած արաբական այլ երկրների հետ ունեցած լարված հարաբերություններին, միացավ նրանց եւ կոչ արեց Իսրայելին՝ դադարեցնել Գոլանի բարձունքների օկուպացումը եւ ենթարկվել միջազգային բանաձեւերին: Իսկ Լիբանանը նշել է, որ որոշումը հակասում է միջազգային իրավունքին: Լրատվականի փոխանցմամբ՝ Իրանը եւս կոշտ է արձագանքել եւ Թրամփի որոշումը որակել է մեր ժամանակների համար աննախադեպ: Թուրքիայի արտգործնախարարն էլ նշել է, որ ԱՄՆ-ն արհամարհել է միջազգային իրավունքը, եւ որոշումը տարածաշրջանում բերել է լարվածության ուժեղացման:

The Times of Israel-ն արձանագրում է, որ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը դատապարտելու հարցում պատերազմից պառակտված Սիրիան միասնություն ցուցաբերեց, եւ մարտի 26-ին բազմաթիվ ցույցեր ծավալվեցին երկրի տարածքով մեկ: Սիրիայի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ Թրամփի որոշումը «կոպիտ հարձակում էր Սիրիայի ինքնիշխանության վրա»:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: