Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

21-28 մարտի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տեղեկացմամբ` «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանի նկատմամբ հարուցված քրեական գործը մարտի 23-ին մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հաղորդագրության համաձայն` ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Նարեկ Սամսոնյանը` գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, Հայաստանի վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում:

Հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին՝ սուտ մատնություն կատարելու մասով:

…Հիշեցնենք, որ տարվա սկզբներին Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, թե Նիկոլ Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սեւ խավիար է գնում Երեւանի ռեստորաններից մեկում, ինչն էլ վարչապետի դուստրը համարում է զրպարտություն եւ իր պատվի ու արժանապատվության ոտնահարում: Առաջին հայացքից թվում է` արտառոց ոչինչ չկա, քաղաքացիական ակտիվիստն իրեն հայտնի դարձած փաստ է հրապարակել` իր եզրահանգումներով, իսկ 13-ամյա դպրոցական աղջնակը, ում անձին ու ընտանիքին ուղղված է տվյալ դիտարկումը, դրանում տեսել է անձնական վիրավորանք, կեղծիք եւ նվաստացում: Հետեւաբար` դիմել է դատարան իր եւ ընտանիքի արժանապատվությունն ու բարի համբավը վերականգնելու համար:

Անբնական կամ արտասովոր ոչինչ այս դրվագում չէր լինի, եթե Շուշանը չլիներ Նիկոլ Փաշինյանի դուստրը կամ էլ վերջինս չլիներ Հայաստանի վարչապետը` երկրի առաջին դեմքը: Ավելորդ է ասել, թե ինչպիսի չթուլացող ուշադրության կենտրոնում են լինում առաջնորդները, որոնց պետական, քաղաքական գործունեությունից զատ, իսկ երբեմն դրանից էլ առավել, հանրություններին հետաքրքրում են նրանց մասնավոր կյանքը, ընտանիքը, կենսակերպը եւ ամեն տեսակի այլ մանրամասներ: Սովորաբար ղեկավար այրերի, անվանի մարդկանց, հերոսների անձնական կյանքը ամենամութ ոլորտն է համարվում` համենայն դեպս այդպես էր մեր ոչ այնքան վաղ անցյալում` խորհրդային շրջանում: Այժմ` տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքով, ավելի բաց, թափանցիկ ու հասանելի են դարձել կենսագործունեության բոլոր բնագավառները, այդ թվում հայտիների մասնավոր կյանքը եւ, ինչպես ասում են, «մախաթը պարկում չես թաքցնի»:

Բայց էականը դա չէ: Թափանցիկության առումով վարչապետն ուզում է չափից դուրս «հեղափոխական» երեւալ: Այդ մասին վկայող բազմաթիվ օրինակներ կան` սկսած իր ընտանիքի հանրային գործունեության խրախուսումից մինչեւ խոտերի վրա պառկած քնելն ու Դիլիջանի ճանապարհին եփած եգիպտացորեն ուտելը: Սակայն հանրության կողմից ամենամերժելին կառավարման համակարգում իր ընտանիքի անդամներին ներգրավելու, երբեմն նաեւ նրանց քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերն են, որոնք ժամանակին արժանացել են ընդդիմախոսների քննադատությանը: Այդ տեսակետից հատկանշական են Վանեցյան-Մարիամ Փաշինյան հեռակա բանավեճի արձագանքներն այն բանից հետո, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթը հունվարի 12-ի համարում զետեղել էր ԱԱԾ նախկին տնօրենին դավադրության մեջ մեղադրող «Պատի՞վ ունեմ, թե պատիվ չունե՞մ...» վերտառությամբ հոդվածը: «Մարիամին ներքաշելով քաղաքական խաղերի մեջ՝ Նիկոլը հաշվարկել է, որ Վանեցյանն իրեն թույլ չի տա կոշտ պատասխան ու չի ներքաշվի այդ քստմնելի խաղի մեջ, ինչն էլ հնարավորություն կտա իրեն շահած դուրս գալ։ Ահա այսպիսի թավշյա, ոչ բռնի ու «ժողովրդական» կեղտոտ խաղ է իրականացնում Նիկոլը։ Հանուն աթոռի, բնականաբար»,- գրել էր «7 օր»-ը:

Իր հերթին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը վարչապետի ընտանիքին քննադատողներին արձագանքել էր ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ Փաշինյանի ընտանիքի դեմ ուղղված արշավում ամենաչհանդուրժվողը նրա ընտանիքի հանրային լինելու խիզախումն է. «Հակակառավարական ուժերի կողմից հնչում են նյարդային կոչեր, որ վարչապետը ետ պահի իր ընտանիքը հանրային գործունեությունից, որ նրանք զերծ մնան «անհարկի» կարծիք հայտնելուց ու առհասարակ չմիջամտեն հանրային կյանքին»,- նշել է նա` հավելելով, որ իր համար շատ «թանկ են վարչապետի դստեր կողմից մտքի ազատ ինքնարտահայտումը եւ կնոջ նվիրված հանրային գործունեությունը»:

Ահավասիկ նույն թեմայի վերաբերյալ տրամագծորեն ներհակ երկու տեսակետ: Մարիամին քաղաքական խնդիրների մեջ ներքաշումը մեկի համար «քստմնելի խաղ» է, մյուսի համար` «մտքի ազատ արտահայտում»: Հիմա էլ «մտքի ազատ արտահայտման» հերթը Շուշանիկինն է: Տեսնես` սա՞ ինչպես է գնահատում հանրությունը: Չնայած ասված խոսք է` ճաշակին ընկեր չկա:

 

Կառավարության մարտի 26-ի հերթական նիստի օրակարգում, չորսուկես տասնյակ այլ հարցերի թվում, քննարկման էին դրված ճգնաժամային իրավիճակում գործադրվելիք հինգ փաթեթները, որոնց շրջանակում արծարծվել են նաեւ Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների որոշ տեսանկյուններ: Մասնավորապես անդրադարձ է եղել կորոնավիրուսով պայմանավորված` հայաստանցի դիտորդների կողմից նախազգուշական միջոցների խստագույնս պահպանման խնդիրներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստում հայտարարել է, որ Արցախում մարտի 31-ին տեղի են ունենալու նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, եւ սպասվում է դիտորդների ներկայություն Հայաստանից: «Մենք այսօր արդեն ունենք կորոնավիրուսի ստուգման արագ թեստեր: Եկեք պայմանավորվենք, որ… մեկնումից առաջ արագ թեստավորվեն, որ համոզված լինենք, որ նրանք վարակված չեն»,- ասել է Փաշինյանը:

…Մինչ Արցախում եւ Հայաստանում տեսակետներ էին հնչում, թե որքանով է նպատակահարմար ներկա իրադրությունում համապետական ընտրությունների անցկացումը, ՀՀ վարչապետը հայտարարում է, որ նշանակված օրը ընտրությունները տեղի են ունենալու: «Փառք Աստծո, Արցախում մինչեւ հիմա կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հայտնաբերվել, չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են: Պետք է ամեն ինչ անենք, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Փառք Աստծո»-ն ակամայից հիշեցնում է հայտնի «թո´ւ, թո´ւ, թո´ւ»-ն, որից մի քանի օր անց Երեւանում արձանագրվեց առաջին վարակակիրը: Սա` իմիջի այլոց: Թերեւս, առաջին հերթին, պարզաբանման կարիք ունի այն հարցը, թե ինչու է ՀՀ կառավարությունն արցախյան ընտրությունների օրվա հետ կապված քննարկում անցկացնում` չէ՞ որ դա Արցախի Հանրապետության իրավասության հարց է: Ուրեմն թող նա էլ որոշի` նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցկացնում է նախապես նշանակված օ՞րը, թե կորոնավիրուսով պայմանավորված` հետաձգում է անորոշ ժամանակով, ինչն ավելի տրամաբանական կլիներ: Արցախում նախագահի թեկնածուներից մի քանիսի կողմից նման առաջարկներ արդեն եղել են: Ըստ երեւույթին, հարցը տեղում լուծում չստանալու պատճառով էլ ընտրություններից ընդամենը 5 օր առաջ այն հայտնվել է ՀՀ կառավարության օրակարգում:

Ասում ենք` հետաձգումն ավելի տրամաբանական կլիներ` նկատի ունենալով, որ աշխարհը միավորված, ողջ կարողությամբ պայքարում է ահարկու համավարակի դեմ, իսկ մենք նոր վտանգներ ու ռիսկեր ենք հարուցում ընտրությունների տարաժամ անցկացման գործընթացով: Մի՞թե դրսնք ավելի կարեւոր են, քան մարդկանց առողջությունը, քան մեր երկու հայկական պետությունների ապագան: COVID-19-ի պատճառով հետաձգվում են մարզական մի շարք միջոցառումներ` ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, Տոկիոյի օլիմպիական խաղերը, Շախմատի համաշխարհային օլիմպիադան եւ այլն: Ընդ որում` հետաձգվում են մեկ տարով եւ ավելի մեծ ժամկետով: Ոչինչ չի պատահի, եթե արտակարգ այս իրադրությունում արցախյան ընտրությունները նույնպես մեկ կամ մի քանի ամսով հետաձգվեն: Համոզված ենք, որ հեռացող Բակո Սահակյանի իշխանության համար անչափ թանկ է Արցախի հերոսական ժողովրդի ճակատագիրը:

Ուրեմն` ողջամիտ որոշում կայացնելու համար դեռ երեք օր ժամանակ կա:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Ազգային ժողովի մարտի 23-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման դրվեց եւ 117 կողմ ձայնով ընդունվեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը վերաբերում է արտակարգ դրության պայմանների խստացմանը:

Ըստ այդմ` Քրեական օրենսգրքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչեւ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացմամբ էլ նույն խախտումների դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով: Իսկ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով:

Մարտի 21-ին Ստեփանակերտում կայացել է Հայաստանի եւ Արցախի նախագահների հանդիպումը: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը եւ Բակո Սահակյանը քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Մանրամասներ չեն հաղորդվում:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 23-ին հրաժարվեց մակագրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի։ Ի պատասխան Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումի՝ դատարանից հիշեցրել են, որ սույն քրեական գործը գտնվում է դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում, «հետեւաբար, նշված միջնորդության քննությունը բացառապես վարույթն իրականացնող մարմնի՝ գործը քննող դատավորի լիազորությունների շրջանակում է»։

Հիշեցնենք, որ փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: