Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

20-27 մարտի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Նախորդ շաբաթ օրը՝ մարտի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքային այցերի շրջանակում Արագածոտնի մարզում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ մարզի Ներքին Բազմաբերդ, Նոր Եդեսիա, Ուջան, Բյուրական, Կարբի եւ Օհանավան համայնքների բնակիչների հետ: Կառավարության ղեկավարը հանդիպման ընթացքում անդրադարձավ երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին եւ առաջիկա ծրագրերին: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։ Նրա խոսքով` Փաշինյանն Արագածոտնում հարգանքի տուրք է մատուցել զոհված զինծառայողների հիշատակին եւ հանդիպել արցախյան պատերազմում իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած մեր զինվորների հարազատներին:

Իշխող քաղաքական վերնախավի մարզային այցը բուռն քննարկումների տեղիք է տվել՝ արժանանալով ընդդիմադիրների քննադատությանը, որոնք վարչապետին մեղադրում են համայնքային այցերի անվան տակ վաղ նախընտրական քարոզարշավ ձեռնարկելու համար, ինչը, նրանց կարծիքով, հակաօրինական է: «Միանշանակ ընդունելի չի կարող լինել, որովհետեւ փաստացի սա քարոզարշավ է` անհավասար պայմաններով, կիրառելով վարչական ռեսուրս՝ այն ամենը, ինչ իր ենթակայության տակ ունի վարչապետը»,- ասել է ԼՀ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը: «Իմքայլականները», սակայն, վարչապետի այցելություններում որեւէ արտառոց բան չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել: «Փաշինյանը մարզեր գնում էր նախկինում, գնում է նաեւ հիմա, ի՞նչ է եղել որ»,- հակադարձել է «Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանը: 

Մասնագիտական դիտարկումներով՝ ՀՀ Ընտրական օրենսգիրքը չի արգելում ընտրություններից ամիսներ առաջ հանդիպումներ եւ քարոզարշավ հիշեցնող այլ միջոցառումների անցկացումը: «Ակնհայտ է, որ սա դե ֆակտո քարոզարշավ է արդեն սկսվել, եւ Արագածոտնի մարզի այցելությունը հենց նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ էր,- պարզաբանել է տարբեր համապետական ընտրություններ դիտարկած՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ միաժամանակ հավելելով, որ Ընտրական օրենսգիրքը կամ որեւիցե այլ օրենք չի արգելում անել այն, ինչ Նիկոլ Փաշինյանն արեց Արագածոտնի մարզում: Իոաննիսյանը, ըստ էության, հանգում է խնդրի ամենալայն համատեքստին, համաձայն որի՝ յուրաքանչյուր քարոզարշավ, առհասարակ, սկսվում է նախորդ ընտրությունների հաջորդ օրվանից եւ տեւում է ամբողջ հինգ տարի: Բայց մի բան է օրենքը ու բոլորովին այլ բան՝ պատկերավոր խոսքը: Ինչեւէ: 

Անշուշտ, տարընթերցումների տեղիք է տալիս նաեւ գործող Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթների լղոզվածությունը, որը եւս մեկ կռվան է՝ առաջիկա ընտրությունները ոչ թե գործող, այլ նոր մշակված ԸՕ-ով անցկացնելու համար: Իշխող ուժի ներկայացուցիչները՝ չնայած լավ էլ օգտվում են գործող օրենսգրքի սողանցքներից, հակված են նորի ընդունմանը, քանի որ հանրային ցածր վարկանիշի պատճառով չեն ուզում գործ ունենալ վարկանիշային ընտրակարգի հետ եւ նախընտրում են ցուցակով քվեարկվելու տարբերակը կամ, այլ կերպ ասած, համամասնականը: Բայց հարց է՝ կհասցնե՞ն արդյոք իշխանությունները մինչեւ հունիսի 20-ը «նորացնել» ընտրական օրենսդրությունը, թե՞ ստիպված կլինեն քվեարկվել գործող ԸՕ-ով: «Եթե գնանք փոփոխված օրենսգրքով, այսպիսի այցելությունները նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում կլինեն արդեն օրենքի խախտում»,- խոստովանում է փորձագետը: 

Շրջանառվող լուրերի համաձայն՝ մարզի գյուղական համայնքները երեք օր նախապատրաստվել են Փաշինյանին դիմավորելու համար: Գլխավոր խնդիրը եղել է մարդաքանակի ապահովումը ամեն գնով, այդ թվում՝ ի հաշիվ հարեւան համայնքների: Ուշադրությունից չի վրիպել «նախագծում» ներառված ոչ մի մանրուք. հավաքվածների դասավորությունը, բարձրաստիճան հյուրին աղուհաց մատուցողի անձը, անգամ միջոցառմանը ներկա հարյուրավոր դպրոցահասակ երեխաների օգտագործումը Փաշինյանի հավելյալ անվտանգության համար՝ որպես «կենդանի վահան», նրանց կանգնեցնելով ամբիոնի առաջին շարքերում: Ինքը՝ Փաշինյանը, նախկիններին ուղղված իր մեղադրանքներում նման երեւույթները բազմիցս դատապարտելի է համարել: 

Իշխանական շրջանակներից «Հրապարակ»-ին հասած տեղեկության համաձայն՝ դա ոչ այնքան նախընտրական, որքան ստուգողական այց էր։ Նման այցելություններ, ըստ պարբերականի, Փաշինյանն առաջիկայում եւս կազմակերպելու է։ Հետաքրքիր է, թե ինչն է հատկապես մարզերում ստուգում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը: Քանի որ այդ «շրջայցերը» հաջորդում են անմիջապես հունիսին նախատեսված արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարությանը, կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մարզերում շփվել մարդկանց հետ, ընտրություններին ընդառաջ անձամբ ծանոթանալ Կառավարության, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործունեության հանրային արձագանքներին, գոնե մոտավոր պատկերացում կազմել իր իրական վարկանիշի մասին, որը, ըստ պարբերաբար անցկացվող հարցումների, խիստ վհատեցնող է: Հնարավոր է՝ վարկանիշի շարժընթացը վերահսկողության տակ պահելու միջոցով Փաշինյանն ուզում է ճիշտ կողմնորոշվել՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ չեղարկել իր որոշումը՝ վկայաբերելով ինչ-որ մտացածին պատրվակ: 

Իսկ ինչի՞ մասին էր խոսում վարչապետ աշխատող անձը իր հանդիպումներում, ի՞նչ մտքեր էր փոխանցում բազմաչարչար գյուղացիներին եւ, որ ամենավտանգավորն է, դպրոցահասակ երեխաներին, որոնց հավաքել էր շուրջը: Սա բավական տարողունակ թեմա է, բայց կփորձեմ սահմանափակվել ամենատիպական մի քանի դրվագների սեղմ նկարագրությամբ: 

Առաջինը, որ աչքի էր զարնում Փաշինյանի խոսքում՝ «նախկինների» վատաբանումն է: Այդ նրանք են, ըստ Նիկոլի, բոլոր ձախողումների, հատկապես պատերազմում կրած պարտության մեղավորը. «Մեզ ասում են` ինչի՞ եք ինքնաթիռ գնել՝ առանց հրթիռների։ Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, բայց չենք հասցրել հրթիռները մինչեւ պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք գնեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել»։ Դեռ լավ է՝ չի մեղադրում Ալիեւին, որ չի սպասել մինչեւ կործանիչների հրթիռներն էլ գնեին, հետո հարձակվեր: Բայց «նախկինների» մեղքը, ըստ նրա, միայն դա չէ: Արցախի գծով նրանք տապալված դիվանագիտություն են ժառանգություն թողել իրենց՝ 25 տարի բանակցելով հակամարտության կարգավորման փուլային տարբերակի ոգով, բայց ստելով, թե իբր բանակցում են փաթեթային սկզբունքների շուրջ: 

Իհարկե, գյուղերում նման մանիպուլյացիաները կարող են անցել, հո բոլո՞րը չեն այնտեղ ի վիճակի բացել ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ համանախագահ երկրների ԱԳՆ կայքէջերը եւ քաղել ճշմարտությունը: Բանակցային գործընթացին առնչվող շատ նյութեր դրված են նաեւ ՀՀ ԱԳ նախարարության կայքում, որտեղ ցանկացած ոք տվյալ թեմայով շատ բան կգտնի: Բայց միջին վիճակագրական գյուղացուն ամենաշատն իր վարուցանքն է հետաքրքրում, իր ջերմոցային տնտեսությունն ու անասնաֆերման, արտն ու այգին: Եվ այդ հանգամանքից օգտվելով՝ կարելի է ինչ ստեր ասեք՝ լցնել մարդկանց գլուխները: Բերենք միայն մեկ հակափաստարկ. 2016-ի հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ բանակցությունների ժամանակ իրեն ճնշում ու պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը. «Փակ դռների հետեւում մեզ ճնշում են, ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը: Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը Հայաստանի հետ նույն թեզն են պնդում»,- Բաքվում յուրայիններին գանգատվել է Ալիեւը: Հիմա թող ընթերցողն ինքը դատի, թե ում բանակցային դիրքերն էին ավելի ամուր, իսկ ով էր «կոշիկ լիզողը»: 

Մարտի 15-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծիք էր հայտնել, որ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման միակ ելքը Նիկոլ Փաշինյանի անհապաղ ու ինքնակամ հրաժարականն է եւ ԱԺ-ի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Արագածոտնի մարզում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի՝  իրեն ուղղված առաջարկին, Փաշինյանն ասել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանն իր փառահեղ կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել: Ես նմա՞ն եմ մարդու, ով կարող է փախնել: Եթե իմ ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կկանգնեմ գնդակահարության պատի տակ»: Նախ՝ վարչապետ աշխատող անձը պետք է իմանա՝ նման հարցերը ժողովուրդը չի որոշում. կան դատաիրավական մարմիններ, որոնք օրենքի շրջանակում քննում են գործը եւ համարժեք որոշում կայացնում: Ինչ վերաբերում է արտերկրում, թեկուզ ժամանակավոր, ապաստանելու առաջարկին, ապա այդ մասին Փաշինյանը լավ կաներ՝ ավելի խորը մտածել: 

Իրականում Առաջին նախագահը անվնաս տարբերակ է առաջարկում, հետո կփոշմանի, որ անտեսել է ու չի օգտվել նրա խորհրդից: Թե բա՝ «Տեր-Պետրոսյանը երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել»: «Իսկ դո՞ւք…»,- ափսոս, որ ժողովուրդը չարձագանքեց եւ չհիշեցրեց նրա փախուստը 2008-ի մարտի 1-ին, երբ անցել էր ընդհատակ ու այնտեղ մնացել ամբողջ մեկ տարի: Կամ՝ երբ փախավ Արցախից, Ջրականից, Քարվաճառից, Սյունիքից… երբ նոյեմբերի 9-ին փախավ, փակվեց բունկերում: Ափսոս, որ ժողովուրդը չհարցրեց. «իսկ Դուք նմա՞ն եք մարդու, ով կարող էր կանգնել ու պահել Արցախը, Շուշին, Հադրութը, Ջրականը, այսօր էլ Հայաստանի՝ պատառ առ պատառ թշնամուն անցնող հողերը»: 

Փաշինյանն արծարծեց տարբեր շատ թեմաներ՝  «նախկինների» թալան ու դղյակներ, շվեյցարական բանկերում կուտակած միլիոններ, դավաճանության մեջ իրեն հանիրավի ուղղված մեղադրանքներ, ժողովրդից ստացած վստահությունն իրենից խլելու փորձեր, երկրի համար «պրոբլեմ» դարձած դատարաններ, ասեկոսեներ, թե Աննա Հակոբյանը Կանադայում տուն է գնել, թե 44-օրյա պատերազմում տվել ենք չարդարացված զոհեր… Եվ այս վերջին կետին մի անհոդաբաշխ պարզաբանում է տվել. «Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Որովհետեւ Ադրբեջանի պլանը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը լուծել, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնա»: Այսինքն՝ ի՞նչ… զոհվեցին հանուն նրա, որ մենք ընդամենը կարողանանք Ալիեւին հակադարձել, թե Ղարաբաղի հարցը լուծված չէ, որովհետեւ այնտեղ դեռ հայե՞ր են մնացել: Ո՞րն է տրամաբանությունը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Մարտի 23-ին մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում 25 հարց էր, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության երկրորդ փուլը, որին մասնակցում էին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արսեն Մկրտչյանը եւ Արմեն Հայկյանցը: ԱԺ-ը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր ընտրեց Արսեն Մկրտչյանին, որի օգտին քվեարկել էր 87 պատգամավոր:

Քառօրյայի հաջորդ երկու օրերին խորհրդարանը 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով ընդունեց շուրջ կես տարի գործող ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիր խմբակցությունների՝ ԼՀ-ի եւ ԲՀ-ի հեղինակած որոշման նախագիծը, ինչպես նաեւ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ՝ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ընդդիմադիր ԲՀ խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ պետական դավաճանության համար սահմանվեց 15-20 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, կամ ցմահ, իսկ լրտեսության համար 12-20 տարվա ազատազրկում:

Նիկոլ Փաշինյանը մարտի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: «Թող բոլոր մեծ ու փոքր փորձությունները մնան անցյալում, թող իրականություն դառնան Ձեր բոլոր բարի ձեռնարկներն ու երազանքները: Գալիք տարին լինի խաղաղության, համերաշխության եւ հաջողությունների տարի»,- մասնավորապես ասված է վարչապետի ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանն էլ երեկ Նովրուզի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։ Նրանում մասնավորապես ասվում է․ «Մեր ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի եւ Իրանի միջեւ փոխգործակցության շարունակական զարգացման համար»:

Նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 25-ին հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Քննարկվել են ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ուղիներին առնչվող հարցեր: Այս հարցերի շուրջ նույն օրը Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամների հետ: Խորհրդի անդամները նշել են, որ համակարծիք են պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ նախագահի մոտեցումներին եւ նախագահական ինստիտուտը դիտարկում են որպես կայունացնող գործոն:

«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը մարտի 23-ին որոշել է բացել Բաղրամյան պողոտան, իսկ Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել շարժման շտաբ: Շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ սկսում է քաղաքական ակցիաների նոր ալիք եւ ընդլայնում է գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը: Շտաբը նպատակ ունի հանրային ճնշման պահպանման եւ շարժման հետագա գործողությունների համակարգման: Շարժման հետագա անելիքները ներկայացնելու համար մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հրավիրվում է համապետական հանրահավաք:

ՀՓՇ-ի նպատակն ու օրակարգն անփոփոխ են:

Ավելի քան մեկուկես տարի ձգված դատավարությունից հետո մարտի 23-ին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա նախկին ենթակաների գործը մտավ դատաքննության փուլ։ Երբ դատավորը հայտարարեց այս մասին, Քոչարյանի փաստաբանները բոյկոտեցին դատական նիստը եւ հեռացան, ուստի այն հետաձգվեց: Հաջորդ շաբաթ դատախազությունը կներկայացնի մեղադրական եզրակացությունը:

Դատավարությունը Դանիբեկյանի վարույթում մեկնարկել է 2019-ի սեպտեմբերին եւ մեկուկես տարի է` չի մտնում հիմնական դատաքննության փուլ: Կողմերը միմյանց են մեղադրում դատական նիստերը ձգձգելու համար:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: