Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

18-25 մարտի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Նախորդ շաբաթավերջին ՀՀ նախագահականում տեղի ունեցավ վարչապետ-նախագահ ավանդական հանդիպումը, որի ընթացքում երկրի ղեկավարները, ինչպես ենթադրվում է, պիտի համապարփակ աշխարհաքաղաքական զարգացումների հենքին ներկայացնեին ներհայաստանյան հրամայականները եւ արտաքին մարտահրավերները, ճշտորոշեին զույգ հայկական պետությունների տեղն ու դերը փոփոխվող աշխարհում: Համենայն դեպս՝ հանրությունը դա էր ակնկալում Վահագն Խաչատուրյանից եւ Նիկոլ Փաշինյանից, չնայած օրեր առաջ վերջինս հրավիրած մամուլի ասուլիսում հասցրեց իր թերատ, անպարագիծ մեկնություններով մի լավ հիասթափեցնել ու մոլորեցնել հեռուստադիտողներին եւ ռադիոլսողներին:

Դրա փոխարեն հանդիպմանը հետեւողներն ականատես եղան անձեւ, անբովանդակ մի տեսարանի, որտեղ էժանագին ճամարտակություններից բացի՝ ընդօրինակման արժանի կամ ուսանելի ոչինչ չկար՝ որեւէ հետաքրքիր միտք, գաղափար, հղացում, ձեռնարկ: Նախ՝ խոսեց հյուրընկալը, շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, գովեց Փաշինյանի բացախոսությունը նրա վերջին ասուլիսում, բարձր գնահատեց Կառավարության գործունեությունը եւ այն ոչ դյուրին աշխատանքը, որ «դժվար պայմաններում» կատարում են «անձամբ վարչապետը, մեր դիվանագետները»: Մի թեթեւ մտահոգություն հայտնեց անվտանգության հետ կապված, իսկ մնացածը՝ գովեստներ, մեծարանք, քծնանքի տարրեր պարունակող արտահայտություններ:

Հետո պատասխան խոսքի հերթը վարչապետինն էր, որը զգացված էր գովեստների համար, նշեց, որ շատ է կարեւորում հաղորդակցության մեջ լինել հանրության հետ, որովհետեւ «դա ունի ռազմավարական նշանակություն, այդ թվում՝ անվտանգային տեսակետից»: Խոսեց Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի մասին, որը, նրա կարծիքով, շատ բովանդակային փաստաթուղթ է, «աննախադեպ աճերի» մասին, որոնք միայն ինքն է տեսնում եւ իր էկոնոմիկայի նախարարը, ապա «շատ կարեւոր» վիճակագրական տվյալ համարեց այն, որ 2022թ. ընթացքում հայկական ավիաընկերությունները 900.000-ից ավելի ուղեւորի փոխադրում են իրականացրել: «Սա շատ կարեւոր է հայրենադարձության իմաստով նաեւ»,- ասաց:

Մինչ այս պահը նրա ասած բոլոր ստերը չտեսնելու տվեցի՝ մտածելով, որ վարչապետ մարդ է, սիրուն չէ՝ ամեն անգամ ստախոսության մեջ բռնացնել, բայց հայրենադարձության այս մեծ սուտը չեմ կարող «կուլ տալ», պիտի ասեմ: Առաջին՝ հայտնի է, որ 2022թ. միայն հունվար-սեպտեմբեր ամիսներին, ՀՀ է եկել շուրջ 800 հազար ռուսաստանցի, բայց նույն ընթացքում նրանց մեծ մասը, ըստ Միգրացիոն ծառայության, մեկնել է այլ երկրներ: ՀՀ-ում եւ երկրի մյուս քաղաքներում հաստատվել է 42 հազարի չափ ռուսաստանցի։ Թե Երեւան ժամանած 800 հազարից ինչքան ուղեւոր է օգտվել հայկական ավիաընկերությունների ինքնաթիռներից՝ դժվար է ասել, բայց միանշանակ է, որ Փաշինյանի բերած տպավորիչ թվի համատեքստում հայրենադարձության մասին խոսելը, մեղմ ասած, անազնիվ է:

Երկրորդ՝ եթե նրան հետաքրքրում է հայրենադարձության խնդիրը, կարող ենք թեմային ավելի վերաբերելի վիճակագրական տվյալներ տրամադրել: Այսպես՝ իր իշխանավարման վերջին 4 տարում ՀՀ 138.500 քաղաքացի ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն: Համեմատության համար նշենք, որ նախորդ 7 տարվա ընթացքում՝ 2011-2017 թթ.-ին, ՌԴ քաղաքացիություն է ձեռք բերել 105 հազար հայաստանցի: 2022 թվականը ռուսական եւ ուկրաինական հախուռն ներհոսքերի հանգամանքով պայմանավորված՝ դժվար է արտագաղթի ստույգ թվեր բերել, բայց 2021-ն այդ առումով ավելի կայուն վիճակագրություն ունի՝ այդ տարվա ընթացքում ՀՀ-ից հեռացել ու չի վերադարձել 73 հազար մարդ:

Նույն թվականին Հայաստանից 161 հազար մարդ ամերիկյան «գրին քարտ» է լրացրել եւ փափագում էր օր առաջ գնալ երկրից։ Եթե մինչեւ Փաշինյանի իշխանության գալը արտագաղթի պատճառները գլխավորապես սոցիալ-տնտեսական էին, ապա նրա գալուց հետո, մասնավորապես՝ 2020-ից սկսած՝ այդ պատճառները մնացին, բայց առաջին տեղում հայտնվեց նորը, որը նախկինում չկար՝ անվտանգայինը։ Մարդիկ նախընտրում են մեկնել այնպիսի երկրներ, որտեղ իրենց զավակների համար տեսնում են ազատ, երջանիկ ներկա եւ անվտանգ, խոստումնալից ապագա: Նիկոլը բոլորից խլել է թե՛ անհոգ այսօրը, թե՛ ապահով վաղը։

 

Մարտի 20-ին Մոսկվայում տեղի ունեցած՝ Լավրով-Միրզոյան հանդիպումը մեկնարկել էր առանձնազրույցի ձեւաչափով, այնուհետեւ շարունակվել երկու պատվիրությունների ընդլայնված կազմերով: ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները քննարկել են հայ-ռուսական  դաշնակցային հարաբերությունների, քաղաքական երկխոսության օրակարգային հարցերի լայն տարրապատկեր՝ միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության, տարածաշրջանային կայունության ու անվտանգության, ինչպես նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ու հարակից մյուս երեք փաստաթղթերի լույսի ներքո հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ, մասնավորապես, ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ:

Բանակցությունների ներկա փուլը, թերեւս, անհրաժեշտ էր՝ լրացնելու այն բացը, որն առաջացել էր 2022թ. դեկտեմբերին, երբ ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Բերձորի միջանցքի ապօրինի արգելափակմամբ պայմանավորված՝ Արարատ Միրզոյանը, ի նշան բողոքի, չէր մեկնել Մոսկվա, որտեղ նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ, կողմերը բավարարվել էին երկկողմ ձեւաչափով. մի դեպքում Լավրով-Բայրամով, մյուս դեպքում՝ Լավրով-Միրզոյան: Մարտի 20-ի հանդիպումներն ինչ-որ իմաստով կարելի է համարել «թեթեւ ժանրի», որովհետեւ երկու դեպքում էլ բացակայում էին հակամարտ կողմերի ներկայացուցիչները:

Ամեն դեպքում բանակցությունները կայացան եւ պարզվեց, որ դրանք այնքան էլ «թեթեւ ժանրի» չեն, քանզի այս կարճ ընթացքում հակասությունների ու տարաձայնությունների բավականաչափ բեռ է կուտակվել նաեւ հայ-ռուսական հարաբերություններում, ինչի արտացոլանքը նկատելի էր կողմերի դիրքորոշումներում՝ եթե մի կողմ թողնենք ձեւական կամ զուտ քաղաքավարական ժեստերը: Միրզոյանը շեշտադրում էր Հայաստանի առջեւ ծառացած անվտանգային խնդիրները՝ ակնարկներ ուղղելով ռուս խաղաղապահների կողմը, իսկ Լավրովն աղմկահարույց մեկնաբանություններ էր անում Ռուսաստանին ու Հայաստանին գժտեցնելու՝ Արեւմուտքի փորձերի մասին եւ անհարկի զուգահեռներ անցկացնում Դոնբասի ու ԼՂ-ի միջեւ:

Ըստ նրա՝ ինչպես Դոնբասի, այնպես էլ ԼՂ-ի պարագայում «անհրաժեշտ է ունենալ լեզվին, մշակույթին, կրոնին, տեղական ինքնակառավարմանը եւ այլ ոլորտներին վերաբերող իրավունքների փաթեթ»։ Երեւում է՝ Սերգեյ Վիկտորիչը խիստ չափազանցված պատկերացում ունի Ադրբեջանի քաղաքակրթական ցենզի մասին: Այո, «իրավունքների փաթեթ» ԼՂ-ին կտա, բայց իրավունքներ՝ երբեք: Ալիեւն այսօր Արցախի նկատմամբ մեկ մտադրություն ունի, որը չի թաքցնում՝ հայաթափել, ցեղասպանել կամ էթնիկ զտումների ենթարկել արցախահայությանը: Համատեղ ասուլիսում Վիկտորիչն ասում է. «Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի տարածքները»:

Առաջին անգամ չէ, որ հայկական արմատներ ունեցող սույն բարձրաստիճան պաշտոնյան այսպիսի հակահայկական տեքստեր է հրապարակում: Ափսոս, որ ասուլիսում նրան արժանի պատասխան տվող չգտնվեց:

 

Մարտի 18-ին անհայտ հաքերները կոտրել են քաղաքական գործիչ, նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Ժառանգության» լրատվական ծառայությունը. «Հովհաննիսյանի դիմագրքային էջը, որը երկար տարիներ օգտագործվում է սոսկ որպես պաշտոնական քաղաքացիական-ազգային եւ ոչ թե անձնական հաղորդամիջոց, այժմ հնարավորության սահմաններում վերականգնման գործընթացում է»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում:

«Ժառանգության» կանխավարկածով՝ կայքէջի հանդեպ չարագործների ոտնձգությունը ստոր պատասխանն է սկզբունքային քաղաքական գործչի քաղաքացիական-քաղաքական գործունեության եւ, ըստ երեւույթին, «վերջին շրջանում նրա ազատ արտահայտած թե՛ բանավոր, թե՛ գրավոր մտքերի»: Կուսակցության լրատվականը մատնանշում է նախօրեին Հովհաննիսյանի հեղինակած՝ «Ամեն ինչ ասված է, բայց՝ ոչ արված» վերնագրով հերթական սուր քաղաքական պամֆլետը, որը կարող է «դիմագրքահենության» պատճառը լիներ: Ամեն դեպքում վնասարարները վրիպել են, եթե կարծում են՝ այդկերպ կարելի է լռեցնել ազատ մտածող եւ ճշմարտությունն ուղիղ ճակատին նետող ընդդիմախոսին:

Րաֆֆի Հովհաննիսյանի դիտարկումները ոճական կառուցվածքով մանրապատումներ են հիշեցնում, բայց քաղաքական բովանդակության գծապատկերի մեջ: Դրանք դիպուկ, մեր անուրախ օրերի իրավիճակով մտահոգ, սրտացավ մարդու հոգու սթափեցնող ճիչեր են: Մասնավորապես.

Ա. Րաֆֆին զգուշացնում է. «Էափոխենք ինքներս մեզ, մեր ներքին մտավիճակը, կամավիճակը, հոգեվիճակը, գոյավիճակը, իշխանավիճակը, մի խոսքով՝ փրկուղին։ Այլապես թշնամին է շարունակելու դա անել, ընդսմին՝ դաժանաբար, անդադրում, բռնադատչորեն, մինչեւ վերջ… մինչեւ Ստեփանակերտ, հետո արդեն՝ Երեւան»։

Բ. Րաֆֆին հանդիմանում է. «Թարգենք արդի հայոց պատմության բոլոր իշխանաշրջանների քաղաքական, ռազմական, դիվանագիտական, բանակցային, տնտեսական եւ այլ ոլորտներին վերաբերող հետահայաց ինքնարդարացման, հատվածապաշտ, ոչ ամբողջական, արդեն նաեւ անիմաստ հասարակական գիտակցության խցանումը»:

Գ. Րաֆֆին հորդորում է. «Սպարապետից հեռու մնացեք՝ բավ է նրան աջուձախ տեսաբանել, ավելի ազնիվ է՝ զինվորագրվել նրա պատգամին, դառնալ քաղաքացի, ապաեւ ազգովի՝ Սպարապետ։ Նորեն խոսենք՝ իմաստավոր, խորաթափանց, գործնականորեն»:

…Ավելի վաղ հաքերային հարձակման էր ենթարկվել առցանց «Առավոտի» յութուբյան ալիքը եւ ջնջվել էին բոլոր տեսանյութերը, ինչի մասին հայտնել է «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանը: Նա տեղեկացրել է, որ «Առավոտը» մարտի 13-ին հրապարակել էր հաջորդ օրվա տեսանյութերի ազդագիրը՝ «Հարստացած հեղափոխականները», «Ինչպե՞ս եւ որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում՝ պատերազմի տարում», «Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»: «Եվ այսօր ժամը 19:46-ից սկսած՝ մենք կորցրինք մեր յութուբյան էջի նկատմամբ հասանելիությունը»,- գրել է Իսրայելյանը:

Դե ինչ, դրդապատճառը, կարծես թե, նույնն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում: Նույնն է նաեւ «ձեռագիրը»: Իրեն ժողովրդավար հորջորջող իշխանությունը ազատ խոսքից խորշում է՝ ինչպես «սատանան խունկից» (համեմատության հեղինակային իրավունքը ՀՀ երրորդ նախագահինն է-Գ.Լ.):

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Նիկոլ Փաշինյանը մարտի 21-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորական խմբի անդամներին՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, անվտանգային մարտահրավերների, խաղաղության օրակարգի շուրջ: Փաշինյանը կարեւորել է ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը: Անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված ճգնաժամին: Խնդրի կարգավորման առումով կարեւորվել են միջազգային հանրության հետեւողական հասցեական արձագանքը, Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին հրապարակված որոշման կատարումը Ադրբեջանի կողմից:

Ձայների 28 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը մարտի 21-ին չներառվեց ԱԺ նիստերի օրակարգում: «Ցավում եմ՝ եւս մեկ անգամ արձանագրելու, որ չի հաջողվում մեր պետականության համար հույժ կարեւորագույն հարցերի շուրջ ունենալ միասնական տեսակետ»,- նշել է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նախագծին բացասական եզրակացություն էր տրվել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։ Իշխող խմբակցությունը նախօրոք հայտարարել էր, որ չի մասնակցելու հարցի քվեարկությանը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Մարտի 22-ին ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներին, նա ասել է. «Չեմ չեմ ուզում ուռճացնել, բայց կարծում եմ՝ հնարավորություն կա, որը թույլ է տալիս ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»: ՀՀ թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր շրջանակները գտնում են, որ Բլինքենի լավատեսությունը չափազանցված է:

Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը չկատարելու համար Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳ նախարարություն: Այս մասին մարտի 23-ին հայտնել է հոլանդահայ կազմակերպությունների դաշնությունը (FAON)՝ նշելով, որ Ադրբեջանի դեսպանին ԱԳՆ-ում հիշեցրել են Հաագայի դատարանի որոշումը կատարելու եւ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին։

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին մարտի 22-ին Երեւանում քննարկել են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնող անվտանգային հարցեր: ՀՀ ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին եւ ԼՂ շուրջ տիրող իրավիճակը: Կողմերն ընդգծել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման միտումը: Կարեւորվել է տարածաշրջանում անվտանգության, կայունության ու խաղաղության ապահովումը:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: