Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխման դեմ պայքարը։ Ինչպես տեղեկացրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, նա մտադիր է 14-օրյա քայլարշավ իրականացնել դեպի Երեւանի Ազատության հրապարակ՝ «ընդդեմ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի»։ Ընդդիմադիր պատգամավորը կուսակիցների հետ Երեւանի Ազատության հրապարակում կլինի ապրիլի 13-ին: Մինչ այդ «Իմ քայլը» երթի մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհ կանցնեն միայն քայլելով` այդ ընթացքում այցելելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սեւան, Հրազդան եւ Աբովյան քաղաքներ։ «Ելք» դաշինքի մյուս երկու ուժերը՝ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» եւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունները հայտարարել են, որ չեն միանալու Փաշինյանի նախաձեռնած շարժմանը, քանի որ նպատակահարմար չեն համարում փողոցային պայքարի տարբերակը։
…Քայլերթը սկսելով Գյումրիից, նախաձեռնության անդամները մտադիր են մինչեւ ապրիլի 13-ն անցնել վերը թվարկված քաղաքներով, իսկ ապրիլի 13-ին հասնել Երեւան` Ազատության հրապարակ, որտեղից էլ կմեկնարկի քաղաքացիական անհնազանդությունների շարքը: «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պայքարի իրենց եղանակն աննախադեպ է Հայաստանում, քայլերթի ընթացքում ոչ թե ելույթներ են ունենում, այլ պարզապես բնակիչների ուշադրությունը հրավիրում են իրենց օրակարգի վրա՝ փորձելով ոգեւորել նրանց՝ մասնակցելու իրենց գործողություններին (նկատենք, որ սա աննախադեպ անվանելն այնքան էլ տեղին չէ` այս մշակույթը Հայաստանում առաջին անգամ ներմուծել է Րաֆֆի Հովհաննիսյանը): Փաշինյանի խոսքով` իրենք դեմ են բռնությանը եւ ընտրել են պայքարի խաղաղ միջոցներ: «Յուրաքանչյուր ոստիկան, Ազգային անվտանգության ծառայության յուրաքանչյուր աշխատակից պետք է հասկանա, որ ինչ էլ իրենք անեն, մենք իրենց նկատմամբ ոչ մի բռնություն չենք գործադրելու, մենք իրենցից որեւէ մեկին որեւէ վնաս չենք պատճառելու՝ անկախ նրանից, թե նրանք ինչ բռնություն մեր նկատմամբ կգործադրեն»,- նշել է Փաշինյանը:
Բացառապես պայքարի խաղաղ անհնազանդության ճանապարհն է ընտրել նաեւ «Հանուն Հայաստան պետության» ընդդիմադիր ճակատը` իր հերթին հայտարարելով, որ դեմ է բռնությանը եւ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության դեմ պայքարելու է միայն խաղաղ անհնազանդությամբ: Հարց է առաջանում` ուրեմն ինչո՞ւ չեն ուզում միանալ ընդդիմադիր այս ճակատները եւ կանգնել նույն հարթակում, եթե երկուսն էլ դեմ են բռնությանը: Պարզվում է` համագործակցության համար «Հանուն Հայաստան պետության» Ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի բացատրությունը Նիկոլ Փաշինյանը բավարար չի համարում: Վերջինս շարժումից հավաստիացումներ է ակնկալում, որ դեմ են նաեւ բռնությանը բռնությամբ պատասխանելուն, այսինքն` ուժ չեն գործադրի անգամ այն դեպքում, եթե իրավապահները դիմեն կոշտ գործողությունների: «Մեզ համար սկզբունքային խնդիր է բռնության մերժումը ոչ միայն որպես գործողության, այլեւ որպես հակագործողության: Մենք չենք կարող որեւէ քաղաքական ուժի հետ ընդհանրանալ, առանց այս հարցի վերաբերյալ միանշանակ ըմբռնում ունենալու: Ցավոք, «Հանուն Հայաստան պետության» ճակատից այս հարցի առնչությամբ տարբեր տեսակետներ են հնչում»,- ասել է «Քաղպայմանագիր» կուսակցության ղեկավարը:
Այսպիսով`մարզային քայլերթից հետո ապրիլի 13-ին Փաշինյանը համակիրների հետ Ազատության հրապարակում հանրահավաքային պայքար է սկսելու, այնինչ նույն օրերին նաեւ «Հանուն Հայաստան պետության» ճակատը՝ սկսած ապրիլի 9-ից, արդեն հրապարակում է լինելու՝ առնվազն մինչեւ ամսի 16-ը: Փաշինյանն ասում է՝ հընթացս կերեւա, առայժմ չեն քննարկել նույն վայրում հավաքներ անցկացնելու հնարավորության դիպաշարը: Փոխարենը թե՛ Նիկոլ Փաշինյանը, եւ թե՛ «Հանուն Հայաստան պետության» ճակատը պատրաստակամություն են հայտնել միասնական հանրահավաքներ անցկացնել «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության հետ: Նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանի խոսքով` եթե անգամ եռակողմ միասնական հանրահավաքների պայմանավորվածություն ձեռք չբերվի, փորձելու են գոնե առանձին-առանձին արվող քայլերը համակարգել, որպեսզի չվնասեն ընդհանուր գործին: Հուսանք, որ նույն գործի համար պայքարող երեք ընդդիմադիր միավորներին կհաջողվի գոնե հրապարակում ընդհանուր լեզու գտնել: Չնայած դրա հույսը շատ քիչ է, քանի որ լեզու գտնել, կարծես թե, չի հաջողվում անգամ բուն «Ելք» դաշինքի ներսում:
…Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, որոնց` Հայաստանում տեղակայելու մասին օրեր առաջ հայտնել էր ՌԴ հարավային զինվորական օկրուգի մամլո ծառայությունը, արդեն Գյումրիում են: Արձագանքելով այդ տեղեկությանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայման վերաբերյալ դեռ որեւէ փաստաթուղթ չկա։ Ըստ ռուսական կողմի տարածած հաղորդագրության, ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում եւ Երեւանի զինվորական կայազորում զբաղվելու են զուտ զինվորական կարգապահության, ինչպես նաեւ զինվորական օբյեկտների ու ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմամբ:
…Ուշագրավ է, որ սրանից մեկ շաբաթ առաջ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը «Ազատության» հետ զրուցելիս ասել էր բառացիորեն հետեւյալը. «Մինչեւ համապատասխան պայմանագիր չլինի, ռազմահենակետի կազմի փոփոխություն տեղի չի ունենա»: Այնինչ տեղակայման փաստը հայտնի դառնալուց հետո Հովհաննիսյանը խուսափեց անդրադառնալ ռուսական անկոչ անձնակազմի ներկայության թեմային: Մինչդեռ անկախ շատ դիտորդների կարծիքով` ռուսական ստորաբաժանումների տեղակայումը Հայաստանի տարածքում ապօրինի է, քանի որ չկա այդ մասին նախատեսող որեւէ միջպետական համաձայնագիր: «1997 թվականի պայմանագրում սեւով սպիտակի վրա գրված է, թե որ մարմինները Հայաստանում ունեն նման իրավասություններ: Ռազմական ոստիկանության անունն այնտեղ չկա: Սա նշանակում է, որ նրանք մեր երկրում որեւէ իրավասություն չունեն, հետեւաբար չեն կարող գործել առանց ՀՀ Ազգային ժողովի համաձայնության»,- ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել Իոնեսյանը: Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ոստիկանության գործունեությունը կարգավորող փաստաթղթի բացակայությունն իսկապես հղի է լուրջ վտանգներով: Որո՞նք են արդյոք նրանց գործողությունների ու գործառույթների շրջանակները: Դրանք սահմանափակվելու են միայն ռուսական ռազմահենակետի տարածքո՞ւմ, թե՞ նաեւ դրանից դուրս, Երեւանի կայազորո՞ւմ, թե՞ նաեւ կայազորից դուրս: Այս հարցերի պատասխանները մենք չունենք: «Վտանգը հետեւյալն է՝ արդյոք մի օր նրանք, դիցուք, ռուսական կարգազանց զինվորներին հայտնաբերելու պատրվակով չե՞ն հայտնվի Ազգային ժողովում, Բաղրամյան 26-ում, կառավարության շենքում, կամ ՀՀ որեւէ այլ պետական մարմնում»,- մտավախություն է հայտնել իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա պարզաբանմամբ` առանց Հայաստանի հետ համաձայնեցնելու ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայումը ցույց է տալիս հայկական կողմի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքը: Կոնկրետ դեպքում ռազմավարական մեր դաշնակիցը ցույց է տալիս, որ Հայաստանի տարածքում ցանկացած գործողություն կատարելու հարցում ինքը բացարձակապես ազատ է: Հայաստանի պաշտպանության նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ օտարերկրյա պետություններում տեղակայված ռազմակայաններում կամ ստորաբաժանումների կազմում ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ ունենալը ծառայողական անհրաժեշտություն է եւ միջազգայնորեն ընդունված պրակտիկա: Լավ, պրակտիկան` հասկացանք, բայց այն չպե՞տք է ունենա պաշտոնապես ձեւակերպված փաստաթղթի տեսք: Անշուշտ, պե´տք է: Բայց չունի, որովհետեւ փոքրիկ Հայաստանը մեծ Ռուսաստանի կողմից դիտարկվում է իբրեւ «միջանցիկ բակի» պես մի բան, ինչի մեղքը մեր բարձրագույն աստիճանավորներինն է: Իսկ միգուցե հենց վերջինների՞ս է ձեռնտու ռուսական ուժայինների ներկայությունը: Մանավանդ` այս օրերին, երբ ապրիլի 17-ին նախատեսվում է պետության փաստացի ղեկավարի` վարչապետի ընտրությունը, որն, ամենայն հավանականությամբ, լինելու է այսօրվա գործող նախագահը: Գաղտնիք չէ, որ հայաստանյան ներքաղաքական գործընթացներում մեր իշխանությունները երբեք չեն հրաժարվել Ռուսաստանի աջակցությունից: Հատկապես` այնպիսի կարեւոր հանգրվաններում, ինչպիսիք համապետական ընտրություններն են: Խորհրդարանական կառավարման անցնելուց հետո ներքաղաքական լարումների բռնկման ռիսկը, բնականաբար, մեծանում է: Դե, «ավագ եղբայրն» էլ ո՞ր օրվա համար է, որ դժվար պահին օգնության չհասնի...
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Միջազգային մամուլ
Պուտինի եւ Էրդողանի «սիրավեպը»
The Times of Israel-ը հաղորդում է, որ «Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները լավ են, քան երբեւէ, քանի որ Ռուսաստանն անցնում է հետախույզի թունավորման սկանդալից առաջացած դիվանագիտական ճգնաժամի միջով, իսկ Թուրքիայի՝ արեւմտյան դաշնակիցների հետ հարաբերությունները վատթարանում են մարդու իրավունքների ոտնահարման եւ Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողությունների արդյունքում:
Այս ամենի խորապատկերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքիա` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին միանալով Թուրքիայի Աքքույում գտնվող Միջերկրական ծովի ափին կառուցվող ռուսական ատոմակայանի խորհրդանշական հիմքի վրա: Իսկ արդեն չորեքշաբթի օրը Պուտինը, Էրդողանը եւ Իրանի նախագահ Հասան Ռուհանին Անկարայում գագաթաժողով են անցկացրել` Սիրիայի ապագան քննարկելու համար»:
Պարբերականը նաեւ գրում է, որ «Թուրքիան եւ Ռուսաստանը մի կողմ են դրել իրենց ավանդական մրցակցությունը եւ տարաձայնությունները տարածաշրջանային հարցերի շուրջ` ուժեղ տնտեսական կապեր հաստատելու համար: Անցյալ տարվա դեկտեմբերին նրանք պայմանագիր են ստորագրել, որի համաձայն Թուրքիան գնել է Ռուսաստանի S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգը. մի գործարք, որը հսկայական իրարանցում է առաջացրել Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում: Էլեկտրակայանից բացի, երկու երկրները նաեւ կառուցում են «Թուրքստրիմ» խողովակաշարը, որպեսզի ռուսական գազը մատակարարվի Թուրքիա»:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ «Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը խորապես ներգրավված են Սիրիայում արդեն յոթ տարի ընթացող պատերազմում, համագործակցելով «դեէսկալացիայի տարածքներ» ստեղծելու համար, միաժամանակ աջակցելով պայքարի առանձին կողմերի`Ռուսաստանն ու Իրանը աջակցում են նախագահ Բաշար ալ-Ասադին, մինչդեռ Թուրքիան աջակցում է ապստամբներին, ձգտելով հեռացնել Ասադին: Ռուսաստանը եւ Իրանը ռազմական եւ դիվանագիտական աջակցություն են ցուցաբերում Ասադի կառավարությանը ողջ պատերազմի ընթացքում, որը սկսվել է իշխանության կողմից հարյուր հազարավոր ցուցարարների սպանությամբ»:
Վաշինգտոնում տեղակայված Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի փորձագետ Էլիզաբեթ Թեոմանն ասել է, որ «Էրդողանը, ամենայն հավանականությամբ, ցանկանում է օգտագործել գագաթաժողովը՝ ապահովելու ռուսական եւ իրանական աջակցությունը Սիրիայի հյուսիսում կամ Իրաքում ընդլայնված գործողությունների համար»:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը