Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

25 մարտի - 1 ապրիլի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Շաբաթվա ընթացքում ամենաաղմկոտ քննարկումները մայրաքաղաքում մարտի 23-ից սկիզբ առած ծառահատումների թեմայի շուրջ էր: Երեւանի Կենտրոնում զանգվածային ծառահատման գործընթաց էր սկսվել ու գնալով ծավալվում է։ Ըստ քաղաքապետարանի՝ անպիտան ծառերը փոխարինվում են գեղազարդ եւ արժեքավոր ծառատեսակներով։ Մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Թամանյանի արձանի մոտ՝ իրենց մտահոգությունը հայտնելու անկանոն ծառահատումների առնչությամբ. նրանց չեն գոհացնում քաղաքային իշխանությունների պատճառաբանությունները, թե ծառերը հիվանդ կամ մահացած են, եւ փոխարինումը նոր ծառերով, նպատակահարմար է:

Քաղաքապետարանի պատասխանատուների ասած՝ «գեղազարդ» եւ «արժեքավոր» ծառերի ցանկում ամենավիճահարույցը ճապոնական «սակուրա» տեսակի տնկիներն են, որոնք դեռ հայտնի չէ՝ կհարմարվե՞ն հայկական բնակլիմայական պայմաններին, թե՞ որոշ ժամանակ անց կոչնչանան: Այնինչ դրանք թանկարժեք ծառատեսակներ են, որոնց մեկ հատի գինը տատանվում է 60-75 հազար դրամի սահմաններում: Նախատեսված է այս գարնանը Երեւանում հատել 2000 ծառ, տեղը տնկել ավելի ջահել ու կենսունակ ծառեր՝ այդ թվում, չզարմանաք, Ճապոնիայում մահվան խորհրդանիշ հանդիսացող սակուրաներ: Ճապոնական գրականությունից գիտենք, որ սամուրայները ծաղկած սակուրայի տակ են ինքնասպան լինում՝ թրով իրենց փորը խողխողելու միջոցով, որը կոչվում է «խարակիրի»:

Ասում են՝ Ծագող արեւի երկրից այդպիսի «խորհրդանիշ» բերելու միտքը քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանինն է, ով գործող քաղաքագլուխ Հրաչյա Սարգսյանին օրերս «տուն ճանապարհելուց» հետո պատրաստվում է բազմել նրա իշխանական աթոռին, որի վրա վաղուց աչք ունի: Հետեւաբար՝ մոտալուտ ընտրություններին ընդառաջ ամեն տեսակ «թիթիզություններ» բանեցնում է՝ շահելու համար երեւանցիների սրտերը, այդով հանդերձ էլ՝ նրանց քվեները Երեւանի ավագանու ընտրություններում: Այլ հարց է, որ նա վրիպել է սակուրայի պես էժանագին «տրյուկների» վրա խաղադրույք դնելու հաշվարկներում: Այս ծառատեսակները, ըստ մասնագիտական գնահատականների, իրենց սանիտարահիգենիկ հատկանիշներով չեն համապատասխանում Երեւանի այսօրվա պահանջներին:

Մասնագետների պնդմամբ՝ հատվող թեղիներն ու հացենիները թթվածնի գեներացման ու փոշեկլանման կարեւոր գործառույթ են իրականացնում մեր քաղաքում, որը խայտառակ բարձր օդային աղտոտվածություն ունի: Մասնավորապես՝ թեղին, բուսաբան մասնագետի վկայությամբ, խիստ չորադիմացկուն, սաղարթավոր, քաղաքային աղմուկը կլանող տեսակ է, որին փոխարինողները, հատկապես դեկորատիվ, թզուկ սակուրաները չունեն այդպիսի հատկանիշներ: Էլ չասած ամռան տապին վերջիններիս նվազագույն ստվերախտության մասին, ինչը երեւանյան շոգերին ոչ պակաս կարեւոր են: Նման դեպքերի համար է, կարծես, ասված ժողովրդական խոսքը՝ «Հոնքը շինելու տեղ աչքն էլ հանեցին»:

 

Անցած կիրակի՝ մարտի 26-ին, Շիրակի մարզի Անի եւ Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացան ավագանու արտահերթ ընտրություններ, որոնց նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակեց հաջորդ օրը։ Ըստ այդմ՝ ՀՀ երկու մարզի 61 ընտրատեղամասերից ստացված պատկերը հետեւյալն էր. Անի համայնքում քվեարկվող՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքի օգտին տրվել է 3.134 քվե, «Հայկական երազանք» կուսակցության օգտին՝ 795, «Իմ հզոր համայնք» կուսակցության օգտին՝ 744: «ՔՊ» կուսակցությունը ստացել է ամենաշատ քվեները՝ 5.180:

Սիսիան համայնքում քվեարկվել էր երեք կուսակցություն՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 1.443 քվե, ՀՀԿ-ն՝ 2.553 եւ «ՔՊ»-ն՝ 7.325: Այսպիսով՝ երկու համայնքում էլ, ըստ պաշտոնական թվերի, հաղթել է իշխող «ՔՊ» կուսակցությունը: Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը, Անի համայնքում՝ 62.01%-ը։ Երկու համայնքում քվեարկությանը մասնակցել է դրա իրավունքն ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21.226 անձ:

Սրանք պաշտոնական տվյալներն են, որոնք արտահայտում են ՀՀ-ում զուգահեռաբար գործող երկու տարբեր իրականություններից միայն մեկի՝ «իշխանական» իրականության տեսակետները: Պայմանականորեն ասած՝ «երկրորդ» իրականությունը տրամագծորեն այլ է. անցած կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն այդ իրականության մեջ խստորեն քննադատվեցին թե՛ «Անկախ դիտորդ» առաքելության, թե՛ լրագրողական չեզոք համայնքի, թե՛ «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից, որն անձնապես ընտրություններին մասնակցում էր Սիսիան համայնքում եւ քաջածանոթ էր ընտրական ողջ անցուդարձի «ներքին խոհանոցին»:

Եվ այսպես՝ ինչի՞ մասին են վկայում «երկրորդ» իրականության դիտարկումները: Բերենք Սիսիան խոշորացված համայնքում «Անկախ դիտորդ»-ի արձանագրած մեծաթիվ ընտրախախտումներից մի քանիսը. ա/ ՔՊ-ն Meta-ին վճարել է լռության եւ քվեարկության օրերին ՖԲ-ում իրենց թեկնածուի նախընտրական քարոզչության համար; բ/ Վարչական դատարանը ապօրինաբար մերժել է ՔՊ-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին «Քաղաքացու որոշում» կուսակցության հայցադիմումի քննարկումը, որտեղ լրջագույն ընտրակեղծիքների մասին է խոսքը; գ/ ՔՊ-ն մի շարք արգելված վայրերում փակցրել է քարոզչական պաստառներ, իսկ տեղի իշխանությունը չի կատարել դրանք հեռացնելու գործառույթը; դ/ ՔՊ-ի քարոզարշավի համար օգտագործվել են վարչական միջոցներ:

ՔՊ-ի կողմից թույլ տրված խախտումների թվում մատնանշվում են այլ անձի փոխարեն քվեարկելու կամ ընտրողի ինքնուրույն քվեարկությունը վերահսկելու, նախընտրական շրջանում որոշ դպրոցների տնօրենների, պետական այլ ծառայողների՝ «ձայներ բերելու» հրահանգներ տալու, անապահով ընտանիքներին ցուցաբերվող օգնության պատրվակով գումարներ բաժանելու դեպքեր: Շիրակի մարզում ձայներ մուրալու «սուրբ» գործին, ըստ Ambionnews-ի հետ զրույցում Ալյանս»-ի կուսխորհրդի անդամ Գոռ Հովհաննիսյանի հայտնած տեղեկության, աջակցում էր մարզի ՔՊ-ական «բոմոնդը»՝ նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Առուշանյանը, փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը, Շիրակի գործող մարզպետը եւ այլք:

Մասնակի այս ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին ժողովրդավարության հսկայաքայլ նահանջը Հայաստանում եւ դրա հենքին գործող իշխանության խոսքի ու գործի խորացող խզումը: Մյուս ուշագրավ հատկանիշը ժողովրդի պատկառելի հատվածի չբուժվող մոլորությունն է: Չեք հավատա, բայց փաստ է՝ Սիսիանում թշնամուն նվիրված Իշխանասարի հարեւանությամբ հաղթել է Նիկոլ Փաշինյանի դրածոն:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթաժողովի պաշտոնական բացման լիագումար նիստին. այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի գրասենյակը։ Գագաթաժողովն անցկացվում է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձեւաչափով: Վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ: Երեքուկես րոպեանոց ելույթի մեծ մասն առնչվում էր Բերձորի միջանցքի շրջափակմանը, Արցախի ու Հայաստանի անվտանգությանը:

Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի արգելափակումը. մարտի 28-ին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդունելով Հայաստանում Իսպանիայի դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին։ Ըստ ԱԳՆ հաղորդման, Միրզոյանը կարեւորել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության ուղարկումը: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող թեմաներով, անդրադարձել Հայաստանի եւ ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի՝ այդ թվում նաեւ վերջին շրջանի ագրեսիվ գործողություններին, ամենաբարձր մակարդակով հնչող հռետորաբանությանը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին իր հարկի տակ 1:2 հաշվով պարտություն կրեց Թուրքիայի ընտրանուց: Հանդիպման հաշիվը բացվեց 10-րդ րոպեին, երբ Տիգրան Բարսեղյանի սուր փոխանցումից հետո Օզան Քաբաքը գրավեց սեփական դարպասը: Այդուհանդերձ, Թուրքիայի հավաքականին հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլեւ 64-րդ րոպեին խփել հաղթական գոլը:

Իլհամ Ալիեւը մարտի 28-ին Լաչինի շրջանում հատուկ ներկայացուցիչ է նշանակել. այդ պաշտոնը զբաղեցնելու է Մասիմ Մամեդովը, որը մարտի 1-ին ԼՂ իշխանությունների հետ Խոջալուում կայացած բանակցությունների մասնակիցներից է։ Այդ հանդիպմանը Մամեդովը մասնակցում էր որպես Լեռնային Ղարաբաղում գտնվող բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող ադրբեջանական մշտադիտարկման խմբի ղեկավար։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ ավելի վաղ Մամեդովն աշխատել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունում:

Լեւոն Դավիդյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ։ Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Սամվել Մովսիսյանը նախագահի հունվարի 24-ի հրամանագրով ազատվել էր պաշտոնից, որ զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից եւ նշանակվել ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Մարտի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Մալթա: Այս մասին հայտնում են ԱԳ նախարարությունից՝ դեռեւս առանց օրակարգի մասին մանրամասներ ներկայացնելու:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: