Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

2-9 ապրիլի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Ազատության հրապարակում ապրիլի 5-ին տեղի ունեցավ խորհրդարանական ընդդիմության՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած հանրահավաքը, որի կարգախոսն էր «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը»: Հանրահավաքին ընդդիմությունը հիմնականում խոսեց Արցախի շուրջ կուտակված խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ իրենց առաջարկների մասին։ Քննադատելով խաղաղության հաստատման շուրջ իշխանության որդեգրած քաղաքականությունը, ընդդիմադիրները պնդում էին, որ վարչապետ Փաշինյանի թիմը չի արտահայտում հանրության տեսակետը եւ նախաձեռնած հանրահավաքով իրենք նաեւ մտադիր են զորակցություն հայտնել արցախցիներին։

 

Մեկնաբանությունը

Դատելով հանրահավաքի մասնակիցների վեր պարզած պաստառների բովանդակությունից, միանգամից աչքի է զարնում, որ սույն զանգվածային միջոցառումը հայ ազգին այսօր վիճակված ամենակնճռոտ խնդրի՝ Արցախի ու նրա վտանգված ճակատագրի հանդեպ իշխանությունների անտարբերության մասին է: «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», «Թուրքն իմ թշնամին է», «Հայաստանը թուրքական միջանցք չէ», «Նիկոլը չի ներկայացնում հայկական շահը», «Recognize Artsakh»,- ազդարարում էին հանրահավաքային պաստառների գլխագրերը: Նախաձեռնության կազմակերպիչներին եւ բազմահազար աջակիցներին միացել էին մի շարք այլ քաղաքական ուժեր, ընդդիմադիր հասարակական գործիչներ։ Հնչում էին Արցախի ու Հայաստանի պաշտպանության դիրքերում անհողդողդ կանգնելու կոչեր՝ ուղղված ողջ հայությանը:

Արցախն այսօր, հիրավի, ապրում է իր նորանկախ պատմության ոչ լավագույն ժամանակները եւ, ավելի քան երբեւէ, ունի եղբայրակից Հայաստանի ու Սփյուռքի զորակցության կարիքը: Ապրիլի 5-ին, երբ Ազատության հրապարակում մեկնարկել էր ընդդիմության հանրահավաքը, Արցախի Ազգային ժողովն ընդունեց հայտարարություն, որով կոչ էր անում «համահայկական մակարդակով ձեւավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ»։

Պատահակա՞ն էր արդյոք Արցախին առնչվող այդ երկու համաժամանակյա միջոցառումների զուգադիպումը, թե եղել է ներքին պայմանավորվածություն՝ էական չէ, բայց արդյունավետ է նրանով, որ Երեւանում հանրահավաքի անցկացումը եւ Ստեփանակերտում Ազգային ժողովի հայտարարության ընդունումը դարձան յուրովի փոխկանչ, միմյանց նշանակությունը կարեւորող գործոններ: Արցախահայությունը հասկացավ, որ, չնայած ՀՀ իշխանությունների չկամությանը, ժողովուրդը կանգնած է թիկունքին եւ իրեն մենակ չի թողնի: Իր հերթին՝ թշնամին, որ 44-օրյա պատերազմից հետո մեկուկես տարի ջանքեր չի խնայում երկրամասը հայաթափելու համար, հասկացավ, որ դա իրեն չի հաջողելու, եւ Արցախը ոսկորի պես մնալու է բկին։

Հանրահավաքը եւս մեկ կարեւոր զուգադիպում ունեցավ. այն նախորդում էր Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումների նախօրյակին: Այդ առիթով իշխանական որոշ շրջանակներ անգամ նեղսրտեցին, թե ընդդիմության ձեռնարկը հակահայկական, հակապետական քայլ է: Իրականում ճիշտ հակառակն էր՝ ընդդիմությունը ժողովրդի անունից յուրօրինակ ուղերձ էր փոխանցում, որպեսզի Բրյուսելում հայկական կողմն ավելի ինքնավստահ զգա իրեն եւ բանակցություններում կարողանա հանդես գալ ավելի կոշտ դիրքերից: Փորձառու քաղաքագետներն ընդդիմության այդ քայլը գնահատում են որպես «պատասխանատու պետական գիտակցված որոշում»:

Ընդդիմությունը հավաստիացնում է, որ իր պայքարն արժանապատիվ խաղաղության, Արցախի ու Հայաստանի վաղվա օրվա, ժողովրդի կենսական շահերի պաշտպանության համար է: Եվ այդ պայքարը, ինչպես նշվեց մարտի 5-ի հավաքում, մարտավարության նոր սկիզբ է նշանավորելու իր շարունակության մեջ՝ շեշտը դնելով թմբիրից ժողովրդին սթափեցնելու, նրան հաջողության ու հաղթանակի հույս ներշնչելու առումով: Հանրահավաքից փոխանցված որոշ դրական ազդակներ, ինչպես նաեւ բուն միջոցառման ակնհայտ բազմամարդությունը հիմք են տալիս՝ չբացառելու, որ ընդդիմությունը ամենամոտ ժամանակներս կունենա ազդեցության բավականաչափ ռեսուրսներ:

Որո՞նք են այդ ազդակները. ա/ հարյուրավոր ցուցարարներ ինքնաբուխ հրապարակ էին բերել իրենց դիրքորոշումը կամ պահանջը արտացոլող պաստառներ: Այսինքն՝ քաղաքացին գալիս է հրապարակ իր հստակ ասելիքով, ինչը նրա մեջ սոցիալական պատվերի ձեւավորման առաջին սաղմերն են; բ/ առաջին անգամ հարթակից չհնչեց վարչապետի եւ նրա վարչախմբի հեռացման պահանջ: Արցախի զորակցության հենքին ձեւակերպվեց գոյութենական, անվտանգային, պաշտպանական խնդիրների վերաբերյալ լուրջ, բովանդակալից օրակարգ; գ/ ընդդիմադիր ուժերը, ի մասնավորի՝ խորհրդարանական զույգ խմբակցությունները հանրային աջակցության մեծ չափաբաժին ստացան, որը պահպանելու դեպքում կվերածվի վստահության հուսալի ռեսուրսի; դ/ միջազգային հանրությունը, մեր թշնամիներն ու դաշնակիցները տեսան, որ ՀՀ-ն չի հանձնվել: ՀՀ-ն գործոն է, եւ որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չէ:

Սայթաքումնե՞ր… իհարկե՝ կային: Օրինակ՝ քաղաքական պայքարի աղքատիկ զինանոցը, որտեղ հանրահավաքային բաղադիչից ու մարզային այցերից զատ, այլ միջոցներ գրեթե չկան: Երկրորդ՝ տեղերում ընդդիմադիր ակտիվիստների անբավարար ներգրավումը կամավորական խմբերում, եւ մարզային բջիջների ձեւավորման բարձիթողի վիճակը: Եվ ամենակարեւորը՝ երկիրը ծանր վիճակից դուրս բերելու եւ կուտակված հիմնախնդիրները, որոնք շատ խնամքով, կետ առ կետ շարադրված էին հանրահավաքի եզրափակիչ հայտարարության մեջ, լուծելու հստակ ծրագրի ու ճանապարհային քարտեզի բացակայությունը:

Ծրագրի առկայությունը շատ կարեւոր է: Անծրագիր գործողություններ ծավալել՝ նշանակում է անառագաստ նավով մտնել ծով:

 

Ապրիլի 6-ին Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջեւ եռակողմ հանդիպումը: Եռակողմ հանդիպմանը նախորդել էր Փաշինյանի առանձնազրույցը Միշելի հետ, որի ընթացքում Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Հայաստանի վարչապետը եւ Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ: Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:

 

Մեկնաբանությունը

Ինչպես արդեն հաղորդվել է, ԵԽ նախագահն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի շուրջ քննարկումները շարունակելու եւ երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունները զարգացնելու նպատակով։ «Նախագահ Միշելը վերահաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ գործակցությունը խորացնելու ԵՄ-ի հանձնառությունը՝ լարվածությունը հաղթահարելու եւ անվտանգ, կայուն, խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի առաջընթացի համար, ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց»,- ասված է ԵԽ տարածած հայտարարության մեջ:

Կողմերը, ըստ պաշտոնական հաղորդման, ամփոփել են 2021թ. դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից եւ 2022թ. փետրվարին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ իրենց տեսակոնֆերանսից հետո տեղի ունեցած զարգացումները: Փաստվել է, որ առաջընթաց կա ստանձնած պարտավորությունների կատարման հարցում, իսկ Արցախում լարված իրադրության հենքին կարեւորվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին «լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը»։

Մեր կողմից հավելենք, որ վկայաբերված հայտարարությունից անցել է մեկուկես տարի, խնդիրը բազմիցս արծարծվել է թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, սակայն Ադրբեջանի նախահարձակ պահվածքին համարժեք գնահատական չի տրվել: Փաստաթղթի որոշ դրույթներ մինչեւ օրս մնում են չիրագործված. օրինակ՝ Բաքվում պահվող հայ գերիները եւ քաղաքացիական անձինք՝ 38 հոգի, ցայսօր չեն հայրենադարձվել: Հաջորդը՝ հայտարարության մեջ հստակորեն ամրագրված դրույթը, համաձայն որի՝ նոյեմբերի 9-ի դրությամբ զորքերը պետք է մնային իրենց զբաղեցրած դիրքերում, կոպտորեն ոտնահարվել է: Անգամ հաստատված հրադադարից հետո ադրբեջանական զորքը շարունակաբար ներթափանցում է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի տարածքներ՝ ամրանալով իր համար շահեկան դիրքերում: Բայց այդ ամենի մասին միջազգային հանրությունը նախընտրում է չխոսել:

Շառլ Միշելի խոսքով՝ Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նախորդ տարվա դեկտեմբերյան հանդիպումից հետո «մեծ առաջընթաց» է գրանցվել, իսկ ներկայիս հանդիպումը, նրա գնահատմամբ՝ «շատ արդյունավետ» է: «Մենք հիանալի, արդյունավետ հանդիպում ունեցանք: Միասին որոշեցինք հնարավոր խաղաղ համաձայնագրի համար անհրաժեշտ բոլոր տարրերի նախապատրաստման գործընթաց սկսել»,- ասել է նա՝ հայտնելով, որ համաձայնեցվել է նաեւ հայ-ադրբեջանական սահմանագծման հարցերով աշխատանքային խումբը: ԵԽ նախագահը հավելել է, որ եւ՛ Ալիեւը, եւ՛ Փաշինյանը ցանկանում են «արագ տեմպերով շարժվել դեպի իրենց երկրների միջեւ խաղաղության համաձայնագիրը»։

Թե որքանով է տեղին եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի ոգեւորությունը՝ կերեւա մոտ ժամանակներս, սակայն մեզ համար գրեթե անկասկած է, որ «խաղաղության համաձայնագիր» կոչվածը, Ադրբեջանի հանրահայտ՝ հինգկետանոց սկզբունքների տրամաբանության ներքո, կարող է նոր գլխացավանք դառնալ Հայաստանի ու Արցախի համար (վերջինիս անունը ոչ մի անգամ չհիշատակվեց բանակցությունների ողջ ընթացքում): Խաղաղությունն, իհարկե, անանց արժեք է, երբ անխառն է եւ արժանապատիվ: Տվյալ դեպքում գործ ունենք ադրբեջանա-թուրքական պարզ շահարկումների, աներեւույթ որոգայթների հետ, որոնցից պետք է միայն զգուշանալ: Թե՛ խաղաղության, թե՛ սահմանանշման-սահմանազատման օրակարգի իրականացման ընթացքում Ադրբեջանն ակներեւաբար առաջնորդվելու է սեփական նախագծով, ընդ որում՝ պատերազմում հաղթածի իրեն հատուկ լպիրշությամբ:

Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները Բրյուսելում պայմանավորվել են իրենց երկրների ԱԳ նախարարներին հանձնարարել՝ մինչեւ ապրիլի վերջը սկսել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Կողմերը չեն հստակեցրել՝ արդյո՞ք Բաքուն ընդունել է խաղաղության համաձայնագրի իր հինգկետանոց առաջարկներին պաշտոնական Երեւանի լրացումները՝ Ղարաբաղի ապագա կարգավիճակի հստակեցման վերաբերյալ։ Նախագահ Միշելը միայն ասել է, որ այդ գործընթացում «շոշափվելու են խաղաղության համաձայնագրին առնչվող բոլոր կարեւոր բաղադրիչները», բայց մանրամասներ չի նշել։ Ինքը՝ Ադրբեջանը, մինչեւ հիմա չի արձագանքել խաղաղության նախապայման հիշեցնող կետերի վերաբերյալ ՀՀ-ի պատասխանին:

Բաքվի կողմից Հայաստանի պատասխանը «չնկատելու» մոտեցումը, Փառուխում տեղի ունեցածը եւ, այնուհետեւ, բանակցություններում Արցախի խնդրի չարծարծումը պերճախոս վկայությունն են այն բանի, որ խաղաղության օրակարգը Ադբեջանին ամենաքիչն է հետաքրքրում: Ավելին՝ օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմի պատեհությունից, Ադրբեջանը ցանկանում է է՛լ ավելի լարել իրավիճակը՝ հասնելու համար իր վերջնական նպատակին, որը Արցախի հայաթափումն է: Մարտի 8-ին Արցախ մտնող գազատարի պայթեցումը, Քարագլխի դեպքերը, բարձրախոսով Փառուխ եւ Խրամորթ համայնքների բնակիչներին հոգեբանական ահաբեկման ենթարկելու փորձերը ասվածի լավագույն հաստատումն են:

Բրյուսելյան հանդիպումները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ միջազգային հանրությունը թյուր պատկերացում ունի հակամարտության կողմերի իրական նպատակների ու պատկերացումների մասին: Արեւմուտքը միշտ երկակի չափորոշիչների եւ համահարթեցման քաղաքականություն է վարում երկրների հետ իր հարաբերություններում, մինչդեռ տվյալ դեպքում չպետք է անտեսվեր այն պարզ հանգամանքը, որ խաղաղություն եզրի ընկալումները Հայաստանում եւ Ադրբեջանում տարբեր են եւ, դրանով պայմանավորված, շատ կարեւոր է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական գնահատականը։

Իսկ ինչպիսի՞ն էր Բրյուսելում նախատեսված բանակցությունների վերաբերյալ իշխանական շրջանակների գնահատականը: «Իհարկե, այն ֆոնը, որը նախորդում է այս հանդիպմանը, մեղմ ասած, լավագույնը չէ եւ, բնականաբար, հանդիպման ընթացքում պետք է շատ ցավոտ ու սուր հարցեր դրվեն սեղանին, եւ կողմերը փորձեն այդ սուր կետերը հարթել ու առաջ շարժվել, որը հեշտ չի լինելու, բայց սա է ակնկալիքը»,- վարչապետի այցից 1-2 օր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Սա բավական թափանցիկ ակնարկ է առ այն, որ պատրաստ եղեք նոր սուր ու ցավոտ զիջումների եւ առանձնապես սպասելիքներ չունենաք Բրյուսելում կայանալիք հանդիպումներից, ինչը եւ ապրիլի 7-ին արդեն ակնհայտ էր: Ադրբեջանին դարձյալ հաջողվեց թելադրել իր օրակարգը, իսկ Նիկոլի շերեփը դարձյալ «թղթե» դուրս եկավ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւորագույն իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ապրիլի 7-ին ՀՀ-ում նշվեց Մայրության եւ գեղեցկության տոնը: Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի եւ Մայրության ու գեղեցկության օրվա առիթով Ամենայն Հայոց հայրապետը մաղթել է, «որ Փրկիչ մեր Տերը շնորհազարդի բոլոր ընտանիքներին՝ մանկանց քաղցր ճիչով ու երջանկությամբ լցնելու իրենց հարկերը եւ բարօրության մեջ, ուրախ սրտով կրթելու եւ մեծացնելու ազգի ու մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակներ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 6-ին շնորհավորական ուղերձներ են հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակի առիթով։ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին։ Ավելի վաղ՝ ապրիլի 3-ին, ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ միմյանց շնորհավորական ուղերձներ էին հղել երկու երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 3-ին իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում երկուստեք կարեւորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում թե՛ Արցախի ու ՀՀ իշխանություններից եւ թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն ու գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու, Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի եւս չբարդացնելու նպատակով:

Կրեմլը դրական է գնահատում խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու՝ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների՝ Բրյուսելում կայացրած որոշումը։ Այդ մասին ապրիլի 7-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դրական է։ Հասկանալի է, որ սա շատ եւ շատ երկարատեւ գործընթաց է, սակայն նման փաստաթղթի կնքման ուղղությամբ առաջընթացն ինքնին դրական փաստ է եւ ողջունելի է»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։

Խոշոր չափերով կաշառք ստանալու եւ դրան օժանադակելու կասկածանքով ապրիլի 7-ին ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ի տնօրենը, նույն կառույցի երկու աշխատակիցների օժանդակությամբ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության, քաղաքի գերեզմանատանը մի խումբ անձանց նախընտրած վայրերում տարածքներ տրամադրելու համար 2021թ. հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանցից պահանջել եւ ստացել է խոշոր չափերով կաշառք: Տնօրենին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Նախաքննությունը շարունակվում է:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: