Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Ընթացիկ շաբաթն ամենալարվածներից էր, այն կարելի է բնութագրել հետեւյալ կերպ. թշնամին նեղում է դրսից, ՔՊ-ական իշխանությունը՝ ներսից: Երկուսի արանքում մի ողջ ժողովուրդ է տվայտում՝ խեղճ ու անօգ: Սկսենք, թերեւս, արտաքին ճնշումներից: Այսպես՝ նախորդ շաբաթավերջին, մարտի 30-ի լույս 31-ի գիշերը, ադրբեջանական զինուժը Կոռնիձոր-Տեղ սահմանագծի երկայնքով՝ հինգ ուղղությամբ անարգել ներթափանցել է ՀՀ ինքնիշխան տարածք եւ, ըստ ԱԱԾ-ի, տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, թեեւ անկախ աղբյուրները մինչեւ 1-1,5 կիլոմետր, առանձին հատվածներում՝ դրանից էլ մեծ ներթափանցման խորություն են մատնանշում:
ԱԱԾ-ն խոսում է 2022թ. օգոստոսին ձեռք բերված ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին, որոնք Ադրբեջանը խախտել է, նոր երթուղիների, սահմանային ճշգրտումների, քարտեզների եւ տվյալ իրավիճակում անկարեւոր էլի շատ բաների մասին, սակայն փաստն այն է, որ թշնամին հայկական նոր տարածքներ է զավթել՝ առանց որեւիցե դիմադրության հանդիպելու: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վստահեցմամբ՝ հայկական դիրքերի ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան-Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել: ԱԱԾ-ն էլ արձանագրում է, թե հայկական կողմը իրավիճակին մոտենում է «էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»: Փույթ չէ, հա՞, որ նման տրամաբանությունը թուրքին կարող է Երեւան հասցնել:
ԱԱ ծառայությունը միաժամանակ պնդում է, որ խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել: Ապշել կարելի է: Ավելի վատ մեր ռազմաքաղաքական ղեկավարության համար, որ դիրքեր չենք ունեցել: Եվ երկրորդ՝ եթե ՀՀ բանակն այդ հատվածում դիրքեր չի ունեցել, ինչո՞ւ է Փաշինյանն ասում, թե հայկական դիրքերի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Չեղած դիրքերի փոփոխությունս ո՞րն է: Սա էլ մանիպուլյացիայի նոր տարատեսակ է: Բայց ԱԱԾ-ն շարունակում է՝ ՀՀ բանակն այդտեղ դիրքեր չի ունեցել, «որովհետեւ դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա»: Ինքներդ դատեցեք: Հետո էլ զարմանում ենք, թե ինչպես եղավ, որ մեր երկիրը դարձավ թշնամու ոտքի կոխան:
Շատ փորձագետներ վտանգավոր են համարում Սյունիքում թշնամու տեղակայումների վերաբերյալ ԱԱԾ-ի հայտարարությունը, համաձայն որի՝ «որոշ տեղերում ադրբեջանական կողմը՝ չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացնել ինժեներական աշխատանքներ»: Ռազմական փորձագետ, «ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիրգան Աբրահամյանն իրավացիորեն հարցնում է. «Իսկ ո՞ւր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով՝ դիրքավորվում էր»: Ադրբեջանը փաստաթղթերով ստանձնած պարտավորություններն անգամ չի կատարում, ուր մնաց բանավոր պայմանավորվածները կատարի… սա անլրջության բարձրագույն մակարդակն է:
Այսօր ադրբեջանական զինուժը ազատ ելումուտ է անում մեր սահմաններից ներս, իր վերահսկողության տակ վերցնում բոլոր շահեկան բարձունքները, հիմնական եւ օժանդակ ճանապարհները, ջրերի ակունքները: Տեղ գյուղում թշնամին տեխնիկան բերած՝ խրամատ է փորում ուղիղ գյուղացու ցանած արտի մեջտեղում: Ազերի թուրքը թքած ունի, որ այնտեղ հացահատիկի ցանքս է արված, որ վաղը հաց ունենա: ՀՀ անկախությունից ի վեր այսպիսի բարձիթողի վիճակ երբեք չի եղել: Ի վերջո, կողմնորոշվել է պետք՝ մենք պետությո՞ւն ենք, թե՞ բալագան: Այս խելքով հեռու չենք գնա:
Վերը նկարագրվածը արտաքին մարտահրավերների նվազագույնն էր: Հիմա գանք ներքին մարտահրավերներին, որոնց պակաս հաշվետու շաբաթվա ընթացքում չզգացվեց: Ամենաուշագրավ զարգացումներն ԱԺ նախագահի անվան ու վարքագծի հետ են կապված: Ապրիլի 2-ին Կասկադում հայրենադարձ մի երիտասարդ՝ Կարեն Մկրտչյան անունով, ԱԺ խոսնակին դավաճան է կոչել: Թիկնապահները Ալենի հրամանով բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ Սիմոնյանը հայհոյել եւ թքել է նրա դեմքին: Այնուհետեւ ոստիկանները բաժին են տարել Կարեն Մկրտչյանին, որտեղ ինքնությունը պարզելուց հետո բաց են թողել, քանզի որեւէ վատ բան նա չի արել: Ասում են՝ որքան մարդ՝ այդքան կարծիք: Տվյալ դեպքում միայն մասնագիտական գնահատականն է արժանահավատը:
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ հասարակական վայրում ուրիշի դեմքին թքելը խուլիգանության դասագրքային օրինակ է, որի մասին իրավաբանականի՝ անգամ առաջին կուրսի ուսանողը գիտի: Բայց տարօրինակը, ըստ փաստաբանի, այն է, որ ոստիկանություն է տարվել ոչ թե Ալեն Սիմոնյանը, այլ այդ երիտասարդը: Փաստաբանը վկայաբերում է ՔՕ-ի 297 հոդվածը, որում ասված է. «Խուլիգանությունը՝ հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի հանդեպ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսեւորվել է անձին ստորացնելով (...)»: Մեր կողմից հավելենք, որ տեղի ունեցածը ազատ խոսքը, կամարտահայտությունը ճնշելու արարք է, որը հարիր չէ «ժողովրդավարության բաստիոնին»:
Թեմային հանգամանորեն անդրադարձել է Առաջին նախագահը՝ միջադեպը որակելով ազգային խայտառակություն: Ըստ Լեւոն ՏերՊետրոսյանի՝ «դավաճան» բառը կենցաղային հայհոյանք կամ անձնական վիրավորանք չէ, այլ՝ քաղաքական գնահատական, որին պետք է հակադարձել ոչ թե գռեհիկ խոսքով կամ թքով, այլ կոռեկտ ու հիմնավոր պատասխանով: «Ես ամենեւին չեմ չափազանցում, նրա արարքը մեր պետականության վարկին հասցված ամենամեծ վնասն է, ինչը հնարավոր է վերացնել միայն վերջինիս պաշտոնազրկման գնով։ Սա է միջազգային հանրության առջեւ մեր ժողովրդի պատիվը վերականգնելու միակ ելքը»,- գրել է Տեր-Պետրոսյանը:
Հոգեբանական առանձին քննարկման նյութ է խորհրդարանի խոսնակի դյուրագրգիռ արձագանքը «դավաճան» պիտակին: Այդ բառից նրա հիստերիկ բռնկումը միայն մի բանի մասին կարող է վկայել՝ այդ մարդն իր ենթագիտակցության թաքուն մի անկյունում ունի այդ զգացողությունը՝ դավաճանական ինչ-որ գործի մեջ սեփական ներկայության ընկալումը: Օրինակ՝ եթե մեկը ձեզ անվանի դավաճան, դուք հաստատ նրա դեմքին չեք թքի, որովհետեւ իրականում դուք դավաճան չեք: Ամենաշատը՝ կպահանջեք ասել, թե ինչու է նման բան մտածում ձեր մասին կամ, պարզապես, քմծիծաղի կտաք ու կանցնեք: Ալեն Սիմոնյանը ոչ մեկն արեց, ոչ՝ մյուսը, նա հունից դուրս եկավ: Ուրեմն…
Բազմաչարչար հայ հասարակությունը օրենքի ու արդարադատության ընտրողաբար կիրառման եւս մեկ դեպքի մասին տեղեկացավ մարտի 31-ին: Այդ օրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր գրանցվել հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի միջեւ: Վերջինս հարվածել էր Վլադիմիրի դեմքին եւ հեռացել դահլիճից: Ականատեսների վկայությամբ՝ միջադեպից շատ չանցած, Ազգային ժողով են ներխուժել ոստիկաններ եւ անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկել ընդդիմադիր պատգամավորին, որին իշխանությունը՝ վիճաբանության հանգամանքները տակավին չպարզած, աճապարել էր մեղավոր նշանակել:
«Անդաստիարակ, լկտի խուլիգանություն, որը պետք է հետեւանք ունենա»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում շտապ գրառում էր կատարել ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Սա այն Ալեքսանյանն է, որը 2021թ. օգոստոսին ԱԺ դահլիճում հարձակվել էր ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանի վրա եւ քացով հարվածել նրան: Բայց ո՛չ ինքը, ո՛չ էլ իր հետ միասին մեկ հոգու վրա հարձակված որեւէ իշխանական պատգամավոր բերման չէին ենթարկվել: Ընդդիմադիր պատգամավորի դեպքում ոչ միայն ձերբակալեցին նրան, այլեւ բաց խոսում են գլխավոր դատախազին ԱԺ հրավիրելու մասին՝ Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:
Այնինչ ձերբակալված պատգամավորի փաստաբան Ռուբեն Մելիքյանը պնդում է, որ ստեղծված իրավիճակում Մհերը միայն ինքնապաշտպանվել է: Որոշ մանրամասներ է ԶԼՄ-ների հետ զրույցում փոխանցել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ միջադեպն իրականում հրահրվել է Վարդանյանի կողմից: Նրա խոսքով՝ երկու պատգամավորի միջեւ տեղի ունեցածից հետո իրավիճակը գրեթե հարթվել էր. «Մենք արդեն ոստիկանության հետ պայմանավորվել էինք, որ Մհեր Սահակյանն ինքնակամ կգնա Արաբկիրի ոստիկանության բաժին։ Բայց այդ պահին ներս մտավ Ալեն Սիմոնյանը եւ իմ աշխատասենյակում ու ԱԺ միջանցքներում, կարելի է ասել, իր գործողություններով ներքին խառնաշփոթ ստեղծեց»,- նշել է Օհանյանը:
«Հայաստան» խմբակցությունում համոզված են, որ Պետաիրավական հանձնաժողովի նիստում հարձակում՝ որպես այդպիսին, չի եղել: Տեղի ունեցածը, ըստ ընդդիմադիրների, կազմակերպված սադրանք էր, ինչպիսին 8-րդ գումարման ԱԺ-ում բազմիցս գործադրվել է իշխանական պատգամավորների կողմից: Նման սադրանքների նպատակը,- եւ դրա հետ համակարծիք են մեծ թվով հասարակական-քաղաքական գործիչներ,- Սյունիքում թշնամու առաջխաղացումից հանրության ուշադրությունը շեղելն է: Սա մեծ փորձություններ անցած հնարք է, որը լիովին տեղավորվում է այս իշխանությունների տրամաբանության ծիրում:
Այդ տեսակետից հատկանշական է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի արտահերթ նիստը, որտեղ քննարկման էր դրված ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ՄԻՊ պաշտոնում առաջադրված՝ Էդգար Ղազարյանի թեկնածության հարցը: Նիստում տեղի ունեցածն ամենալավը բնորոշել է հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ «պատմական խայտառակություն»: Նրա դիտարկմամբ՝ ՔՊ-ական պատգամավորները ոտնահարեցին ընդդիմադիր թեկնածուի իրավունքները, խախտեցին ԱԺ պատգամավորի վարքականոնի բոլոր նորմերը եւ սահմանափակեցին խոսքի ազատությունը: «Մենք գործ ունեինք փողոցային վարքագծի դրսեւորման հետ»,- ընդգծել է Թովմասյանը:
Օրվա մամուլի փոխանցմամբ՝ ընդդիմադիր թեկնածուի հարցի քննարկումն անցել է խիստ լարված մթնոլորտում, որի հեղինակները ՔՊ-ական պատգամավորներն էին, հատկապես՝ Արթուր Հովհաննիսյանը: Շատերը նրան գիտեն, նախկինում լրագրող էր, քննադատում էր ժամանակի իշխանությունների «արատավոր բարքերը» եւ այլն: 2017-ին էլ հայտնի դարձավ, որ խնդիր ունի իրավապահ համակարգի հետ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված կասկածանքով: Նրա դեմ նույնիսկ քրգործ էր հարուցվել, որը հետագայում կարճվեց, իսկ մեկ տարի անց Արթուրը դարձավ «թավշյա հեղափոխության» առաջնորդի «սրտի» պատգամավորը:
Ապրիլի 4-ի նիստին Հովհաննիսյանը հատուկ ուղարկվել էր սադրանքներ հրահրելու միջոցով ընդդիմադիր գործչի առաջադրումը տապալելու հրահանգով: Դրանով կարելի է բացատրել նիստի ժամանակ նրա՝ առերեւույթ դրսեւորած խուլիգանական պահվածքն ու սպառալիքները: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի դրվագ է ներկայացրել ազգի ընտրյալ կոչեցյալի բառապաշարից: Ահավասիկ. «Դուք ինձ լավ անելուց չեք տեսել», «Սրան ռադ արեք, թող գնա ստեղից», «Համը չհանես, խելոք նստի, ելույթդ կարդա», «Լեզուն կկտրեմ, ով կհամարձակվի անվանարկել մեր ժողովրդին» եւ այդպես շարունակ ողջ նիստի ընթացքում:
«Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, եւ նա պետք է պատժվի: Այն սպառնալիքները, որոնք նա անթաքույց հնչեցնում էր պատգամավորների ներկայությամբ թեկնածուի հասցեին, այդ թվում՝ իմ հասցեին, նա պետք է պատժվի»,- նիստի ավարտին ասաց Թագուհի Թովմասյանը: Հաստա՛տ կպատժվի, բայց ոչ այս իշխանությունների օրոք:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
ԱՄՆ Պնախարարության կայքում խմբագրվել է «Defender 23» զորավարժության մասին հոդվածը, եւ Հայաստանը հանվել է մասնակիցների ցանկից։ Երեւանն ավելի վաղ չէր մեկնաբանել Միացյալ Նահանգների կազմակերպած զորավարժություններին մասնակցության մասին Պենտագոնի հաղորդումը, եւ հիմա էլ որեւէ արձագանք հայկական կողմից չկա։ Զորավարժություններն անցկացվելու են ապրիլի 22-ից եվրոպական 10 երկրում։ Պենտագոնի կազմակերպած «Defender 23» զորավարժություններն անցկացվում են 2021 թվականից, հետխորհրդային երկրներից այս տարի դրանց ներգրավված են միայն Վրաստանը եւ Մոլդովան։
«Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երեւանից»,- ապրիլի 5-ին լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, իրենք կկարողանան վերադառնալ բովանդակային աշխատանքին՝ «համախմբելու ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության կոնկրետ եղանակները, ուստի գնդակը Երեւանի կողմն է»։ Զախարովան հավելել է նաեւ, որ Ռուսաստանին գոհացնում է կազմակերպության ներկայացուցիչներին ընդունելու՝ Երեւանի շարունակական հետաքրքրությունը:
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ մարտի 25-ի գործողության արդյունքում վերահսկողություն է հաստատել Շուշիի շրջանի երկու նախկին ադրբեջանաբնակ գյուղերի հանդեպ։ «Այդ գործողության արդյունքում Շուշիի շրջանի Ալահգուլուլար եւ Զամանփեյեսի գյուղերը, ինչպես նաեւ հարակից բարձունքներն ու տարածքները այժմ Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ են»,- հայտնում է АPA գործակալությունը։ Լրատվամիջոցը նաեւ երկու կարճ տեսանյութ է տարածել, որոնցում երեւում են գյուղերի մի շարք տների մնացորդները։ Այդ բնակավայրերը հայկական ուժերի վերահսկողության տակ էին անցել 1992-ին: Ասել է թե՝ նախկինների ազատագրած տարածքները ներկաները մանրից հանձնում են:
Ռուսական խաղաղապահ առաքելությունը ապրիլի 1-ին կրկին հաղորդել է ԼՂ-ում հրադադարի խախտման մասին՝ այս անգամ Շուշիի շրջանում։ Ամենօրյա ամփոփագրում ասված է, որ փաստի առթիվ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է անցկացնում։ ՌԴ ՊՆ-ն, սակայն, չի նշում, թե որ կողմն է խախտել հրադադարը։ Նախորդ օրերին եւս խաղաղապահները հրադադարի խախտումներ էին արձանագրել։ Ադրբեջանական կողմի արձակած կրակոցների մասին հայտնել է նաեւ Արցախի ՊՆ-ն:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն ապրիլի 4-ին հավանություն է տվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իշխող ՔՊ-ի ներկայացրած թեկնածուին՝ Անահիտ Մանասյանին։ Նրա օգտին քվեարկել են միայն ՔՊ-ական պատգամավորները։ Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էդգար Ղազարյանի օգտին կողմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածության հարցն արդեն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: