Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

Ապրիլի 14-21

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Աշխատանքային շաբաթը մեկնարկեց «Քաղպայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագրի հրապարակմամբ: Ըստ այդմ, երկուշաբթի առավոտյան ժամը 8։15 րոպեից նախատեսված էին զանգվածային քաղաքացիական անհնազանդության գործողություններ: «Այդ գործողությունները պետք է անեք դուք, սիրելի հայրենակիցներ. դուք ձեր մասով, ես՝ իմ, դրանք որեւէ մեկին վտանգի եւ ռիսկի տակ չեն դնում»,- նախօրեին հայտարարել էր Փաշինյանը` կոչ անելով ակցիան սկսել Երեւանի ծայրամասերը կենտրոնին կապող հիմնական երակները` Դավթաշենի, Հաղթանակի, Կիեւյան կամուրջները արգելափակելուց։ Համաձայն ծրագրի` այդ օրը դադարեցվում է տրանսպորտի բոլոր տեսակների երթեւեկությունը, հայտարարվում են գործադուլ եւ դասադուլ, ժողովուրդը հավաքվում է Ազգային ժողովի մերձակայքում` թույլ չտալու Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում:

Նախ` հանրահավաքային շաբաթվա հակիրճ նկարագրությունը: Ինչպես հայտնի է, խաղաղ անհնազանդության գործողությունների ծրագրին նախորդել էին Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» նախաձեռնության 14-օրյա քայլարշավը հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում, ինչպես նաեւ ապրիլի 13-ից Երեւանի հրապարակներում անցկացված շուրջօրյա հանրահավաքներն ու երթերը: Նույն օրը «Իմ քայլին» միացել են «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը եւ «Հանուն Հայաստան պետության» ճակատը: Ցուցարարները տեղափոխվել էին Ֆրանսիայի հրապարակ՝ կաթվածահար անելով երթեւեկությունը Մաշտոց-Սայաթ Նովա-Բաղրամյան փողոցների հատման վայրում: Այնուհետեւ նրանք հայտարարել են, որ գիշերելու են Ֆրանսիայի հրապարակում։ Իրավապահներն արգելափակոցներ են տեղադրել Բաղրամյան պողոտայի՝ դեպի Ազգային ժողովի շենք տանող հատվածի սկզբնամասում: Հաջորդ առավոտյան մի խումբ ակտիվիստներ 10-15 րոպեով խաթարել են երթեւեկությունը մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» եւ «Երիտասարդական» կայարաններում, արգելափակել մայրաքաղաքի մի քանի կենտրոնական փողոցներ: ՀՀ ոստիկանությունն այդ առնչությամբ կոչ արեց Ն.Փաշինյանին` «զերծ մնալ իրավախախտումներ պարունակող գործողություններից, չվտանգել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»: Չուշացավ նաեւ իրավապահների գործնական հակազդեցությունը: Օրբելի-Բաղրամյան փողոցների խաչմերուկից ոստիկանները բերման ենթարկեցին ակտիվիստների առաջին խմբերին, ովքեր` նստելով գետնին, փակել էին փողոցները: Իսկ թվաքանակով օր օրի շատացող ցուցարարները շարունակում էին խաղաղ անհնազանդության ծրագրով նախանշված գործողությունները` տրանսպորտի երթեւեկության խաթարումներից մինչեւ ուսումնական հաստատությունների, գերատեսչությունների, պետական հիմնարկների մուտքերի արգելափակում` հնչեցնելով դասադուլի ու գործադուլի, ինչպես նաեւ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին», «Միացում», «Մենք ենք տերը մեր երկրի» եւ այլ կոչեր։ Ոստիկանությունը հարկ համարեց եւս մեկ անգամ նախազգուշացրել, որ «նման քայլերը կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության եւ գույքի դեմ»: Ցուցարարների ստվարացող շարքերի ակտիվությունն աճեց հատկապես ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ընտրության նախօրյակին եւ բուն ընտրության օրը: Ապրիլի 16-ին հավաքվածները, որոնց մեծամասնությունը երիտասարդներ էին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի գլխավորությամբ Երեւանի Ֆրանսիայի հրապարակից Բաղրամյան պողոտայով ուղղվեցին դեպի խորհրդարանի շենք, եւ ԱԺ-ի մատույցներում տեղի ունեցավ ընդհարում ոստիկանների ու ցուցարարների միջեւ: Վերջիններիս հաջողվեց ճեղքել ոստիկանական առաջին արգելափակոցը, որի ընթացքում տեղի ունեցավ քաշքշոց, եւ ոստիկանները ստիպված եղան փշալարերով փակել նրանց ճանապարհը դեպի Ազգային ժողով: Իրավապահներն օգտագործեցին նաեւ հատուկ միջոցներ, այդ թվում` բավական վտանգավոր լուսաձայնային նռնակներ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան եւ հիվանդանոցներ տեղափոխվեցին 5 տասնյակի չափ ցուցարարներ, որոնց մեջ էին նաեւ Նիկոլ Փաշինյանն ու երեք ոստիկան: «Նաիրի» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո Փաշինյանը վիրակապերով վերադարձավ ցուցարարների մոտ: Նա վնասվածքներ էր ստացել փշալարերից, եւ ձեռքերին խորը կտրվածքներ էին առաջացել: Բաղրամյան պողոտայում գործընկերոջը դիմավորեցին «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն ու «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որոնք ավելի վաղ անհամաձայնություն էին հայտնել Փաշինյանի ճանապարհային քարտեզին։

Ապրիլի 17-18-ին եւ հետագա բոլոր օրերին հանրահավաքի մասնակիցները շարունակում էին քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությունները` կենտրոնական փողոցների արգելափակում, գերատեսչությունների, պետական հաստատությունների մուտքերը շրջափակելու միջոցով դրանց գործունեության կաթվածահարում, գործադուլի ու դասադուլի կոչերի հնչեցում եւ այլն: Իսկ երեկոները ժամը 7:00-ին` իբրեւ օրվա ամփոփում եւ հաջորդ օրվա անելիքների նախանշում, տեղի էին ունենում ավելի ու ավելի մարդահոծ հանրահավաքներ, որոնք ապրիլի 17-ից տեղափոխվել էին արդեն Հանրապետության հրապարակ: Ոստիկանությունն իր հերթին ապրիլի 17-ից` մասնավորապես ԱԺ-ում վարչապետի ընտրության հետ կապված, որոշակի խստություն մտցրեց աշխատանքում: Այդ օրը Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց ոստիկանության մեծաքանակ անձնակազմի կողմից հուսալիորեն պաշտպանվող եւ փշալարերով շրջապատված խորհրդարանի շենքում: Կարգուկանոնի մեր պահապանները սկսեցին նաեւ ժամանակ առ ժամանակ անհամաչափ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ` կամայականորեն բերման ենթարկելով հարյուրավոր քաղաքացիների: Վարչապետի ընտրության օրը ընդդիմության առաջնորդը հայտարարեց, որ մեկնարկում է ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխություն: Ուշագրավ հայտարարություն հնչեց նաեւ ապրիլի 18-ի հավաքի ժամանակ` առ այն, որ ընդդիմության սփյուռքահայ աջակիցներից մեկը 10 հազար դոլար պարգեւ է խոստացել այն ոստիկանին, ով առաջինը կանցնի Երեւանում պայքարի ելած ցուցարարների կողմը: Ամեն դեպքում պետք է ակնկալել, որ կողմերը կգործեն բացառապես օրենքի շրջանակներում, զերծ կմնան բռնություններից: Ցավոք, ոստիկանության կողմից նկատելի են սադրանքներ հրահրելու գործողություններ` բողոքի խաղաղ ցույցերը կոշտ միջոցներով ցրելու իրավական նախադրյալների ապահովման նկատառումով, ինչն անթույլատրելի է: Անկախ դեպքերի հետագա զարգացումներից եւ հաշվի առնելով տեղական ու միջազգային արձագանքները, կարելի է վստահ արձանագրել, որ շարժումը որոշակի հաջողության հասավ քաղաքացիների զարթոնքի նոր ալիք առաջացնելու, հասարակությանը դրական փոփոխությունների հույս ներշնչելու եւ իրեն արատավորած իշխանության հիմքերը լրջորեն սասանելու առումով:

 

Ապրիլի 17-ին Ազգային ժողովի հատուկ նիստում ձայների 76 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Ըստ ՀՀ նոր Սահմանադրության` վարչապետը գործադիր իշխանության փաստացի ղեկավարն է:

…ԱԺ նիստին հետեւած յուրաքանչյուր ոք, անշուշտ, նկատել է դահլիճում ներկա Սերժ Սարգսյանի խիստ ընկճվածությունը: Ինչպես կասեր տատս` աչքից արյուն էր կաթում: Թեկնածուի վատ տրամադրության պատճառը, պարզ է, անհանգստությունը չէր քիչ հետո տեղի ունենալիք քվեարկության համար, որովհետեւ ավելի քան վստահ էր, որ ցանկալի արդյունքը կապահովվի՝ ինչպես միշտ: Ինքը լավ է ճանաչում իր «հաճախորդներին»: Խոշոր հաշվով, սակայն, Սերժ Սարգսյանի այդ օրվա տխրությունը մեզ ամենաքիչն է հետաքրքրում: Ուզում ենք միայն հասկանալ, թե այդ «լուսավոր» օրով որտեղից էր հայտնվել այդ մութ թախիծը եւ ծվարել նրա աչքերին: Մի՞թե վարչապետի թեկնածուն ազդվել է ընդդիմադիր պատգամավորների բավական կոշտ, բայց իրավացի քննադատությունից, որոնք նրան մեղադրեցին մասնավորապես երկիրն ամայացնելու, ժողովրդին չքավորության դուռը հասցնելու եւ, հատկապես, նախագահական լիազորությունների երկրորդ ժամկետի ավարտից հետո այլեւս երբեք առաջին դեմքի կարգավիճակում չպաշտոնավարելու խոստումը դրժելու համար: Սա եւս հազիվ թե ընկճախտի պատճառ լիներ մի մարդու համար, ում տարիներ շարունակ «քլնգում» է ժողովրդի ճնշող մեծամասնությունը, եւ ինքը «քլնգոցի» նկատմամբ արդեն կայուն իմունիտետ է ձեռք բերել: Ամենահավանական տարբերակը, թերեւս, փողոցում տեղի ունեցող բողոքի բազմամարդ ակցիաներն էին: Հազարավոր երիտասարդների ոտքի հանած Նիկոլ Փաշինյանը նրան ստիպում է դարձյալ պաշտոնը ստանձնել փշալարերով շուրջկալված շենքի ներսում: Ապրիլի 19-ին ցուցարարները փորձեցին շրջափակել նաեւ կառավարության գլխավոր մասնաշենքը` խափանելու համար նոր պաշտոնում Սերժ Սարգսյանի վարած առաջին նիստը: Ավելին` ընդդիմադիր շարժման առաջնորդը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը «հայաստանցիներին պետք է նայի փշալարերի կամ ոստիկանական վահանների հետեւից»: Որքան էլ, ասենք, ինքը նման խոսքերին ուշադրություն չի դարձնում, նստվածքը, այնուամենայնիվ, մնում է: Եվ պատահական չէր, որ խորհրդարանի իր ամփոփիչ ելույթը Սերժ Սարգսյանն ավարտեց իր ներսում այդ «նստվածքի» առկայությունը մատնող հետեւյալ ֆրազայով. «Որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, Բարգավաճ Հայաստանում, որպեսզի ապրենք արդար Հայաստանում, օրենքի երկիր Հայաստանում, իրոք, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»: Պետության առաջին դեմքի բերանից հնչած ավելի պարզունակ դատողություն դժվար է պատկերացնել: Այդ մարդու մտածելակերպով՝ ժողովուրդը «հանգած հրաբուխ» է, իսկ իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիական ակտիվիստները՝ «բզբզողներ»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

 

«Թավշյա հեղափոխության» արձագանքները

Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերը լուսաբանել է BBC-ին: Նրա կովկասյան ծառայության թղթակիցը Երեւանից հաղորդել է, որ ցուցարարներն արգելափակել են մայրուղիներ եւ կաթվածահար արել երթեւեկությունը, ինչպես նաեւ շրջափակել կառավարական մի քանի շենքեր: «Շատ հայեր իրական փոփոխություններ են ցանկանում տեսնել իրենց երկրում, բայց զգում են, որ զրկված են այդ հնարավորությունից, քանի որ ղեկավարությունը մնում է նույնը»,- նկատում է թղթակցության հեղինակը:

Euronews-ն անդրադարձել է ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության դեպքերին: Euronews-ը հաղորդում է, որ «տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել մայրաքաղաք Երեւանում` Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելու դեմ: Ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ընդդիմադիր ակտիվիստների, որոնք Սարգսյանին մեղադրում են իշխանությունը զավթելու մեջ»:

Գերմանական Deutsche Welle-ն նույնպես ցուցարարների բողոքը պայմանավորում է Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը զավթելու իրողության հետ: Նշվում է, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանության հավերժացման միջոցը լայն կիրառություն ունի հետխորհրդային երկրներում: Պարբերականը մեջբերում է Կարնեգիի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալիին. «Ակնհայտ է, այս մեխանիզմը թույլ է տալիս Հայաստանի ներկայիս իշխանական ընտրախավին՝ մնալ իշխանության: Դա հետխորհրդային տարածքին բնորոշ մարտավարություն է, որտեղ ղեկավարները անվերապահորեն խաղում են Սահմանադրության հետ` իրենց իշխանությունը հավերժացնելու համար»:

Հայաստանյան իրադարձություններին արձագանքել է նաեւ Human Rights Watch-ը եւ կոչ արել իշխանություններին զերծ մնալ ուժի կիրառումից: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն ժողովրդի խաղաղ հավաքների իրավունքը: Ոստիկանության ցանկացած արձագանք պետք է լինի համաչափ եւ համապատասխանի ՄԱԿ-ի իրավարար համակարգի չափանիշներին: Երբեք ուշ չէ, որպեսզի Հայաստանի ոստիկանությունը ետ կանգնի անհամաչափ ուժի կիրառման իր տխրահռչակ փորձից»:

Միջազգային մամուլի տեղեկացմամբ՝ Երեւանյան զարգացումների առնչությամբ պաշտոնական հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետքարտուղարությունը. «Մեզ ոգեւորում է ցուցարարների մեծ մասի եւ ոստիկանության հարգալից ու պատասխանատու վարքի դրսեւորումը վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ երբեմն տեղի ունեցող բախումների առնչությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն եւ խուսափել որեւէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»,- ասված է հայտարարությունում:

Կողմերին զսպվածություն եւ պատասխանատվության կոչ են անում նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները՝ հայտարարելով. «Եվրոպական միությունը ուշադրությամբ հետեւում է Երեւանում եւ Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող զարգացումներին: Քաղաքացիներն ունեն խաղաղ հավաքների ազատության իրացման օրինական իրավունք: Պետական մարմինները պարտավորություն ունեն ապահովելու հանրային անվտանգությունն ու առողջությունը՝ օրենքի արդար ու համաչափ կիրառման միջոցով»:

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը Հայաստանի իշխանություններին հորդորել է պահպանել ապահովել երկրում խաղաղ հավաքների իրավունքը: Գիսլադոտիրը շեշտել է, որ իրավապահները ոչ միայն պետք է զերծ մնան խաղաղ հավաքների ազատությանը միջամտելուց, այլեւ պատասխանատու են այդ իրավունքի իրացմանն օժանդակելու հարցում: «Դրա մեջ է մտնում մասնակիցների անվտանգության ապահովումը ցանկացած խաթարումներից, ինչպես, օրինակ, սադրիչներից ու հակացուցարարներից»,- նշել է ԵԱՀԿ պաշտոնյան՝ երկխոսության կոչ անելով Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: