Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Ապրիլի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովին ներկայացրել է գործադիրի 2021թ. ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները: Նախօրեին նա խորհրդարանում ներկայացրել էր ՀՀ կառավարության 2021թ. ծրագրի կատարողականը։ Նիստին ներկա էին միայն ՔՊ-ական պատգամավորները, ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին բոյկոտի մասին ու մեկնելով Արցախ եւ ՀՀ սահմանամերձ մարզեր: Օգտվելով ԱԺ-ում գտնվելու պատեհությունից, Փաշինյանը որոշել էր երկրի բարձրագույն օրենսդիր իշխանության եւ հանրության առջեւ ինքնախոստովանություններ անել, խոսել 44-օրյա պատերազմի պարտության պատճառահետեւանքային կապերի, 2021-ի ձախողումների, կուտակված խնդիրների հնարավոր լուծումների մասին: Ելույթում հնչեցին նաեւ Արցախի թեմայով ցնցող հայտարարություններ, որոնք ալեկոծել էին հանրությանը, քանի որ հայտարարությունների լեյտմոտիվը Բրյուսելում Ղարաբաղն Ադրբեջանին փոխանցելու գաղափարն էր, որի շուրջ, ըստ էության, համաձայնություն էր ձեռք բերվել:
Մեկնաբանությունը
Ասել, թե ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի այդ օրվա հայտարարությունները բացառիկ կամ աղմկահարույց էին՝ նշանակում է ոչինչ չասել: Դրանք պարզկա երկնքում ճայթած ամպրոպի ներգործություն ունեցան՝ մի՞թե կփակվի պանծալի հաղթանակներով լի նորանկախ Արցախի երեսնամյա տարեգրության վերջին էջը, եւ Հայոց եղեռնական ամսվա օրացույցում կավելանա սեւով շրջանակված եւս մեկ տրտմաթախիծ օր՝ Ապրիլտասներեք: Իշխանության ամենահեղհեղուկ հատվածի ներկայացուցիչները հաջորդիվ լծվեցին հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրելու քարոզչական սայլին՝ համոզելով ժողովրդին, որ Ադրբեջանի կազմում Արցախը լավ ապագա կունենա, եւ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի:
Ուշագրավ է, որ նույն օրը Բաքվում գրեթե նույն թեզերով, սակայն հակահայ շեշտադրումներով, Ադրբեջանի նախագահն էր յուրայիններին փոխանցում բրյուսելյան պայմանավորվածությունների մասին տպավորությունները: Իլհամ Ալիեւը չէր թաքցնում իր գոհունակությունը բանակցային գործընթացից եւ այն բարյացակամությունից, որ ԵԽ-ում կա Ադրբեջանի հանդեպ: Ալիեւը, ինչպես միշտ, չի շրջանցել հայկական թեման. նա նշել է, որ պատրաստվում է շենացնել Զանգեզուրն ու Արցախը, եւ որ արցախահայերը «կարող են անհոգ ապրել Ադրբեջանի դրոշի տակ՝ որպես մեր երկրի քաղաքացիներ»: Միաժամանակ չի մոռացել «մատ թափ տալ» ՀՀ-ի վրա՝ սպառնալով համարժեք պատասխան տալ, եթե Հայաստանը փորձի զինվել:
Բայց գանք, ինչպես ասում են, մեր «ոչխարներին»: Եվ այսպես՝ օրվա իշխանությունն Արցախի կարգավիճակը չի տեսնում Ադրբեջանի կազմից դուրս: Խոշոր գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ու ԱԺ անվտանգության եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շնորհակալություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ նրա «համարձակության համար», ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն ակնկալում է, որ թուրք եւ ազերի բարեկամների հետ այլեւս «կպատերազմեն» բարձրորակ լոլիկ աճեցնելու, առողջապահության ոլորտը զարգացնելու «ճակատում», նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լուսինե-Լուլուն, որը հայտնի է «թուրք ժողովրդի առջեւ խոնարհվելու» անզուսպ մղումներով, կանխավայելում է իր երազանքի մոտալուտ իրականացումը եւ այլն:
Իր «խոստովանական» ելույթում Փաշինյանը դարձյալ ներկայացրեց Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու անհնարինության մասին դրույթը, բայց արդեն «միջազգային հանրության» փաթեթավորմամբ: Նա ընդգծեց, որ Արցախի շուրջ «կոնսոլիդացիա ապահովելու համար» միջազգային հանրությունը Երեւանին հորդորում է «մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը»: Նրա պարզաբանմամբ՝ ԼՂ կարգավորման հիմքում միշտ առաջին պլանում դրվել է կարգավիճակի հարցը, իսկ երկրորդում՝ անվտանգությունն ու ժողովրդի իրավունքը: Այժմ, ըստ Փաշինյանի, հակառակն է՝ առաջին պլան են մղվել անվտանգությունն ու իրավունքը, երկրորդ պլան՝ կարգավիճակը: Եվ՝ իրոք, վերջին շրջանում ՔՊ-ական վերնախավը պատեհ-անպատեհ հիշեցնում, որ Արցախի հարցը ոչ թե տարածքային հարց է, այլ՝ իրավունքի:
Այստեղ հարկ է միջամտել. նախ՝ ոչ թե մերկապարանոց «իրավունք», այլ միջազգայնորեն ընդունված «ինքնորոշման իրավունք»: Սրանք միանգամայն տարբեր հասկացություններ են՝ մեկը ժողովրդավարական կատեգորիա է, մյուսը՝ իրավական: Երկրորդ՝ պետք չէր խախտել ի սկզբանե ձեւակերպված առաջնահերթությունը, քանզի երբ գերական կարգավիճակն է, անվտանգության խնդիրն ինքնին լուծելի է: Մինչդեռ երբ առաջնային են դառնում անվտանգությունն ու անորոշ «իրավունքը»՝ նշանակում է, որ Բաքվի կողմից անվտանգային որոշակի երաշխիքների ու իրավունքների ապահովման դիմաց Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Սա, իր հերթին, նշանակում է մերժել ՀՀ անկախության Հռչակագիրը, Ղարաբաղյան շարժման գաղափարները եւ Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակը:
Ամենաաղմկոտ հայտարարությունը, սակայն, իր մեղքի խոստովանությունն էր, թե ժամանակին չի համաձայնել ու չի հանձնել հողերը, որպեսզի պատերազմը կանխվեր։ Ափսոսաց, որ «ինքն իրեն չի կարողացել համոզել»՝ հանձնելու 7 շրջանները: Նա բառացիորեն ասաց. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի»: Եվ դուք պատկերացնո՞ւմ, թե այս խոսքից հետո ինչ տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճում՝ հնչեցին ծափահարություններ: Ի դեպ, առաջին անգամ չէ այս մարդը խոստովանում, որ էն գլխից եղել է պատերազմը կանգնեցնելու եւ մեծաքանակ զոհերից ու վիրավորներից, ողբերգություններից ու ավերածություններից խուսափելու հնարավորություն, սակայն չի գնացել դրան, որպեսզի իրեն դավաճան չանվանեն:
Հիմա իրեն ոչ միայն դավաճանի, այլեւ «կապիտուլյանտի», «հողատուի», «թուրքի» պիտակներ են կպցնում, իսկ մեր լույսի պես տղաները չկան: Ազգն ինքնիրեն նզովում է Նիկոլ Փաշինյան ընտրելու, նրան հավատալու եւ հետեւից գնալու համար: Եվ այսքանից հետո ամենանվազագույնը, որ պարտավոր էր անել այդ «ազգադավ պատուհասը» (բնորոշումը Լ.Տ.Պ.-ինն է), հրաժարական տալն է, մնացյալը իրավապահ մարմինները կանեն: Սակայն չունի հրաժարականի մտադրություն: Ավելին՝ հասարակությունից մեղքերի թողություն է ակնկալում, պաշտոնավարումը շարունակելու «ինդուլգենցիա», որպեսզի իրականացնի վերուստ իրեն տրված այդ ծանր առաքելությունը:
Բայց շարունակենք հետեւել նրա մտքի ընթացքին. «Այս ամենն ասելը դժվար է տարբեր պատճառներով… Բայց եթե Աստված ու ժողովուրդը շատերի համար անսպասելի եւ անտրամաբանական որոշման են հանգել, որ 44-օրյա պատերազմից հետո ես պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը, ժողովրդին՝ ուրեմն այս ամենն ասելը, այս ամենի պատասխանատվությունը ստաձնելը իմ առաքելությունն է, իմ լուծը, եթե կուզեք՝ իմ խաչը, որը պիտի տանեմ»,- իրականում սա է նրա մտադրությունը՝ չնայած մինչ այդ պարզ խոստովանեց. «Հողերը հանձնելով՝ միգուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»: «Նիկոլը տեղով սպառնալիք է, ազգի կեսը կործանել է, մյուս կեսն էլ կկործանի»,- սա Փաշինյանի ելույթից Լեւոն Տեր-Պետրոսյանի ստացած տպավորությունն է:
Ինքը՝ Նիկոլը, հստակ չի գիտակցում իր կատարածի ահավորությունը: Ի՞նչ է եղել որ, ընդամենը մի 3-4 հազար զոհ, մի 10 հազար խեղված ճակատագիր, հինգհազարամյա մի նվաստացված երկիր, 30 հազար խեղճուկրակ անտունիներ, 30-ամյա մի երազանքի խորտակում… Նա շարունակում է իր խոստովանած մեղքից մի քիչ էլ սրա-նրա դեմքին քսել՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, ռուս խաղաղապահների, միջազգային հանրության… ում ասեք: Կարեւորը՝ առիթ լինի՝ նորից մոլորեցնել ժողովրդին եւ ավարտին հասցնել իր ազգակործան ծրագիրն ամբողջությամբ:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւորագույն իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայկական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, «այդ թվում՝ Ռուսաստան Հայաստանի վարչապետի կատարելիք այցի նախապատրաստումը»։ Կրեմլի մամուլի հաղորդագրությունում ասվում է նաեւ, որ Փաշինյանը տեղեկացրել է ապրիլի 6-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների մասին: «Ռուս-հայկական ակտիվ շփումները տարբեր մակարդակներով կշարունակվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ապրիլի 10-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Ծաղկազարդի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ հռչակվել է նաեւ որպես Մանուկների օրհնության օր: Արդեն հաջորդ կիրակի` ապրիլի 17-ին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը` Սուրբ Զատիկը:
ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 14-ին հանդիպել է Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Հանդիպմանը քննարկվել են Արցախի առջեւ ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները: «Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության եւ իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ»,- նշված է հաղորդագրությունում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը կարեւորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության եւ ողջունել Ռոքֆոյի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակն Արցախում եւ այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները: Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։ Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ինչպես նաեւ շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության եւ համանախագահ երկրների միջնորդական դերը: Ավելի վաղ Բրիս Ռոքֆոյին ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւը ապրիլի 14-ին նշանակվել է ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Ակնկալում ենք Բաքվում եւ Երեւանում մեր դաշնակիցների ու գործընկերների կողմից աջակցություն Խովաեւի ջանքերին»,- ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ Խովաեւի նոր կարգավիճակը կապված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում Մոսկվայի հետ շփումներից հրաժարվելու՝ Վաշինգտոնի եւ Փարիզի դիրքորոշման հետ: