Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Շաբաթվա լրահոսում կենտրոնական տեղ են զբաղեցնում ադրբեջանական կողմի հերթական զինված սադրանքի մասին պատմող հաղորդագրությունները: Ապրիլի 11-ին թշնամու ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի օր առաջ ՀՀ տարածքում անօրինաբար տեղակայած դիրքերից կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայ զինծառայողների ուղղությամբ: Ռազմական բախման հետեւանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ եւ 6 վիրավոր: Վիրավորների թվում է նաեւ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:
Ադրբեջանական կողմը եւս հայտնել է իր 4 զոհի մասին, սակայն ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց զոհերի թիվը 8 է, վիրավորներին՝ 12: Համաձայն Հայաստանի ՊՆ հաղորդագրության՝ թշնամին կիրառել են նաեւ ականանետային միջոցներ եւ հրետանի: Երեկոյան դեմ՝ ժամը 20:30-ին, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայունացել է: Տեղի ունեցածը, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ:
Ադրբեջանի այս վարքագիծը նոր չէ, շարունակությունն է 2021թ. մայիսին ու նոյեմբերին, ինչպեսեւ 2022թ. սեպտեմբերին մեր երկրի նկատմամբ իրականացրած հարձակումների, որոնց հետեւանքով Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից բռնազավթել է, ընդհանուր առմամբ, 1.200 քառակուսի կմ հողատարածք: Մեր 29.800-ը, որը Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ՝ «կարմիր գիծ» էր, այսինքն՝ անձեռնմխելի, արդեն նվազել է՝ հասնելով 28.600-ի: Ընդ որում՝ կորցված հատվածը մեր երկրի ամենաարժեքավոր տարածքներից է՝ ռազմավարական բարձունքներ ու ճանապարհներ, շահեկան դիրքեր, ջրային ռեսուրսների ակունքներ եւ այլն: Բայց ամենաթանկը, որ կորցրել ենք ավերադառնալիորեն, տարածքը պաշտպանելիս՝ մեր տված զոհերն են: Ավաղ:
Նույն օրը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հատվածում ադրբեջանական կրակոցները եւս ավելի վաղ ՀՀ ներխուժած դիրքերից էին, ինչի պատճառով Սոթքի հանքավայրի աշխատանքը դադարեցվել էր, իսկ անձնակազմը` տարհանվել: Զոհեր եւ վիրավորներ, բարեբախտաբար, չեն եղել: Այս հատվածում էլ ոսոխի «ձեռագիրը» նույնն է՝ նախ ապօրինաբար տեղակայվել ՀՀ տարածքներում կամ հայկական բնակավայրերի ու ճանապարհների մերձակայքերում, ապա հանցավոր գործողություններ ձեռնարկել խաղաղ քաղաքացիական անձանց եւ զինծառայողների նկատմամբ՝ գողություններ, ավազակային հարձակումներ, կրակոցներ եւ այլն:
Նպատակը պարզ է՝ անտանելի դարձնել սահմանամերձ համայնքների բնակիչների կյանքը, նրանց զրկել ապրուստի միջոցներից՝ մշտապես կրակի տակ պահելով այգիներն ու արոտավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու կենսագործունեության միջավայրը: Ինչո՞ւ այս օրին հասանք: Այո, Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, այո, ՀԱՊԿ-ը չի օգնում, միջազգային հանությունը հասցեական հայտարարություն չի անում եւ չի դատապարտում թշնամու նախահարձակ գործողությունները: Լավ, իսկ մենք՝ որպես պետություն, ինչո՞վ ենք զբաղված: 44-օրյա պատերազմից անցել է մոտ երկուեւկես տարի: ի՞նչ ենք արել այդ ընթացքում բանակի մարտունակության բարձրացման եւ, առհասարակ, մեր անվտանգային համակարգի ամրացման համար:
Անկեղծ լինենք՝ ոչինչ էլ չենք արել եւ շարունակում ենք չանել: Փոխարենը զբաղված ենք ասֆալտափռման որակը ստուգելու, շաբաթօրյակներ անցկացնելու, ստից ակադեմիական քաղաք նախագծելու, ձեռքի հետն էլ՝ իրար բզկտելու, մեր չարածների մեղքը նախկինների, ՌԴ-ի վրա բարդելու եւ այլ մանրմունր գործերով: Ապրիլի 12-ին ԱԺ-ում անդրադառնալով սահմանային վերջին սադրանքներին, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը նորից Ռուսաստանի դաշնությանը մեղադրեց Հայաստանի ռազմական ձախողումների, նույնիսկ այս օրերին մեր տարածք ադրբեջանական ներխուժումների համար:
Նա ԱԺ պահոցները քրքրելիս (տեսնես ինչ էր այնտեղ փնտրում)՝ բախվել է Սերժ Սարգսյանի գրած մի նամակի, որում կշտամբանք է եղել առ այն, որ ՌԴ-ն Հայաստանին մատակարարվող զենքի քանակը խիստ սահմանափակել է, իսկ Ադրբեջանի պարագայում՝ մեծացրել, ինչի մասին, ըստ Փաշինյանի, դժգոհում էր ՀՀ 2-րդ նախագահը: Եզրահանգումն այն է, որ Ռուսաստանը դեռ տարիներ առաջ էր անտեսում ՀՀ-ի շահերը, հետեւաբար անհիմն են այն մտայնությունները, թե ՌԴ-ն 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո է սկսել «խեթ նայել» Հայաստանի վրա: Սերժ Սարգսյանն օրերս հայտնեց, որ ինքը նման բովանդակության նամակ երբեք չի գրել, ստահոդ որակեց տեղեկությունը՝ պահանջելով այն հրապարակել:
Փաշինյանը չի հասկանում կամ չհասկանալու է տալիս, որ այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում եւ, մասնավորապես, սահմանին՝ իր ոչ արհեստավարժ քաղաքականության, անարդյունավետ գործունեության եւ անխոհեմ որոշումների արգասիքն է:
Ադրբեջանական թեմատիկան ամփոփենք արտասովոր մի լուրով, որը հայաստանյան լրատվամիջոցները սփռեցին ապրիլի 10-ին: Ադրբեջանցիներ են հայտնվել Սիսիանի Բնունիս համայնքում, որը Նախիջեւանից հեռու է 20 կիլոմետր։ NEWS.am-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել են Բնունիսից։ Կայքի զրուցակիցը, իր անունը չհրապարակելու պայմանով, ասել է, որ երկուշաբթի օրը զինվորական հագուստով ադրբեջանցիները ծեծել են տներից մեկի դուռը, տանտիրուհին բացել է, կասկածել եւ զանգել ոստիկանություն։ Անկոչ «հյուրերից» մեկին ոստիկանները ձերբակալել էին, մյուսը հասցրել էր փախչել: Ավելի ուշ նրան քաղաքացիները հայտնաբերել էին Կապանի մերձակայքում եւ հանձնել ոստիկանությանը:
Հատկանշական է, որ սահմանախախտներին երկու դեպքում էլ հայտնաբերել են ոչ թե ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը, այլ շարքային քաղաքացիները: Սա լուրջ մտորումների ու մտահոգությունների տեղիք է տալիս: Սրանք պետական ծառայողների այն դասին են պատկանում, որոնց պետությունը ոչ միայն ամենաբարձր աշխատավարձն է նշանակել՝ պարգեւավճարներով ու հավելավճարներով հանդերձ, այլեւ աշխատանքի լավագույն պայմաններն է ստեղծել: Հետեւությունները թողնում ենք ընթերցողին: Ի դեպ, երկրորդ ադրբեջանցու գրպանում հայտնաբերվել է 2-3 օր առաջ՝ դեռեւս չպարզաբանված հանգամանքներում, սպանված կապանցու հեռախոսը:
Եվս մեկ ուշագրավ փաստ. ադրբեջանցի բաշիբոզուկները, որոնց թիվն անհայտ է մնում, Բնունիսում թակել են 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Գասպարյանի տան դուռը: Դա այն տունն է, որտեղ ընդամենը մեկ ամիս առաջ դստեր հետ այցելել էր վարչապետի տիկինը։ Կատարվածը համայնքում զուտ պատահականություն չեն համարում` տարբեր վարկածներ են քննարկվում: Իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ինչպես Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, առաջ անցնելով՝ հայտարարեց, թե երկու ադրբեջանցի զինծառայողներին զորամասում ստորացումների էին ենթարկում, եւ հիմա նրանք չեն ցանկանում վերադառնալ զորամաս:
Թե երբ հասցրեց պարզել նրանց ցանկությունը, ոչ ոք չիմացավ, միայն ժամեր անց նորից մտավ կապի մեջ եւ հայտնեց, որ «տղաները» փոշմանել են, ուզում են վերադառնալ: Սա կարող է մանկական խաղ թվալ, բայց ցավալի իրողություն է: Իսկ հանրությունը զուր հույսեր է փայփայում, որ գոնե այս երկուսին Բաքու կվերադարձնեն մեր գերիների հետ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկզբունքով: Փաշինյանը, ըստ էության, նախադրյալներ ստեղծեց, որպեսզի նրանց անսակարկ ու անխոչընդոտ ճանապարհեն հայրենիք, որովհետեւ «փոշմանել» են: Տա Աստված, որ մենք սխալ դուրս գանք:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին ապրիլի 13-ին քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է եղել ԼՂ հակամարտությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման իրականացմանը վերաբերող հարցերին: Օսմանին հանդիպում է ունեցել նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզյանի հետ: ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստակամություն է հայտնել է ներդնել իր բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղության ուղիներ գտնելու համար:
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ապրիլի 11-ին Երեւանում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, փոխնախարարներ Սաֆարյանի եւ Կոստանյանի հետ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը։ Հաղորդագրության համաձայն՝ քննարկումների հիմնական թեման Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին վերաբերող խնդիրներն ու այդ տարածաշրջանի մի շարք երկրների հետ երկկողմ հարաբերություններն էին։ Արծարծվել են նաեւ հարցեր՝ կապված ԵԱՏՄ-ի եւ Համագործակցության շանհայան կազմակերպության շրջանակներում գործակցության, Անդրկովկասում տիրող իրավիճակի, այդ թվում՝ տարածաշրջանի պետությունների կողմից ձեռնարկվող քայլերի հետ:
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 9-ին աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: ՀՀ ԱԽ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը: Զրուցակիցները նաեւ անդրադարձել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգին եւ զարգացման հեռանկարներին:
Ապրիլի 11-ին Արցախի իշխանությունները, Ռուսաստանի խաղաղապահ առաքելության միջոցով, հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար: Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ Ստեփանակերտն առաջարկել է հանդիպումն անցկացնել խաղաղապահների տեղակայման վայրում`զորախմբի հրամանատարության միջնորդությամբ: Պաշտոնական Ստեփանակերտն ավելի վաղ մերժել էր ադրբեջանական կողմի՝ Բաքվում հանդիպելու առաջարկը:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` ՀՀ նախագահն ապրիլի 12-ին հրամանագիր է ստորագրել Արման Մարալչյանին ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին: Այդ պաշտոնանկությունը հաջորդում է նախօրեին Տեղ գյուղի հատվածում՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին, որի հետեւանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ եւ 6 վիրավոր:
Վարչապետի նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, Փաշինյանի՝ Վայոց ձորի Մալիշկա համայնք կատարած այցի ընթացքում ապրիլի 10-ին խաչմերուկում մի կին՝ չենթարկվելով ոստիկանների պահանջներին, «վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է նրա նկատմամբ բռնություն գործադրել՝ հովանոցը նետելով Փաշինյանի ուղղությամբ»։ Կինը ձերբակալվել է եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, նախատեսվել է քրեական վարույթ։
65 կողմ, 0 դեմ ձայնով ԱԺ-ն ապրիլի 11-ին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Միջնորդությամբ ԱԺ եկած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջարկում էր քրեական հետապնդում հարուցել խուլիգանության եւ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու հոդվածներով: Ընդդիմադիր պատգամավորը մոտ երկու շաբաթ առաջ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում բռունցքով հարվածել էր հանձնաժողովի իշխանական նախագահ Վլադիմիր Վարդանյանի հոնքին։ Ընդդիմադիրների պնդմամբ՝ Սահակյանն ինքնապաշտպանվել էր, ինչը, սակայն, գլխավոր դատախազի կողմից չընդունվեց։