Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

Ապրիլի 21-28

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական տալու մասին հայտարարություն տարածեց, որում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին,
մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց,
դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին եւ փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող եւ իրենց պարտքն անտրտում իրականացողներին,
դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին եւ օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,
դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,
դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին եւ գործիչներին։

Որպես երկրի ղեկավար՝ դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն եւ տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ»։

…Եվ այսպես` քաղաքացիական խաղաղ անհնազանդության հանրահավաքային պայքարի տասնմեկերորդ օրը «Մերժիր Սերժին» կարգախոսով բողոքի ցույցի ելած տասնյակ հազարավոր մարդիկ` հիմնականում երիտասարդներ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրենց կամքը պարտադրեցին վարչապետին, ով ընդամենը մեկ շաբաթ առաջ էր ստանձնել պաշտոնը: Հիրավի՝ պատմական իրադարձություն: Նախագահական երկու ժամկետ, այսինքն` տասը տարի երկիրն անհաջող ղեկավարելուց հետո Սերժ Սարգսյանը` ի հեճուկս ընդդիմության եւ հասարակության ճնշող մեծամասնության պահանջի, ցանկանում էր հավերժացնել իր իշխանությունը: Կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առնչությամբ` 2015-ի դեկտեմբերին նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով լայն լիազորություններ վերապահվեցին ապագա վարչապետին: Դեռեւս այն ժամանակ տիրապետող կարծիք կար, որ Սերժ Սարգսյանը մտադիր է նախագահական լիազորությունների ժամկետն ավարտվելուն պես տիրանալ վարչապետի պաշտոնին եւ, փաստորեն, շարունակել մնալ պետության առաջին դեմքի կարգավիճակում եւս հինգ տարի: Չնայած Սարգսյանի պաշտոնական հավաստիացումներին, թե այլեւս երբեք չի առաջադրվելու ո´չ նախագահի, ո´չ էլ վարչապետի պաշտոնում, կյանքը ցույց տվեց, որ երրորդ նախագահը, ինչպես շատ անգամներ, անկեղծ չէր: ՀՀԿ-ն նրան՝ որպես «անփոխարինելի» թեկնածուի, առաջադրեց այդ պաշտոնի համար, իսկ ապրիլի 17-ին Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների 77 «կողմ» եւ 17 «դեմ» հարաբերակցությամբ նախ ընտրվեց, ապաեւ նախագահի կողմից նշանակվեց Հայաստանի վարչապետ:

Մինչ այդ, Երեւանի լեփլեցուն փողոցներն ու հրապարակները ապրիլի 13-ից ալիքվում էին քաղաքացիական խաղաղ անհնազանդության ցույցի մասնակիցների շուրջօրյա երթերից, հանրահավաքներից եւ «Քայլ արա, մերժիր Սերժին» կոչերից: Շարժման մեջ ընդգրկված էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը եւ «Հանուն Հայաստան պետության» ճակատը: Դա օրեցօր ստվարացող, 100 հազարի բնագիծը հաղթահարած ցուցարարների հուժկու պոռթկում էր ոչ միայն Սերժ Սարգսյանի վարչապետության, այլեւ վերջինիս օրոք երկիրը համակած սոցիալական թշվառության, իրավական կամայականության, համակարգային կոռուպցիայի, ամենաթողության եւ հակոտնյա այլ երեւույթների դեմ: Ապրիլի 22-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցան Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան րոպեներ տեւած բանակցությունները, իսկ հաջորդ օրը Սարգսյանը հրաժարական տվեց, եւ վարչապետի լիազորությունները ժամանակավոր անցան առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին:

Հայաստանի նորագույն պատմության մեջ ապրիլի 23-ը, թերեւս, հիշատակվի որպես ազատ, արժանապատիվ կյանքի ու սեփական իրավունքների համար քաղաքացիների անձնուրաց պայքարի եւ հաղթանակի օր: Այն համազգային ցնծություն եւ ոգեւորություն է առաջ բերել, չնայած ուրախանալու համար դեռ վաղ է: Ընդդիմության հաղթանակը, այո, աննախադեպ է, կարեւոր է, բայց վերջնական քայլ չէ` նոր վիճակի իրավական հանգուցալուծումը դեռ առջեւում է: Կառավարության հրաժարականից հետո 7-օրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցությունները, ըստ գործող կարգի, առաջադրում են վարչապետի թեկնածուներ, որն ընտրվում է պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Գրեթե պարզ է, որ տակավին կենսունակ ՀՀԿ-ն, որն ԱԺ-ում մեծամասնություն է, հնարավորություն ունի ընտրելու իր թեկնածուին` պահպանելով արատավոր համակարգի հետագա գործունեությունը: Բայց իշխանությունը խաղաղ, անցնցում ժողովրդին փոխանցելու պահանջ դրած ընդդիմության համար դա անընդունելի է: Որոշակի հստակություն կարող էին մտցնել առաջին փոխվարչապետի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ ապրիլի 25-ին նախատեսված բանակցությունները, որոնք, սակայն, կողմերի պայմանավորվածությունից մեկ օր չանցած՝ չեղարկվեցին օրակարգի ու ձեւաչափի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով: Տապալված բանակցությունների օրը՝ ապրիլի 25-ին, ընդդիմությունը դարձյալ դուրս եկավ փողոց: Բազմամարդ հանրահավաքները վերսկսեցին՝ ձեռք բերված հաղթանակին տեր կանգնելու կարգախոսով: Բանն այն է, որ Ս.Սարգսյանին հանձնելու գնով համակարգի պահպանման դեպքում ընդդիմության հաղթանակն իմաստազրկվում է: Ահա թե իրավիճակն ինչպես է մեկնաբանել «Քարնեգի Եվրոպա» փորձագիտական կենտրոնի առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը. «Հայաստանի առաջընթացի համար ավելի մեծ խոչընդոտ է իշխող ուժի կորիզը, քան ինքը՝ Սերժ Սարգսյանը... Խոսքն այն օլիգարխիկ էլիտայի մասին է, որը սերտաճած է քաղաքականության հետ եւ այսօր Հանրապետական կուսակցության կորիզն է ու մեծամասնություն է կազմում խորհրդարանում»: «Ազատության» հետ զրույցում փորձագետը հավելել է, որ Սարգսյանի հեռացմամբ խնդիրն ամենեւին էլ լուծված չէ:

Ընդհանրապես` ապրիլի 25-ը բավական հագեցած էր ուշագրավ անցուդարձով: Նախ՝ շարժմանը միացավ օլիգարխիան` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, Վարդանյան եղբայրների եւ այլոց, իսկ վարչապետի պաշտոնի համար ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ապա համաժողովրդական պայքարին սատարելու մասին Գագիկ Ծառուկյանի եւ իշխանական կոալիցիայից դուրս գալու մասին ՀԴՅ-ի հայտարարությունները ԱԺ-ում փոխեցին ուժերի դասավորությունը վարչապետի թեկնածուների կայանալիք քվեարկության գործընթացում: Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկողների թիվն այժմ տեսականորեն 47 է: «Ելք» դաշինքի 9 պատգամավորների ձայներին ավելանում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 31 եւ ՀՅԴ-ի 7 պատգամավորների քվեները: Անհրաժեշտ 53 ձայնն ապահովելու համար կպահանջվի առնվազն եւս 6 ձայն ՀՀԿ-ից, եւ Նիկոլ Փաշինյանը կհաղթի: «Ելք»-ի անդամ Էդմոն Մարուքյանի վստահեցմամբ` Հանրապետականից 6 քվե ստանալու խնդիրը հաղթահարելի է: Այդ օրը հետաքրքիր հայտարարություն տարածեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` հիշեցնելով, որ ոստիկանությունը «վերքաղաքային կառույց է եւ վեր է քաղաքական զարգացումներից», հետեւաբար նրան «ներքաղաքական գործընթացների մեջ ներքաշումն ընդունելի չէ»: Սա նշանակում է, որ ոստիկանական բռնությունների էպոպեան այլեւս կարելի է ավարտված համարել: Թերեւս դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ շարժմանն ակտիվորեն միանում են նորանոր խմբեր ու անհատներ մտավորականներից, պետական կառույցներից, գործարար աշխարհից, նույնիսկ ուժային գերատեսչություններից եւ ՀՀԿ-ից: Ինչպես ասում են՝ գնալով կենացները քաղցրանում են:

Ապրիլի 26-ին մայրաքաղաքում շարունակվում էին բողոքի ցույցերը։ Այդ օրվա ամենաբնորոշ յուրահատկությունը, կարծես թե, հանրապետականների խուճապն էր: Ապրիլի լույս 26-ի գիշերը տեղի է ունեցել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը, որի ժամանակ Սարգսյանը մանրամասնել է իր հեռանալու պատճառները եւ խոսել Ազգային ժողովում աշխատելու տարբեր ձեւաչափերի մասին: Այնուհետեւ քննարկվել են ներքաղաքական վիճակը եւ հնարավոր զարգացումները, պատրաստակամություն է հայտնվել բոլոր կողմերի հետ առանց նախապայմանների քննարկել ցանկացած հարց: Նույն գիշերը հանդիպել են նաեւ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը եւ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով ավելի վաղ հայտարարել էր ողջ թիմով ժողովրդի կողքին կանգնելու իր որոշման մասին: ՀՀԿ-ականների խուճապն ավելի սաստկացրեց ՀՅԴ-ի այն հաղորդագրությունը, ըստ որի՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել դաշնակցական երեք նախարարներն ու երկու մարզպետները: Ով չգիտի, որ մեր բարձր աստիճանավորների տեղը նեղանալիս՝ դիմում են «ավագ եղբորը»: Աշխատանքային քննարկումների վկայաբերմամբ շտապ Մոսկվա են մեկնել փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը: Առաջինը հանդիպում է ունեցել Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարության, երկրորդն էլ՝ իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Իսկ  վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երեւում է՝ խուճապը շտապեցնում է իշխանական կողմին: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արդեն հայտարարել է վարչապետի ընտրության հարցով խորհրդարանի հատուկ նիստը մայիսի 1-ին գումարելու մասին: Մինչ այդ 4 օր ժամանակ կա, եւ «Իմ քայլը» նախաձեռնությունը որոշել է հանրահավաքային շունչը երկու օրով տեղափոխել Գյումրի եւ Վանաձոր՝ երեւանյան ցուցարարներին հնարավորություն ընձեռելով մի փոքր հանգստանալ ու վերականգնել ուժերը: Չէ՞ որ պայքարը շարունակվում է:

Դե ինչ, կշարունակենք հետեւել իրադարձություններին, որոնք զարգանում են կայծակնային արագությամբ:

 

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, եւ օտարերկրյա հյուրեր Երեւանում այցելում էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակին: Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացվեցին Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի կառույցների նախաձեռնությամբ, տեղի պետական, քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ։ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի աշխարհիկ ու հոգեւոր առաջնորդները նախօրեին համատեղ կոչով էին հանդես եկել Ապրիլի 24-ի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Այսօր վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբել մեր ժողովրդին ազգային իդեալների շուրջ, լուծել մեր ներքին խնդիրները միասնաբար՝ երկխոսության եւ փոխըմբռման ոգով, խթանել ժողովրդի ստեղծարար ուժերը, կերտել դինամիկ զարգացող ժամանակակից Հայաստան, որը հպարտության առարկա կլինի աշխարհի բոլոր հայերի համար եւ ունակ՝ պաշտպանելու հայ ժողովրդի անանց իրավունքները»:

Ապրիլքսանչորսը սուրբ հիշատակի օր է համայն հայության եւ աշխարհի ողջ առաջադեմ մարդկության համար: Այդ օրը ոչ միայն Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, այլեւ բոլոր մայրցամաքներում ոգեկոչում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրներ՝ այդ թվում Ուրուգվայը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Արգենտինան, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանը, ամերիկյան 50 նահանգներից 45-ը, տարբեր երկրների տարածաշրջանային, քաղաքային իշխանություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու կառույցներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Անմեղ զոհերի հիշատակի 103-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանին իրենց բարի զգացողություններն են փոխանցել մի շարք բարեկամ երկրների ղեկավարներ՝ մեր ժողովրդին մաղթելով խաղաղություն եւ բարօրություն: Ամենամյա ավանդական իր ուղերձն է հղել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ, հետեւելով իր նախորդի` Բարաք Օբամայի օրինակին, Հայոց ցեղասպանությունը բնութագրել Մեծ Եղեռն (Meds Yeghern) բառեզրով: «Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը, երբ մեկեւկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դուրս եկան Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Մենք վերհիշում ենք 1915 թվականի սարսափելի իրադարձությունները եւ սգում կորսված կյանքերի, բազմաթիվ տառապյալների համար»,- ասված է ուղերձում: Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ կատարված ոճրագործություններից անցել է 103 տարի, սակայն հայոց արնածոր վերքը դեռ չի սպիանում: Իսկ աշխարհի հզորները, ցավոք, շարունակվում են առաջնորդվել իրենց քաղաքական, մեծապետական շահերով, այլ ոչ թե մարդկային ողբերգության դատապարտման, արդարության ու ճշմարտության սկզբունքներով: Չէ՞ որ անցած դարասկզբին տեղի ունեցածը հասարակ զանցանք չէ: Իրենց դարավոր հայրենիքից, բարեշեն բնօրրանից բռնի տեղահանվել են ավելի քան 2 միլիոն հայեր, որոնց մեծ մասը՝ մեկուկես միլիոնը, թուրքական յաթաղանի, սովի ու անասելի զրկանքների զոհ է դարձել գաղթի ճանապարհին: Մարդիկ զրկվել են ոչ միայն հայրենիքից, ունեցվածքից, մշակութային արժեքներից, այլեւ՝ կյանքից: Եվ որքան հեռանում ենք դժնդակ 1915-ից, այնքան ավելի տեսանելի է պատկերանում 20-րդ դարի առաջին Ցեղասպանության եւ Հայրենազրկման անմեղ զոհերին պատուհասած տառապանքի ու ցավի ահավորությունը: «Մենք խորին հարգանքով ենք նշում հայ ժողովրդի տոկունությունը, որի շատ ներկայացուցիչներ նոր կյանք կառուցեցին Միացյալ Նահանգներում եւ անհաշվելի ներդրումներ ունեցան մեր երկրում»,- իր ուղերձում հիշատակում է Դոնալդ Թրամփը՝ անտեսելով, սակայն, որ այդ «տոկուն հայ ժողովուրդը» արդեն քանի տարի Ամերիկայից ընդամենը մի պարզ վերաբերմունք է ակնկալում՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկան լռում է, բայց դա երկար չի շարունակվի: Ավելի քան համոզված ենք, որ այդ օրը գալու է: Չի կարող չգալ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

 

Հայաստանի «Թավշյա հեղափոխությունը» 

Ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց  զանգվածային բողոքի ակցիաների ճնշման արդյունքում: «Փողոցային շարժումը դեմ է իմ պաշտոնավարմանը, ես կատարում եմ ձեր պահանջը»,- իր հայտարարությունում ասել է Սերժ Սարգսյանը եւ հավելել. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր: Ես սխալ էի»:

The Washington Post-ը գրում է. «Մինչ Փաշինյանը ձգտում է ավարտին հասցնել անարյուն հեղափոխությունը, որն ուղղված է փոքրիկ երկրում տասնյակ տարիների ավտորիտար իշխանության եւ կոռուպցիայի տապալմանը, հուզված երիտասարդ ցուցարարները տոնում էին հաղթանակը՝ պարելով փողոցները փակած ոստիկանական մեքենաների շարասյուների առջեւ: Վառող արեւի տակ մարդիկ հուզմունքով բարձրանում էին ձայնային ազդանշան տվող ավտոմեքենաների վրա, իսկ խանութների աշխատակիցները դուրս էին թափվել փողոց, եւ բոլորը ցնծում էին համատարած համերաշխության մեջ: Ցույցերը շարունակվեցին աղքատ երկրի բոլոր գյուղերում ու քաղաքներում»:

The New York Times-ն անդրադարձել է իշխանության խաղաղ փոխանցման նախատեսված բանակցությունների ձախողմանը. «Չորեքշաբթի Երեւանում մայրաքաղաքի փողոցային ցույցերը վերսկսել են ընդդիմության առաջնորդի հորդորով՝ այն բանից հետո, երբ վարչապետի անսպասելի հրաժարականից հետո տապալվեց բանակցությունների գործընթացը: Պարբերականը նշում է, որ տարբեր քաղաքական խմբավորումներ այժմ գտնվում են լարված վիճակում, քանի որ փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է շարունակել: «Թեեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշակի հավանականություն կա, ընդդիմադիր առաջնորդները համոզված են, որ այդ ընտրությունները չպետք է կազմակերպվեն Հանրապետական կուսակցության պաշտոնյաների կողմից, որոնք խորապես անվստահություն են ներշնչում»,- գրում է թերթը:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: