Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Շաբաթվա անցուդարձ

17-24 ապրիլի

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին ուշ երեկոյան, առանց տեղեկացնելու, այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղ եւ արագ հեռացել: Ըստ մամուլի հաղորդման, Մեղրիում, Քաջարանում, Ագարակում, Գորիսում եւ, մասամբ, Կապանում այցի առնչությամբ լարված վիճակ էր, հավաքվածները փակել էին նրա ճանապարհը եւ պահանջում էին, որ նա հեռանա՝ հնչեցնելով «Նիկո՛լ, դավաճան», «Կապիտուլյա՛նտ», «Նիկոլ, թո՛ւրք» եւ այլ կոչեր: Ոստիկանների ու քաղաքացիների միջեւ տեղի են ունեցել բախումներ: Կապանում հրավիրված խորհրդակցությունում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ոստիկանապետին եւ ԱԱԾ պետին՝ զբաղվել Մեղրիում, Ագարակում եւ այլուր իր հասցեին վիրավորական արտահայտություններ վանկարկած, իր տեղաշարժը խոչընդոտած քաղաքացիների հարցերով, ովքեր, ըստ նրա, «օրենք են խախտել»:

Ավելի վաղ Փաշինյանը Վայոց ձորի մարզում էր։ Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի փոխանցմամբ` նա հանդիպումներ էր ունեցել մի քանի համայնքներում, հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, այցելել նորակառույց նախակրթարան, ծանոթացել ճանապարհաշինական աշխատանքներին:

Մարզեր կատարած աշխատանքային այցի անվան տակ Փաշինյանն արդեն մի քանի շաբաթ փաստորեն ոչ պաշտոնական քարոզարշավ է անցկացնում մարզերում՝ շռայլերով խոստումներ ու հնչեցնելով ժողովրդի համար ականջահաճո կոչեր: Եվ դա ոչ այլ ինչ է, քան վարչական ռեսուրսի չարաշահում: Իսկ ի՞նչ է խոստանում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, օրինակ, Վայոց ձորի ընտրողներին. հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի վրա հիմնված անվտանգային համակարգի ստեղծում, կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվացում, բարեփոխումների իրականացում դատական համակարգում, սոցիալ-տնտեսական ոլորտում եւ, մասնավորաբար, բանակում, որտեղ խոստանում է կրճատել ծառայության ժամկետը՝ կանոնավոր բանակի փոխարեն 5 տարին մեկ կազմակերպելով երկամսյա կամ եռամսյա զորահավաք: 

Մարզերում նման մանիպուլյացիաները որոշակի գրավչություն ունեն: Առտնին հոգսերի մեջ խրված մարդկանցից քչերն են ունակ առարկայորեն գնահատել առկա իրավիճակը, զանազանել օգտակար առաջարկը պարզ շահարկումից, շիտակ խոսքը՝ պոպուլիստական հռետորաբանությունից: Նախորդ մոտ երեք տարիներին այդ մարդու տված խոստումներից եւ ոչ մեկը կյանքի չի կոչվել՝ տնտեսական «հեղափոխությունը» բլեֆ դուրս եկավ, կրթական, գիտամշակութային, առողջապահական եւ այլ ոլորտներ հայտնվեցին փլուզման վտանգի տակ, խոստացված ներդրումային ծրագրերն ի դերեւ ելան, կառավարման համակարգը տապալվեց, իսկ Արցախյան 44-օրյա պատերազմը եւ COVID-19-ը ցույց տվեցին այս իշխանությունների կազմակերպչական անկարությունն ու մասնագիտական անձեռնհասությունը: Այդքանից հետո ինչպե՞ս կարելի է լրջորեն հավատ ընծայել մի մարդու, ով բոլոր այս ձախողումների գլուխն է: 

Իրականում՝ երբ նա խոսում է հայ-ռուսական ռազմաքաղաքական գործակցության մասին, նշանակում է մտադրություն ունի Հայաստանի ինքնիշխանության հաշվին մեր անվտանգային համակարգն ամբողջությամբ փոխանցել Ռուսաստանի տնօրինմանը: Պատահական չէ, որ վերջերս սկսել է շրջանառության մեջ դնել պրոֆեսիոնալ բանակի կամ հինգ տարին մեկ եռամսյա ժամկետով ծառայության թեզը, որն արտաքուստ թվում է գայթակղիչ, սակայն գործնականում ուղղված է հայկական բանակի ոչնչացմանը, ինչը Իլհամ Ալիեւի երազանքն է: Խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից՝ մի հայեցակարգ, որ դրված էր նաեւ 2018-ի իշխանափոխության առանցքում: Բայց ի՞նչ տվեց այդ պայքարը անցած երեք տարում: Բացառապես ոչինչ, եթե չասենք հակառակը՝ պարգեւավճարների տեսքով նոր դռներ բացվեցին կոռուպցիայի առջեւ: Համենայն դեպս՝ կոռուպցիայի վերաբերյալ որեւէ դատական գործ այս ընթացքում չտեսանք: Եվ այդպես՝ բոլոր թեզերը: 

Հիմա գանք Սյունիքին, որտեղ ապրիլի 20-ին խայտառակությունների իսկական շքահանդես էր: Ինչպես նախորդ շաբաթներին, մարդը որոշում է առերեւույթ ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեկնել Սյունիք, բայց այս անգամ ոստիկանական ուժերի ու անվտանգության աշխատակիցների ավելի հոծ խմբով եւ գիշերով թաքուն: Այդ այցին Փաշինյանը նախապատրաստվել էր շատ ավելի մանրազնին: Ձեռնարկվել էին անվտանգության եւ գաղտնիության խստիվ միջոցներ՝ այցի մասին ուժայիններն իմացել էին վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանը կես ժամ առաջ էին տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին: Նրա անվտանգությունը տեղում ապահովելու նպատակով մարզ էին գործուղվել վեցերորդ վարչության մեկ ստորաբաժանում եւ «Ալֆա» ջոկատի մարտիկներ: 

Եվ սա դեռ բոլորը չէ: Այցի նախօրեին անսպասելիորեն փոխվել էին Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը: Բանն այն է, որ Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները, բացի մեկից, հրապարակավ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բացառվում է, որ վերջինս չիմանար մարզում իր ցածր վարկանիշի եւ իր հանդեպ սյունեցիների, մեղմ ասած, ոչ բարյացակամ վերաբերմունքի մասին: Դա հասկանալի էր՝ սյունեցին այսօր ապրում է վախը սրտում, թշնամին իր քթի տակ է, եւ մեղավորը երկրի ապաշնորհ, անինքնասեր ղեկավարն է: Բայց, այնուամենայնիվ, վերջինս որոշեց գնալ Սյունիք՝ անտեսելով բախումների, անախորժ այլ երեւույթների մեծ հավանականությունը: Այսինքն՝ ոչինչ նրան ետ չպահեց ակնհայտ արկածախնդրության գնալու մտքից: 

Հարց է ծագում՝ ինչո՞ւ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի համար Սյունիքն իրեն հպատակեցնելը դարձավ սեւեռուն գաղափար, պատվի ու արժանապատվության հարց: Դրա համար շատ պատճառներ կարող են լինել, բայց նշենք դրանցից երկուսը: Առաջին՝ 2020 վերջին, Սյունիքի մարզ Փաշինյանի այցը տապալվել էր համայնքապետերի մասնակցությամբ բողոքի ակցիաների պատճառով: Սյունեցիները Գորիսի մոտ փակել էին մայրուղին եւ նրան՝ չնայած 1000-ից ավելի ուղեկցող ոստիկանների առկայությանը, չէր հաջողվել Սիսիանից այն կողմ առաջ գնալ եւ ստիպված էր վերադառնալ Երեւան: Բայց պոպուլիստական հակումներ ունեցող գործիչը, որպիսին վարչապետի պաշտոնում ծառայող անձն է, չէր կարող «կուլ տալ» մարզի խոշոր համայնքապետերից ստացած վիրավորանքը: Ուստի որոշել է առաջիկա ընտրություններին ընդառաջ գաղտագողի մտնել Սյունիք, հրահրել սադրանքներ եւ հանդուգն համայնքապետերի «դասը», ինչպես հարկն է, տալ: 

Երկրորդ պատճառը դարձյալ պայմանավորված է ընտրություններով եւ որոշակի առումով առաջինի շարունակությունն է: Սյունիքում Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը բավական բարձր է, եւ խոսակցություններ են շրջանառվում, որ երկրորդ նախագահը հունիսի 20-ին ոչ պաշտոնապես հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրություններում (եթե, իհարկե, դրանք տեղի ունենան) հանդես է գալու դաշինքով՝ երկու քաղաքական ուժերի հետ, որոնցից մեկը Սյունիքի նախկին մարզպետ եւ Պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Վահե Հակոբյանի հիմնադրած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է, որի դրոշի ներքո համախմբվել են ոչ միայն կոմբինատի շուրջ 25 հազար աշխատողները, այլեւ մարզի բոլոր համայնքների ըմբոստ ղեկավարները: Փաշինյանի թիրախը, ըստ երեւույթին, այդ կուսակցությունն է, իսկ նպատակը՝ նշված ընդդիմադիր կառույցի կամ «Համայնքապետերի շարժման» գլխատումը: 

Փաշինյանին, կարծես թե, հաջողվեց զսպել իր հրաժարականը պահանջող եւ ապրիլի 20-ի այցի ժամանակ Սյունիքում, իր կարծիքով, անկարգություններ հրահրած Շարժման առաջնորդներին: Կապանում հրավիրված խորհրդակցությունում զավեշտալի դեպք էր տեղի ունեցել. վարչապետի աթոռը զբաղեցնող անձը բացեիբաց հրահանգ տվեց ՀՀ ԱԱԾ պետին եւ ոստիկանապետին քրեական պատասխանատվության ենթարկել իրեն անվանարկած բողոքի մասնակիցներին ու կազմակերպիչներին: Այցի հաջորդ օրը հայտնի դարձավ, որ ապրիլի լույս 21-ի գիշերը «37 թվականի» մեթոդներով 50-ից ավելի ձերբակալություններ են եղել, որոնց մեծ մասին տեղափոխել էին Երեւան: Թե ինչու Երեւան, շատ պարզ է՝ տեղացիների զանգվածային ճնշումներից հնարավորինս հեռու: Սա, իրավագետների գնահատմամբ, դատական իշխանության գործերին ուղղակի միջամտություն է, որը քրեորեն պատժելի արարք է: Իսկ բողոքի ակցիայի ձերբակալված մասնակիցների գործողություններում, ըստ մասնագիտական կարծիքների, օրենքի ոչ մի խախտում չկա: 

Սյունիք այցի հետ կապված կա եւս մեկ ուշագրավ հանգամանք, որը չի վրիպել դիտորդների ուշադրությունից: Դա «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահի՝ վերջին օրերին հաճախադեպ դարձած ագրեսիվ հայտարարություններն են: Ալիեւը սպառնում է դիմադրելու դեպքում զենքի ուժով տիրանալ «միջանցքին»: Այս հայտարարությանը կարելի էր եւ ուշադրություն չդարձնել՝ հաշվի առնելով, որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը նման անհեթեթ սպառնալիքներ է հնչեցնում: Բայց սույն հայտարարության ինտրիգն այն է, որ ապրիլի 19-ից Սյունիքում են նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը: Իսկ ապրիլի 20-ին մարզ այցելեց Նիկոլ Փաշինյանը: Այս խորապատկերին Իլհամ Ալիեւի սպառնալիքները վտանգավոր երանգ են ստանում: 

Անշուշտ, սա զուտ պատահականություն չես համարի: Մի՞թե իսկապես հայկական այդ փոքրիկ հողակտորի շուրջ աշխարհաքաղաքական ինչ-որ լուրջ խմորումներ են հասունանում: Հենց այնպես չի կարող Զանգեզուրը հայտնվել տարածաշրջանի եւ արտատարածաշրջանային մի շարք պետությունների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Չիանաստանի եւ Ադրբեջանի սեւեռուն ուշադրության կենտրոնում: Կշարունակենք հետեւել զարգացումներին:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հայ ռազմագերիների վերաբերյալ օրերս ԵԽԽՎ-ում կայացած քննարկման ժամանակ ելույթ ունեցած՝ վեհաժողովի բոլոր պատվիրակները, բացառությամբ Ադրբեջանն ու Թուրքիան ներկայացնող երեք պատգամավորների, պահանջեցին պաշտոնական Բաքվից՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, այլ ձերբակալված անձանց։ Հայկական կողմի տվյալներով՝ հայ գերիների թիվը շուրջ 200 է։ Պաշտոնական տվյալներ չկան։ Ընդհանուր առմամբ, մինչ այս պահը Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի։ Իսկ Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ, այդ թվում՝ Արցախում 2014թ. երեխայի սպանության եւ այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտ։

Նախագահ Արմեն Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համատեղ աշխատանքային երկօրյա այցով ապրիլի 19-ին ժամանել է Սյունիքի մարզ։ Նախագահն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքեր, ծանոթացել սահմանային բնագծին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կեցության պայմաններին, զրուցել սահմանային բնագիծը պահող զինծառայողների հետ եւ գերազանց ծառայության համար մի խումբ զինծառայողների պարգեւատրել անվանական ժամացույցներով։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ մի քանի անգամ եղել է այդ հատվածում, որտեղ տղաները դժվարին պայմաններում իսկապես հերոսական ծառայություն են իրականացնում։ Նախագահի եւ օմբուդսմենի արձանագրմամբ՝ Սյունիքում սոցիալական խնդիրներին ավելացել է նաեւ անվտանգային խնդիրը:

Ազգային ժողովը ապրիլի 19-ին քվեարկեց եւ ամբողջությամբ ընդունեց մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը: Այն ընդունվեց ձայների 102 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Նախագծով առաջարկվում էր բարձրացնել զինվորական ծառայության տարիքային շեմը՝ սահմանելով պայմանագրայինների համար մինչեւ 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» եւ «բանակի գեներալ» կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 65 տարեկանը:

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 24-րդ Գերագույն ժողովը որոշել է արտահերթ ընտրություններ անցկացվելու դեպքում մասնակցել դրանց: Ապրիլի 18-ին տարածած հաղորդագրությունում ՀՅԴ-ն նշում է, որ «մեր ժողովրդի ու պետականության ապագայի համար կենսական անհրաժեշտություն են մնում նախապես հայտարարված բոլոր միջոցներով հայրենադավ իշխանության հեռացումը եւ մեր երկրի կառավարման համակարգում նիկոլիզմի իսպառ բացառումը»:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: