Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Շաբաթվա անցուդարձ

Ապրիլի 28 - Մայիսի 5

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Անցնող շաբաթը, նախորդի նման, հատկանշվում է ներքաղաքական բուռն իրադարձություններով: Քաղաքացիական անհնազանդության գործողությունները խաղաղ ընթացքով շարունակվեցին նաեւ ապրիլի 27-ից մայիսի 2-ն ընկած օրերին: Ապրիլի 27-ին՝ Գյումրիում եւ հաջորդ օրը՝ Վանաձորում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքներն ու երթերը մեկ անգամ եւս եկան հաստատելու, որ «թավշյա» հեղափոխության արդյունքները հուսալիորեն պաշտպանված են, եւ գործընթացն այլեւս անշրջելի է:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 28-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ: Շաբաթը հարուստ էր կողմերի դիրքորոշումները հաշտեցնելու միջոցառումներով` հանդիպումներ, երկխոսություններ, խորհրդակցություններ, որոնք միտված էին ներքաղաքական լարվածության թուլացմանն ու սահմանադրական ճանապարհով փոխընդունելի լուծումների փնտրտուքին: Ավելի ուշ Փաշինյանը հանդիպում էր ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Նույն օրերին` ապրիլի 28-29-ը, Հայաստանում էր Ռուսաստանի Դաշնության խորհրդի եւ Պետդումայի պատգամավորական խումբը` Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Պատվիրակությունը Ազգային ժողովում հանդիպեց նաեւ «Ելք» խմբակցության պատգամավորների, այդ թվում Ն.Փաշինյանի հետ: Հայաստանյան հանդիպումներից մեկի ժամանակ Ռիժկովը հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանում «Մայդանի» կրկնություն թույլ չի տա: Դա ակնհայտ միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին: Ռուսական կողմի անհանգստությունը հասկանալի է: Ցանկացած ժողովրդավարական շարժում այդտեղ ընկալվում է որպես սպառնալիք իրենց երկրում տիրող վարչակարգին: Մանավանդ որ, ռուսական ընդդիմության առաջնորդ Նավալնին իր աջակիցներին կոչ արեց հայ հասարակության օրինակով մայիսի 5-ին դուրս գալ փողոց:

Ապրիլի 28-ին հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի ոստիկանությունը` հույս հայտնելով, որ մայիսի 1-ին Ազգային ժողովում` Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան, իր հանգուցալուծումը կստանա ստեղծված ճգնաժամը, եւ մեր հանրապետությունը կշարունակի ապրել խաղաղ, բնականոն կյանքով: «Կրկին հայտարարում ենք, որ ոստիկանությունը քաղաքական գործընթացների սուբյեկտ չէ եւ բացառապես կանգնած է սահմանադրական կարգի անխախտ պաշտպանության դիրքերում»,- նշված է հայտարարությունում: Այդ օրվա զարգացումները տեղի էին ունենում կայծակնային արագությամբ: Մասնավորապես հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն որոշում է ընդունել առճակատումից խուսափելու համար մայիսին 1-ին կայանալիք ընտրություններին չառաջադրել վարչապետի թեկնածու։ Դրան հաջորդեցին Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին ԱԺ «Ծառուկյան» ընդդիմադիր դաշինքի եւ ՀՅԴ կուսակցության հայտարարությունները: Վերջինս, ինչպես հայտնի է, իշխանական կոալիցիան լքել էր ապրիլի 25-ին: Հայաստանում տիրող իրավիճակին ուշի-ուշով հետեւող ԱՄՆ պետքարտուղարությունը ապրիլի 29-ին դարձյալ հանդես եկավ հայտարարությամբ: «Մենք շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ եւ համոզմունք ենք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգային ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի տարածած հայտարարությունում: Այդ օրը հայտնի դարձավ նաեւ, որ Նիկոլ Փաշինյան-Վահրամ Բաղդասարյան հանդիպումից հետո վերջինս լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ «եթե ԱԺ երեք քաղաքական ուժերը ունենան միասնական մեկ թեկնածու, մենք որեւէ խոչընդոտ չենք հանդիսանա նրա ընտրությանը: Առաջ անցնելով՝ նշենք, որ Բաղդասարյանն իր խոսքին տեր չեղավ: Մայիսի 1-ին գումարված ԱԺ հատուկ նիստում ՀՀԿ-ն վիժեցրեց Նիկոլ Փաշինյանի ընտրության գործընթացը:

 

Մայիսի 1-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի հատուկ նիստը, որտեղ քննարկման էր դրված ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, որի թեկնածությունն առաջադրել էր «Ելք» խմբակցությունը: Վարչապետ ընտրվելու համար «Իմ քայլը» շարժման առաջնորդին անհրաժեշտ էր ստանալ խորհրդարանի 105 պատգամավորներից առնվազն 53-ի քվեն։ Ազգային ժողովի «Ելք», «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները հայտարարարել են Փաշինյանին սատարելու մասին։ Այս երեք ուժերի ձայների գումարը կազմում է 47, մինչդեռ իշխող Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում 58 մանդատ ունի, հետեւաբար ՀՀԿ քվեներից է կախված, թե արդյո՞ք ընդդիմադիր պատգամավորը կընտրվի վարչապետ։ Երեկոյան կայացած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ. նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 55 պատգամավոր: Վարչապետի ընտրության երկրորդ փորձը, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ, հետաձգվեց 7 օրով: Նոր ընտրությունները նշանակվեցին մայիսի 8-ին։ Եթե այդ օրը եւս վարչապետի թեկնածուն չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ, Ազգային ժողովը կցրվի, եւ տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում էլ կձեւավորվի նոր կառավարությունը:

Նման արդյունքն անսպասելի չէր: Պարզ է, որ սեփական իշխանությունը պահելու համար ՀՀԿ-ն փորձելու էր ապավինել խորհրդարանում իր թվակազմի առավելությանը՝ չնայած հիանալի հասկանում էր, որ խաղն արդեն տանուլ է տրված: Իրենց մնում էր սոսկ ժամանակ շահել, միգուցե այդ ընթացքում հրաշք տեղի ունենա, եւ համազգային շարժումը գնալով մարի: Խորհրդարանական քննարկումներից ու քվեարկությունից առաջ՝ կեսգիշերից հետո, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հեռարձակման միջոցով հայտնեց, որ Հանրապետական կուսակցությունը փորձում է տապալել վարչապետի ընտրությունը: «Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում հանրապետականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ որոշել են տապալել վարչապետի ընտրությունները»,- տեսաուղերձում զգուշացնում էր Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով բոլորին վաղ առավոտից հավաքվել Հանրապետության հրապարակում՝ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի նոր պլանին հակազդելու համար: Ավելի ուշ՝ արդեն Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնելով ՀՀԿ-ի միասնական դիրքորոշումը, Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից մտավախություն հայտնեց այն «կործանարար հետեւանքների» առնչությամբ, որոնք Փաշինյանի ընտրության դեպքում կարող են առաջանալ, «եթե մեր երկրի քաղաքական կուրսը շեղվի բազմակողմ հավասարակշռության այն իրավիճակից, որին հասել ենք տարիների նվիրված ու հետեւողական աշխատանքի շնորհիվ»: Հետեւաբար, ինչպես հայտարարեց Բաղդասարյանը, խմբակցությունը դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Սակայն Հանրապետական խմբակցության ներսում խմորվելիք տարաձայնությունների առաջին նախանշանները շատ շուտով իրենց զգալ տվեցին: Քվեարկությունից առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը, իսկ հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը իր ձայնը տվեց հօգուտ ընդդիմության թեկնածուի: Ֆեյսբուքյան իր էջում նա պարզաբանել է, թե ինչու է քվեարկել վարչապետի պաշտոնում առաջադրված ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի օգտին: «Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»,- հայտարարել է գեներալը: Իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում, որն ամենից մարդաշատներից էր, «Իմ քայլը» շարժման առաջնորդը հայտարարեց. «Գեներալ Ցոլակյանն իր անունը ոսկե տառերով գրեց ժողովրդի սրտերում ու հոգիներում»: Փաշինյանը միաժամանակ կոչ արեց վաղը՝ մայիսի 2-ին, առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ սկսած համընդհանուր գործադուլներից ու դասադուլներից, վերջացրած բոլոր փողոցների, հրապարակների ու հաղորդակցության ուղիների շրջափակմամբ: Իսկ երեկոյան ժամը 19-ին դարձյալ հավաքվել Հանրապետության հրապարակում: Այդ օրվա ակցիաներն իրենց զանգվածեղությամբ, թափով ու ընդգրկմամբ աննախադեպ էին: Զարթոնքի շունչն էր թեւածում հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում, անգամ ամենահեռավոր գյուղերում: Համաժողովրդական խաղաղ անհնազանդության հուժկու ալիքը, դասադուլներն ու գործադուլները մի պահ կաթվածահար էին արել մայրաքաղաքի եւ մարզերի հանրային ոլորտների կենսագործունեությունը: Նոր փոփոխություններին ընդդիմացող քաղաքական մեծամասնությանը ոչինչ չէր մնում, քան տեղի տալ եւ պաշտոնապես հայտարարել ժողովրդի կամքին ընդառաջ գնալու մասին: Մայիսի 2-ի հանրահավաքը դեռ չավարտված՝ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հեռուստաալիքներով տեղեկատվություն տարածեց, թե այդ օրը ՀՀԿ-ական պատգամավորների հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ խմբակցությունը վարչապետի մայիսի 8-ին կայանալիք ընտրություններին աջակցելու է ԱԺ պատգամավորների մեկ երրորդի, այսինքն` 35 հոգու կողմից առաջադրված «ժողովրդի թեկնածուին»: «Կարող եք արձանագրել, որ Հանրապետականը կսատարի Նիկոլ Փաշինյանին»,- «Ազատության» հետ զրույցում վերահաստատել է Վահրամ Բաղդասարյանը: Իսկ հաջորդ օրը «Ելք»-ի, «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի 41 պատգամավորների ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվել է վարչապետի թեկնածու եւ, ամենայն հավանականությամբ, մայիսի 8-ին կընտրվի Հայաստանի վարչապետի պաշտոնում: Հանրապետականի դիրքորոշման կտրուկ փոփոխության առումով բավական առեղծվածային իրավիճակ է ստեղծվել: Ինչո՞վ բացատրել, որ Փաշինյանի թեկնածությանը մայիսի 1-ին միասնաբար դեմ քվեարկած ՀՀԿ-ն մեկ օր անց տրամագծորեն հակառակ որոշումն ընդունեց: Պարտադրվա՞ծ էր արդյոք այդ փոփոխությունը, թե՞ պատճառը ժողովրդական ճնշումն էր: Հիմնավոր վարկածներ կան, որ Նիկոլ Փաշինյանի մատնանշած կեսգիշերային գործընթացը կազմակերպել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը` պատգամավորներին հրահանգելով դեմ քվեարկել: Չի բացառվում, որ այդ հրահանգը ինչ-ինչ պատճառներով շատ արագ փոխվել է տարածաշրջանով շահագրգիռ ավելի խոշոր խաղացողի կողմից: Ի վերջո՝ Հայաստանի «թավշյա» հեղափոխության նկատմամբ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը այս անգամ, կարծես թե, նպաստավոր էր՝ դե, չհաշված տարիքն առած Նիկոլայ Ռիժկովի անհարկի ջանադրությունը: Ինչ-որ է, շարունակենք հետեւել իրադարձությունների հետագա ընթացքին:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

 

Հայաստանյան իրադարձությունների միջազգային լուսաբանումը 

CNN-ը` նկարագրելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, հաղորդում է, որ երեքշաբթի օրը «Հայաստանը հայտնվեց քաղաքական ճգնաժամի մեջ, քանի որ իշխող կուսակցությունը չսատարեց բողոքի շարժման առաջնորդին՝ նրա վարչապետ դառնալու հարցում»: Լրատվական ալիքի փոխանցմամբ` խորհրդարանում կայացած ընտրություններում միակ թեկնածուն` 42-ամյա Նիկոլ Փաշինյանը, վարչապետ չդարձավ անբավարար ձայների պատճառով եւ կոչ արեց համաժողովրդական բողոքի ակցիա անցկացնել չորեքշաբթի օրը: «Փաշինյանի գլխավորած զանգվածային հանրահավաքներն անցյալ շաբաթ ստիպեցին վետերան առաջնորդ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, հայտնում է CNN-ը, սակայն Փաշինյանի վարչապետ դառնալու հայտը խափանվեց խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության կողմից: Ըստ լրատվականի, քվեարկությունից անմիջապես հետո Փաշինյանը մայրաքաղաքի հանրահավաքի ժամանակ իր հազարավոր աջակիցներին ասաց, որ պայքարը դեռ շարունակվում է, եւ հաջորդ օրը քաղաքացիական անհնազանդության կոչ արեց:

Ինչպես հաղորդում է BBC-ին, լսելով Նիկոլ Փաշինյանի կոչը, «ցուցարարները ողջ երկիրը կաթվածահար էին արել` փակելով ճանապարհներն ու կառավարական շենքերը»: Չորեքշաբթի օրը հայաստանյան բողոքի ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ժամանակավորապես դադարեցնել երեք շաբաթ տեւած զանգվածային ցույցերը, քանի որ իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հայտարարել է, որ մայիսի 8-ին կայանալիք ընտրություններում կաջակցի «ժողովրդի թեկնածուին»:

Դեւիդ Իգնատիուսը Washington Post-ի իր հոդվածում գրում է, որ Հայաստանը վերջապես ազատվում է հետխորհրդային վարակից եւ ժողովրդավարական փոփոխությունների է գնում` «իր ազգային շարժման շնորհիվ, որն այժմ գտել է Ռուսաստանի եւ Արեւմուտքի աջակցությունը»: Իգնատիուսը շարունակում է, որ Հայաստանի վերջին 25 տարիների հիմնական քաղաքական երկընտրանքը եղել է այն, թե ինչպես ռազմական կախվածությունը Ռուսաստանի հետ համադրել արեւմտամետ քաղաքականության հետ: Այս փակուղին, ըստ հոդվածագրի, նպաստեց Սարգսյանի շուրջ ձեւավորել մոսկվացի օլիգարխների մի շրջանակ, որը զավթեց երկրի հարստությունը: «Չնայած իր ժողովրդի ձեռնարկատիրական ոգուն, կոռումպացված եւ ավտորիտար Հայաստանը երբեք չհասավ 1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին մի շարք այլ հանրապետությունների եւ Վարշավյան պակտի երկրների կապիտալիստական թռիչքին»,- գրում է պարբերականը` նշելով, որ Փաշինյանը մի քանի պատճառներով կարողացավ հաղթահարել հետխորհրդային ճահիճը. նախ` նրա շարժումը բռնի չէր եւ ընդգրկում էր լայն շերտեր՝ երիտասարդներից մինչեւ տատիկներ: Քաղաքացիական անհնազանդությունը խորհրդանշող «բաց ձեռքերը» դարձան անցյալ ամիս Փաշինյանի երթին մասնակցող ցուցարարների կարգախոսը, որն ավարտվեց Սարգսյանի հրաժարականով: Երկրորդ` Փաշինյանը խուսափեց Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահարկումից: Բարեփոխումների առաջնորդը որդեգրել էր «հայաստանամետ» մոտեցումը: «Նա վստահեցրել է Մոսկվային, որ վարչապետ դառնալու դեպքում չի պատրաստվում դուրս գալ ռազմական եւ առեւտրային պայմանագրերից: Միեւնույն ժամանակ՝ նրա ժողովրդավարական շարժմանը մեծ աջակցություն են ցուցաբերել Եվրոպան եւ Միացյալ Նահանգները` փոքր, հուսալքված ժողովրդին առաջարկելով ավելի լայն բարեկամության հեռանկար»,- եզրափակում է հեղինակը:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: