Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Ապրիլի 25-ին եւ հետագա մի քանի օրերին Կառավարության շենքի մոտ տեղի էին ունենում բողոքի գործողություններ, որոնց մասնակիցները պահանջում էին միացնել իրենց գազն ու հոսանքը, ինչպեսեւ արտակարգ դրությամբ պայմանավորված հետաձգել գազի եւ էլեկտրաէներգիայի համար վճարումների ժամկետները: «Կառավարությունը եւ պարետատունը մեզ արգելում են աշխատել, բայց ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» պահանջում են վճարել»,- ասում էին ցուցարարները: Բողոքի մասնակիցները հետեւում էին միմյանցից սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնները, իսկ շենքի մոտ հերթապահող ոստիկանները հորդորում էին արագ ավարտել բողոքի գործողությունը եւ հեռանալ:
Մամուլում եւ սոցցանցերում բազմաթիվ են աշխատանքի դուրս չգալու պատճառով առաջին անհրաժեշտության պարենամթերքի գնման եւ կոմունալ վարձավճարների մուծման հետ կապված անելանելի վիճակի լուսաբանումները: Նույն շարժառիթով օրեր առաջ Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի հարյուրավոր աշխատակիցներ էին հավաքվել ֆաբրիկայի մուտքի առջեւ եւ պահանջում էին վերսկսել աշխատանքը:
…Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ի դրությամբ ընդունել էր հակաճգնաժամային 14 ծրագիր կամ սոցիալական աջակցության փաթեթ, որոնցից երկուսը` 11-12-րդ միջոցառումները, վերաբերում են շահառուների կոմունալ ծախսերին: Դրանցից առաջինով գործադիրը փոխհատուցել է փետրվար ամսում մինչեւ 5 հազար դրամի էլեկտրաէներգիա եւ մինչեւ 10 հազար դրամի գազ սպառած բաժանորդների վարձավճարի 50 տոկոսը: 12-րդ միջոցառման պարագայում այդ թվերը կազմում են համապատասխանաբար 10 հազար եւ 30 հազար դրամ, սակայն փոխհատուցումն ավելի համեստ է` 30 տոկոսի չափով: Սոցիալական աջակցության զույգ ծրագրերի շահառուներ են 515 հազար սպառողներ: 11-րդ ծրագրի շրջանակում Կառավարությունն արդեն իսկ վճարել է 786 մլն դրամ, 12-րդի շրջանակում` 1 մլրդ 842 մլն դրամ:
Առաջին հայացքից բավական տպավորիչ թվացող այս թվերի հետեւում, ըստ երեւույթին, ուրախացնող քիչ բան կա, այլապես մարդիկ չէին դուրս գա փողոց` անտեսելով կորոնավիրուսի վտանգը: Չէ՞ որ երկու ամիս տանը մեկուսացած բազմաթիվ ընտանիքներ մնացել են առանց գոյության միջոցների: «Կառավարության առաջարկած հակաճգնաժամային փաթեթներում վարչարարական շատ մեծ բարդություններ կան: Մենք անպայման կանդրադառնանք այդ ծրագրերի արդյունավետությանը, սակայն կարող եմ ասել այն դժգոհությունների մասին, որոնք արտահայտվում են հանրության մոտ»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Ի՞նչ է ստացվում: Գրվել են մեկ տասնյակից ավելի ծրագրեր, որոնց արդյունավետությունը, փաստորեն, աննշան է: Կամ, ինչպես ասում են, «Անունը կա, ամանումը չկա»: Համեմատության համար նշենք մեր հարեւան Վրաստանի փորձը, որտեղ Կառավարությունն ընդամենը մեկ ծրագրում ընդգրկել ու փոխհատուցել է սպառողների միանգամից երեք ամիսների կոմունալ ծախսերն ամբողջությամբ:
Այն, որ ՀՀ կառավարության սոցիալական աջակցության ծրագրերն այս կամ այն պատճառով թիրախային խմբերին հաճախ չեն հասնում` խոստովանում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրերս նա հայտարարեց. «Պետք է խոստովանեմ, որ բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ մարդիկ դե ֆակտո ծրագրի շահառու են, բայց էլեկտրոնային ծրագրերը մերժում են նրանց դիմումները, բոլոր այս դեպքերը մենք կրկին կդիտարկենք, բայց հիմա արդեն պարզ է, որ շատ դեպքեր կան, երբ քաղաքացիները ծրագրի շահառու չեն դառնում իրենց գործատուների անպարտաճանաչության եւ, նույնիսկ, ապօրինի գործունեության պատճառով»: Ինչ-ինչ` պատճառներ Փաշինյանի գրպանում միշտ կգտնվեն: Դե, իհարկե, մեղավոր են գործարարները, դատարանները, «Սերժի մնացորդները», հոգեւորականները, ԶԼՄ-ները, մի խոսքով` բոլորը, բացի իրենից եւ փորձի ու արհեստավարժության պակաս ունեցող իր թիմից:
Մեղավորների կամ, այլ կերպ ասած, «հիասթափվածների սեգմենտը» վերջերս ավելացավ եւս մեկով` դա Ռուսաստանն է: Իշխանամետ լրատվամիջոցներն արդեն թիրախավորել են Հայաստանի ռազմավարական գործընկերոջը` իբրեւ Փաշինյանի նկատմամբ հանրային դժգոհությունները գեներացնող ազդակի: Այդ համատեքստում են նրանք դիտարկում Արցախի շուրջ վարվող բանակցությունների ներկա ոչ հայանպաստ փուլի գաղտնազերծումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ձեռամբ, ինչպես նաեւ հայ բաժանորդների սպառած գազի ու հոսանքի վարձավճարների մարման համար եռօրյա պարտադիր ժամկետների սահմանումը «Գազպրոմ Արմենիա» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ռուսական ընկերությունների կողմից: Գազի թանկացման վերաբերյալ ամռանը սպասվող որոշումը եւս, ըստ իշխանամետների, տեղավորվում է նույն թեզի տրամաբանության մեջ կամ դրանով է պայմանավորված:
Հարց է ծագում` իսկ արդյո՞ք ՀՀ նոր իշխանությունների գործելաոճը տեղավորվում է դաշնակցային տրամաբանության մեջ, երբ ՀՀ-ում գործող ռուսական Հարավկովկասյան երկաթուղիների եւ այլ ընկերությունների դեմ բացված դատական գործընթացները վերածվել էին «փիառ ակցիայի» ու թմբկահարվում էին լրատվամիջոցներով: Մինչդեռ տարրական բարեվարքությունը եւ գործընկերային շահերը պահանջում էին խնդիրը ներառել հայ-ռուսական երկկողմ օրակարգում եւ համատեղ միջոցառումներ մշակել այն հանգուցալուծելու համար: Գազի գնի թեմային արձագանքել էր նաեւ Սերգեյ Լավրովը` հիշատակելով ռուսական ընկերությունների դեմ Հայաստանում սկսված դատական գործընթացները: «Դաշնակցային հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում… առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջեւ հարաբերություններին»,- ասել էր դիվանագետը: Ըստ երեւույթին` Լավրովը նկատի է ունեցել 2018 թվականին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետի` «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցը, որտեղ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ բաց տեքստով խոսել էր Հարավկովկասյան երկաթուղու թույլ տված խախտումների մասին, ինչը դուր չէր եկել Մոսկվային:
Ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն ներքին սակագները վերանայելու եւ Հայաստանի սպառողների համար գազի գինը շուրջ 11 տոկոսով բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Ընկերությունն առաջարկում է բոլոր սպառողների համար գազի միասնական սակագին սահմանել 283,14 ԱՄՆ դոլար` հազար խորանարդ մետրի համար, ներկայիս միջին 255,06 դոլարի փոխարեն: Գրեթե ոչ մի տարակույս չկա, որ ՀԾԿԸ-ն կբավարարի ռուսական կապիտալով Հայաստանում գործող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի` Ռուսաստանի պետական «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկության հայտը:
Այնպես որ, որքան էլ տհաճ լինի, պետք է պատրաստ լինել վատթարին` գազի գնի բարձրացմանը, որը կհանգեցնի գնաճի, հետեւաբար եւ` աղքատության խորացման: Մասնագետների հաշվարկներով` գազի 10 տոկոս թանկացումը մեկ տարվա կտրվածքով հավասար է 20 մլրդ դրամի, որը հնարավոր է հավասարակշռել` սոցիալ-տնտեսական հետեւանքներից խուսափելու համար: Բայց, դատելով Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված սոցիալական աջակցության միջոցառումներից, որոնք միայն ավելացրել են հանրային դժգոհությունները, գործադիրը հազիվ թե կարողանա սուբսիդավորման ծրագրեր իրականացնել, որպեսզի ինչ-որ չափով մեղմի սպառողների սոցիալական բեռը:
Ապրիլի 28-ին Նիկոլ Փաշինյանը հերթական «լայվը» նվիրեց կոմունալ վճարումների թեմային` շատ մանրամասն բացատրելով, որ հոսանքի վարձը չմուծելու դեպքում էներգահամակարգը կփլուզվի: Այսինքն` եկել էր ասելու, որ իր վրա հույս չդնեն:
Ապրիլի 28-ին ժամը 17:00-ի սահմաններում Գավառի Ազատության փողոցում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով 2 մարդ մահացել է, իսկ 4–ը տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքից որոշ ժամանակ անց, ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մի խումբ անձինք հարձակվել են Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները եւ գույքը, հարվածներ հասցրել վիրավորում ստացած մի քանի հիվանդների՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ` ծակած-կտրած վերքեր ու ծանր աստիճանի հեմատիկ շոկ: Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության եւ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներից կազմված քննչական խմբին:
Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ապրիլի 29-ի դրությամբ ձերբակալվել էր 15 անձ:
…ԶԼՄ-ների փոխանցմամբ` միջադեպը սկսվել էր Գավառի եւ Նորատուս համայնքի անչափահաս տղաների վեճից: Անչափահասներին հանդարտեցնելու եւ նրանց միջեւ ծագած վիճաբանությունը հարթելու նպատակով գործին միջամտել է զինվորական քննիչ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները: Հրազենային վիրավորումից տեղում մահացել են Զորիկ Պարոնիկյանը եւ Վահե Ավետիսյանը: Մահացածների հարազատներն ու ընկերները` կարծելով, թե իրենց մերձավորների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Արմեն Հայթյանը, Դավիթ Հայթյանը եւ Վարդան Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ, ներխուժել են հիվանդանոց եւ կտրող-ծակող գործիքներով հարձակվել նրանց վրա:
Թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո` ցույց կտա անաչառ քննությունը, որովհետեւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հաղորդումներն այստեղից կտրուկ զանազանվում են: Ըստ ՀՀ հատուկ քննչական կոմիտեի հաղորդագրության, հիվանդանոց ներխուժած անձինք «փորձել են սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանության միջամտությամբ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել եւ դիմել են փախուստի»: Մինչդեռ ArmLur.am-ը` հղում անելով իր արժանահավատ աղբյուրին, գրում է, որ Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել: Երկաթյա ձողերով զինված` նրանք մտել են Գավառի հիվանդանոց, ուր հսկողություն էին իրականացնում ոստիկանները։ Հարձակվողները ջարդուփշուր են արել հիվանդանոցի գույքը, որից հետո` հրելով ու քանդելով ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն հիվանդասենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձինք, եւ դանակով կտրել են նրանց պարանոցները։
Կայքի այս աղմկահարույց հրապարակումից հետո ոստիկանությունն այն չհերքեց` փաստորեն հաստատելով, որ «պարանոց կտրելու» պնդումն այնքան էլ անհիմն չէ, ուղղակի պատշաճ չեն համարել պաշտոնական հաղորդագրության մեջ նման դաժան դրվագի հիշատակումը: ArmLur.am-ը համոզված է, որ իր տեղեկության իսկությունը կարող են հաստատել հիվանդանոցում այդ պահին եղած բազմաթիվ ականատեսներ: Իսկ ամենակարեւոր փաստարկն այն է, որ Գավառի հիվանդանոցում վենդետայի զոհ դարձած կամ, ոստիկանության եզրաբանությամբ ասած, կտրող-ծակող գործիքներով վնասվածք ստացածները չկան։ Լրատվամիջոցը փորձել է գնալ նրանց հետքերով, սակայն պարզվել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինն այդ տեղեկության վրա արգելանք է դրել։ Բոլոր իրավասու ատյանները, այդ թվում` ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը, հրաժարվել են տեղեկություններ տրամադրել:
Ինչ վերաբերում է հիվանդանոցի միջադեպին ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությանը, ապա, մի շարք աղբյուրների հավաստմամբ, վերջինս եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ եղել են հիվանդանոցում, չնայած ոստիկանությունն այդ փաստը նույնպես թաքցնում է` չէ՞ որ համակարգի պատվի հարցն է: Պատկերացնել անգամ հնարավոր չէ, որ տեղի է ունեցել զազրելի ինքնադատաստան, եւ դեպքի վայրում անձամբ գտնվող ոստիկանապետն ու ոստիկանական ուժերը չեն կարողացել վերահսկել իրավիճակը։ Դանակներով զինված անձինք նրանց աչքի առջեւ մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը, կտրել հիվանդանոցում պառկած վիրավորներից երկուսի կոկորդը, մեկին էլ ծեծի ենթարկել եւ հեռացել։ Սա հավատալու բան չէ: Եվ այդ խայտառակությունը պարտակելու համար հայտարարում են, թե հարձակվողների թիվը 500-ից շատ է եղել:
Տեղի ունեցածը ակնբախորեն ցույց տվեց ոչ միայն ՀՀ ոստիկանության «պերճանքն» ու թշվառությունը, այլեւ մեր անկախ պետականությանը սպառնացող լրջագույն վտանգը: Ի՞նչը մեզ բերեց այսքան վտանգավոր հանգրվանի, որից այն կողմ քաղաքացիական բախումներն են: Այլ կերպ չէր էլ կարող լինել, եթե ապրում ես այնպիսի միջավայրում, որտեղ մթնոլորտը գերհագեցած է չարության, մաղձի ու ատելության քարոզչությամբ: Որտեղ հանրությունը սեւ-սպիտակի բաժանելու, մարդկանց պատերով տալու, ասֆալտին փռելու, թաթիկներ կտրելու, «սամասուդի» ենթարկելու կարգախոսները գրեթե պաշտոնական մակարդակի հասցված ուղենիշներ են:
Այդ ամենի դառն պտուղները մի օր պիտի «վայելեինք», եւ պետք չէ զարմանալ այս շաբաթվա սկանդալային դիպվածներից: Ազգային ժողովում պատգամավորներն իրար մայր են հայհոյում` պատրաստ ձեռնամարտի, խորհրդարանի փոխխոսնակը փողոցում գլխով խփում, ջարդում է ընդդիմադիր գործչի քիթը` աջ քունքի շրջանում ստանալով վերջինիս պատասխան հարվածը: Իսկ Գավառում «ռազբորկա»-ներն ուղեկցվում են ոստիկանության «քթի տակ»` հրազենի գործադրմամբ եւ կոկորդներ կտրելով:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով
Ապրիլի 28-ին Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում երեք հարց էր` 1/ «ՀՀ 2020 թվականի պետբյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը; 2/ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը; 3/ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջին նախագծով ենթադրվում է, որ 4,9 տոկոս տնտեսական աճի փոխարեն կունենանք 2 տոկոս անկում։ Այդ իրավիճակում Կառավարությունը ծախսերը հիմնականում պահպանելու է, բայց ակնկալվող եկամուտները չեն ստացվելու, ուստի պակասուրդը կաճի: Արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխությունների հիմնական նպատակը պարետի եւ պարետատան կարգավիճակի հստակեցումն է։ Նախագծով առաջարկվում է պարետի որոշումները համարել փոխվարչապետի որոշումներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 27-ին տեսակոնֆերանս է անցկացրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի կառավարության եւ Եվրոպական բանկի միջեւ գործակցությանը վերաբերող հարցեր: Չակրաբարտիի կողմից նշվել է, որ ՎԶԵԲ-ն ակտիվորեն շարունակելու է Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության օժանդակության ծրագրերը, ինչպես նաեւ երկրում ենթակառուցվածքների, էներգետիկայի, տրանսպորտի, արտաքին առեւտրի եւ այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանն, իր հերթեին, շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարեւորում է ենթակառուցվածքային կապիտալ ներդրումային ծրագրերը եւ շարունակելու է այդ ուղղությամբ գործողությունները՝ այդպիսով խթանելով տնտեսության ակտիվացումը:
Տեսակոնֆերանսի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել կորոնավիրուսով պայմանավորված` առկա իրավիճակի եւ դրա տնտեսական հետեւանքների վերաբերյալ:
Ապրիլի 30-ին նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ՝ տեսակապի միջոցով: Զրուցակիցները կարեւորել են կորոնավիրուսի դեմ պայքարում երկու երկրների համագործակցությունը: Այս համատեքստում Սարգսյանը բարձր է գնահատել Լիտվայի կառավարության կողմից ՀՀ-ին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ որպես օժանդակություն կորոնավիրուսի համավարակի հաղթահարման գործընթացում: Նախագահներն ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության լուրջ ներուժ ունեն ինչպես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, այնպես էլ՝ կրթության ու մշակույթի ոլորտներում: Նշվել է, որ Հայաստանի եւ Լիտվայի արվեստն ու մշակույթը կապող յուրատեսակ խորհրդանիշ են Լիտվայում հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը, որը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի եւ Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է: