Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Շաբաթվա լրահոսի ու հանրային քննարկումների կիզակետում էին Վաշինգտոնում մայիսի 1-ից մեկնարկած բանակցությունները՝ նախ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով ձեւաչափով, ապաեւ՝ Միրզոյան-Բայրամով: Մամուլի տեղեկացմամբ՝ աշխատանքային հանդիպումները կտեւեն մի քանի օր, իսկ բանակցային այս փուլի նպատակը, ամերիկացի դիվանագետների վկայությամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ ու կայուն խաղաղության հաստատման հեռանկարն է: «Սա շատ դժվար, երկար ու հետեւողական աշխատանք պահանջող հարց է»,- «Ազատությանն» ասել է Պետքարտուղարության մի պաշտոնյա: Ըստ նրա, խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթղթի պաշտոնական անվանումը «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» է, որին էլ փորձում են հասնել Վաշինգտոնում:
Դժվար է միանշանակ պնդել, թե ինչի է փորձում հասնել երկու հակամարտ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը նախաձեռնած «հյուրընկալը», բայց աներկբա է, որ սույն բանակցությունները Հայաստանին ոչ մի լավ բան չեն խոստանում: Կփորձեմ հիմնավորել, թե ինչու: Առաջին՝ ըստ համառորեն շրջանառվող տեղեկությունների, վաշինգտոնյան եռակողմ բանակցությունների մեկնարկային օրը ՀՀ ԱԳ նախարարը հաստատել է Արցախը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելու՝ Նիկոլ Փաշինյանի վճռականությունը, ինչով դե յուրե կփակվի ԼՂՀ-ի հիմնախնդիրը: Չի բացառվում, որ Միրզոյանը Վաշինգտոնից վերադառնա արդեն իսկ արցախյան խնդիրը վերջնականապես փակած:
Երկրորդ՝ դարձյալ հանդիպման առաջին օրը ԱՄՆ-ից լրագրային արտահոսք եղավ, որ կողմերը քննարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համապարփակ համաձայնությունը, «որում կարեւոր տեղ է զբաղեցնում հարցը, թե ինչպես են երկու երկրներում վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին»: Այսինքն՝ Արցախի ինքնորոշման օրակարգը, որը ձեւավորվել էր 35 տարվա ծանր ոգորումների արդյունքում, Վաշինգտոնում մեկ օրվա մեջ փոխակերպվեց Հայաստանի ու Ադրբեջանի «էթնիկ փոքրամասնությունների» մանրադրամի: Այսկերպ, թերեւս, ենթահող է ստեղծվում 80-ականների վերջերին այստեղից մեկնած ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան կամ, իրենց բառապաշարով, «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձի համար:
Հատկանշական է, որ այս համատեքստում ՀՀ-ից, որի փախստականների թիվը 2-3 անգամ ավելին է, որեւէ արձագանք չի հնչում: Կա եւս մեկ նրբություն. վաշինգտոնյան շփումների ընթացքում ամերիկացի դիվանագետները քանիցս շեշտում էին, որ երկու ժողովուրդների մերձեցումը դժվար, ժամանակատար գործընթաց է, որը հետեւողական աշխատանք է պահանջում: Սա ակնարկ է առ այն, որ Վաշինգտոնը չի շտապում, մտադիր է հնարավորինս երկար պահպանել իր ներկայությունը Հարավային Կովկասում, եւ դրա համար արցախյան խնդիրը շատ լավ պատեհություն է՝ կարող է մի կրակոցով երկու նապաստակ խփել՝ տարածաշրջանից դուրս մղել ՌԴ-ին եւ, միաժամանակ, թուլացնել Իրանի դիրքերը:
Այդ տեսակետից ԱՄՆ-ի համար կարեւոր են թե՛ Ադրբեջանի հետ կապերի ամրացումը, թե՛ Հայաստանի վստահությունը չկորցնելը: Եվ պատահական չէ, որ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին Բլինքենը հեռախոսազրույցներ ունեցավ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ։ Ալիեւի հետ զրույցում նա կարեւորեց Բերձորի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովումը եւ միջանցքում ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի տեղակայման առնչությամբ հայտնեց իր մտահոգությունը։ Ալիեւը հակադարձեց՝ նշելով, որ իրենք գործել են «Ադրբեջանի սուվերեն իրավունքներից ու միջազգային փաստաթղթերից ելնելով»: Կողմերից մեկը գոհացավ ականջահաճո խոսքից եւ ուշադրությունից, մյուսն՝ իր արարքի օրինականությունը հանրայնացնելու հնարավորությունից:
Ինչպես հայտնի է, առաջիկայում համանուն օրակարգով ու համանուն ձեւաչափով, բայց ռուսական «թաշախուստով» հանդիպում է նախատեսված նաեւ Մոսկվայում, ինչին իրենց համաձայնությունն արդեն Երեւանն ու Բաքուն պաշտոնապես տվել են: Թե ինչ երեսով է հայկական պատվիրակությունը մեկնելու ՌԴ մայրաքաղաք, դժվար է ասել: Ի վերջո՝ տարածաշրջանն այս պահի դրությամբ Ռուսաստանի վերահսկողության գոտին է, իսկ հակառուսականության «դոզան» այս իշխանությունները չափազանցել են: Մի օր գալու է պատասխան տալու ժամանակը: Թե արդեն այն եկե՞լ է:
Ապրիլի 29-ին նշվեց «Քաղաքացու օրը», որին քաղաքացիական հասարակության ընդդիմադիր հատվածը հակադրել էր «Սպանված քաղաքացու օրը» վերնագրով իր կազմակերպած հիշատակի հավաքը՝ մասնակցությամբ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների ծնողների ու հանրային գործիչների: ԱԺ շենքի դիմաց ելույթներից հետո բողոքի գործողության մասնակիցները երթով շարժվել են դեպի Հյուսիսային պողոտա՝ «Քայլող մարդու» արձանի մոտ, որտեղ նրանք կարմիր կտորով փաթաթել են արձանը եւ վրան փակցրել ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, նրա տիկնոջ եւ իշխանության այլ կարկառուն դեմքերի լուսանկարները՝ արձանի վրա տեղ-տեղ թափելով լոլիկի մածուկ:
Մարդիկ հոգնել են գործող իշխանությունների կեղծիքից ու երեսպաշտությունից: Տոն հռչակված «Քաղաքացու օրը» համակարգի կեղծակերպության ամենազավեշտալի արտահայտություններից է: Չգիտես՝ ով է այդ վերացական քաղաքացին, որի հանդեպ իր անհուն հարգանքն ու երախտիքի զգացումը ՔՊ-ական իշխանությունը 2018-ից ի վեր ձեւակերպեց ոչ միայն «հպարտ», «արժանապատիվ» եւ նմանատիպ այլ ածականներով, այլեւ տարվա մեջ հատուկ օր սահմանելով: Մինչդեռ իրականում քաղաքացին մնաց նույն «տուգանքի մատերիալը», որպիսին նրան բնորոշել էր երբեմնի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ ձախկելով քաղաքացիների նկատմամբ այն ժամանակվա իշխանությունների անտարբերությունն ու անգթությունը:
Թվում էր՝ փաշինյանական բնորոշումը մեր օրերում կկորցներ իր իմաստը, բայց ճիշտ հակառակը եղավ՝ այն ձեռք բերեց ավելի լայն կիրառություն: Այժմ քաղաքացիները… երանի թե միայն տուգանքի «մատերիալ» լինեին: Նրանք մի դեպքում ասֆալտին փռելիք, պատեպատ խփելիք, ականջը կտրելիք, վրան թքելիք, անտեղի տեղը բանտ նետելիք «մատերիալներ» են, մեկ այլ դեպքում՝ մեղա՛, մեղա՛… կրակի բերան քշվելիք, «հանուն ոչնչի»՝ կյանքից զրկվելիք լույս ու անարատ հոգիներ: Վերացական քաղաքացին, որի օրվա առիթով կեղծ ուղերձ է հղել Փաշինյանը, չլինի՞ շինծու գործով դատապարտված քաջակորով գեներալն է: Իսկ միգուցե դատարանի դահլիճում հանկարծամահ եղած անմեղ մեղավոր Արմե՞նն էր, կամ խելակորույս սլացող վարչապետական ավտոշարասյան անիվների տակ իր մահկանացուն կնքած Սոնա՞ն, որ չհասցրեց մայրանալ:
Ուղերձի հեղինակի խոսքը երբեք գործի հետ չի բռնել: Նրա նկարագրած իրականության եւ փաստացի գոյություն ունեցող իրականության մեջ միշտ մեծ խզում է եղել: «Քաղաքացու օրվա» ուղերձն այդ առումով բացառություն չէ: Բազմաթիվ դրվագներից բերենք ընդամենը երեք օրինակ. ա/ «Քաղաքացու օրը նշելով՝ մենք ընդգծում ենք ՀՀ-ի ժողովրդավարական էությունը, որտեղ ժողովուրդը իշխանության միակ աղբյուրն է, միակ կրողը»; բ/ «2018-ից հետո Քաղաքացին է կայացնում որոշումներ՝ ավագանի, համայնքի ղեկավար, Ազգային ժողով եւ վարչապետ ընտրել ազատ կամարտահայտությամբ»; գ/ «Այսօրվա աղետները վրա հասան երկար տարիներ ժողովրդավարություն, օրինականություն, քաղաքացիական ազատ բանավեճ չունենալու հետեւանքով»: Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
«Մենք ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են բանակցություններում, եւ խրախուսում ենք շարունակական երկխոսությունը»,- մայիսի 4-ին Թվիթերում գրել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո: Կայուն եւ արդար համաձայնագիրը, նրա խոսքով, առանցքային կլինի երկու երկրների ու տարածաշրջանի համար հնարավորություններ բացելու համար: «Ուրախ էինք Սպիտակ տանը հյուրընկալել Արարատ Միրզոյանին եւ Ջեյհուն Բայրամովին»,- նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 4-5-ը պաշտոնական այցով Չեխիայում էր: Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցոլ Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի են ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետեւ բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Հանդիպման ավարտին Փաշինյանը եւ Ֆիալան ԶԼՄ-ների համար հանդես են եկել հայտարարություններով: Հանդիպումներ են եղել նաեւ Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 2-ին ասել է, որ ղարաբաղյան կարգավորման համար Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների եռակողմ համաձայնություններից բացի, իրավական այլ հիմքեր չկան։ Ըստ նրա՝ Բաքվի ու Երեւանի միջեւ իրավիճակի կարգավորման օգնությունը կարելի է ողջունել, բայց միայն վերոհիշյալ համաձայնությունների հիման վրա։ Ի դեպ՝ պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը չի հետեւում եռակողմ հայտարարությանը։ Անցած մարտին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն ասել էր. «Չկա եռակողմ հայտարարության որեւէ դրույթ, որը Բաքուն խախտած չլինի»:
Մայիսի 3-4-ը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում մասնակցում էր Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանների ղեկավարների Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին, որտեղ, «Ազատության» փոխանցմամբ, հանդես է եկել ելույթով։ ՀՀ Ազգային ժողովի խոսնակն այցի ընթացքում երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսաֆա Շենթոփի հետ:
Թուրքիան մայիսի առաջին օրվանից փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ. NTV հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնեն երկիր, սակայն թույլ չեն տա օդանավերի եւ մասնավոր ինքնաթիռների անցումը իրենց երկրի տարածքով, «քանի դեռ սադրանքները շարունակվում են Հայաստանի կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ: Եթե նրանք չդադարեն դա անել, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել Չավուշօղլուն՝ անդրադառնալով մասնավորապես Երեւանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի տեղադրմանը:
Ադրբեջանում կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին ասել է, որ «հայ հոգեւորականները պետք է հեռանան» Դադիվանքից։ Նրա խոսքով՝ «հայերը ոչ մի կապ չունեն այդ վանական համալիրի հետ»։ Ըստ նրա, այն պատկանում է կովկասցի ալբանացիներին, եւ վաղ թե ուշ դրա կառավարումը կիրականացվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից։ Ադրբեջանցիները Քարվաճառի շրջանում գտնվող հայկական հինավուրց Դադիվանքը Խուդավենգ են կոչում։ 44-օրյա պատերազմից հետո այն գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: