Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

29 մայիսի - 5 հունիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Լոռռւ եւ Արագածոտնի մարզերում: Այս այցերի հետ կապված՝ «Փաստ»-ի Լոռու աղբյուրներն ուշագրավ մանրամասներ են հայտնել: Այսպես՝ Վանաձոր քաղաքում Փաշինյանը հանձնարարել է հանդիպումը կազմակերպել անպայման նույն դահլիճում, որտեղ նախօրեին հանդիպում էր ունեցել Ռոբերտ Քոչարյանը: «Ասել է, որ սկզբունքի հարց է ու սպառնացել, որ եթե դահլիճը չլցվի, պատասխանատուները լուրջ խնդիրներ կունենան»: Հանձնարարությունը պատշաճ կատարելու համար, ըստ «Փաստի» աղբյուրի, Վանաձորի մերձակա գյուղերից հանդիպմանը մարդիկ են բերվել: Հանդիպումից հետո Վանաձորում Փաշինյանը քայլել է մոտ 300-400 մետր, ընդ որում՝ այդ տարածքում գտնվող բոլոր շենքերի շքամուտքերի մոտ ոստիկաններ են եղել կանգնած: Անվտանգության նման ծավալի «ծրագիր» իրագործելու համար 20-30 «Գազելով» ոստիկաններ են Երեւանից տեղափոխվել Վանաձոր:

Ավելին՝ ըստ Վանաձորից ստացված տեղեկությունների, այդ ընթացքում նշյալ շենքերի բնակիչներին թույլ չեն տվել նույնիսկ տնից դուրս գալ: Մի խոսքով՝ հնարավոր ու անհնար ամեն միջոց կիրառվել է, որ իրենց «գծած» ու պլանավորած ընթացքից որեւէ շեղում չլինի: Շեղումն՝ իր հերթին, բայց անկախ փորձագետների դիտարկումներով՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռը զբաղեցնող անձը Լոռու մարզ կատարած այցի եւ երեւանյան «շրջայցի» ժամանակ կոպտորեն չարաշահել է վարչական ռեսուրսը: Ի՞նչ ասել է «վարչական ռեսուրսի չարաշահում»: Միջազգային կառույցների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի բնութագրմամբ՝ դա որոշակի քաղաքական ուժերի կամ թեկնածուների կողմից «իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով անհիմն առավելություն ստանալն է՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով»: 

Ասվածից բխում է, որ վարչական ռեսուրսի չարաշահում է համարվում, օրինակի համար, հանրակարգային (ինստիտուցիոնալ) ռեսուրսների՝ աշխատակազմի եւ ենթակառուցվածքների օգտագործումը: Փաշինյանը, ըստ էության, իրականացրել է վաղաժամ նախընտրական քարոզչություն` հանրակարգային բոլոր ռեսուրսների օգտագործմամբ՝ ծառայողական ավտոմեքենա, աշխատակազմ, պետական պահպանության ծառայության աշխատակիցներ եւ այլն: Դիտորդների մեկնությամբ՝ վարչական ռեսուրսի չարաշահմամբ գործող ժամանակավոր իշխանությունը ոչ միայն սահմանափակում է մարդկանց քաղաքացիական ազատությունները, այլեւ խաթարում է պետության գործառույթների օրինականությունը` ծառայեցնելով դրանք ոչ թե ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված նպատակներին, այլ մասնավոր քաղաքական շահերի սպասարկմանը: 

Նախորդ հրապարակումներից մեկում կանխատեսել էինք, որ Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն իր նախընտրական քարոզչության առանցքում դնելու է քաղաքական հակառակորդներին «ցեխոտելու» հնարքը, որովհետեւ անցած երեք տարվա արդյունքով տապալել է բացառապես բոլոր ոլորտները, չի կատարել ժողովրդին տված գեթ մեկ խոստում՝ չնայած ամենաշատն է խոսում ժողովրդի անունից եւ, ընդհանրապես, մարդկանց ներկայացնելու որեւէ ձեռքբերում կամ հաղթանակ չունի: Սպիտակ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նա, իմիջի այլոց, դժգոհություն հայտնեց, թե «մեզ ուզում են մեղադրել դավաճանության մեջ»: Այսինքն՝ «ուզում են մեղադրե՞լ», թե մեղադրում են: Սրանք տարբեր են: Նախընտրեց նաեւ «մեզ մեղադրում են» ձեւակերպումը՝ խուսափելով «ինձ մեղադրում են» ձեւակերպումից: «Մեզ» ասելով՝ փորձում է մտերմիկ կապ ստեղծել հավաքվածների հետ, իրեն նույնացնել, միաձուլել ժողովրդին, դառնալ նրա մի մասնիկը: 

Եվ այդ ոգով էլ շարունակում է սիրաշահել, հնարավորինս «մերձենալ» ժողովրդին. «Եթե մենք դավաճան ենք, ապա այսքան ժողովուրդն ի՞նչ գործ ունի, գա, մեր ասածը լսի: Այստեղ եկած ժողովուրդը փողո՞վ է եկել, թե՞ ստիպողաբար է եկել, թե՞ սպառնալիքով է եկել, թե՞ ոստիկանությունով է եկել Մտեք այս ժողովրդի մեջ, հարցեր տվեքԱյս ժողովուրդն այստեղ է, որովհետեւ գիտե՝ նրանց պետք չէ լսել իրեն ու իմանալ՝ մենք դավաճա՞ն ենք, թե չէ… Ասում են, որ մենք պարտվել ենք: Եվ ես հպարտ եմ նրանով, այո, մենք պարտվել ենք, եւ այդ պարտության պատասխանատվությունը մերն է, բայց այդ պարտության ընթացքում մենք պահել ենք կարեւորը՝ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու իրավունքը»,- ասել է Փաշինյանը: Մեծն Լոռեցու ասած՝ միտք եմ անում, միտք, ու չեմ հասկանում, թե որն է Կառավարության ղեկավարի պաշտոնակատարի հպարտության առարկան՝ մեր պարտությո՞ւնը, Արցախի մեծածավալ տարածքային կորուստնե՞րը, 5 հազար զոհե՞րը, մինչեւ օրս կարտոֆիլի պարկերում լպիրշաբար նկուղներում պահվող ոմանց անթաղ մասունքնե՞րը… Կարգին մարդը ամոթից գետինը կմտներ: 

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով վարչապետի պաշտոնակատարի այս տարօրինակ հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը՝ հայտարարելով, որ հպարտ է պատերազմում մեր պարտությամբ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Այս արտահայտությունը քաղաքական, իրավական, բարոյական առումով նրա պաշտոնավարման վերջին էջը պետք է դառնա։ Կարծում եմ՝ հանրության բոլոր խմբերն այս հայտարարության մեջ, յուրաքանչյուրն իր մասով, ստացավ Նիկոլ Փաշինյան կերպարի իրական առաքելության եւ պատերազմում մեր տապալման պատճառների մասին հստակ տեղեկատվություն։ Սա ոչ միայն չպետք է վերընտրվի, այլ չպետք է այլեւս հնարավորություն ունենա մասնակցելու երկրի հասարակական, քաղաքական կյանքին»: 

Եվ վերջում՝ եւս մեկ մեջբերում ֆեյսբուքյան գրառումներից, որի հեղինակը բլոգեր Արթուր Թովմասյանն է: Նա տրամաբանական է համարում, որ «Մի ստահակ արարած, ով գոռում է՝ կեցցե՜ Արցախը, որի 75 տոկոսը չկա, կեցցե՜ հայությունը, որին նվաստացրել է, կեցցե՜ մեր բանակը, որը ջախջախել է իր ապիկար կառավարմամբ, կեցցե՜ն մեր զինվորները, ում կոտորեց ու 5000 լուսավոր տղաներ մատաղ արեց թուրքին, կեցցե՜ն մեր հերոսական գեներալներն ու սպաները, որոնց ստորացրեց հենց այն նույն հերոսական բանակի առջեւ, եւ կուլմինացիան՝ կեցցե՜ն մեր զոհերը», այսքանից հետո պիտի ասեր. «Ես հպարտ եմ նրանով, որ մենք պարտվել ենք եւ այդ պարտության պատասխանատվությունը մերն ա»: Ուրիշ բան սպասելի չէր այս թրքաբարո ստահակից:

Խելքի՛ արի, Ա՛զգ:

Խելքի՛ արի, ժողովու՛րդ։

 

Արդեն յոթ ամիս է, ինչ պատերազմն ավարտվել է, բայց դեռ կան Հայոց բանակի զոհված զինվորների՝ ցայսօր հողին չհանձնված մարմիններ։ Մայիսի 31-ին մամուլում եւ սոցցանցերում տարածվեցին սահմռկեցուցիչ լուսանկարներ, որոնցում երեւում է, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դիահերձարանում պահվում են զինվորների մարմիններ՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթված։ Առողջապահության նախարարը նման տեսարանի համար ներողություն է խնդրել ու բավարարվել՝ նշելով, թե «իմ կողմից բացթողում է եղել»:

Կոտայքի մարզի դատական բժշկության բաժնի վարիչ Անրի Ավագյանը 24News-ի հետ զրույցում պարզաբանել է, թե քանի որ դիերը սառնարաններում չեն տեղավորվել, նկուղային հարկ են տեղափոխվել։ «Նկուղային հարկում ջերմաստիճանը մինչեւ 10 աստիճան է։ Տատանվում է, երբ դռները բացում-փակում են, բայց դա ջերմամեկուսացված սենյակ է։ Բավականին սառն է»,- ասել է նա։

…Հանրությունը ցնցված էր այն տեսարաններից, որոնք այդ օրը սպրդել էին մամուլ: Որեւէ մեկի մտքով չի կարող անցնել, որ հնարավոր է նման անմարդկային վերաբերմունք սեփական ազգի հերոսների նկատմամբ՝ երիտասարդ մարդիկ, որոնք հայրենիքի ծանր փորձության ժամին չեն խնայել իրենց ունեցած ամենաթանկագինը՝ կյանքը, եւ դրանով արդեն իսկ հերոս են: Թե ինչ արժեն այդ կյանքերը մեր սուրբ նահատակների հարազատների համար՝ ավելորդ է ասել, իսկ երկրի բարձրագույն իշխանությունների համար, որոնք կեղծավորաբար գնում են Եռաբլուր ու գերեզմաններ, խոնարհվում ընկածների շիրիմների առջեւ, ցավի ու ափսոսանքի խոսքեր ասում, պարզվում է՝ ներկայացում է: Մարդկային կյանքը նրանց համար, ընդհանրապես, արժեք չունի: Այլապես ազգի սերուցք հանդիսացող եւ դա իրենց կյանքով ապացուցած հերոս տղաների հանդեպ թույլ չէին տա նման սրբապղծություն: 

Իրականում սա ավելին է, քան սրբապղծություն: Ամիսներով զավակի դիակը ծնողների աչքից թաքցնել՝ զուր հույսեր տալով նրանց, ինչ է թե ընտրություններում ձայն չկորցնել՝ աններելի զանցանք է: Այստեղ առկա են ոչ միայն քաղաքական ու բարոյական, այլեւ իրավական պատասխանատվության տարրեր: «Առերեւույթ գործ ունենք պաշտոնեական անփութության եւ դիակն անարգանքի ենթարկելու՝ Քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցակազմերի հետ: Հազիվ թե Նիկոլ Փաշինյանն անտեղյակ է այս ամենից: Սա քաղաքական ամենաբարձր մակարդակով իրականացվող ծածկադմփոց է»,- ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Ըստ նրա, տեղի ունեցած ահավոր վարմունքի համար պաշտոններից 2 հոգու ազատումը աննշան պատիժ է, առնվազն ՀՀ առողջապահության նախարարը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: 

Հունիսի 2-ին «Հ1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է իր հրաժարականի պահանջին, որն առաջ էին քաշում նույն օրը նախարարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիները՝ բողոքելով զոհվածների մի քանի տասնյակ դիեր Աբովյանի դիահերձարանի նկուղներում սանիտարական ոչ պատշաճ պայմաններում պահելու դեմ: Քաղաքացիները պահանջում էին Ավանեսյանի հրաժարականը եւ նշում՝ «եթե մի փոքր մարդկային արժեք կա նրա մեջ, ապա պետք է հրաժարական տա»: «Ինձ ինչ ասեն, ես դրան չեմ անդրադառնալու: Ես քաղաքական պաշտոնատար անձ եմ, ինձ կարող են քաղաքական ամենասուր քննադատությունն ուղղել»,- «Հ1»-ին ասում էր նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը: 

Անահիտ Ավանեսյանը գործող իշխանակարգի այն կադրերից է, որոնք բարձր պաշտոն ու արտոնություններ են ստանում բացառապես Փաշինյանին հավատարմորեն ծառայելու պատրաստակամության դիմաց: Հաշվի չեն առնվում ո՛չ փորձն ու գիտելիքները, ո՛չ էլ արհեստավարժությունը: Միակ սկզբունքը, որով ընտրվում են կադրերը, բարձրագույն ղեկավարության հանդեպ անձնական հավատարմությունն է: Այդ սկզբունքով են որոշվում նաեւ պաշտոնյաների նյութական ու բարոյական խրախուսումները: Անահիտ Ավանեսյանին, որը մասնագիտությամբ իրավաբան է, վստահվեց առողջապահության ոլորտը, իսկ օրեր առաջ վարչապետի պաշտոնակատարի առաջարկությամբ նա պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Չնայած ավելի տեղին կլիներ, եթե պարգեւատրությունը ձեւակերպվեր որպես «Փաշինյանին մատուցած ծառայությունների համար»: 

Այդ «ծառայություններից» մեկը 44-օրյա պատերազմի նահատակների՝ նկուղում հայտնաբերված մասունքների պահման խայտառակ վիճակի մեղքը իր վրա վերցնելն է: Հունիսի 2-ին տարածած պարզաբանման մեջ Ավանեսյանն այդպես էլ ներկայացրեց՝ «մասունքների ոչ պատշաճ պահումը իմ մեղքն է»: Իրականում ամենամեծ մեղքը նրան նախարարի պաշտոնում նշանակողինն է ու «ոչմիբանի» համար պետական բարձր պարգեւի արժանացնողինը: Սակայն Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չփորձեր թեւի տակ առնել, արդարացնել իր կադրին՝ Կառավարության նիստում ազդարարելով. «Իհարկե, պիտի դաս քաղենք, բայց նախարարը չի կարող ամեն օր պտտվել, տեսնել, թե որտեղ ինչ է կատարվում»: Ահա այսպիսի պարզունակ ակունքներից են սնվում այն իրավիճակները, որոնք այսօր ունենք: 

Ինչ վերաբերում է միջադեպից «դաս քաղելուն», արդեն «քաղվել» է. Փաշինյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է անցկացվել, եւ ստորին օղակի երկու աշխատող ազատվել են աշխատանքից: Դե, իսկ Անահիտ Ավանեսյանը հայրենիքին մատուցած «ծառայություններ» ունի, ուստիեւ անձեռնմխելի է: Առողջապահության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակում նրա պաշտոնավարման օրոք էր, որ ՀՀ-ում ձախողվեց Covid-19-ի դեմ պայքարը, իշխանություններին հաջողվեց գաղտնի պահել պատերազմում զոհվածների, վիրավորվածների, անհետ կորածների, նույնիսկ` Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց իրական թվերը: Այդպիսի «ծառայությունները» չէին կարող աննկատ մնալ, եւ Ավանեսյանն ընդգրկվեց «ՔՊ» նախընտրական ցուցակում: 

Այժմ էլ բողոքի գործողությունների մասնակիցներին հորդորում է միջադեպը չդարձնել «քաղաքական շահարկումների առարկա»: Հավանաբար, մտավախություն ունի, որ ընտրություններին ընդառաջ այն վատ կազդի ՔՊ-ի վարկանիշին:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա եւ Բելգիա։ Հունիսի 1-ին նա Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Նույն օրը Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրա պատվին նոր տեղադրված կիսանդրու առջեւ։

Այնուհետեւ Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը հունիսի 2-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ինչպես նաեւ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։ Երկկողմ հանդիպումների ընթացքում կարեւորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերսկսման, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի կարգավորման, Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված հարցերը:

Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 3-ին աշխատանքային այցով Ղազախստանում էր: Ըստ նախագահի գրասենյակի հաղորդման, տեղի են ունեցել Սարգսյանի հանդիպումները Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Ղազախստանի խորհրդարանի ղեկավարության հետ: Քննարկվել են ինչպես հայ-ղազախական երկկողմ համագործակցությանը եւ միջպետական փոխհարաբերություններին, Եվրասիական տնտեսական միության ու ՀԱՊԿ-ի շրջանակներում գործակցությանը վերաբերող հարցեր, այնպես էլ հետպատերազմյան շրջանում Հայաստանում եւ տարածաշրջանում ի հայտ եկած խնդիրներն ու մարտահրավերները:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն հունիսի 3-ին հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Սյունիք այցի ընթացքում տեղի է ունեցել Հանրապետական մաղթանքի արարողություն Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ինչպես նաեւ Գարեգին երկրորդը զինվորական պանթեոնում իր խոնարհումն է բերել եւ աղոթել է զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար, նույն օրը նախատեսված էր նաեւ այց Շուռնուխ համայնք։

Սյունիքից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղեւորվել է Արցախ։

Նախագահ Արմեն Սարգսյանի հունիսի 1-ի հրամանագրով Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան` երեք տարի ժամկետով, հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը: Վլադիմիր Կարապետյանը նախկինում զբաղեցրել է վարչապետի խոսնակի պաշտոնը: Այդ պաշտոնից ազատվել է 2020-ի հունվարին:

Մեկ այլ հրամանագրով էլ Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ակնկալում է ընտրություններում ստանալ քվեների 60 տոկոսը: Այս մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին հայտարարել է կուսակցության գրասենյակում հանդիպման ժամանակ: Ըստ նրա, սա անհրաժեշտ է` խաղաղ զարգացման դարաշրջանը բացելու համար. «Որպեսզի որեւէ վիճարկում տեղի չունենա ժողովրդական մանդատի, շատ կարեւոր է, որ ընտրողների 60 տոկոսը քվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին»:

Բաքվի դատարանում հունիսի 2-ին մեկնարկել է երկու հայ ռազմագերիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։ Ադրբեջանի դատախազությունը նրանց մեղադրում է 1990-ականների սկզբներին ղարաբաղյան պատերազմում ադրբեջանցի «գերիներին խոշտանգելու մեջ»:

«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ եւս 14 հայ ռազմագերիների հանդեպ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: