Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

25 մայիսի - 1 հունիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այցով Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում էր, որտեղ մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: Այն հոբելյանական է. բոլորել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ստորագրման եւ կազմակերպության հիմնադրման 5-ամյակը: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, ինչպես նաեւ գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Փաշինյանը եւ Նազարբաեւը մտքեր են փոխանակել հայ-ղազախական հարաբերությունների շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, կարեւորել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:

Վարչապետն այնուհետեւ այցել է Ղազախստանում Հայաստանի դեսպանություն, ինչպես նաեւ հանդիպել է տեղի հայ գործարար շրջանակների հետ:

…Այն փաստը, որ Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են, ըստ էության, պետության երկրորդ աստիճանաշարի գործիչներ, ինքնին խոսուն է: Երբեմն հենց դրանով են շատերը դատում տվյալ երկրի նկատմամբ հյուրընկալողի պաշտոնական վերաբերմունքը: Ղազախստանը եւ նրա երկարամյա ղեկավարը Հայաստանի հանդեպ բարյացակամությամբ առանձնապես աչքի չեն ընկել: Մեր երկրի հետ միասին ընդգրկված լինելով անվտանգության նույն համակարգում՝ ՀԱՊԿ-ում, Ղազախստանը՝ ի դեմս Նազարբաեւի, Արցախի հարցում միշտ միակողմանիորեն սատարում էր Ադրբեջանին, բացեիբաց ներկայացնում նրա ազգային շահերը: Այդ մասին առիթ ունեցել ենք գրելու եւ այժմ թեմայի արծարծումը, կարծում ենք, միտք չունի: Փոխարենը դիտարկենք Ղազախստան կատարված ներկա այցին առնչվող երկու առանցքային հայեցակետ՝ խնդրո առարկա նիստի օրակարգը եւ հայ գործարարների հետ վարչապետի ավանդական դարձած հանդիպումը:

Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգն ակնհայտորեն բավական հագեցած էր. քննարկվել են ԵԱՏՄ-ի 2018թ. միջազգային գործունեությանը, երրորդ երկրների հետ համագործակցության զարգացմանը, 2019-2020թթ. միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականությանը, ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը, ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ իրականացված քայլերին վերաբերող եւ էլի մի շարք այլ հարցեր: ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովի աշխատանքներն ամփոփել են կառույցում այս տարի նախագահող՝ ՀՀ վարչապետը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը։ Եվրասիական միության գաղափարը 25 տարի առաջ հնչեցրել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որը եւ համարվում է այս միության կնքահայրը։ Այդ առիթով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Նազարբաեւի անվան շքանշաններ է հանձնել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղրղըզստանի նախագահներին։ Գագաթաժողովը որոշում է ընդունել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացնելու վերաբերյալ:

Գալով հայ գործարար շրջանակների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներին՝ ընդհանրապես, պետք է ցավով արձանագրել, որ նրանք չեն շտապում ներդրումներ կատարել պատմական հայրենիքում: Եվ դա հասկանալի է. կապիտալն ազգություն չունի` այն առաջնորդվում է սթափ դատողությամբ, այլ ոչ թե հույզերով: Ցանկացած ներդրողի համար` այդ թվում հայազգի, Հայաստանը գնահատվում է, նախեւառաջ, ներդրումային միջավայրի գրավչությամբ: Երկու կարեւոր գործոն` նոր իշխանակարգի անկայունությունը եւ արցախյան հակամարտության պատճառով հայ-ադրբեջանական պատերազմի վտանգը այսօր լուրջ խոչընդոտ են Հայաստանում ներդրում կատարել ցանկացող հավանական գործարարի առջեւ: Մյուս ոչ պակաս կարեւոր գործոնը, որը եւս հեռու է կատարյալ լինելուց, ներդրումային քաղաքականության, մասնավորապես` նպաստավոր իրավական դաշտի կարգավորվածությունն է: Ոլորտը կարգավորող օրենսդրական բազան ճեղքեր ունի, ինչի մասին շատ է խոսվում, սակայն, ինչպես ասում են, «սայլը տեղից չի շարժվում»: Ահա թե ինչու արտերկրյա գրեթե բոլոր այցերի ժամանակ հայ գործարար շրջանակների հետ Նիկոլ Փաշինյանի, երկրի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներն առայժմ խոստումներից այն կողմ չեն անցնում: «Իմ խորին համոզմամբ՝ խոշոր ներդրողները գնում են տաղանդավոր մարդկանց հետեւից, եւ մեր խնդիրն է ցույց տալ, որ ՀՀ-ում ապրում են տաղանդավոր մարդիկ, որոնք կարող են ոչ միայն իրենց երազանքներն իրականացնել, այլեւ միջավայր ստեղծել ուրիշների երազանքների համար»,- Սյունիքի մարզում մայիսի 27-ին տեղի ունեցած ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովում ասել է Փաշինյանը։

Է՛հ, ապրեին Հայաստանում այդքան տաղանդավոր մարդիկ, թերեւս, ոչ մի ներդրող էլ մեզ պետք չլիներ, պարզապես Հայաստանը կդառնար բարձր տեխնոլոգիաներ ու արհեստական բանականության ժամանակակից սարքեր արտահանող երկիր, եւ վե՛րջ:

 

Միջնորդական առաքելությամբ տարածաշրջան այցելած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահներին, ինչպեսեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին մայիսի 27-ին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում կարեւորվել է Վիեննայի գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ լարվածություն առաջացնող գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը: Վարչապետ Փաշինյանը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անդրադարձ են կատարել մարդասիրական ու մարդկանց միջեւ շփումների ոլորտում քայլերի իրականացման հնարավորություններին: Միջնորդները հանդիպել են նաեւ Հայաստանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ։ Հաջորդ օրը՝ մայիսի 28-ին, նրանք մեկնել են Ստեփանակերտ, այնտեղից էլ՝ Բաքու։

…Վերջին անգամ միջնորդները Ղարաբաղում քննարկումներ են անցկացրել 2018-ի հոկտեմբերի 30-ին։ Ստեփանակերտում Արցախի նախագահի հետ հանդիպմանն այս անգամ քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակն ու վերջին զարգացումները: Բակո Սահակյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, շեշտել է բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության խնդիրը: Բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավմանը, ինչպես նաեւ խաղաղության միջավայրի ձեւավորմանը, հումանիտար փոխգործակցությանը, մարդկանց շփումների հաստատմանն առնչվող հարցերին անդրադարձ էր եղել նաեւ նախօրեին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ համանախագահների հանդիպման ժամանակ: ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ՝ բացի հակամարտության խաղաղ կարգավորման եւ բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման թեմաներից, պաշտոնական Ստեփանակերտը հանդիպմանը ներկայացրել է մի շարք այլ հարցեր եւս` առանձնապես Ադրբեջանում հաճախացած զորավարժությունների խնդիրը: Եվ` իսկապես: Սա հակատրամաբանական պահվածք է մի երկրի համար, որը հանձնառու է սեփական հասարակությանը պատրաստել խաղաղության: Բաբայանի խոսքով` երկու շաբաթ առաջ Ադրբեջանը նորից խոշոր զորավարժություն է անցկացրել Թուրքիայի հետ համատեղ: «Սա, եթե չեմ սխալվում, հինգերորդ կամ վեցերորդ զորավարժությունն է, որ Ադրբեջանն անց է կացնում, ինչը ցույց է տալիս այդ երկրի իրական նպատակները: Իրենք դա չեն էլ թաքցնում: Վերջին զորավարժությունների ժամանակ առհասարակ զինվորներին կանգնեցրել էին շարք եւ գրել՝ «Շուշին պիտի գրավենք»»,- լրագրողներին ասել է Արցախի նախագահի խոսնակը:

Ադրբեջանը, ինչպես հայտնի է, սվիններով է ընդունում բանակցություններին Ղարաբաղի մասնակցության` հայկական կողմի պահանջները: Անդրադառնալով Հայաստանի վարչապետի դիրքորոշմանը, թե Ղարաբաղը պետք է ներգրավված լինի բանակցային գործընթացում՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հերթական անգամ նշել է, որ բանակցությունների այսօրվա ձեւաչափը որոշվել է դեռեւս 1992-ին, մնացածը, ըստ նրա, բանակցային գործընթացը ձգձգելու փորձ է: Որոշ դիտորդների կարծիքով` Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու հարցում պետք է շահագրգռված լինեն ոչ միայն պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ, նույնիսկ, Ադրբեջանը, եթե խնդրի արդարացի լուծման նրա ցանկությունն անկեղծ է: Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը հակառակն է ապացուցում. այն կարելի է գնահատել որպես քաղաքական եղանակով խնդիրը լուծելու կամքի ու պատրաստակամության բացակայություն: Մյուս կողմից Ադրբեջանի մտավախությունը հասկանալ կարելի է. Արցախի հետ նստել բանակցային սեղանի շուրջ` կնշանակի անուղղակիորեն ճանաչել ԼՂՀ-ի սուբյեկտայնությունը: Հավանաբար՝ խնդրին այս հայեցակետից է մոտենում պաշտոնական Բաքուն, եւ դրանում որոշակի իմաստ կա:

Ամեն դեպքում Բաքուն, վաղ թե ուշ, ստիպված է լինելու դեմառդեմ նստել ու խոսել հակամարտության անմիջական կողմի հետ, եթե, իհարկե, ձգտում է խաղաղության եւ իրապես մտադիր է դուրս գալ փակուղային վիճակից:

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Մայիսի 28-ին Հայաստանը նշում էր Հանրապետության տոնը: Ուղիղ 101 տարի առաջ հայտարարվեց ՀՀ-ի ստեղծման մասին, եւ շուրջ ինը դար տեւած ընդմիջումից հետո Հայկական լեռնաշխարհում վերականգնվեց հայոց պետականությունը: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներով հանդես են եկել Հայաստանի եւ Արցախի նախագահները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական գործիչներ, կազմակերպություններ: Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելել է Սարդարապատի հուշահամալիր, որտեղ տեղի են ունեցել Հանրապետության տոնին նվիրված հանդիսություններ:

Ազգային ժողովում մայիսի 29-ին մեկնարկել է հերթական քառօրյան, որի օրակարգում 41 հարց է ընդգրկված, այդ թվում` Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի ընտրության հարցը: ՍԴ դատավորի թեկնածուն Արթուր Վաղարշյանն է, նրա թեկնածությունը ներկայացրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Նույն օրը Ազգային ժողովը ձայների 53 դեմ, 30 կողմ հարաբերակցությամբ մերժել է Վաղարշյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Վերջինս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած չորրորդ թեկնածուն էր: ԱԺ-ն չէր հաստատել նաեւ նախագահի ներկայացրած նախորդ երեք թեկնածուներին՝ Գոռ Հովհաննիսյանին, Վահե Գրիգորյանին եւ Էմիլ Բաբայանին:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած, նրա գործով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացրած եւ գործը Սահմանադրական դատարան ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ դրանք պատճենահանելու եւ Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Դատավոր Գրիգորյանի գրասենյակի փոխանցմամբ՝ գործի նյութերն այժմ պատճենահանվում են։ Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին, իսկ մայիսի 20-ին գործը կասեցրել եւ ուղարկել էր Սահմանադրական դատարան:

 

Միջազգային մամուլ

Վրաստանի նախկին նախագահին վերադարձվել է Ուկրաինայի քաղաքացիությունը

France24 -ը տեղեկացնում է, որ Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ Ուկրաինայի քաղաքացիությունը՝ մոտ երկու տարի անց այն բանից հետո, երբ նրան զրկեցին քաղաքացիությունից եւ արտաքսեցին երկրից:

BBC-ն գրում է, որ Սահակաշվիլին հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից, երբ ստանձնել էր Օդեսայի նահանգապետի պաշտոնը: Սակայն ավելի քան մեկ տարի պաշտոնավարելուց հետո դուրս է եկել Պորոշենկոյի դեմ եւ, ընդդիմությանը միացած, հակակոռուպցիոն ցույցեր անցկացրել ընդդեմ իր նախկին դաշնակցի:

 

Իսրայելում նոր ընտրություններ կանցկացվեն

The Guardian-ի հաղորդմամբ՝ Իսրայելի խորհրդարանը քվեարկել է ինքնալուծարման օգտին՝ այն բանից հետո, երբ Բենիամին Նեթանյահուին չհաջողվեց կառավարություն ձեւավորել: Քնեսեթը քվեարկել է սեպտեմբերին նոր ընտրություններ անցկացնելու օգտին: Ինչպես նշում է պարբերականը, կոալիցիոն բանակցությունները դադարեցվել են, քանի որ պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարվել է սատարել վարչապետին: Իսրայելի խորհրդարանում մեծամասնության համար Նեթանյահուին անհրաժեշտ էր Լիբերմանի ծայրահեղ ազգայնական կուսակցության աջակցությունը:

The New York Times-ը գրում է, որ շաբաթներ տեւած բանակցություններից հետո Նեթանյահուի՝ աշխարհիկ ծայրահեղ ազգայնական եւ ծայրահեղ ուղղափառ խմբակցությունների հետ կոալիցիա կազմելու փորձերը ձախողվեցին, քանի որ խմբակցությունները հրաժարվեցին փոխզիջման գնալ զինվորական ծառայության մասին առաջարկվող օրենսդրության վերաբերյալ, համաձայն որի՝ ծայրահեղ ուղղափառներն այլեւս չեն զորակոչվի բանակ:

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: