Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

20-27 մայիսի 2023թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Մայիսի 22-ին Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած՝ գործադիրի դեկավարի մամլո ասուլիսը թե՛ բովանդակային եւ թե՛ հուզականության առումով կարելի է շրջադարձային համարել: Ուշագրավն այն է, որ հանրային ու փորձագիտական շրջանակներին խորապես հետաքրքրող ամենազգայուն հարցերն ասուլիսի ընթացքում արծարծվեցին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների ու նրանց աջակցող քաղաքացիների՝ Կառավարության շենքի մոտ մայիսի 20-ից հայտարարված անժամկետ նստացույցի խորապատկերին: Բողոքի ակցիայի մասնակիցների պահանջն էր՝ ազատ արձակել Աշոտ Փաշինյանի «առեւանգման գործով» մեկ ամսով կալանավորված Գայանե Հակոբյանին, որը զոհված զինծառայողի մայր է:

Իհարկե՝ զոհված զինվորի մայր լինելն ինքնին պատճառ չէ անձին կալանքից ազատելու համար եւ ասուլիսում, բնականաբար, միայն այդ հարցը չէ, որ լուսաբանվել է: Սակայն բազմաթիվ թեմաներից այս մեկը եւ դրա շուրջ հետաքրքրությունն առանձնահատուկ է նրանով, որ առնչվում է երկրի վարչապետի որդուն եւ իր կյանքը Հայրենիքի համար անձնվիրաբար զոհաբերած զինծառայողի հերոսածին մորը: Եվ, մանավանդ, առնչվում է այն հանգամանքին, որ Գայանե Հակոբյանի արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն համոզիչ չէ: Ավելին՝ ըստ տիրապետող հանրային կարծիքի, միջադեպը հատուկ հրահրված եւ արհեստականորեն ուռճացված է:

Եթե անկեղծ՝ ուռճացման, միտումնավորության տարրեր նկատելի էին նաեւ բուն ասուլիսում՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում: Վերջինս, կարծես թե, ի լուր իրավապահ մարմինների, պնդեց, որ բողոքը ետ չեն վերցնի, ինչն ասել է թե՝ որդեկորույս մայրը պետք է մնա կալանքի տակ: Սա գլխավոր դատախազի բաժին հրահանգն էր: Նաեւ առեւանգման հոդվածով նախատեսվող պատժաչափը հրապարակեց՝ ի գիտություն դատավոր Մնացական Մարտիրոսյանի, 4-8 տարի: Իսկ «առեւանգում» եզրը մի քանի անգամ հիշատակեց՝ խախտելով անմեղության կանխավարկածը: Ձեւի համար գոնե «ենթադրյալ» մակբայը կողքը դներ:

Այսպիսով՝ մինչ բանիմաց ու փորձառու իրավաբանները մատնանշում են, որ այս միջադեպում առեւանգման հանցակազմն իսպառ բացակայում է, «տուժողի» հայրը դեպքից 4 օր անց իր հրավիրած մամլո ասուլիսում, փաստորեն, կայացնում է «դատավճիռը»: Սա այլ կերպ, քան պարզ մարդկային փոքրոգություն, չես անվանի: Պատերազմից հետո այս էլ որերորդ անգամ Փաշինյանը պատմում է «կամավոր» ռազմաճակատ մեկնած Աշոտիկի «մարտական» օրերից մի դրվագ, թե ինչպես բեկորային մահացու վիրավորում ստացավ որդու ընկերը, որի հետ նույն խրամաբջջում «մարմնով իրար կպած»՝ դիմակայում էին թշնամու գրոհներին:

 «Կողք կողքի նույն տեղում գտնվող որդուս ընկերը ականանետի պայթյունից զոհվել է, իմ որդին` ոչ, ո՞վ է որոշել դա… եթե բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա չէ՞»,- ասել է նա՝ հավանաբար չհասկանալով, որ խոսքի ենթատեքստում մի կողմից նսեմացնում է հերոսաբար զոհված հայորդիների սխրանքը, մյուս կողմից՝ թերարժեւորում հերոսածին մայրերի մեծարումը:

 

Ասուլիսային դիտարկումների լայն տարրապատկերից միայն մեկի առանձնացման մեջ դիտավորություն չկա: Արծարծված թեմաների ժամանակատարության, որ նույնն է թե՝ կարեւորության տեսակետից «առեւանգման գործը», ըստ էության, կարելի է դասակարգել երկրորդ տեղում՝ Արցախը հանձնելու թեմայից հետո, որին եւս կանդրադառնանք: Բայց նախ նկատենք, որ ասուլիսի պահին Հանրապետության հրապարակում կենտրոնացված էին ոստիկանական մեծաթիվ ուժեր, որոնց մի մասը, լուրերի համաձայն, ավտոբուսներով բերվել էր մարզերից: Ուժայինների այդքան մեծ քանակությունն ինքնին անհանգստացնող էր, երեւում է՝ ինչ-որ բան այն չէ: Հետո պարզվեց, որ Փաշինյանը պատրաստվում է հստակություն մտցնել Արցախի թեմայում:

Եվ երբ տեղն արդեն բավականաչափ «ապահով» էր, առաջին անգամ ուղիղ տեքստով հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Նա գիտակցում է նման հայտարարություն վտանգավորությունը, մեկ անգամ արդեն փորձել էր դա հայտնել հանրությանը, բայց կես ճանապարհից զգուշացել էր Կառավարության շենքի մոտ եւ ԱԺ-ի դարպասների մատույցներում ինքնաբուխ հավաքված բազմահազար մարդկանց ցասումից ու ետ կանգնել «հանուն խաղաղության ծանր որոշումների գնալու»՝ իր խոսքից: Դա 2022-ի սեպտեմբերի 14-ին էր: Ինչպես այն ժամանակ, հիմա էլ՝ նմանապես, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հասկանում էր եւ՝ է, որ վատ բան է անում, բայց, ի վերջո, արեց:

«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի… էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29.800 քառ. կմ տարածքով ստանա տեւական խաղաղություն եւ անվտանգություն»,- սա ասել էր 8 ամիս առաջ: Սակայն, ինչպես նշվեց, այն ժամանակ հանրային ուժեղ ճնշում եղավ, եւ ժամանակ էր պետք հանրությանն այդ մտքին ընտելացնելու եւ սեփական դիրքերն ավելի ամրապնդելու համար: Սկսեց ուժայինների, իրավապահ համակարգի ծառայողների նյութական շահագրգռվածության բարձրացումից եւ ավարտեց բոլոր առանցքային պաշտոններում ՔՊ-ական յուրայինների նշանակմամբ:

Հիմա, կարծես թե, պահանջվող ժամանակն իր գործն արել է, եւ կարելի է իրագործել դավադիր մտադրությունն ու այդ մասին անսքող բարձրաձայնել, ինչը եւ արեց մայիսի 22-ին հրավիրած ասուլիսի ընթացքում: Անցյալ տարվա սեպտեմբերի հայտարարության մեջ 29.800 քառ. կմ տարածքի հիշատակությունը եւ այժմ նույն թվի հաճախակի շեշտադրումը հաստատում են նույն գործընթացի շարունակական կապի փաստը, իսկ «29.800»-ը մի տեսակ կոդային իմաստ է ստանում: Այսուհանդերձ՝ կարեւոր մի հարց բաց է մնում: Նիկոլ Փաշինյանն, այո, նշում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քառ. կմ-ի սահմանում, որի մեջ մտնում են նաեւ Արցախը եւ մի քանի անկլավներ: Հիմա՝ հարց. իսկ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչո՞ւմ է գոնե Հայաստանի 29.800 քառ. կմ տարածքը:

Անձամբ ինքս Ալիեւի բերանից նման հայտարարություն չեմ լսել՝ ի տարբերություն Փաշինյանի, որն ամենօրյա ռեժիմով լավ վարժեցված թութակի նման անընդհատ խոսում է 86.600 քառ. կմ-ի ու Արցախն Ադրբեջանի կազմում լինելու մասին: «Նման հարցը մեկ մարդու որոշելու խնդիր չէ… ի՞նչ է՝ Փաշինյա՞նը պետք է որոշի իմ երեխայի ապագան: Ինքը կարող է տեսակետ հայտնել, բայց չի կարող միանձնյա որոշում կայացնել»,- նշել է Արցախի ԱԳ նախկին նախարար, այժմ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: Ընդհանրապես՝ Ստեփանակերտը կոշտ է արձագանքել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու՝ ՀՀ գործադիրի ղեկավարի հայտարարություններին:

Ասուլիսից ժամեր անց՝ ուշ երեկոյան, Արցախի ԱԺ-ի կողմից հրավիրված արտահերթ նիստում Փաշինյանի նկատառումները համարվել են անընդունելի եւ առոչինչ, քանզի դրանցում, ըստ պատգամավորների միաձայն ընդունված հայտարարության, «անտեսված են Արցախի ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու դրա իրացման փաստը»: Իր ուղերձում Արայիկ Հարությունյանն էլ շեշտել է, որ Արցախին առնչվող գործողություններում ու դիրքորոշումներում «ՀՀ-ի համար գլխավոր ուղենիշը պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտությունը, ինչն աներկբա կերպով դրսեւորվել է անկախության եւ սահմանադրական հանրաքվեներով»:

Նկատված փաստ է՝ Փաշինյանը «եկած օրից» ադրբեջանական թեզեր է շրջանառության մեջ դնում: Շատերի հիշողությունից դեռ չեն ջնջվել իշխանավարման արշալույսին ՔՊ առաջնորդի այն հայտարարությունը, թե ԼՂՀ խնդրի լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին եւ Ադրբեջանի ժողովրդին: Մարդիկ դրան այնքան էլ կարեւորություն չտվեցին՝ մտածելով, որ պարզապես քաղաքավարական ժեստ է: Սակայն իրականում ոչ թե քաղաքավարություն էր, այլ քաղաքականություն՝ փոքր «չափաբաժիններով» հանրության մեջ բաժանվում էին թրքասիրության առաջին հաբերը, ինչը հինգ տարվա կտրվածքով մեզ հասցրեց տրամաբանական այն իրավիճակին, որին հասցրեց:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 24-25-ը աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ նախատեսված էր ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը մայիսի 25-ին Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Այցի շրջանակում տեղի են ունեցել Փաշինյանի եւ Պուտինի հանդիպումը: Ավելի վաղ՝ մայիսի 19-ին, Մոսկվայում հանդիպել էին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները:

Մայիսի 22-ին մեկնարկել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի այցը Հայաստան, տեղեկացնում է Հայաստանի ԱԳ նախարարությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընթանում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Լեո Դոքերթիի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Սա Դոքերթիի առաջին այցն է Հայաստան. նա կհանդիպի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կքննարկի անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ առեւտրային կապերի խթանման հնարավորությունները, կհայտարարի Ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին, որը տեղի կունենա այս տարվա ընթացքում:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հրավերով մայիսի 23-25-ը Ռուսաստանում էր։ Ըստ Հայաստանի ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում էր այդ օրերին Մոսկվայում անցկացվող Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային 11-րդ հանդիպմանը:

Կոռնիձորում մայիսի 20-ին մեկնարկել է «Կամավորական շարժում» ՀԿ հանրահավաքը, որին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերից եւ Երեւանից ժամանած մեծ թվով քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Ավելի վաղ տարածած հաղորդագրությամբ՝ շարժումը բոլորին հրավիրել էր Հակարի կամրջի սկզբնամաս՝ մասնակցելու հանրահավաքին: Արցախում եւս հանրահավաք ու երթ էր ընթանում՝ հաջակցություն Կոռնիձորի հանրահավաքի, որի նպատակն էր՝ Ո՛չ ասել Հայաստանին պարտադրվող զիջումներին, տեր լինել Արցախին եւ Հայաստանին:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: