Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

Հունիսի 2-9

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Նախորդ շաբաթավարտին գործադիրը հավանություն է տվել իր ծրագրին եւ նախագիծն ուղարկել Ազգային ժողով` Արա Բաբլոյանին առաջարկելով հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել խորհրդարանի արտահերթ նիստ եւ օրակարգում ընդգրկել նաեւ Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային ու ազգային հարաբերությունների հիմք եւ հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:

Կառավարության ծրագրում` իբրեւ նրա գործունեության հիմնական ուղենիշներ, նշված են բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով իշխանության ձեւավորումը, իրավունքի գերակայության եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը, քաղաքացիական համերաշխությունը, Հայաստանի արտաքին ու ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության շարունակական բարձրացումը, կոռուպցիայի հանրային մերժումը, քաղաքականության ու բիզնեսի գործնական տարանջատումը եւ այլն։ Փաստաթղթում անդրադարձ է կատարվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը: Ըստ այդմ՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունը, նախապատվությունը եւ ուժերի իրական հարաբերակցությունը, ինչն էլ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։ Կառավարությունը կարեւորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք կլինեն իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու եւ ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունք արձանագրելու նպատակով գործադիրը անհրաժեշտ է համարում, իրականացնել Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Ծրագրի համաձայն՝ անհրաժեշտ է, մասնավորապես, հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից եւ անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձեւավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով, բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա եւ ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով եւ այլն: Հատուկ ուշադրություն կդարձվի, որպեսզի մեկընդմիշտ բացառվեն քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունները, ճնշումներն ու ընտրակաշառքի բաժանման դեպքերը: Այդ նպատակով նախատեսվում է իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների եւ օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում:

Կառավարությունը գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։ Ըստ երեւույթին՝ դրանով են պայմանավորված ծրագրի լակոնիկությունն ու թվային հիմնավորումների բացակայությունը, ինչը սոցցանցերում ոմանց քննադատությանն է արժանանում: Այո, ի տարբերություն Կարեն Կարապետյանի կառավարության 2017-2022թթ. ծրագրի, նոր կառավարության ծրագիրը թվային արտահայտությունների եւ ժամկետների առումով բավական անորոշ է: Սա, թերեւս, կարելի է բացատրել նրանով, որ առջեւում ԱԺ արտահերթ ընտրություններն են, եւ ժամանակավոր կառավարությունն անիմաստ է համարել միջանկյալ ժամանակահատվածի կտրվածքով «ծանրանալ» թվերի ու ժամկետների վրա: Ամենայն հավանականությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, իսկ ընտրություններում հաղթելու դեպքում՝ արդեն նոր կառավարության ծրագիրը, կլինեն ավելի կուռ, փաստարկված եւ թվային հիմնավորումներով։ Եթե ուշադրություն դարձրել եք, կառավարությունն իր ծրագրում ակնարկել է, որ այնքան էլ չի կարեւորում վիճակագրական թիրախները։ «Տնտեսության զուտ վիճակագրական աճը, որը էական ոչինչ չի փոխում մարդկանց կյանքում, մնում է որպես սովորական վիճակագրություն։ Մինչդեռ հարկավոր է կիրառել տնտեսական զարգացման եւ ստեղծված արժեքի բաշխման այնպիսի մոդել, որը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն կտա իր վրա զգալ տնտեսական աճի հետեւանքները»,- նշված է ծրագրում։ Ինչ վերաբերում է տնտեսական առաջնահերթություններին, ապա դրանք, կառավարության ներկայացմամբ, երեքն են՝ բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն եւ զբոսաշրջություն։ Այս երեք ամենակարեւոր ոլորտների զարգացման տեսլականը բավական հստակեցված է, մնացածը ցույց կտա ժամանակը:

Ազգային ժողովի՝ հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում ձայների 62 կողմ, 39 դեմ հարաբերակցությամբ հաստատվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագիրը։ Հատկանշական է, որ արտահերթ նիստի նախօրեին Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող (58 պատգամավորական մանդատ) ՀՀԿ-ի 6 պատգամավոր հայտարարել էին համանուն խմբակցությունից դուրս գալու մասին: Այդպիսով` Ազգային ժողովում Հանրապետականը կորցրել է մեծամասնությունը: Այդուհանդերձ, ՀՀԿ-ն հայտարարել է, որ չի խոչընդոտելու կառավարության ծրագրի քվեարկությանը` չնայած  նախագծի քննարկման ժամանակ այդ խմբակցության ներկայացուցիչները միահամուռ հանդես եկան փաստաթղթի կոշտ քննադատության դիրքերից: Ծրագիրը փորձագիտական շրջանակների կողմից անվանվում է անցումային եւ, որպես առաջնահերթություն, սահմանում է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

 

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում շուրջ մեկ շաբաթ շարունակվում էին հունիսի 1-ից սկսված բողոքի գործողությունները: Հայաստանյան եւ արցախյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պատճառը ԱԱԾ հատուկ ջոկատայինների ու ոստիկանության ներգրավվածությամբ տեղի ունեցած ծեծկռտուքն է, որից տուժել են երկու քաղաքացի եւ միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Ցուցարարները նույն օրը փակել են քաղաքի կենտրոնական` Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի հրաժարականը։ Կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ընթացքում կողմերը, ըստ ԼՂՀ ոստիկանության, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար: 

…Միջադեպին հաջորդած օրը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախ հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ, ապա ընդունել նաեւ բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների՝ նրանց հետ քննարկելով տեղի ունեցածին վերաբերող հարցեր։ Նախագահի հավաստիացմամբ` իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։ Հրավիրվել է նաեւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ ստեղծվել է հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով` իրավիճակը պարզելու համար: Արցախում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ հորդորելով ցուցաբերել խոհեմություն, զերծ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից եւ հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում:

«Արցախում մթնոլորտ է փոխվել՝ վախի այն մթնոլորտը, որը տիրում էր տարիներ շարունակ: Այլեւս չկա այն իրավիճակը, երբ մարդիկ չէին կարողանում արտահայտել իրենց հայացքները, երբ վարչական եւ ուժային ռեսուրսների միջոցով մարդկանց ճնշում ու լռեցնում էին: Մենք արդեն ունենք որակապես այլ Արցախ»,- Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Ստեփանակերտում տեղի ունեցողը հայաստանյան ալիքի շարունակությունն է, եւ միանգամայն ակնհայտ է, որ Բակո Սահակյանի քաղաքական կարիերան մոտենում է ավարտին: Իսկապես, ակցիայի մասնակիցների շրջանակը գնալով ընդլայնվում է, իրավիճակը՝ որակապես փոխվում: Բողոքին միանում են նաեւ կանայք ու աղջիկներ, նույնիսկ՝ երեխաներ: Կարծես թե բոլորը հասկանում են, որ Արցախում առկա ամենաթողության մթնոլորտը, որի գլխավոր մեղավորն ուժայիններն են, այլեւս տեղ չունի իրենց կյանքում:

Հունիսի 4-ին Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին է անդրադարձել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում նա ցուցարարներին հորդորել է հնարավորություն տալ իշխանությանը՝ իրագործելու այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել վերջին օրերի հանդիպումների ժամանակ: Եվ եթե առաջիկայում պայմանավորվածությունները չկատարվեն, այդ դեպքում, ըստ Փաշինյանի, իմաստ կունենա շարունակել բողոքի գործողությունները: «Իմ եղբայրական խնդրանքն է՝ այդ բողոքի գործողությունը դադարեցնել, առնվազն՝ կասեցնել, որպեսզի իշխանությունները կարողանան կյանքի կոչել ցուցարարների ու իշխանությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: Եվ շատ չանցած՝ Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարում է բողոքի գործողությունները դադարեցնելու մասին՝ «գնդակն» ուղարկելով իշխանությունների դաշտը: Ցուցարարների պահանջի հետ կապված խնդիրը, այդպիսով, հունիսի 6-ին հանգուցալուծվում է՝ հրաժարականներ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը եւ նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը: Նույն օրը հրաժարական է տալիս նաեւ պետնախարար Արայիկ Հարությունյանը: Բայց, ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում. Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պետական նախարարի պաշտոնում նշանակվում է Գրիգորի Մարտիրոսյանը, ոստիկանապետի պաշտոնում՝ գնդապետ Իգոր Գրիգորյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում՝ գնդապետ Սամվել Շահրամանյանը: Բարի ծառայությո՛ւն:

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

 

Իտալիան նոր կառավարություն ունի 

Ինչպես հաղորդում է Euronews-ը, Իտալիայում վերջապես նոր կառավարություն է ձեւավորվել: Շաբաթներ պահանջվեցին կառավարության թիմը ձեւավորելու համար, որը բաղկացած է «Հինգ աստղ շարժում» եւ «Լիգա» կուսակցություններից:

The New York Times-ը գրում է, որ վարչապետ Ջուզեպպե Կոնտեն իր երկրի նոր կառավարությունը կոչել է «հպարտ պոպուլիստական եւ հակակոռուպցիոն գործունեություն ծավալող»: Նա հայտնել է միգրացիոն համակարգի վերակառուցման, Եվրոպայի հետ հարաբերությունները վերանայելու եւ Ռուսաստանի հետ ավելի մերձենալու ցանկություն: Կոնտեն հավաստիացրել է իտալացիներին եւ միջազգային ներդրողներին, որ Եվրամիության հիմնադիր անդամ Իտալիան մնալու է իր «տանը», եւ եվրոյի գոտին լքելու հարց «երբեք չի քննարկվել», նաեւ ավելացրել է, որ իր կառավարությունը կաջակցի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացմանը:

Reuters-ի հաղորդմամբ՝ Իտալիայի նոր կառավարությունը մտադիր է վերանայել 40 միլիարդ դոլար արժողությամբ միջազգային TAP գազատարի վերջնական փուլը: Իտալիան գտնվում է Հարավային գազային միջանցքի վերջում, որով Կենտրոնական Ասիայից գազ է գնում Արեւմտյան Եվրոպա: «Դա Եվրամիության էներգետիկ անվտանգության քաղաքականության անկյունաքարն է, որի նպատակն է զրկել Ռուսաստանին գազի մատակարարման մենաշնորհից»,- տեղեկացնում է գործակալությունը: Ըստ նրա, վերանայումը, հավանաբար, լարվածություն կստեղծի Իտալիայի եւ 4.5 միլիարդ եվրոյի (5.3 միլիարդ դոլար) TAP նախագծի մշակողների միջեւ, «որոնց թվում են բրիտանական նավթային «ԲՊ», Իտալիայի «Սնամ» եւ Իսպանիայի «Էնագաս» ընկերությունները»:

Հարավային գազային միջանցքը, որը հիմնականում ավարտին է հասցված, սկիզբ է առնում Ադրբեջանից, անցնում Արեւելյան Եվրոպայով դեպի Իտալիա: Իրադարձությունների այսպիսի զարգացումը, անկասկած, խիստ ձեռնտու է Կրեմլին:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: