Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

12-19 հունիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական կանգառը հունիսի 15-ին Սյունիքի մարզն էր՝ Ագարակ համայնքը, Սիսիան, Գորիս, Քաջարան եւ Կապան քաղաքները։ Ապրիլին Փաշինյանը այստեղ «բուռն» ընդունելության էր արժանացել, իսկ ավելի վաղ՝ առհասարակ չէր կարողացել մուտք գործել Սյունիք։ Ըստ երեւույթին, որոշել էին ամեն ինչ անել նման հեռանկարը կանխելու համար հնարավորինս մեծ թվով աջակիցներ հավաքագրել: Փաշինյանի հետ մոտ 2 հազար շրջիկ աջակից եւ հազարի չափ ոստիկան էին մեկնել Սյունիք, որտեղ պետական բոլոր կառույցները ոտքի էին ելել: «Հրապարակ» օրաթերթի տեղեկացմամբ՝ մարզպետարանում մի քանի օր իրարանցում էր տիրում. «Բառացիորեն տեռորի են ենթարկվում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունների ղեկավարները, որ կոլեկտիվներով, ընտանիքներով ներկա գտնվեն Փաշինյանի հանդիպումներին, հակառակ դեպքում՝ հրաժեշտ կտան պաշտոններին»,- գրում է պարբերականը։

…Այցի նախօրյակին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը Ֆեյսբուքում մի ցնծագին գրառում էր կատարել՝ «Վաղը հազարավոր ավտոմեքենաներով մեկնում ենք Սյունիք»: Սա, կարծես թե, ծանուցում չէ, ավելի շուտ հնչում է որպես մարտահրավեր, համենայն դեպս, այդպիսին է առաջին տպավորությունը: Եվ այն կամբողջանար, եթե «մեկնել»-ը փոխարինվեր, օրինակ, «ասպատակել» բառով: Հատկապես, երբ խոսքը Սյունիքի մարզի եւ «հազարավոր ավտոմեքենաներ»-ի մասին է կամ հնչեցվում է այդ համատեքստում: Գրառման մեջ նա չի հիշատակել, որ իր հետ Սյունիք է տանում նաեւ հազարավոր ոստիկաններ ու շրջիկ աջակիցներ՝ մոտավորապես երեք հազար մարդ: 

Պարզ է, որ Սյունիքում Փաշինյանին չեն սպասում, նրան համարում են դավաճան եւ հողատու, նրա ապաշնորհ քաղաքականության, անկազմակերպվածության պատճառով Սյունիքը խոցելի է դարձել թշնամու համար, որը չհանդիպելով որեւէ դիմադրության, մուտք է գործել Հայաստանի ինքնիշխան տարածք, մի քանի ուղղություններով գրավել շահեկան դիրքեր՝ այդ թվում Սեւ լճի շրջակայքում, որտեղ ամրապնդվել է եւ որտեղից դուրս չի գալիս արդեն 37 օր: Պետությունը չունի գոնե այնքան ներուժ կամ, իրենց սիրած արտահայտությամբ, «դուխ», որպեսզի աներես շնագայլերի նման հարեւանի տարածք սողոսկած ոհմակին դուրս շպրտի, գերեվարի կամ տեղում ոչնչացնի: Ավելին՝ ազերի սահմանախախտն ինքն է սպանում դիրքում կանգնած հայ զինվորին, իսկ հաջորդ անգամ գերեվարում սահմանի մեր հատվածում ինժեներական աշխատանք կատարող 6 զինծառայողի: Թուլամորթության, անիշխանության արդյունքում հայոց Զանգեզուրն այժմ հայտնվել է ազերաթուրքական նվաճման իրական վտանգի տակ:

Ու հիմա այդ ամենի գլխավոր պատասխանատուն եւ մեղավորը մեկնում է Սյունիք, որ ի՞նչ անի: Այն էլ՝ հազարավոր ավտոմեքենաներով, ոստիկանական ուժերով, գործադիր մարմնի ներկայացուցիչներով, ինչը վարչական ռեսուրսների կիրառման դասական օրինակ է: Չէ՞ որ հրաժարական տված պետական պաշտոնյան այլեւս շարքային քաղաքացու կարգավիճակ ունի, եւ նրան օրենքով արգելվում է կատարել վարչապետի լիազորություններից բխող գործողություններ: Որ Սյունիքում իրեն իսկապես սպասող չկա՝ Փաշինյանը հիանալի հասկանում է: Դրա համար էլ իր հետ տարավ ոչ միայն ոստիկանության ու անվտանգության ուժերի տպավորիչ քանակություն, այլեւ իրեն ծափահարողներ, «Նիկո՛լ, վարչապետ» վանկարկողներ: NEWS.am-ի հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարի այցի հետ կապված իրավիճակը դիպուկ է նկարագրել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե ընտրություններից հետո «Սյունիքի որոշ քաղաքապետերի պառկեցնելու են Ագարակի ասֆալտներին»։ 

Փարամազյանը նկատում է. «Էժանագին թատրոն էր, տիպիկ բալագան, ամեն պարագան իրենցից էր` ռեժիսոր, օպերատոր, դերասան, հանդիսատես, խաղարկվող մեռելը, դեկորացիան, միայն տարածքն էր մեզնից… Արդեն անեկդոտներ են պտտվում Քաջարանում։ Մարդը նայում է իր հետ բերած անհայտ ծագման ամբոխին, թե` սիրելի քաջարանցիներ... Այ քո խիղճը կտրվի, դու էնտեղ քաջարանցի որտե՞ղ տեսար»։ Քաղաքապետի խոսքով՝ այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սյունիքում անցկացրած քարոզարշավը քաղաքական ֆուրշետ էր. «Իրենք բերեցին, փռեցին, կերան, կենացի մակարդակով մի երկու սուտ փչեցին, հավաքվեցին ու գնացին։ Հա, երեւի նաեւ չմոռացավ անամոթաբար ասել՝ սիրում է բոլորին, խոնարհվում է բոլորի առջեւ։ Իհարկե, երկիրը այս վիճակից հանելու ծրագիր, օրակարգ, ռազմավարություն չունեն ու չեն էլ կարող ունենալ»,- նշել է Փարամազյանը։ 

Դիտողությունն, ինչ խոսք, տեղին է: «Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր նման է փոթորկուն ծով մտած անղեկ ու անառագաստ նավի՝ չունի ոչ ծրագիր ու ռազմավարություն, ոչ էլ առաջընթացի հայեցակարգ ու տեսլական: Ուրեմն՝ ո՞րն է Սյունիքի մարզ նրա այդ պերճաշուք այցելության նպատակը, եթե կառավարման եռամյա ձախողումներից զատ ոչինչ չունի, որպեսզի ներկայացնի իր ընտրողին: Դատելով ՔՊ առաջնորդին բնորոշ փքուն հռետորաբանությունից, կարելի է պնդել, որ նպատակը մեկն է՝ նախընտրական քարոզչության քողի տակ վարկաբեկել, նսեմացնել առավել վտանգավոր իր քաղաքական հակառակորդներին հատկապես այն տարածագոտում, որտեղ վերջիններիս վարկանիշն անհամեմատ բարձր է: Իսկ թիրախը «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է, Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունը, ինչպես նաեւ «տեղացի թափթփուկ» քաղաքապետերն ու մյուս պաշտոնյաները: 

Ուստի Կապանում դիմելով Հակոբյանին, վարչապետի պաշտոնակատարն ասել է. «Ջահե՛լ, հիշիր 2018թ.-ին իմ աշխատասենյակում քո ձեռքերի ու ոտքերի դողը, այդ դողը շուտով վերադառնալու է, բայց դու ինձ այլեւս չես տեսնելու, դու աստղեր ես տեսնելու քո աչքերում, ինչպես քո նման անտաղանդ բռնցքամարտիկներն են շատ հաճախ աստղեր տեսնում իրենց աչքերում եւ ծիտիկներ՝ իրենց գլխի շուրջ, սա ես խոստանում եմ»: Վերջին բառերն արտաբերելիս՝ Փաշինյանը գլխավերեւում թափահարել է այս օրերին իրենից անբաժան մուրճը, որը նվեր էր ստացել Եղվարդում եւ վերջին ելույթներում օգտագործում է որպես «պողպատե մանդատի» խորհրդանիշ. «Սա ժողովրդի չագուջն է,- ասել է նա,- որ հունիսի 20-ին ժողովուրդը պաշտոնապես տալու է Նիկոլի ձեռքը, եւ այս չագուջն իրավունքի ու օրենքի դիկտատուրայի ձեռքով իջնելու է ձեր դատարկ գլխներին՝ սկսած Վահե Հակոբյան կոչվածից»: 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն մի քանի օր շարունակ նախընտրական ելույթների ժամանակ մուրճի ցուցադրումը, «կվալդից խոսելը եւ հետո մուրճի ցուցադրմամբ պատկերավոր համեմատություններ անելը»: Թաթոյանի համոզմամբ՝ պետք է դադարեցնել անորոշ անձանց շրջանակի ուղղված՝ «ասֆալտին պառկեցնելու», «պատերին տալու», «չփորձել թպրտալու» մարդու իրավունքների տեսանկյունից խիստ վտանգավոր արտահայտությունների օգտագործումը: 

Ամենայն հավանականությամբ՝ Փաշինյանը չի հասցնի ի կատար ածել «գլուխներ ջարդելու» մասին խոստումները, եւ մուրճը կմնա նրա անձնական թանգարանում՝ իբրեւ իր անհաջող վարչապետության ժամանակների դառը հուշ: Չար լեզուներն ասում են, որ Նիկոլի երգը երգված է, կիրակի օրն անցկացվելիք ընտրությունները նրան ոչ մի լավ բան չեն խոստանում: Այդ մասին օրերս Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ժամանակ խոսեց նաեւ ՀՀ երրորդ նախագահը՝ վկայաբերելով գաղտնի մի զեկույցի արժանահավատ տվյալներ, համաձայն որոնց Փաշինյանն այլեւս չունի ձայների մեծամասնություն: Բայց չշտապենք հրավառություններ անել: Մանավանդ որ, իրական պատկերն իմանալուն մնացել է ընդամենը մեկ օր: Միայն աղոթենք այդ օրվա եւ հետագա բոլոր օրերի խաղաղության համար:

 

Հունիսի 15-ին Շուշիում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որից հետո նրանք հռչակագիր են ստորագրել Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ միութենական հարաբերություններ հաստատելու, այդ թվում` ռազմական փոխօգնություն տրամադրելու մասին։ Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիեւն ասել է. «Ստորագրված փաստաթղթում հղում կա Կարսի պայմանագրին, եւ այս փաստաթուղթը որոշում է մեր ապագա քաղաքականությունը։ Այն արտահայտում է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, առանձնահատուկ են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության եւ փոխադարձ ռազմական օգնության կետերը։ Դա նշանակում է` մենք միշտ կլինենք միասին եւ կպաշտպանենք միմյանց անվտանգությունը»,- հայտարարել է Ալիեւը։

Երկրորդ պահը, Ալիեւի խոսքով, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանն առնչվող կետերն են, ինչը նույնպես արտահայտված է ստորագրված փաստաթղթում եւ խոսում է այդ հարցին տրվող նշանակության մասին:

Ադրբեջան այցի նախօրեին Բրյուսելում գտնվող Էրդողանը իրեն հատուկ լպիրշությամբ հայտարարել է. «Մենք` ես եւ եղբայրս՝ Իլհամ Ալիեւը, գնալու ենք Շուշի, որտեղ մեծացել են պատմական եւ թյուրքական աշխարհի համար կարեւոր գործիչներ։ Իսկ հունիսի 16-ին իմ եղբայր Իլհամ Ալիեւի հետ կդիտեմ Թուրքիայի հավաքականի խաղը Բաքվում»: Եվ խոստմանը հավատարիմ՝ նրանք հանդիպեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից մերժված «դժբախտ» եւ «դժգույն» քաղաքում, ստորագրեցին Շուշիի հռչակագիրը, ուղենշեցին իրենց երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզը, Շուշիում Թուրքիայի հյուպատոսության բացման նախագիծը, ճշգրտեցին «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հետ կապված որոշ մանրամասներ, կարեւորեցին համատեղ ուժերով «Նոր Ղարաբաղի» հիմնադրման խնդիրը եւ մեկնեցին Բաքու՝ ֆուտբոլ դիտելու: 

Տեսնես անցա՞վ մի պահ Նիկոլ Փաշինյանի մտքով, թե որքան հայեր այդ օրը վշտաբեկ, հուզմունքը կոկորդում խեղդած՝ լուռ հետեւում էին Էրդողան-Ալիեւ բանակցությունների ընթացքին, եւս մեկ անգամ վերապրելով մեր հինավուրց մշակութային կենտրոնի՝ Շուշիի կորստյան ցավը, որը դեռ թարմ է աշխարհասփյուռ միլիոնավոր հայերի սրտերում: Հազիվ թե: Նույն օրը, որ ՀՀ դրոշի օրն էր, Փաշինյանի ավտոշարասյունը Սյունիքում էր, որտեղ վարչապետի պաշտոնակատարը սյունեցիների քվեն էր հայցում ապազգային իր իշխանությունը վերարտադրելու համար: Նիկոլի մտքովն իսկ չանցավ արձագանքել Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների անպատեհ, սադրիչ այցին: Փոխարենը խոսեց «Դաշնակցության» դրոշն այրելու մասին՝ չգիտես ինչու ծանր տանելով Եղեռնի տարելիցի օրերին Թուրքիայի դրոշի այրման ակցիան։ «Նրանք, որ սովոր են Թուրքիայի դրոշները վառել ապրիլի 24-ին, էս ընտրություններում դաշնակցական Պողոս Պողոսյանին ծեծելով սպանողին ձայն տալով՝ այրելու են համայն հայության առաջ ՀՅԴ դրոշը»,- ասել է նա: 

Արցախի ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտել է նման այցերը ԼՂՀ-ի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես «ծավալապաշտական եւ ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսեւորում»: Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների՝ Շուշի համատեղ այցելությունը դատապարտել է նաեւ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը. «Հատկանշական է, որ այս այցելությանը նախորդել էր բռնի կերպով տեղահանված հայկական բնիկ բնակչության կրոնական եւ պատմամշակութային ժառանգության ավերումը, այդ թվում` Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում եւ դրանից հետո թիրախավորված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի սրբապղծումը եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ամբողջական ոչնչացումը»,- ասված է Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։ 

Շուշիի հռչակագրի եւ թուրք-ադրբեջանական համապարփակ համաձայնագրի շրջանակներում ներառված են ռազմարդյունաբերական ոլորտում եւ ռազմական փոխօգնության գործում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք միջոցառումներ, որոնց մասին կողմերը նախընտրում են չմանրամասնել: Էրդողանը նշում է, որ համապարփակ համաձայնագիրն ամենաընդգրկունն է մինչ օրս ստորագրվածներից, բայց չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ դրույթների շուրջ է այն կամ ինչ է նախատեսվում տվյալ համաձայնագրով: Միայն հայտնի է երկու ուշագրավ փաստ՝ ա/ Թուրքիան մտադիր է Ադրբեջանի տարածքում ռազմահենակետ տեղակայել եւ բ/ Բաքու մեկնելուց առաջ Էրդողանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի արեւմտյան երկրների` Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների նախագահների հետ: 

Պետք է նկատել, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո, որը փաստացի ստորագրվեց Մինսկի խմբի միայն մեկ միջնորդի` Ռուսաստանի նախաձեռնությամբ, պաշտոնական Վաշինգտոնն ու Փարիզը, ըստ էության, դուրս են մնացել բանակցային գործընթացից եւ այժմ ակտիվ քայլեր են ձեռնարկում` եռանախագահությունը վերականգնելու համար: Երկու համանախագահ երկրների տեւական բացակայության բովանդակությունը, ըստ էության, «լցրել» էր Թուրքիան, մեծացնելով իր դերը տարածաշրջանում՝ ոչ առանց Ռուսաստանի խթանման: Բավական է նշել, որ վերջին պատերազմի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը կարգավորման շուրջ ջանքերը ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, այլեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ էր համակարգում: Եվ պատահական չէ, որ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ֆրանսիայի առաջնորդները Բրյուսելում Էրդողանի հետ իրենց հանդիպման օրակարգերում նաեւ ղարաբաղյան խնդիրն էին ընդգրկել: 

Մի խոսքով՝ Ռեջեփ Էրդողանը, երեւում է, Բրյուսելից դատարկաձեռն չի վերադարձել Շուշիում կրտսեր եղբորը տեսակցության: Իսկ թե ինչ նվեր է նրան բերել, կպարզվի մոտակա ժամանակներս: 

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Հունիսի 17-ին մեկնարկած՝ Կառավարության նիստը վարում էր փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդում էր: Նիստի օրակարգում 39 հարց էր, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգն ու անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերին հավանություն տալու մասին հարցերը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հունիսի 14-ին արձագանքել են Հայ Առաքելական եկեղեցու հասցեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։ «Եկեղեցու եւ ազգային-հոգեւոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ դրսեւորված վարքագիծը։ Հայոց Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի եւ իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական եւ ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հունիսի 16-ին սկսվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ նրանք մեղադրվում են «ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար»։

Ադրբեջանական դատարանի առջեւ կանգնած հայ ռազմագերիները գերեվարվել են 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո՝ այդ ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի եւ Հին թաղերի տարածքներից։ Ադրբեջանի զինվորական դատախազությունը, քննելով գերեվարված պահեստազորայինների գործը, եզրահանգել է, որ նրանք «ապօրինի հատել են Ադրբեջանի պետական սահմանը»` գրավելով Հադրութի հարավ-արեւմտյան հատվածում անտառային եւ այլ դիրքեր։ ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի պնդմամբ՝ Ադրբեջանի այս գործողությունները որեւէ աղերս չունեն արդարադատության հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հունիսի 13-ին առանձնազրույցներ են ունեցել նախօրեին Ադրբեջանում գերությունից ազատ արձակված եւ Հայաստան վերադարձած 15 անձանց հետ։ ՄԻՊ գրասենյակի տեղեկացմամբ՝ իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:

Բաքուն հայկական կողմին փոխանցած 15 ռազմագերիների դիմաց ստացել է Աղդամի շրջանի ականապատման քարտեզները: Ըստ հայտարարության, այս գործողությունն իրականացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աջակցությամբ:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: