Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Շաբաթը նշանավորվեց ներքաղաքական իրադարձությունների գունապնակի խայտաբղետությամբ: Կիրակի՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Բագրատ Սրբազանի գլխավորած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը, որը, թերեւս, մայիսյան միջոցառումներից ամենազանգվածայինն էր: Մասնակիցների թվի առումով գնահատականները ծայրաստիճան հակասական էին. իշխանական շրջանակների պնդմամբ՝ ցուցարարների թիվը չէր անցնում 25 հազարը, մինչդեռ ռուսական անկախ աղբյուրները՝ որպես ՀՀ-ում կիրակնօրյա հանրահավաքի մասնակիցների իրական թվաքանակ, մատնանշում են 100 հազարը:
Ամեն դեպքում կայուն կրիտիկական զանգվածի առկայությունն այլեւս փաստ է, եւ խնդիրն այժմ հսկայական այդ ներուժի խելամիտ օգտագործումն է, ճիշտ հունով նրա ուղղորդումը եւ հանրության հետ կապի առավել սերտացումը, ինչի մասին էլ խոսվեց հավաքի ժամանակ: Փաշինյանական իշխանակարգը, որի հեռացման պահանջն է դրել ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը, դաժան է ու խորամանկ, տիրապետում է վարչական մեծ պաշարամիջոցների, սակայն ամենակարեւոր պաշարամիջոցը ընտրազանգվածն է, որը Փաշինյանը չունի: Նրա իշխանության միակ հենարանը ոստիկանությունն է, որը քաղաքացիների նկատմամբ աննախադեպ բռնություններ կիրառելու առումով բութ գործիք է դարձել կառավարող ուժի ձեռքին:
Ոստիկանական վայրագություններին մենք դեռ կանդրադառնանք՝ մասնավորապես մայիսի 28-ին Սարդարապատ այցելած Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ նրան ուղեկցող հոգեւորականների հանդեպ իշխանությունների կազմակերպած քստմնելի արարքի համատեքստում: Իսկ հիմա գանք բուն թեմային՝ մայիսի 26-ի մարդաշատ հանրահավաքին, որտեղ Բագրատ Սրբազանն առաջադրվեց նախաձեռնվելիք անցումային կառավարության վարչապետի թեկնածու: Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդը կայացրեց իր կյանքի ամենադժվար որոշումը՝ հանուն ազգի փրկության զոհասեղանին դրեց երեսնամյա կենսագրությունը՝ հոգեւոր նվիրական ծառայությունը ժողովրդին ու Աստծուն։
Սրբազանը հավատում է, որ ազգն իրեն չի թողնի մենակ իր որոշման հետ, քանզի մենք, ըստ նրա, նահանջի տեղ չունենք, պարտավոր ենք թեկուզ վերջին անգամ օգտագործել Աստծո կողմից տրված, միգուցե իսկապես վերջին այս պատեհությունը. «Եթե եղանք միասնական՝ ապա ոգին կհաղթի դուխին, լույսը՝ խավարին, Եռագույնը՝ սեւ-սպիտակին, ճշմարիտը՝ ստին, արժանապատվությունը՝ ստորացմանը»,- հայտարարել է Սրբազան հայրը՝ պարզաբանելով, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով եւ ժողովրդական ընդվզմանն իր մասնակցությամբ պայմանավորված՝ դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգեւոր ծառայությունը:
Այսինքն՝ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է. դադարեցված է միայն եկեղեցական եւ վարչական ծառայությունը: Հանրահավաքում բացատրեց, որ մարդիկ կարող են շարունակել իրեն դիմել «Սրբազան հայր» ձեւով: Իսկ լրագրողի հարցին, թե չի՞ համատեղում արդյոք հոգեւոր ծառայությունն ու քաղաքականությունը, Սրբազանն արձագանքեց, որ պայքարը քաղաքական չէ, այլ ազգային-ազատագրական։ «Ես այլեւս Տավուշի թեմում չեմ, բայց շարունակում եմ մնալ արքեպիսկոպոս։ Պաշտոնաթող չեմ, կոչումս վերցված չէ։ Կարգալույծ չեմ»,- ասել է նա եւ ցուցարարներին փոխանցել այն աներկբա հաստատակամությունը, որ գնալու է մինչեւ վերջ, ինչին ի պատասխան՝ հրապարակում հնչել է հազարաձայն «Այո՜ո՜ո՜»-ն:
Անշուշտ, իշխանությունը քնած չէ՝ մայիսի 26-ից հետո նրա վախերը կրկնապատկվել են: Հողը փաշինյանի ոտքի տակից գնում է: Ոստիկանությունը հաջորդ իսկ օրվանից մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Երեւանի բանուկ փողոցներում, որտեղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախօրեին տեղի ունեցած հանրահավաքում մտադրություն էր հայտնել վաղ առավոտից քաղաքացիական անհնազանդության ակցիաներ անցկացնել՝ մասնավորապես կաթվածահար անել քաղաքային տրանսպորտի աշխատանքը: Օրվա առաջին կեսին մեր քաջարի ոստիկանությունն արդեն բերման էր ենթարկել 170-ից ավելի ցուցարար՝ կիրառելով անհամաչափ ուժ:
Ակնհայտ է, որ իշխանությունը խրախուսում է ոստիկանական ահաբեկչությունը եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրվող անօրինակ բռնությունները: Այդ ամենի գինը ոչ միայն իրավապահների բարձր աշխատավարձն ու պարգեւավճարներն են, այլեւ նրանց պաշտոնների եւ կոչումների բարձրացումը: Այդ նկատառմամբ էր, որ գնդապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանին շնորհվեց գեներալ-մայորի կոչում, ինչպես նաեւ նրան տրվեց առաջիկայում կազմավորվելիք Ազգային գվարդիայի հրամանատար նշանակելու խոստում: Բաբայանի «սխրանքն» այն էր, որ նրա կարմիր բերետավոր ենիչերիները ծեծուջարդով ձերբակալեցին Աբովյան փողոցը եւ Տիգրան Մեծ պողոտան փակած քաղաքացիներին:
Փաշինյանի «հոգին փառավորվում է» նման տեսարաններից՝ հատկապես երբ ծեծուջարդ «կերած» ու բերման ենթարկված քաղաքացիների թվում կային հանրորեն ծանոթ դեմքեր՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աշոտ Սիմոնյանն ու Արթուր Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, հայտնի երգիչներ Արսեն Գրիգորյանն ու Դավիթ Ամալյանը, բժիշկ Գեւորգ Թամամյանը եւ այլք: Իշխանությունն այդպիսով հասկացնում է իրավապահներին, որ տեր է տեղի ունեցող բռնություններին, եւ դրանց հեղինակների ձեռքերն ազատ են՝ անպատիժ գործելու համար:
Հետանկախական շրջանի ոչ մի ղեկավարի ժամանակ ոստիկանն այսքան լպիրշ, ժողովրդի աչքից ընկած, բարոյազրկված չի եղել, որքան Փաշինյանի պաշտոնավարման օրոք: Փչացածությունը հասել է այնտեղ, որ հասարակական կարգի պահպանման համար կոչված ոստիկաններն իրենց իրավունք են վերապահում խոչընդոտել Վեհափառի՝ մայիսի 28-ի արարողակարգային այցելությունը Սարդարապատի հուշահամալիր՝ փոխանակ խոնարհվելու նրա առջեւ ու համբուրելու աջը: Ամենազավեշտալին այն է, որ Փաշինյանը փորձում էր արդարացնել ոստիկանների խայտառակ պահվածքը, թե նրանք ուզում էին պարզել՝ արդյոք սադրանքի դիտավորություն չկա՞ հոգեւորականների՝ այդ թվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցի մեջ:
Պարզվել է, սակայն, որ սադրանքի միտում իրականում ունեցել է իշխանությունը, եւ դա պարզվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի «օգնությամբ»: Լրագրողների հարցի առնչությամբ, թե ում հրամանով էին ոստիկանները փակել Սարդարապատի մուտքը Վեհափառ հայրապետի եւ մյուս հոգեւորականների առջեւ, Չախոյանն անկեղծորեն խոստովանել է, որ դա Բագրատ Սրբազանի աջակիցների գործողությունների պատասխանն էր, որոնք, ըստ նրա, խափանել են վարչապետի այցի ժամանակացույցը: «Ի՞նչ է՝ նրանց կարելի է, մեզ՝ ո՞չ»,- ասել էր պաշտոնյան՝ ըստ էության, բացահայտելով Փաշինյանի բազում ստերից եւս մեկը:
Ավարտենք «Մայր Հայաստան» շարժման օրերս տարածած հայտարարությունից մի մեջբերմամբ. «Ոստիկանական «սրերով» կարելի է կարճ ժամանակ իշխանություն պահել, բայց նույն այդ «սրերի» վրա հնարավոր չէ երկար նստած մնալ: Փաշինյանը լեգիտիմ չէ եւ պետք է հեռանա»:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մայիսի 30-ին իր տանը հյուրընկալել է վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ Սրբազանին՝ հայտնում է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: «Բագրատ Սրբազանը Գագիկ Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով, ինչին Գագիկ Ծառուկյանն անմիջապես դրական արձագանք է տվել եւ շեշտել, որ անհապաղ կհանձնարարի բարեգործական հիմնադրամի աշխատակազմին՝ կազմակերպել աջակցության տրամադրման գործընթացը»,- նշել է Տոնոյանը:
Բաքվի վերաքննիչ դատարանը մայիսի 27-ին մերժել է Ռուբեն Վարդանյանի հայցը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Արցախի նախկին պետնախարարի կալանքը երկարաձգվում էր հինգ ամսով։ Սաբայիլի շրջանային դատարանը Վարդանյանի կալանքը երկարաձգելու մասին որոշումը կայացրել էր մայիսի 16-ին՝ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության քննչական վարչության միջնորդության հիման վրա։ Ադրբեջանական կողմը Վարդանյանին պետական սահմանի անօրինական հատման, անօրինական զինված կազմավորումների եւ ահաբեկչական կառույցների ֆինանսավորման մեղադրանք է ներկայացրել:
Ռուսաստանը մտադիր է Ստեփանակերտում Գլխավոր հյուպատոսություն բացել եւ այդ հարցում ակնկալում է Ադրբեջանի աջակցությունը՝ Մոսկվայում ադրբեջանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը՝ իր խոսքում օգտագործելով Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի ադրբեջանական անվանումը՝ Խանքենդի։ «Իդեալական կլիներ, եթե հյուպատոսությունը բացվեր 2024 թվականին»,- նշել է Կարասինը:
Մայիսի 28-ին Ստեփանակերտի քաղաքապետը կալանավորվել է 20 օր ժամկետով՝ հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Արցախցիների նկատմամբ դիակապտությանը միանում են նոր գործող անձինք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա: Ավելի վաղ առաջին ատյանի դատարանը 2 ամսով տնային կալանքի էր ենթարկել Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին, թեեւ Քննչականը բանտային կալանքի միջնորդություն էր ներկայացրել: Նրա փաստաբանը կասկածներ ունի, որ այս քրեական գործը եւս շինծու է եւ առնչվում է վերջին շրջանում Շամիրյանի քաղաքական ակտիվության հետ։
ՀՀ Պնախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն մայիսի 28-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալի հետ քննարկել է երկու երկրների միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: ՊՆ-ից հայտնում են, որ Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում կայացած հանդիպմանը նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքը եւ նպատակները։ Քննարկվել են նաեւ ՆԱՏՕ-ի ու ԵՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր։
«Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրում որեւէ խնդիր կամ ընդհատում չկա»,- պատասխանելով ТАСС գործակալության թղթակցի հարցին՝ մայիսի 27-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Բացարձակապես խաթարում չկա, «Վերին Լարսը» բնականոն գործում է, տնտեսությունում որեւէ խնդիր չկա»,- ասել է փոխվարչապետը՝ մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում արձանարգրված զարգացումները, մասնավորաբար Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ խորհրդակցությունների նպատակով հետկանչի մասին տեղեկությունները: