Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Հունիսի 13-ին աշխատանքային երկօրյա այցով Մոսկվա է մեկնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ: Այցի շրջանակում նույն օրը երեկոյան Կրեմլում Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Բանակցություններին քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների օրակարգին ու համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում գործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը ուղղված թեմաներին։ Վարչապետի մամլո ծառայության հաղորդմամբ՝ զրուցակիցները կարեւորել են երկու դաշնակից պետությունների միջեւ կապերի հետեւողական խորացումը, ինչը կնպաստի առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանն ու ներդրումային ծրագրերի իրականացմանը։ Քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նշանակության այլ հարցեր։ Երկօրյա այցի ընթացքում տեղի են ունեցել նաեւ մի շարք այլ հանդիպումներ, այդ թվում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
...Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն էր Ռուսաստան եւ երկրորդ բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ ընտրվելուց օրեր անց՝ մայիսի 14-ին, Փաշինյանն այցելել էր Սոչի, որտեղ մասնակցել էր Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովին եւ դրա շրջանակում առանձնազրույց ունեցել Պուտինի հետ: Այս օրերին նույնպես՝ կապված «Լուժնիկի»-ում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հետ, Մոսկվան շատ հյուրերի էր սպասում: Սակայն հունիսի 13-14-ի նախօրեին ռուսական մամուլն ամենից շատ, թերեւս, գրել է Նիկոլ Փաշինյանի այցի մասին: Ռուսաստանյան գրեթե բոլոր հիմնական լրատվամիջոցներն անդրադարձել են Փաշինյանի եւ ՀՀ-ում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ նախօրեին կայացած հանդիպմանը: Ռուսական մամուլը մեջբերել է Հայաստանի վարչապետի հայտարարություններն այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօր նոր փուլ է սկսվել, եւ որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ բոլոր բնագավառներում համագործակցության խորացմամբ: Իսկ արդեն Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է․«Հուսով եմ, որ մեր հարաբերությունները զարգանալու են միմյանց շահերը, ինքնիշխանությունը հարգելու համատեքստում»:
Ռուսաստանի վարչապետ Մեդվեդեւի հետ հանդիպմանը եւս քննարկվել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք կարեւոր հարցեր, անդրադարձ է եղել տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին: Նույն օրը՝ հունիսի 14-ին, Փաշինյանը Մոսկվայում այցելել է հայկական եկեղեցի, իսկ Հաղթանակի թանգարանում մասնակցել ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը եւ հենց այդտեղ էլ ջերմ հանդիպումներ ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան ՌԴ նախագահի եւ Մոսկվա ժամանած շուրջ մեկուկես տասնյակ երկրների ղեկավարների հետ մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, որին հաջորդել է Ռուսաստան-Սաուդյան Արաբիա մեկնարկային խաղը: Այն ավարտվել է 5։0 հաշվով՝ հօգուտ Ռուսաստանի։
Առաջնության բացման արարողությանն, ի դեպ, ներկա է եղել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Փաշինյան-Ալիեւ հանդիպում նախատեսված չէր, սակայն ֆուտբոլային խաղից հետո Պուտինը փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ձեւաչափով, որտեղ էլ ծանոթացրել էր ընդունելությանը ներկա Իլհամ Ալիեւին եւ Նիկոլ Փաշինյանին: «Մենք պարզապես ծանոթացանք, որեւէ բովանդակային շփում ու խոսակցություն տեղի չունեցավ»,- Երեւան վերադարձի ճանապարհին ավանդական իր հաշվետվության մեջ նշել է Փաշինյանը։ Թե ինչու Մոսկվայում տեղի չունեցավ Փաշինյան-Ալիեւ պաշտոնական հանդիպում, կարճ մի նախադասությամբ պարզաբանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. «Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի պլանավորվել, քանի որ Հայաստանի նախագահը չի ժամանել Մոսկվա»: Հետաքրքիր դրդապատճառ է: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Ռուսաստանը որոշակի երանգ ու ենթատեքստ է դրել հայ-ռուսական շփումներում եւ, որպես բանակցողի, նախընտրությունը տալիս է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին: Այլապես ի՞նչ հիմնավորմամբ է Պեսկովի հայտարարության մեջ ընդգծվում ՀՀ նախագահի՝ Մոսկվա չմեկնելու հանգամանքը:
Երկուշաբթի տեղի ունեցած արտահերթ նիստում Կառավարությունն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը: Նախագծով առաջարկվում է կուտակայինի համակարգին մասնակցող եւ հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձեւավորել 2,5 տոկոս եւ 7,5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2,5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7,5 տոկոսը` պետությունը: Քննարկման արդյունքում փոփոխությունների առաջարկությունն ընդունվեց միաձայն եւ օրերս կուղարկվի Ազգային ժողովի վավերացմանը:
...Ինչպես հայտնի է, ըստ 2014 թվականից գործող օրենքի, կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը, որի 5 տոկոսը վճարում է անձը, մյուս 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը: Համակարգին անդամակցող, ինչպես նաեւ նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է: Ուստի նոր նախագծով նույն 10 տոկոսի «առյուծի բաժինը»՝ 7,5 տոկոսը, հուլիսի 1-ից իր վրա է վերցնում պետությունը, ինչը էական փոփոխություն է։ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պարզաբանմամբ՝ համակարգի ամբողջական ներդրումը կարեւորվում է՝ հաշվի առնելով փաստերը, որ պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասը՝ ավելի քան 200 հազար քաղաքացիներ, արդեն իսկ ներառված են համակարգում, եւ շահառուների միայն փոքր մասի ներառումն է նախատեսվում հուլիսի 1-ից հետո: Ջանջուղազյանի խոսքով՝ այս պահի դրությամբ կուտակային հիմնադրամներում կա 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ: Ընդ որում՝ այդ հիմնադրամների կառավարումն իրականացնում են այնպիսի ընկերություններ, որոնց հիմնադիրներն աշխարհում հսկայական հեղինակություն են վայելում եւ ահռելի կապիտալներ կառավարում: Նրանց՝ միջազգայնորեն ճանաչված գնահատականը եւ կարծիքը կարող են վճռորոշ լինել Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանը որոշելիս: Այսինքն՝ 1974 թվականից հետո ծնված բացառապես բոլոր քաղաքացիներին համակարգի մեջ պարտադիր ներգրավումը ոչ միայն բխում է վերջիններիս երկարաժամկետ շահերից, այլեւ պայմանավորված է Հայաստանի հեղինակությամբ ու հետագա տնտեսական առաջընթացով:
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով տվյալ օրենքն ամբողջ ծավալով կիրարկելու հրամայականը, զգուշացրել է, որ օրենքի ամբողջական ընդունումը ձախողելու դեպքում կունենանք երկու բացասական հետեւանք. առաջին՝ ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում հիմնադրամի կառավարիչների կողմից արդեն տեղաբաշխված շուրջ 85 միլիարդ գումարն անմիջապես դուրս կգա տնտեսությունից, եւ երկրորդ՝ դժվար կլինի գործնականում տապալել կուտակային հիմնադրամները կառավարող տնտեսական հսկաների գործունեությունը, հետո ուրիշներին համոզել, որպեսզի ներդրումներ կատարեն Հայաստանում:
Այս կարգավորման արդյունքում մինչեւ հիմա տոկոսները վճարած 200 հազար քաղաքացիներն առաջիկա հուլիսի 1-ից, բնականաբար, կզգան բեռի թեթեւացում, որովհետեւ 5 տոկոսի փոխարեն այլեւս վճարելու են 2,5 տոկոս: Իսկ համակարգ նոր մուտք գործող 80 հազար քաղաքացիները կզգան այդ պոտենցիալ բեռան կեսը միայն: «Իհարկե, ցավոտ լուծում է, բայց ինչքան քննարկեցինք, եղած բոլոր լուծումներից ամենապակաս ցավոտը սա էր: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ այս գումարները քաղաքացիները վճարում են իրենք իրենց, այսինքն՝ սեփականության իրավունքը, ըստ էության, չեն կորցնում»,- նշել է վարչապետը` արձանագրելով, որ պարտադիր կուտակային կենսաթոշակին առնչվող հիմնական մտահոգությունը` վստահության խնդիրը, այլեւս հաղթահարված է:
Կառավարության նիստը բավական բուռն ընթացք ստացավ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ընդունել այս փոփոխությունները: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ի սկզբանե պարտադիր կուտակային համակարգի հետ կապված առարկություններ ունեցել է: Եվ այժմ` նախագծին կողմ քվեարկելով՝ կունենա սկզբունքային հակասություն նախկին դիրքորոշման հետ, ուստի ընդունելով, որ որոշումը պարտադրված է՝ ինքը դեմ է քվեարկելու, սակայն, որպես կոլեգիալ մարմնի անդամ, լիարժեք կատարելու է այն։ Իր արձագանքում վարչապետը հիշեցրել է, որ այս որոշումը պետք է ընդունվի թիմային պատասխանատվության շրջանակում. «Այս որոշումը մենք պետք է թիմով ընդունենք եւ գնանք այդ լուծմանը. ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում` մեզ հետ չեն»,- ասել է վարչապետը: Պարտադիր կուտակային մոդելին դեմ էր նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ով հաջորդ իսկ օրը հայտարարեց իր հրաժարականի մասին:
Դե ինչ, սկզբունքի հարց է, որի վերաբերյալ մարդկանց ընկալումները տարբեր են: Մեկն իր սկզբունքները ճարպկորեն խաղարկում է հանուն անձնական բարօրության, մյուսը ողջ գիտակցական կյանքում կարողանում է այն պահպանել աչքի լույսի պես:
Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել օրեր առաջ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանից ստացված մի դիմումի մասին: Նրանում տեղեկացվում էր, որ ապրիլի 6-ին ՀԵՀ գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 միլիոն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետաքննության արդյունքում հաստատվել է, որ հիմնադրամի գործադիր տնօրենը 2013-2018 թթ. ընթացքում հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հիմնադրամից առհաշիվ ստացել ու յուրացմամբ հափշտակել է հիմնադրամին պատկանող, իրեն վստահված առանձնապես խոշոր չափի գումար` 325 միլիոն 600 հազար ՀՀ դրամ:
...Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հունիսի 12-ին, ինչպես նշվեց վերը, տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ պարտավորվել է փոխհատուցել պատճառված վնասը: Ամեն ինչ, կարծես թե, պարզ է. հիմնադրամի տնօրենը՝ չարաշահելով պաշտոնական դիրքը, մեծ գումար է գրպանել: Եվ այդ մասին իմանալով՝ իրավապահ մարմիններին անմիջապես գրավոր հայտնել է Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը, ով ոչ այլ ոք է, քան նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամն ու համակարգողը: Տեր-Հովակիմյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում խոշոր չափի յուրացումների փաստը հաստատվել է, եւ նա պարտավորվել է փոխհատուցել վնասը՝ վերականգնել գումարի պակասորդը:
Թվում է՝ ԱԺ պատգամավոր, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եւ ՀՀԿ երիտասարդական թեւի առաջնորդ Կարեն Ավագյանը միանգամայն արժանի է խրախուսանքի՝ իր աչալրջության եւ չարաշահումների մասին Երեւանի քննչական կոմիտեին ահազանգելու համար: Դե, իսկ կառույցի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը «սխալն» ընդունել է եւ պատրաստ է հիմնադրամին վերադարձնել գողացած միլիոնները: Այսինքն՝ արժանի է ներման, քանի որ նոր կառավարությունը խոստացել է թալանածը վերադարձնող անձանց նկատմամբ, այսպես ասած, մեղմ վերաբերվել: Կարելի էր այստեղ վերջակետ դնել՝ գործը համարելով փակված: Բայց ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում լուրջ կասկածներ են պտտվում առ այն, որ տնօրենը հազիվ թե կարողանար վերջին հինգ տարիների ընթացքում այդքան մեծ գումարներ մսխել՝ առանց հոգաբարձուների խորհրդի իմացության: Կրթության եւ գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, օրինակ, համոզված է, որ Կարեն Ավագյանը «սեփական մաշկը փրկելու» համար է Քննչական կոմիտե դիմում ներկայացրել հիմնադրամի տնօրենի յուրացումների մասին: «Առաջին հայացքից, հենց այդ լուրը կարդացինք, բոլորս մի կուշտ ծիծաղեցինք, որովհետեւ հասկանալի էր, թե ինչքան պրիմիտիվ քայլ է արվել զուտ սեփական մաշկը փրկելու համար։ Սա նմանվում է նավից փախչող նավապետին»,- ասել է Հովհաննիսյանը։
Եվ իսկապես, ինչո՞ւ Ավագյանը հենց հիմա է դիմում քննչական մարմիններին, երբ Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել, եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը հետամուտ է եղել ոլորտի խնդիրների, կոռուպցիոն երեւույթների վերհանմանը: Շատերին է հայտնի, որ Երիտասարդական հիմնադրամի միջոցները տարիներ շարունակ ծառայել են Հանրապետական կուսակցությանը, ինչում իր դերն է ունեցել նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Ավագյանը։ Իսկ միջոցների պակաս այդտեղ երբեք չի եղել: Միայն անցյալ տարի հիմնադրամի ընդհանուր բյուջեն կազմել է ավելի քան 700 միլիոն դրամ, որի գրեթե 60 տոկոսը գոյացել էր պետական բուհերից պարբերաբար հավաքագրվող 2 տոկոս վճարումներից։
Ինչ-որ է: Մնանք նոր, սկանդալային բացահայտումների սպասող:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Միջազգային մամուլ
Թուրքիան գործարկեց TANAP գազատարը
Deutsche Welle-ն տեղեկացնում է, որ հունիսի 13-ին Թուրքիան եւ Ադրբեջանը գործարկեցին «Հարավային գազային միջանցքի» մաս կազմող TANAP գազատարը, որը գազ է մատակարարելու Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը: Ծրագիրը ստացել է ԱՄՆ-ի եւ Եվրամիության քաղաքական աջակցությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, ըստ գործակալության, երեքշաբթի օրը Էսքիշեհերում հայտարարել է, որ «մեր երկիրը մեկ քայլ ավելի մոտ է իր տեսլականին` տարածաշրջանային էներգետիկ գծերի կենտրոն դառնալուն»: Միջոցառմանը ներկա էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Ինչպես հայտնի է, 1850 կիլոմետրանոց TANAP խողովակաշարը կապվում է Հարավային Կովկասի խողովակաշարի հետ, որը Վրաստանով դեպի Թուրքիա գազ է մատակարարում ադրբեջանական Շահդենիզ-2-ի գազի ավազանից: Ծովային գազամուղի նախագծի մեկ այլ հատված՝ TAP-ը, նախատեսվում է ավարտին հասցնել 2020-ին, որի միջոցով Թուրքիան Հունաստանով եւ Ալբանիայով գազ կմատակարարի Իտալիային:
3.500 կիլոմետրանոց «Հարավային գազային միջանցքը» տարեկան 6 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարելու Թուրքիային եւ 10 մլրդ խորանարդ մետր՝ Եվրոպային:
Գերմանիայում թուրքական արդյունաբերության եւ բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչ Ալպեր Ուկոկը հայտարարել է, թե TANAP-ը ցույց է տալիս, որ Թուրքիան ԵՄ-ի էներգետիկ անվտանգության առանցքային գործընկերն է:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոս Սեֆկովիչը բարձր է գնահատել TANAP-ի շահագործումը`որպես էներգետիկ անվտանգության բարելավման առանցքային նշանակություն ունեցող նախագծի: «Օգնելով մեր էներգետիկ մատակարարներին եւ երթուղիների դիվերսիֆիկացմանը, Հարավային գազային միջանցքը ռազմավարական նշանակություն ունի ԵՄ էներգետիկ անվտանգության համար՝ ներառյալ առավել խոցելի մասերում, ինչպիսիք են Հարավարեւելյան Եվրոպան եւ հարավային Իտալիան»,- ասել է նա:
Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց
The New York Times-ը՝ վկայաբերելով «Վրաստանի կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ ունեցած անհամաձայնությունները», տեղեկացնում է, որ հունիսի 13-ին, մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվող ժողովրդական բողոքի ակցիաների խորապատկերին, հրաժարական է տվել Վրաստանի վարչապետը:
Թերթը մեջբերում է Միջազգային ճգնաժամային խմբի Թբիլիսիի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանին, ըստ որի` «պարոն Իվանիշվիլիի վերադարձը քաղաքականություն եւ բողոքները կապված են Վրաստանի կառավարության նկատմամբ հասարակական վստահության նվազման հետ»:
«Վրաստանի կառավարությունը բավական երկար ժամանակ ճգնաժամի մեջ է եղել,- ասել է Վարդանյանը: -Պարոն Իվանիշվիլիի վերադարձը եւ ժողովրդական բողոքները հենց այդ գործընթացի ախտանիշներն են»:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը