Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կառավարության տեղեկացմամբ` Պուտինը Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման եւ դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին: Տվյալ համատեքստում վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ երեկ՝ հունիսի 23-ին, Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել նաեւ Ադրբեջանի ղեկավարի հետ:
…«Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շտապում շնորհավորել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու նրա ղեկավարին հաղթանակի կապակցությամբ: Չեն շտապում Փաշինյանին շնորհավորել նաեւ ԵԱՏՄ գործընկերները, բացառությամբ Լուկաշենկոյի, թեեւ հունիսի 21-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ընտրություններում ականատես են դարձել Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակին, ու շնորհավորել էր հայ ժողովրդին՝ ընտրության առիթով։
«Համոզիչ» հաղթանակի հենքին Կրեմլի պաշտոնական շնորհավորական հեռագրի բացակայությունը ՌԴ նախագահի կողմից առնվազն անհասկանալի է, հատկապես, երբ Փաշինյանին իրար հերթ չտալով շնորհավորում էին արեւմտյան կառույցներն ու երկրները՝ ԱՄՆ Պետդեպը, Լիտվայի նախագահը, Վրաստանի վարչապետն ու Եվրոպական խորհրդի նախագահը: Երեկ Փաշինյանին ԵԱՏՄ գործընկերներից պաշտոնապես շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:
Փաստորեն, ինչպես հայաստանյան նախորդ ընտրություններից հետո, այս անգամ եւս ՌԴ նախագահի աշխատակազմը Փաշինյանի հարցում ընտրել է ԿԸՀ պաշտոնական տվյալների հրապարակումից հետո շնորհավորելու մարտավարությունը, եւ միգուցե դրանում կա տրամաբանություն, քանի որ նախօրեին որոշ տեղամասերում սկսված վերահաշվարկի հետեւանքով «Հայաստան» դաշինքի ստացած քվեներն էապես ավելանում են: Վերադառնալով Պուտինի շնորհավորանքին՝ նշենք, որ ՌԴ նախագահը, ինչպես իր ներկայիս ԵԱՏՄ գործընկերներին, արտասահմանյան այլ գործընկերներին, այնպես էլ ՀՀ նախկին նախագահներին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է ընտրությունների անմիջապես հաջորդ օրը:
Պարզապես հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նախորդող շրջանի վերջին երկու ընտրությունները․ ՌԴ նախագահն ինչպես 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո է անմիջապես շնորհավորել Սերժ Սարգսյանին, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կրկին Սերժ Սարգսյանը հաղթեց ու ապրիլի 3-ին ստացավ շնորհավորական հեռագիր: Այս շրջանին նախորդող ընտրություններին եւս այսպես է եղել:
Շատ չհեռանանք, Իրանում հունիսի 18-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո հաջորդ օրը Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Էբրահիմ Ռաիսիին՝ շնորհավորական հեռագիր հղելով: 2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններին հաջորդող օրը ՌԴ նախագահը շնորհավորեց նաեւ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Մայիսի 26-ին Սիրիայում կայացած նախագահական ընտրություններից հետո ՌԴ նախագահն անմիջապես շնորհավորել էր նաեւ Բաշար ալ-Ասադին: Այսինքն՝ որեւէ ղեկավարի դեպքում Պուտինի աշխատակազմը չի սպասում ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում Պուտինի աշխատակազմը նոր արարողակարգ է կիրառում:
Փաշինյան-Պուտին հարաբերություններում նման դրսեւորումների պակաս չկա՝ բացի պատերազմական շրջանից, ՀՀ եւ ՌԴ ղեկավարների միջեւ Փաշինյանի օրոք հեռախոսազրույցների, հեռագրերով փոխանակվելու հաճախականությունն իջած է զրոյի, բարձրաստիճան շփումները դաշնակից համարվող երկրների ղեկավարների միջեւ չափազանց քիչ են:
Ամփոփելով՝ կարող ենք ենթադրել, որ ռուսական պաշտոնական շնորհավորանքը ՀՀ-ում կայացած ընտրություններից հետո կլինի ԿԸՀ պաշտոնական տվյալների հրապարակումից հետո: Դժվար չէ նթադրել նաեւ, որ սրանով ՌԴ նախագահը շեշտում է, որ Փաշինյանի հետ անձնական հարաբերություններ չկան, սիրալիրության որեւէ դրսեւորում չկա, հարաբերությունները կրում են ստիպված, պարտադիր, պաշտոնական բնույթ:
Ի տարբերություն ռուսական կողմի, չնայած կիրառված ահռելի վարչական ռեսուրսին, լծակներին, ընտրախախտումներին, արեւմտյան լիդերներն անմիջապես շնորհավորելով՝ փորձում են լեգիտիմություն հաղորդել Նիկոլ Փաշինյանին՝ նրան դիրքավորելով որպես ժողովրդավարական ղեկավար, աչք փակելով «մուրճի տիրակալի» սպառնալիքների, ապօրինությունների եւ բազմաթիվ այլ հակաժողովրդավարական դրսեւորումների վրա»:
Մեկնաբանությունը՝ ըստ «168 ժամ» թերթի
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ եւ պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով հունիսի 24-ին բողոքի գործողություն անցկացվեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ: Ելույթ ունեցողները հայտարարեցին, որ պրոֆեսոր Չարչյանը քաղբանտարկյալ է, եւ սա ներկայիս իշխանությունների քաղաքական հետապնդումն է իրենց դաշինքի դեմ: Նրանք պահանջում էին, որ ԲԿ տնօրենն անհապաղ ազատ արձակվի: Նախօրեին դատարանը բավարարել էր նրան կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, ինչից հետո տեղեկություններ տարածվեցին, որ Չարչյանն առողջական խնդիրներով հոսպիտալացվել է: Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։
…Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքը տարածել էր մի հատված հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից, որն իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացման խոչընդոտում։ Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը պնդում է, որ իր արարքը հանցագործություն չէ, որ ինքն իր աշխատակիցներին ոչինչ չի հարկադրել։ Սակայն Հատուկ քննչական ծառայությունն անդրդվելի է՝ հարուցվել է քրեական գործ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, ինչը նախատեսում է 4-7 տարվա ազատազրկում:
Արմեն Չարչյանը ՀՀ երկրորդ նախագահի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ է, պատգամավորության թեկնածու, որը զբաղեցնում է դաշինքի ընտրացուցակի 20-րդ տեղը եւ, ըստ էության, խորհրդարանի ընտրյալ անդամ է: Նա ճանաչված բժիշկ է, Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմների մասնակից, ով փրկել է հարյուրավոր ազատամարտիկների կյանքեր՝ ի տարբերություն իրեն դատող իշխանության, որը հազարավոր երիտասարդ կյանքեր է խորտակել, տասնյակ հազարավորներին դարձրել հաշմանդամ կամ անտուն: Իհարկե, օրենքն ավելորդ «սենտիմենտներ» չի ճանաչում՝ օրինազանցը պետք է պատասխան տա կատարած հանցագործության համար: Բայց արդյո՞ք հանցագործության տարրեր կան նրա գործողություններում:
Ամեն դեպքում նման «տարրեր» իրավապահներն ի հայտ կբերեն: Համակարգը գործ կարելու կամ գործ կոծկելու մեծ փորձ ունի, անփորձ է միայն գործ բացահայտելիս ու մեղավորի նկատմամբ արդար պատիժ սահմանելիս: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի փաստաբանների պնդմամբ՝ իրենց պաշտպանյալի հանդեպ ակնհայտորեն իրականացվում է քաղաքական հետապնդում։ «Բացառապես գործ ունենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակցի նկատմամբ ճնշում գործադրելու հերթական դեպքի հետ, եւ դա ազատ ու հավասար ընտրություններին խոչընդոտելու տեսանկյունից անթույլատրելի է»,- լրագրողներին ասել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Հետաքրքիր զուգադիպությամբ իրավապահների ուշադրության կենտրոնում, որպես կանոն, միայն ընդդիմադիր գործիչներն ու նրանց աջակիցներն են հայտնվում՝ մի դեպքում ընդդիմության ներկայացուցիչը կաշառք է բաժանում, մեկ այլ դեպքում սպառնում է աշխատանքից ազատել բոլոր այն աշխատակիցները, ովքեր կփորձեն մասնակցել իշխանության հանրահավաքին (5 տարի առաջ այս բառակապակցությունը տարօրինակ կթվար), հաջորդ դրվագում հարկադրում է ծառայակիցներին՝ ընտրել իր «սրտի» քաղաքական ուժին կամ թեկնածուին: Մի խոսքով՝ տուժողը միշտ «խեղճ» իշխանությունն է, մեղավորը՝ ըմբոստ, չարակամ ընդդիմադիրը: Համենայն դեպս՝ ուժային կառույցների գործողությունները միշտ պարփակված են այդ տրամաբանության շրջանակներում:
«Անկախ դիտորդ» դաշինքի հրապարակած ձայնագրության մեջ՝ ենթադրաբար Չարչյանը, բժշկական կենտրոնի աշխատակիցներին ասում է, որ ինքը «Հայաստան» դաշինիքի ընտրացուցակում է եւ խնդրում է անպայման մասնակցել ընտրություններին։ Միաժամանակ՝ ենթադրաբար Չարչյանը, հիշեցնում է, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը պատկանում է Մայր Աթոռին, իսկ վերջինիս դիրքորոշումը բոլորին հայտնի է։ Ձայնագրության մեջ լսվում են նաեւ արտահայտություններ, թե «սա քաղաքական միջոցառում չէ, սա քաղաքացիական պարտքն իրականացնելու եւ սեփական կամքն արտահայտելու միջոցառում է», եւ որ չպետք է սա որպես քարոզչություն ընկալվի։
Ըստ երեւույթին, քաղաքականությունն անթույլատրելիորեն ներթափանցել է բոլոր ոլորտները, դատաիրավական համակարգը՝ առավել եւս: Օրեր առաջ «Հայաստան» դաշինքն ահազանգել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Վայոց ձորում անցկացված հանրահավաքի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել իրենց համակիրներին, ինչից հետո նրանք ոստիկանությունից դուրս են եկել վնասվածքներով։ Ամեն ինչ հասկանալի է՝ ոստիկանությանը հրամայված է ծեծուջարդ տալ, «ասֆալտին փռել» բոլոր այն անձանց, ովքեր չեն հպատակվում իշխանությանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքները տարակուսելի է համարում, իսկ կալանավորման կայացված որոշումը՝ խիստ անհամաչափ: Մայր Աթոռը, որին պատկանում է հիվանդանոցը, իր հայտարարության մեջ նշում է, որ վերոնշյալի մասին փաստում են բազմաթիվ հեղինակավոր իրավագետներ, հետեւաբար ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է կատարի իր օրենսդրական պարտականությունները եւ անհապաղ ազատ արձակի, փոխի պրոֆեսոր Չարչյանի խափանման միջոցը: «Ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերեւույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք եւ անհիմն հետապնդում, ինչը միանշանակորեն դատապարտելի է»,- ասված է Մայր Աթոռի հունիսի 24-ին տարածած հայտարարության մեջ։
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ից երկխոսություն է սկսել ընտրության մասնակից այն ուժերի հետ, որոնք, ինչպես ինքն է նշել, հակված են երկխոսելու։ Նույն օրը նա առանձին հանդիպումներ է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի, Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանի, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի, «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 21-ին ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մատտեո Մեկաչիին եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, ովքեր դիտորդական առաքելություն են իրականացրել ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում: Նրանք Սարգսյանին տեղեկություններ են ներկայացրել համատեղ դիտորդական առաքելության ընթացքում կատարված աշխատանքների, ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումների մասին, ինչպես նաեւ փոխանցել պատրաստված զեկույցի ամբողջական տարբերակը:
Նախագահականից հաղորդում են, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարական արժեքների ու ինստիտուտների ամրապնդման կարեւորության, ինչպես նաեւ Հայաստանի հետ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գործակցության մասին:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները, վիճարկելու են Սահմանադրական դատարանում: Այս մասին հունիսի 21-ին «Ազատության» հետ զրույցում ասաց դաշինքի առաջնորդներից ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա հրաժարվեց պատասխանել այլ հարցերի։ Հետագա անելիքների մասին մանրամասն Ռոբերտ Քոչարյանը կխոսի վաղվա ասուլիսում։ Քոչարյանի գլխավորած ուժը ստացած ձայներով երկրորդ տեղում է։ Դաշինքը նախնական տվյալներով ստացել է ընտրողների 21,4 տոկոսը կամ 268 հազար 300 քվե։ Խորհրդարանական ընտրությունների հրապարակված արդյունքներով առաջին տեղում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» է, երրորդ տեղում՝ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին, հայտնում են կառավարությունից: Նրանք անդրադարձել են տնտեսության ոլորտում կառավարության ծրագրերին, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին ու բարեփոխումներին: Այդ համատեքստում քննարկվել են «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքն ու ապագայում նախատեսվող նախագծերը։
Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ բոլոր մեկնարկած ծրագրերը լինելու են շարունակական: