Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Պուտին-Փաշինյան հունիսմեկյան հեռախոսազրույցը ներառել էր ոչ միայն ՌԴ նախագահի կողմից իր հայ գործընկերոջն ուղղված շնորհավորանքը՝ վերջինիս ծննդյան տարեդարձի կապակցությամբ, այլեւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն առնչվող վերջին շրջանի խնդիրների գրեթե բոլոր դիտանկյունները, այդ թվում՝ կառույցի անդամ չորս երկրների ղեկավարների հայտնի հայտարարությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ քննարկումը կայացել է իբրեւ շարունակություն Աստանայում անցկացված՝ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ արծարծված օրակարգի:
Քառակողմ հայտարարությունը, ըստ Կրեմլի ներկայացուցչի, ենթադրում է, որ ՀՀ-ի անդամակցության նրբություններին վերաբերող բոլոր հարցերը մշակվելու են մինչեւ այս տարեվերջ։ «ԵԱՏՄ անդամ երկրների համապատասխան գերատեսչությունները պետք է իրենց առաջնորդներին զեկուցեն այս հարցի մշակման ընթացքի մասին։ Այս ամենը դեռ պիտի քննարկվի մինչեւ դեկտեմբեր»,- պարզաբանել է Պեսկովը: Արագ կողմնորոշվելու հարցում Մոսկվան ակնհայտորեն շտապեցնում է Հայաստանին, ավելին՝ առաջարկում է հանրաքվեով լուծել հարցը՝ դեպի Եվրամիությո՞ւն է հայ ժողովուրդը որոշում գնալ, թե՞ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, քանզի անթույլատրելի է միանգամից նստել «երկու աթոռի» վրա:
Հունիսի 1-ին Փաշինյանն, ըստ էության, արձագանքեց Եվրասիական միության չորս երկրների ղեկավարների նամակին, թե՝ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում անցկացնել համազգային հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու հարցով: «Մինչեւ այն պահը, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանն անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, հանրաքվե անելն անտրամաբանական է, դրա հիմնավորումը չկա էլ: Այսօր այդ ընտրությունը տեսական է, տեսական ընտրությունը հանրաքվեի դնելը խելամիտ չէ»,- խուսափողական ասել է Փաշինյանը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ նման հարցով հանրաքվե կանցկացնեն, երբ դրա կարիքը լինի եւ երբ նպատակահարմար կհամարեն. «Քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, չենք պատրաստվում որեւէ այդպիսի հարց դնել»,- համառել է ՀՀ գործադիրի ղեկավարը: Հայաստանի եվրաինտեգրման քայլերին Մոսկվայի քննադատությանն ու կոշտ գնահատականներին մայիսի 29-ին միացել էին ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի եւ Ղըրղըզստանի ղեկավարները, որոնք 5-րդ անդամին ուղիղ ասում են՝ Միության հաջորդ գագաթաժողովի ընթացքում Եվրասիական միջկառավարական հանձնաժողովը կարող է զեկուցել ՀՀ-ի անդամակցության կասեցման հնարավոր հետեւանքների մասին:
Ճիշտ է՝ ԵԱՏՄ կանոնադրությամբ անդամ երկրին հեռացնել չեն կարող, Եվրասիական տնտեսական միության պայմանագրով երկիրն ինքը պետք է ցանկանա դադարեցնել իր անդամակցությունը, բայց անդամները կարող են տարբեր ապրանքների արտահանման համար սահմանափակումներ կամ հավելյալ ստուգումներ մտցնել, ինչը եւ Ռուսաստանն արդեն իսկ վերջին շաբաթներին անում է՝ զգալի վնաս հասցնելով ՀՀ տնտեսությունը: Պուտինը, Լուկաշենկոն, Տոկաեւն ու Ժապարովը պնդում են, որ Հայաստանի եվրոպական ձգտումները ԵԱՏՄ անդամ երկրների համար տնտեսական անվտանգության «էական ռիսկեր են պարունակում»:
Վերջին շաբաթներին ռուսական կողմը գրեթե ամենօրյա պարբերականությամբ կոշտ հայտարարություններ է անում Հայաստանի վերաբերյալ ու արդեն ուղիղ սպառնում է շեշտակի թանկացնել գազը եւ այն շուկայական գնով վաճառել: Արդեն տնտեսական լուրջ սահմանափակումներ են կիրառել՝ արգելելով հայկական ծաղիկների, բանջարեղենի, «Ջերմուկ»-ի ու մի քանի ալկոհոլային խմիչքների ներմուծումն ու վաճառքը: Իսկ հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց Հայաստանից կորիզավոր պտուղների՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաեւ խաղողի ներկրումը։ Այս ցանկն ընդլայնվելու միտումներ ունի, եւ արտահանման արգելքի հետ կապված ծանր հետեւանքները դեռ առջեւում են:
Ռուսաստանը ժամերի ընթացքում կասեցրեց հայկական արտահանումը դեպի իր երկիր։ Ակնհայտ դարձավ, որ Եվրոպան ոչնչով չի օգնելու. հայկական ոչ մի ապրանքի առջեւ չբացվեց եվրոպական ոչ մի երկիր եւ ոչ մի շուկա: Ընդամենը երկու օրվա վարչապետական կյանք ունեցող Նիկոլ Փաշինյանի դեմ թափ է առնում սոցիալական վիթխարի մի ուժ, որի մեջ են ջերմոցատերերը, դրանց աշխատակիցները, արտահանելի արտադրանք ստեղծողների բավական մեծ բանակը եւ այլք: Իսկ ի՞նչ է սպասվում մեզ՝ Հայաստանի շարքային քաղաքացիներին՝ սպառողներին եւ հարկատուներին:
Տնտեսագետների հաշվարկներից դատելով, պարզվում է՝ ահռելի կորուստներ. ա/ գազի նոր գին՝ 3-4 անգամ բարձր, բ/ հացի անհամեմատ բարձր գին՝ շուրջ 1000 դրամ, գ/ տաքսու նվազագույն փոխադրավճար՝ 2000 դրամ, դ/ ուղեվարձ 400 դրամ եւ այլն: Լավ, բա լուծում չկա՞ այս վիճակից: Կա միայն մեկ լուծում. վաղը բոլորս՝ անխտիր դեպի քվեատուփեր:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդների միջեւ հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել: Ըստ Կառավարության հաղորդման՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ եւ բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ՝ պայմանավորվելով հանդիպման ձեւաչափով քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով։ Իսկ Կրեմլի տեղեկացմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթաժողովի արդյունքները։ ՌԴ նախագահը եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երեւանին հորդորել են սեղմ ժամկետում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Մի խումբ քաղաքացիներ հունիսի 1-ին բողոքի ակցիա էին իրականացնում նախագահականի առջեւ, երբ քաղաքացիներից մեկն անժամկետ նստացույց սկսեց՝ պահանջելով ազատ արձակել Արթուր Օսիպյանին։ Արաբկիրում վարչապետի հետ վիճաբանությունից հետո կալանավորված Օսիպյանը շարունակում է հացադուլը: Նրա փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ արցախցի գործիչը բողոքի ծայրահեղ միջոցը չի դադարեցնի, մինչեւ «փախած» անվանելու, արժանապատվությունը վիրավորելու համար Նիկոլ Փաշինյանը ներողություն չխնդրի: Օսիպյանի «մեղքն» այն էր, որ ակտիվիստը հայտարարել է, թե Ալիեւը ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն է բարձրացնում: Ժամեր անց Օսիպյանին մեղադրանք առաջադրվեց մի քանի մտացածին հոդվածներով: Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները Օսիպյանի կալանավորումը ապօրինի են որակում ու պնդում, որ դա քաղաքական է:
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մայիսի 30-ին կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների. այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարությունը: Ըստ գերատեսչության՝ պատճառը «Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ ՀՀ ղեկավարության քայլերն են, որոնք վնաս են հասցնում փոխգործողությանը՝ ԵԱՏՄ-ի շրջանակում»: Այլ մանրամասներ հաղորդագրությունում նշված չեն: Պաշտոնական Մոսկվան եւ ԵԱՏՄ անդամ 4 պետությունները ամենաբարձր մակարդակով Երեւանին հորդորում են արագ կողմնորոշվել ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջեւ։ Երեւանը բազմիցս շեշտել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի, Մոսկվայի շահերին էլ հարգանքով է վերաբերվում:
Գյումրիում հունիսի 4-ի առավոտյան ձերբակալվել է տեղական «Ambion.news» լրատվական կայքի լրագրող Արամ Դավթյանը: Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց կայքի հիմնադիր Հասմիկ Վիրաբյանը՝ կարծիք հայտնելով, թե ձերբակալությունը հավանաբար կապ չունի երիտասարդ լրագրողի մասնագիտական գործունեության հետ, քանի որ Դավթյանը կայքում աշխատանքի է անցել ընդամենը երեք օր առաջ։ Մինչ այդ, նա փորձաշրջան էր անցնում խմբագրությունում եւ լուսաբանում քաղաքական ուժերի նախընտրական այցերը։ Վիրաբյանի փոխանցմամբ՝ Դավթյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից առայժմ չեն հայտնում, թե ինչ հիմքով է ձերբակալվել երիտասարդ լրագրողը:

