Շաբաթվա անցուդարձը մեկնաբանությամբ
Շաբաթը հագեցած էր ներքաղաքական լարված իրադարձություններով, ինչը մասամբ պայմանավորված է իններորդ գումարման Ազգային ժողովի ամսեվերջյան նիստերին Փաշինյանի ներկայությամբ: Վերջինս նստաշրջանի անցած 16 նիստերին չէր մասնակցել, եւ ասելիքը, հավանաբար, կուտակվել էր կամ, ավելի շուտ, Ադրբեջանից պարտադրվող պահանջներն էին սեղմում: Օգոստոսի 24-ն ամեն դեպքում ծանր օր էր. Ազգային ժողովը հաստատեց Կառավարության 2026–2031թթ. ծրագիրը, բայց սա ոչ թե հերթական հնգամյա ծրագիր է, այլ ՀՀ-ի պետական ինքնությունը, արտաքին ուղեգիծն ու պատմաքաղաքական օրակարգը վերաձեւակերպելու իշխանական նախագիծ։
Չընտրված վարչապետը ջանում է դառնալ նոր՝ Չորրորդ հանրապետության հիմնադիր ու պատմության մեջ մնար որպես այդպիսին: Ուստի որոշել է գնալ համարձակ քայլերի եւ առաջին հերթին՝ հայ-ռուսական փոխառնչություններում: ՀԱՊԿ-ից ձերբազատվելու ու ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը, ռուսական երկաթուղու կոնցեսիայի վերանայման պահանջն ու էներգետիկ համակարգում գործընկերների հնարավոր փոփոխությունը վկայում են, որ գործող իշխանությունն այլեւս փորձում է ՌԴ-ի հետ հարաբերությունները ենթարկել ինստիտուցիոնալ վերադասավորման՝ անվտանգային, տրանսպորտային, տնտեսական եւ էներգետիկ ուղղություններով։
Հայաստանը փաստացի հեռացվում է նախկին անվտանգային միջավայրից՝ չունենալով սակայն նոր պաշտպանական երաշխիքներ։ Ռուսական շուկայի ու ենթակառուցվածքների կախվածությունները, ըստ էության, վիճարկվում են՝ առանց արտահանման, լոգիստիկայի եւ էներգետիկայի անցման հաշվարկված ծրագրի։ Եվրամիությանն անդամակցելու մասին հայտարարվում է՝ չունենալով անդամակցության առաջարկ, ճանապարհային քարտեզ եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական հետեւանքների հանգամանալից գնահատանք։ Սա երկիրը մի համակարգից հեռացնելու եւ տակավին չձեւավորված մեկ այլ համակարգի ճանապարհին անպաշտպան թողնելու մոլորություն է։
Իրավիճակն էլ ավելի վատթար է ներքաղաքական կյանքում, որտեղ թիրախավորվում են ՀՀ պետական եւ ազգային ինքնության հիմնասյուները: Նոր Սահմանադրությունն այլեւս չի ունենալու հղում Անկախության հռչակագրին, ինչը խիստ խնդրահարույց է թե՛ Սահմանադրության, թե՛ Հռչակագրի համար, որոնցից առաջինը մեր երկրի Հիմնական օրենքն է, երկրորդը՝ պետության ծննդյան վկայականը: Բայց դա դեռ բոլորը չէ. Արցախի վերադարձի, ինքնորոշման եւ քաղաքական իրավունքների օրակարգը ներկայացվում է որպես ՀՀ պետականությանը սպառնացող անցյալի ժառանգություն։ Իսկ գործադիր իշխանությունն արդեն պաշտոնական ծրագրով ստանձնում է Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը փոխելու առաքելություն։
Եվ այս ամենը, որքան էլ տարօրինակ հնչի, ներկայացվում է ժողովրդի անունից՝ որպես հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ին ժողովրդի տված ընտրական մանդատի իրականացում։ Սա արդեն փաշինյանական կեղծիքների գլուխ-գործոցն է, քանի որ ժողովուրդն այդպիսի մանդատ նրան չի տվել: Եվ, ընդհանրապես, ոչ մի մանդատ էլ չի տվել. ընտրողների մեծամասնությունը ՔՊ-ին՝ իր սուտասան առաջնորդով, մերժել է, եւ վերջինս՝ մինչեւ անգամ վարչական ակնհայտ չարաշահումներով, ընտրախախտումներով եւ, մասնավորապես, ընտրագողությամբ չի կարողացել հաղթահարել 50+1-ի շեմը: Որտեղի՞ց վերցրեց, որ ժողովուրդն իրեն նման մանդատ է պատվիրակել: Օդում կախված լուրերի՞ց:
Ընդդիմադիր խմբակցությունների՝ հարցուպատասխանի ձեւաչափով հնչեցրած հարցերը տեղին ու դիպուկ էին, սակայն քաղաքական արդյունքի առումով՝ տակավին անբավարար: Իսկ հարցերը վերաբերում էին Ռուսաստանի հետ հարաբերություններին, սահմանադրական փոփոխություններին, Արցախին, Տիգրանաշենին, ՀԱՍԵ-ին եւ այլն: Եղան կոշտ հակադարձումներ, հարվածներ սեղաններին եւ դահլիճը լքելու ցուցադրական քայլեր: Հայտարարվեց նաեւ ԱԺ կանոնակարգի խախտման հարցով Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին: Բայց իշխանության ներկայացրած՝ պետական վերափոխման համապարփակ ծրագիրը դարձյալ ավելի օրակարգաստեղծ գտնվեց:
Ավելին՝ այդ ծրագիրը նախատեսվում է իրականացնել ոչ միայն խորհրդարանական մեծամասնության քվեներով, այլեւ նոր եւ ավելի ուժգին բռնաճնշիչ գործողություններով:
Դրա հերթական եւ չափազանց խոսուն դրսեւորումն օգոստոսի 25-ի աղմկահարույց ձերբակալություններն էին, որոնք կատարվեցին Քոչարյանների ընտանիքում: Ինչպես հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, նախ ձերբակալվել էին ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ապաեւ վաղ առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, դիմակավորված ուժայինները ներխուժել էին ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լեւոն Քոչարյանի բնակարան եւ խուզարկություններ սկսել։ Ցայժմ հրապարակված չեն ո՛չ գործողության իրավական հիմքը, ո՛չ վարույթի բովանդակությունը։ Մյուս Քոչարյաններից նույնպես ժլատ տեղեկություններ են հայտնի:
Ըստ նախաքննության, «Ռոբերտ Քոչարյանը՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր մտերիմների հետ նախնական համաձայնությամբ տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական եւ տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր…»: Անհիմն մեղադրանքն էլ ինչպե՞ս է լինում՝ ճիշտ այս շարադրանքի պես. զուրկ կոնկրետությունից, մերկապարանոց, ոչինչ չասող բառակապակցություններ, որտեղ ա/ մտերիմները չունեն անուն-ազգանուն, բ/ «տարբեր շինծու հիմքերով…». կոնկրետ հիմքերը նշված չեն, գ/ «շուկայականից էականորեն ցածր գներով». տեղին կլիներ ներկայացնել «էականորեն»-ի թվային արժեքը, դ/ «մի շարք արժեքավոր գույքեր». մի շա՞րք… դարձյալ չորոշակիացված թվաքանակ, եւ այդպես շարունակ:
Այս շինծու գործի առանցքում Լեւոն Քոչարյանն է, որը Փաշինյանի կոշտ կշտամբանքին, թե նախընտրական հանդիպումների ժամանակ ժողովուրդը մեզ հարցնում էր՝ «ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը բանտում չէ», հակադարձել է. «իսկ մեզ ժողովուրդը բոլորովին այլ պահանջ էր ներկայացնում, ասում էր՝ «Էդ պիղծ դավաճանը ինչո՞ւ է դեռ մնում»»: Լեւոնի այդ արձագանքը Փաշինյանին հունից հանել էր եւ իրավապահներին հրահանգել է զբաղվել Քոչարյան ընտանիքով: Ինքը՝ Լեւոնը պատգամավորական անձեռնմխելիություն ունի, օրենքով նրան ձերբակալելու համար անհրաժեշտ է ԱԺ-ի թույլտվությունը, որի միջնորդությունը պետք է ներկայացնի գլխավոր դատախազը:
Իսկ մինչ այդ՝ իրավապահները վարույթի շրջանակում մտել են «Toyota» ընկերության երեւանյան գրասենյակ եւ Լեւոն Քոչարյանի տիկնոջ՝ Սիրուշոյի Pregomesh ընկերություն, սկսել են քննչական ու վարութային գործողություններ իրականացնել Քոչարյաններին կամ նրանց փոխկապակցված անձանց պատկանող «Օրանժ ֆիթնես» ակումբում, «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, դրանց տնօրենների բնակարաններում եւ այլուր: Փաշինյանի գործողություններն ընդդիմությունը պիտակում է իբրեւ քաղաքական հաշվեհարդար եւ իբրեւ առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ:
«Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նախագահն առայսօր չի «մարսել» Արցախում հայկական կողմի՝ 1994 թվականին տարած հաղթանակը եւ ՀՀ նախագահների, մասնավորապես ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ունեցած ահռելի ավանդը»,- ՖԲ իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Ի՞նչն է այս ամենում ամենահետաքրքիրը. Իլհամ Ալիեւի կողմից «կզացված» Նիկոլը սպառնում է «կզացնել» այն մարդուն, ով ժամանակին «կզացրել» է ե՛ւ Իլհամին, ե՛ւ նրա հորը՝ Հեյդար Ալիեւին: Խելքի՛ աշեցեք…
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Օգոստոսի 23-ին լրացավ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 36 տարին: Հռչակագիրն ընդունվել է Հայկական ԽՍՀ ԳԽ 1-ին նստաշրջանում: Վարչապետ Փաշինյանն օրվա կապակցությամբ առաջին անգամ ուղերձ չէր հղել: Արդեն հայտնի է, որ Անկախության հռչակագրին հղումը չի լինելու նոր Սահմանադրության նախագծում: Բաքուն հստակ նախապայման է դրել՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն ՀՀ Սահմանադրությունը փոխելու եւ դրանից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում: Հռչակագրում տարածքային նկրտումներ են տեսնում: Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմ է այս փոփոխությանը՝ հռչակագիրը համարելով կոնֆլիկտածին եւ պնդելով, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից:
Երկու օր առաջ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն: Նրանք քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունների օրակարգին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր։ Կառավարության փոխանցմամբ՝ Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթաժողովին, որը նախատեսված է անցկացնել այս տարվա հոկտեմբերին, Երեւանում: Վրաստանի վարչապետը հրավերն ընդունել է:
ԱԺ-ն օգոստոսի 27-ին սկսեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումները: Կառավարությունն առաջարկում է փոխել 12 նախարարությունից 3-ի անվանումը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անվանումից գործադիրն առաջարկում է հանել «սոցիալական հարցեր» բառակապակցությունը, փոխարինել՝ «բարեկեցություն» բառով (Աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն), Արտաքին գործերի նախարարության անվան մեջ ավելացնել «միջազգային առեւտուր» բառակապակցությունը (Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարություն), իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվան մեջ՝ «արհեստական բանականություն» բառերը:
«Ուժեղ Հայաստանի» թեկնածու Իրինա Յոլյանը չընտրվեց Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Գաղտնի քվեարկության ժամանակ նրա օգտին 38 պատգամավոր էր քվեարկել, դեմ էին 63-ը: Արդեն 2-րդ անգամ այս հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում իշխող ՔՊ-ն չի ընտրում ՈՒՀ թեկնածուներին: Առաջին ընտրության ժամանակ այդ պաշտոնում չընտրվեց Դավիթ Ղազինյանը: Առանց իշխող ՔՊ-ի աջակցության, ընդդիմության ձայները չեն բավականացնում հանձնաժողովների ղեկավարներ ընտրելու համար: ՈՒՀ խմբակցությունն այս պահին նոր թեկնածու չառաջադրեց, բայց հանձնաժողովում թեկնածու առաջադրելու իրավունքը նրանց է պատկանում: Խորհրդարանի 12 հանձնաժողովներից 11-ի նախագահներն արդեն ընտրվել են:
«Հարավկովկասյան երկաթուղին» պատասխանատվությամբ կատարում է իր պարտավորությունները եւ ավելի քան 30 միլիարդ ռուբլու ներդրումներ է իրականացրել, այդ թվում՝ շարժակազմի թարմացման ուղղությամբ։ Այս մասին հինգշաբթվա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Երեւանի պնդումները, թե ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանին միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին մասնակցելուն, չեն համապատասխանում իրականությանը։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ պնդել է, որ ՀՀ ղեկավարությանը «շանտաժի են ենթարկում»՝ պահանջելով վերացնել «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտում:
Օգոստոսի 23-ին հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Էդգար Գեւորգյանը, NEWS.am-ի տեղեկություններով, Վայքի զորամասում ծառայում էր կրտսեր եղբոր հետ։ NEWS.am-ի տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել դիրքերում, որին նախորդել է վիճաբանություն։ Էդգարը Երեւանից էր, 22 տարեկան, առողջական խնդիրների պատճառով բանակ էր զորակոչվել նախատեսվածից ուշ։ Նախքան զորակոչվելը նա ատամնատեխնիկի կրթություն էր ստացել։ Նշենք, որ Էդգար Գեւորգյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Վերջին 10 օրում սա երրորդ մահն է բանակում։ Պնախարարը հայտարարում է, որ զինծառայողների մահվան դեպքերի համար ինքը պատասխանատու չէ: Այսպիսին են ՔՊ-ական բարձրաստիճան իշխանավորները՝ պաշտոնի վայելքից օգտվում են, պատասխանատվությունից՝ ձեռքները լվանում:

