Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

22-29 մայիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով մայիսի 26-ին, որը փաստաթղթերի հանձնման ժամկետի վերջին օրն էր, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) գրանցման համար նախընտրական ցուցակներ են ներկայացրել խորհրդարանական արտահերթին մասնակցելու ցանկություն ունեցող 27 քաղաքական ուժեր՝ կուսակցությունների 4 դաշինք եւ 23 կուսակցություն։ Այս մասին հաղորդել են ԿԸՀ-ից:

…Նախ՝ արժե ներկայացնել մասնակիցների կազմը, որը բավական խայտաբղետ է եւ տրամաբանության առումով մի փոքր անհասկանալի: Ահա այն՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Ազատ հայրենիք», «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքներ, «Քաղաքացիական պայմանագիր», «Արդար Հայաստան», «Հանրապետություն», «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ), «Բարգավաճ Հայաստան», «Հայոց հայրենիք», «Ազգային օրակարգ», «Քաղաքացու որոշում, «Մեր տունը Հայաստանն է», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «Միասնական հայրենիք», «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ), «Լուսավոր Հայաստան», «Վերելք», «Ազատական», «Ազատություն», «Ինքնիշխան Հայաստան», «Զարթոնք», «Քրիստոնեա-ժողովրդավարական», «Հայոց արծիվներ», Հայաստանի դեմոկրատական եւ Հայաստանի եվրոպական կուսակցություններ: 

Այս ցանկից առնվազն մեկուկես տասնյակը հանրությանը ոչինչ չասող անուններ են՝ մի մասը իշխանության թեւի տակ ծվարած կամակատարներ, մյուսը՝ ընդդիմությունից ձայն փախցնելու գործում որոշակի հմտություն ունեցողներ, երրորդը՝ պարզապես բախտ որոնողներ եւ այլն: Մյուս կողմից՝ հայտատուների այս մեծաքանակությունը մի բանի մասին է վկայում՝ իշխանության վախերի: Սրանք հիմնականում օգնական կամ, այսպես ասած, «կցորդ» ուժեր են, որոնց կարիքն ընտրությունների գնացող ինքնավստահ իշխանությունը չէր ունենա: Ձեռնպահ կմնանք անուններ հրապարակելուց, բայց որոշ ցուցակներում՝ նույնիսկ առաջին տասնյակում, կան հանրության շրջանում հարգանք չվայելող անձինք՝ անողնաշար ճամբարափոխներ, գործամոլներ, հարբեցողներ: Վա՛յ էն իշխանությանը, որի հույսը նմանատիպ մարդիկ են: 

Հակիրճ անդրադառնանք խորհրդարան անցնելու շանսեր ունեցող քաղաքական ուժերի նախընտրական ցուցակներին, եւ առաջինը սկսենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Աչքի է զարնում, որ ՔՊ ցուցակում ընդգրկված չեն կուսակցության մի քանի առանցքային դեմքեր, ինչպես օրինակ` փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: ՔՊ մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը, լրագրողների հարցին ի պատասխան, ասաց, որ ցուցակում լինելն ինքնանպատակ չէ՝ այդպես էլ չբացելով փակագծերը, թե ինչ նկատի ունի: Իսկ ցուցակում տեղ գտած գործարարներ Խաչատուր Սուքիասյանի (Գռզո), Գուրգեն Արսենյանի առնչությամբ  վստահեցրեց, որ այդ գործիչները որոշակի ներդրում կունենան պետական կառավարման գործում: Եթե առաջնորդվենք մամուլի խոսնակի՝ «ցուցակում լինելն ինքնանպատակ չէ» վարկածով, կարելի է ենթադրել, որ Սուքիասյանը բերվում է փոխվարչապետի, իսկ Արսենյանը՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնների համար: Կամ՝ հակառակը: 

«Հայաստան» դաշինքը մայիսի 26-ին ավելի վաղ հրապարակել էր իր ընտրացուցակի առաջին 20 թեկնածուների անունները: Ցուցակը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ համարը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն է, երրորդը՝ «Իմ քայլից» դուրս եկած սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը, չորրորդը` «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: Քսանյակում են նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, դաշնակցականներ Գեղամ Մանուկյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Քոչարյանի օրոք նրա աշխատակազմը ղեկավարած Արմեն Գեւորգյանը, Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող հեռուստաալիքի հաղորդավար Ագնեսա Խամոյանը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը։ 

Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն Արթուր Վանեցյանի կուսակցության հետ միասին հանդես է գալիս «Պատիվ ունեմ» դաշինքով: Ինքը` Սերժ Սարգսյանը, ցուցակում ներկայացված չէ, ընդգրկված չեն նաեւ ՀՀԿ-ի առանցքային դեմքերից Արմեն Աշոտյանը եւ Էդուարդ Շարմազանովը: Ընտրացուցակում են Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը (2-րդ համար), Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը, «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով եւս առաջին տասնյակում է: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ընտրություններին չի մասնակցում անձնական որոշմամբ։ «Ես չեմ առաջադրվում, բայց պատրաստվում եմ կրծել ցանկացած շնագայլի կոկորդը, որը կփորձի նորից թուրքական յաթաղանը քաշել հայկական ինքնության գոյության վրա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Աշոտյանը։ 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, 2-րդ համարը Միքայել Մելքումյանն է, 3-րդը` Իվետա Տոնոյանը: Նրանց հաջորդում են Դավիթ Սիմոնյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետը Գուլոյանը, որը Ծառուկյանի փեսան է, եւ այլք: ԲՀԿ-ի առաջին անակնկալը ցուցակում ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին չընդգրկելու փաստն է, ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ Նաիրա Զոհրաբյանի չընդգրկվելու մասին։ Էնֆիաջյանի մասով ասում են, որ նա իշխանության հետ «խաղեր է տվել», ինչը դուր չի եկել առաջնորդին։ Ցուցակում չի ընդգրկվել նաեւ նախկին նախարար Արթուր Գրիգորյանը։ «Հրապարակ» թերթը գրում է, որ անակնկալների շարքից է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) փեսայի հայտնությունը 11-րդ տեղում։ ԲՀԿ-ական Արման Աբովյանը չափազանցված վստահություն ունի թիմի նկատմամբ՝ նշելով, որ իրենց կհաջողվի 50+1 տոկոս ձայն հավաքել ու միայնակ կառավարություն ձեւավորել: Ֆանտաստիկայի ժանրից է: 

Այս ընտրություններն առաձնահատուկ են նրանով, որ Հայաստանի երեք նախկին նախագահների ղեկավարած քաղաքական ուժերն էլ մասնակցության հայտ են ներկայացրել: Թերեւս՝ սա է ներկա ընտրական գործընթացների գլխավոր ինտրիգը:

 

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին մայիսի 27-ին հայտնել է արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը: Վերջինս «Ազատությանն» ասել է, որ հրաժարականի պատճառների մասին դեռեւս մեկնաբանություններ չեն տալու:

…Նախարարի պաշտոնակատարը, ըստ էության, հրաժարական է ներկայացրել Անվտանգության խորհրդի մայիսի 27-ի նիստից հետո, որին մասնակցում էր: Արա Այվազյանի հնարավոր հրաժարականի մասին մամուլն անցյալ շաբաթվանից էր գրում: Այս լուրերն առավել աշխուժացան այն բանից հետո, երբ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը Սյունիքում լրագրողներին ասել էր, որ ԱԳ նախարարությունում տեղյակ չեն, թե սահմանագծման (դելիմիտացիա) ու սահմանազատման (դեմարկացիա) վերաբերյալ ինչ փաստաթուղթ է Հայաստանը պատրաստվում ստորագրել Ադրբեջանի հետ: Նույնիսկ Ազգային ժողովի արտահերթ նիստում Փաշինյանը անդրադարձել էր Արտաքին գործերի նախարարությանը եւ փոխնախարարի հնչեցրած այդ հայտարարությանը, թե իրենք ստորագրվելիք փաստաթղթից տեղյակ չեն։

«Առավոտվա ժամը 7-ից ճանապարհի մեջ ենք, եւ այդ փաստաթղթից՝ իսկապես կա, թե չկա, գաղափար չունեմ: Ասում եմ անկեղծ այն, ինչ որ կա, այսինքն՝ փաստաթղթի մասին հետագա հարցերից կխնդրեի խուսափել»,- ասել էր Ադոնցը: 

Հիշեցնենք, որ Արա Այվազյանը արտգործնախարար նշանակվեց արցախյան պատերազմից հետո` նոյեմբերի 18-ին: Նա պատերազմից հետո արտաքին քաղաքական գերատեսչության` հրաժարական ներկայացնող երկրորդ նախարարն է: Դրանից 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Զոհրաբ Մնացականյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել:

 

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինուժի կողմից շրջափակվել եւ գերեվարվել են ՀՀ Զինված ուժերի պայմանագրային վեց զինծառայողներ: Նման հաղորդագրությամբ հանդես էր եկել Պաշտպանության նախարարությունը։ Ռազմական գերատեսչության փոխանցմամբ` ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։ Նախարարությունը նաեւ իրականությանը չհամապատասխանող է որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում:

…Ամենատարօրինակն այն է, որ երկու շաբաթից ավելի ադրբեջանական զորախմբերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում եւ, կարծես թե, արտառոց ոչինչ չկա, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պատկան մարմինները ձեւացնում են, թե ամեն ինչ կարգին է: Իսկ այն անձնավորությունը, որին այդ վիճակը պիտի ամենաշատը մտահոգի, հորդորում է խուճապի չմատնվել: «Ամեն ինչ գնում է իր հունով, խուճապ չկա»,- ԱԺ-ից դուրս գալով՝ լրագրողների հարցին կարճ արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ արագաքայլ հեռացել: Սույն պաշտոնյան միշտ խուսափում է լրագրողներից, ամենայն հավանականությամբ, չի հասցնում ասելիքը նախապես համաձայնեցնել Փաշինյանի հետ: 

«Այս կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անեն, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող»,- գերեվարման օրը՝ մայիսի 27-ին, Կառավարության նիստը բացելիս ասել է վարչապետի պաշտոնակատարի աթոռը զբաղեցնող անձը՝ պնդելով, որ վեց հայ զինծառայողները սահմանի կահավորման աշխատանքներ էին իրականացնում: Նրա խոսքով՝ հակառակորդը ցանկանում է հրահրել ռազմական բախում՝ իրադրությունն ամբողջությամբ վերահսկողությունից դուրս բերելու նպատակով: 

Սահմանային իրադրությանն անդրադարձել է նաեւ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նորանշանակ տեղակալ Էդվարդ Ասրյանը: Նրա պատմածից պարզվում է, որ ազերի զինծառայողները՝ մոտ մեկուկես կմ խորանալով մեր տարածքում, շրջափակել են հայ զինծառայողների 4 հոգանոց խմբին, որը գործողությունների անմիջական շրջանում սահմանային առաջադրանք էր կատարում: Զենքի սպառնալիքով զինաթափել են խմբին, եւ այդ պահին մեր կառավարման խմբից երկու զինծառայող մոտեցել են, որպեսզի բանակցությունների միջոցով հարթեն միջադեպը։ Այսինքն՝ պատկերացնում էին, որ կարելի է խաղաղ ճանապարհով խնդիրը լուծել, բայց՝ իզուր, հակառակորդը ոչինչ լսել չէր ուզում, գերեվարում է բոլոր 6 զինծառայողներին ու տանում: Մերոնք, ըստ գեներալի, զենքի չեն դիմում, քանի որ կար զենք չկիրառելու, ասել է թե՝ սադրանքի չտրվելու խստիվ հրահանգ: 

Փաստորեն հայկական կողմի իներտ, անհամարժեք պահվածքի պատճառով թշնամու լպիրշությունը հասել է այն աստիճանին, որ արդեն մտնում է մեր «տուն» եւ առանց որեւէ դիմադրության հանդիպելու, տանում մեր զավակներին, հետո էլ, ի լուր աշխարհի, հայտարարում, թե իբր Ադրբեջանի տարածք ներթափանցման փորձ կատարելիս՝ հայ դիվերսանտների խումբ են վնասազերծել: Այս ազգի լկտիությունը չափ ու սահման չունի: Տպավորություն է, թե Ալիեւը մեզնից շտապ ստանալիք ունի, որը ոչ մի կերպ չի հաջողվում ստանալ եւ ստիպված դիմում է ծայրահեղ միջոցների՝ տարածքների բռնազավթումներ, մարդկանց պատանդառություն, գերեվարումներ, սպանություններ: 

«Ալիեւին տված խոստումները, հավանաբար, դեռ թղթի տեսք չեն ստացել ու չեն ստորագրվել Փաշինյանի կողմից։ Ալիեւն էլ հասկացել է, որ հունիսի 20-ից հետո Փաշինյանը կարող է ընդհանրապես իշխանության չլինել։ Եվ ուրեմն պետք է ստիպի, որպեսզի նա ստորագրի կամ փաստացի տարածքները տա»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ստորեւ ներկայացնենք ֆեյսբուքյան եւս մեկ գրառում, որի հեղինակը «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանն է։ Նարեկը մի քանի օր առաջ Երեւանի սրտում՝ Հյուսիսային պողոտայում, պատահաբար հանդիպել է երկու թուրքի, որոնք մանրամասն տեսանկարահանում էին այն ամենը, ինչ պատահում էր իրենց շրջապատում: 

«Սա անհանգստացնող փաստ է, որ գործող իշխանությունը արդեն իսկ մայրաքաղաքի անվտանգությունը ապահովել ի զորու չէ»,- ԱԱԾ-ի ուշադրությունն այդ փաստի վրա հրավիրելով՝ նա գրում է. «Քաղաքը վխտում է թուրքադրբեջանական գործակալներով, իսկ դուք ձեր հիմնական գործառույթը թողած՝ ընդիմադիրների հեռախոսներն եք լսում, մեքենաների հետեւից «սլեժկա» անում եւ շտաբները գաղտնալսում: Համոզված եմ, որ եթե այդ միջոցներն ուղղեիք մեր իրական թշնամիների դեմ պայքարին, հաստատ այս խղճուկ վիճակը չէինք ունենա այսօր»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման եւ Սարդարապատի հերոսամարտում տարած պատմական հաղթանակի 103-ամյակը՝ Հանրապետության օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տոնական միջոցառումներ այս տարի նախատեսված չեն, սակայն Սարդարապատի հուշահամալիրի մոտ հաղթանակը կերտած հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցեց երկրի ղեկավարությունը «Առաջին Հանրապետությունը նշանակալից իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում՝ անկախ պետականության վերականգնում ինքնիշխանության համար երկարամյա պայքարից հետո»,- Հանրապետության օրվա առթիվ իր ուղերձում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Տոնի առթիվ ուղերձ է հղել նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ նշելով, որ Առաջին Հանրապետությունը երկար չգոյատեւեց, «սակայն եղավ անկախ պետականության տեսանելի առհավատչյան, որի ներշնչումով կերտվեցին վերազարթոնքի հետագա հաղթանակները մեր ժողովրդի»։

Մայիսի 26-ին պաշտոնական այցով Երեւանում էր Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Այցի շրջանակներում հարեւան երկրի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Արմեն Սարգսյանի հետ զրույցում կարեւորվել են Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը: Հայաստանի նախագահն ու Իրանի արտգործնախարարն անդրադարձել են նաեւ հայ-իրանական երկկողմ օրակարգին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տարածաշրջանի առջեւ ծառացած նոր մարտահրավերները պարտադրում են աշխատել երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու ուղղությամբ:

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում հետպատերազմյան խնդիրներին եւ, մասնավորապես, ընթացիկ սահմանային իրավիճակին: Հայաստանի նախագահն ու ԵՄ դեսպանը նաեւ մտքեր են փոխանակվել Եվրամիության հետ համագործակցության խորացման եւ մի շարք ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը մայիսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ՝ ներկայացնելով ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և վերջին օրերի զարգացումները։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը եւս մեկ անգամ շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի են Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները՝ նշելով, որ խնդրի հանգուցալուծման հարցում կարեւորում է նաեւ ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը։ Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետեւում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին եւ որ կառույցը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար։

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: