Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Ազգային ժողովը հունիսի 19-ի արտահերթ նիստում քննարկել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու` ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները: Փակ գաղտնի քվեարկությամբ երկու միջնորդություններին էլ խորհրդարանը տվել է իր համաձայնությունը: Հիմք ընդունելով ԱԺ կայացված որոշումները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախաքննությունն իրականացնող մարմնին արդեն հանձնարարել է Գրիգորյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, ՀՀ հատուկ քննչական ծառայության միասնական վարույթում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում նրան ներգրավել որպես մեղադրյալ, առաջադրել մեղադրանք, ինչպես նաեւ գեներալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Վերոնշյալ քրեական գործերով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
…Մանվել Գրիգորյանը չէր ներկայացել իր հարցի քննարկումներին։ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ասելով՝ նա նամակով տեղյակ է պահել, որ հրաժարվում է մասնակցել նիստին: Նամակի տեքստը չհրապարակվեց: Մամուլի փոխանցմամբ՝ նամակում Գրիգորյանը հավաստիացրել է, թե ցանկություն չունի խոչընդոտել նախաքննությանը, կոչ է արել ԱԺ գործընկերներին համաձայնություն տալ իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն: Նա վստահ է, որ կվերականգնի իր «բարի անունը»:
Գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել, իսկ ավելի ուշ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է՝ գործին չխոչընդոտելու համար: Խորհրդարանի ամբիոնից գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, թե ձեռք բերված ապացույցները բավարար են, որպեսզի Գրիգորյանին առաջադրվեն մեղադրանքներ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու, ինչպես նաեւ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Գլխավոր դատախազի ներկայացրած տվյալներով՝ նրան պատկանող տարածքներում իրականացվել է 6 խուզարկություն, արդյունքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք ու հրազեն, ավելի քան 71 միլիոն դրամ, 80 հազար ԱՄՆ դոլար, ավելի քան 67 հազար եվրո, 246 հազար 500 ուկրաինական գրիվնա, 33 տրանսպորտային միջոց: Գաղտնալսելով գեներալի հեռախոսազրույցները՝ իրավապահները պարզել են, որ նա հունիսի սկզբից սկսել է հրազենը տեղափոխել այլ վայրեր, իսկ սպասվող պատասխանատվությունից խուսափելու համար անհաջող փորձ է կատարել որդու միջնորդությամբ գործն այնպես կազմակերպել, որպեսզի ոմն Արմեն Հակոբյան ներկայանա խուզարկության վայր եւ «ամեն ինչ իր վրա վերցնի»: Գլխավոր դատախազն անդրադարձել է նաեւ Գրիգորյանի պահեստներում հայտնաբերված, իրավապահների պնդմամբ՝ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին ուղարկված օգնությանը, առաջնագծում կանգնած զինվորներին ուղղված եւ այդպես էլ հասցեատերերին չգտած դպրոցականների նամակներին: Միաժամանակ պարզվել է, որ Պաշտպանության նախարարությունը Մանվել Գրիգորյանի ղեկավարած Երկրապահ կամավորականների միությանը (ԵԿՄ) 2016-2018 թվականներին տրամադրել է ավելի քան 190 միլիոն դրամի պարեն, իրեր եւ վառելիք, որը նաեւ ապրիլյան պատերազմին մասնակցած կամավորների կարիքների համար է եղել: Սակայն, ինչպես հիմնավորվել է նախաքննությամբ, Գրիգորյանն իր ղեկավարած կառույցին վերը նշված նպատակներով հատկացված գույքը հափշտակել է, տեղափոխել իրեն պատկանող տարածք՝ օգտագործելով անձնական կարիքների, այդ թվում՝ իրեն պատկանող կենդանիներին կերակրելու համար:
Խորհրդարանում Հանրապետական խմբակցության ղեկավար Վ.Բաղդասարյանը հրապարակեց ՀՀԿ-ի որոշումն առ այն, որ չեն խոչընդոտելու նախաքննությանը, կողմ են քվեարկելու դատախազի միջնորդություններին: Միաժամանակ նշեց, որ հարգելով անմեղության կանխավարկածը՝ հետեւողական են լինելու նախաքննությանն ու դատաքննությանը. «Եթե դատախազի ներկայացրած մեղադրանքները հաստատվեն, հանցագործություն կատարողները պետք է պատժվեն օրենքի ամենայն խստությամբ: Դա անբեկանելի է»,- ընդգծել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Էլ ավելի բուռն էին խորհրդարանական մյուս խմբակցությունների արձագանքները՝ խայտառակություն, սրբապղծություն, դավաճանություն... Իսկ հաջորդ օրը՝ հունիսի 20-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցաբար աշխատող Արցախի իրավապահ մարմիններից տեղեկություն ստացվեց, որ առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասին հարակից «Արալեռ» տարածքում գտնվող, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը: Խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակնշմամբ մեծ քանակի մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ եւ արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, տարբեր տրամաչափի ինքնաձիգի մեծաքանակ փամփուշտներ: Ահա շատերի համար անսպասելի այսպիսի զարգացումներ:
Հատկանշական է, որ այսքանից հետո Արցախի հերոսի բարձր կոչում եւ գեներալ-լեյտենանտի բարձր զինվորական աստիճան ունեցող նախկին հրամանատարը չի գիտակցում իր կատարածի ողջ ահավորությունը եւ չի զղջում: Ավելին՝ հոխորտում է, թե հեռուստատեսությամբ ցուցադրված նյութերի հետ որեւէ կապ չունի, իր գլխին ուղղակի սարքել են, ինքը հակափաստարկներ կներկայացնի դատարանում եւ այլն: Երեւի ճիշտ է նկատված` պատերազմի հերոսը… մեղա´ քեզ, Տեր, պետք է զոհվի ռազմի դաշտում` զենքը ձեռքին, այլապես վերադառնալով քաղաքացիական կյանք, չարիք է դառնում հասարակության գլխին: Կամ նրան այդպիսին դարձնում են, որպեսզի օգտագործեն քաղաքական խաղերում: Չէ՞ որ «հերոս»-ը վեհ է հնչում: Շատերը կհիշեն, թե ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Երկրապահների կամավոր միությունը մեկ օրվա մեջ հասարակական կազմակերպությունից վերածվեց քաղաքական կառույցի եւ հօգուտ իշխող ռեժիմի օգտագործվեց խորհրդարանական ընտրություններում: Պարզապես այդ պահին անհրաժեշտ էր կեղտոտ ծառայություն մատուցել Ազգային ժողովում մեծամասնության ձգտող ՀՀՇ-ական ուժերին, որոնց նկատմամբ հանրային վստահության մակարդակը կտրուկ ընկել էր: Եվ այդ «կեղտոտ» գործը գլուխ բերելու համար գտնվեց շատ հարմար թեկնածու` ի դեմս հաղթանակած բանակի գեներալ Մանվել Գրիգորյանի, որին ներվում էր ամեն ինչ` իր մատուցած ծառայությունների դիմաց: Նույն մղումներով եւ համագործակցության նույն` «Դու ինձ, ես` քեզ» բանաձեւով ԵԿՄ-ն շարունակեց օգտագործվել նաեւ հետագա իշխանակարգերի, մասնավորապես Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականի կողմից: Այդ տեսակետից ուշագրավ է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի` ԱԺ Հանրապետական խմբակցությունը լքած պատգամավոր Արթուր Գեւորգյանի հունիսի 17-ին արած աղմկահարույց հայտարարությունը, թե նախկինում էլ իրավապահ մարմինները տեղյակ են եղել Մանվել Գրիգորյանի ապօրինություններին, «պարզապես բացահայտելու թույլտվություն չեն ունեցել»: Մարդը առանց այլեւայլության ասել է մաքուր ճշմարտությունը: Փառք տանք Աստծուն, որ այսօր այդ թույլտվությունն առկա է, եւ չարագործներից մեկը շուտով դատարանի առջեւ պատասխան կտա: Հուսով ենք` չի ուշանա նաեւ մյուսների հատուցման ժամը: Բոլոր այն մանվելների, որոնք ընդամենը մեկական պտուտակներ են եղել Լեւոն-Ռոբերտ-Սերժ եռյակի արատավոր համակարգն աշխատեցնող մեքենայում:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Միջազգային մամուլ
ԱՄՆ-ն լքեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը
BBC- ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից՝ անվանելով այն «քաղաքական կողմնակալության հենարան»: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիկի Հեյլիի խոսքով՝ դա «երեսպաշտական» մարմին է, որը «քամահրում է մարդու իրավունքները»: «Ցավոք, այժմ պարզ է, որ բարեփոխումների մեր կոչը չլսվեց: Մարդու իրավունքները ոտնահարողները շարունակում են ծառայել եւ ընտրվել որպես խորհրդի անդամներ»,- լրագրողներին ասել է Հեյլին՝ հավելելով.
«Աշխարհի անմարդկային վարչակարգերը խուսափում են մանրազնին քննությունից, եւ խորհուրդը շարունակում է քաղաքականացնել ու դատապարտել մարդու իրավունքի ոլորտում դրական փորձառություն ունեցող երկրներին` իրենց շարքերում մարդու իրավունքները ոտնահարողներից ուշադրությունը շեղելու համար»: Խորհուրդը լքելու մասին որոշումը հրապարակելով՝ Հեյլին խորհուրդը բնորոշել է «կեղծավոր եւ ինքնանպատակ կազմակերպություն», որն անդադար թշնամանք է հրահրում Իսրայելի նկատմամբ:
Թեմայի անդրադարձում The Guardian-ը նույնպես փոխանցել է Միացյալ Նահանգների դեսպանի տեսակետները, որի պնդմամբ՝ ԱՄՆ-ը մեկ տարի շարունակ փորձում էր բարեփոխումներ իրականացնել, մինչդեռ խորհրդի թերացումները գնալով ավելի խորացան: Խուրհուրդը, ըստ ամերիկացի դիվանագետի, չկարողացավ նույնիսկ մեկ նիստ անցկացնել Վենեսուելայի իրավիճակի հետ կապված, որը խորհրդի անդամ է, կամ՝ Իրանի, «չնայած այնտեղ տեղի ունեցած ընդդիմության ցույցերը դաժանաբար ճնշվեցին»: Պարբերականի եզրահանգմամբ՝ եթե այսպես կոչված՝ Մարդու իրավունքների խորհուրդը չի կարողանում դիմակայել անդամ երկրներում տեղի ունեցող զանգվածային չարաշահումներին եւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին, ապա այդ պահից դադարում է արժանի լինել իր անվանը:
Մարդու իրավունքների խորհուրդն՝ ինքը ԱՄՆ-ի դուրս գալն անվանել է «հիասթափեցնող, եթե ոչ զարմանալի, նորություն»: Մինչդեռ Իսրայելը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների այս քայլը:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը