Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

13-20 հունիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Անցած կիրակին հագեցած էր բուռն իրադարձություններով: Հունիսի 14-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ էին կատարում ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը, որտեղ հավաքվել էին նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները: Այնուհետեւ Ծառուկյանը ժամեր շարունակ հարցաքննվում էր Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)։ Ամբողջ այդ ընթացքում ԱԱԾ շենքի հարեւանությամբ բողոքի ակցիա էին իրականացնում ԲՀԿ-ականներն ու Ծառուկյանի աջակից ներկայացող քաղաքացիները, որոնց նկատմամբ անհամաչափ ուժ էին կիրառում տարածքում կենտրոնացած ոստիկանները։

Նույն օրը Ազգային անվտանգության ծառայությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ տարածեց։ ԱԺ համանուն խմբակցության անդամների միահամուռ կարծիքով` տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է:

Հունիսի 16-ին, երբ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը, ընդդիմադիր ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունների բոյկոտի պայմաններում, Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից, եւ գործը մտավ նրա կալանքի հետ կապված քննարկումների փուլ, իրավիճակն էլ ավելի սրվեց:

…ԱԱԾ-ի տարածած պաշտոնական հաղորդումների համաձայն` ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցված երեք քրգործերից առաջինն առնչվում է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը բացահայտված ապօրինություններին։ Ըստ ԱԱԾ-ի` խաղատունը գործել է առանց լիցենզիայի, ինչի հետեւանքով 2010-ից այս կողմ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս, բացի դրանից, չեն իրականացվել 40 միլիարդ դրամ ներդրումներ։ Երկրորդ քրգործը, որի հիմքով էլ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից, վերաբերում է 2017թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու դեպքերին, ինչում, ըստ ԱԱԾ-ի, ներգրավված էին ԲՀԿ-ական ղեկավար կազմը եւ կուսակցության անդամները: Երրորդ քրգործն առնչվում է Ծառուկյանին պատկանող «Ֆիրմա Նյու» ընկերությանը, որը գյուղատնտեսական նշանակության հողատարածքն օգտագործել է որպես արդյունաբերական նշանակության` պետությանը պատճառելով ավելի քան 370 միլիոն դրամի վնաս։ Սրանք են մեղադրող կողմի ներկայացրած իրավական հիմքերը:

Մեղադրվող կողմն, իր հերթին, սեփական հակափաստարկներն է ներկայացնում, որոնք բավական հիմնավոր են: Ըստ այդմ` ամեն ինչ սկսվել է հունիսի 5-ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում իշխանության հասցեին Գագիկ Ծառուկյանի հնչեցրած կոշտ հայտարարությունից հետո: Վերջինս համոզմունք էր հայտնել, որ Կառավարությունը բոլոր ոլորտներում ձախողել է աշխատանքները, եւ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանին սով ու տնտեսական կոլապս են սպասում: Ծառուկյանը լիակատար ձախողված է համարել նաեւ կորոնավիրուսի դեմ իշխանությունների պայքարը, որի անարդյունավետությունը 400-ից ավելի մարդկային կյանքեր է արժեցել: Հետեւաբար` Կառավարությունը, ըստ ԲՀԿ ղեկավարի, պետք է ամբողջ կազմով հրաժարական տա, որովհետեւ իրեն տրված լիարժեք ժամանակաընթացքում չի կարողացել արդարացնել ժողովրդի սպասելիքները:

Ինչպես եւ ակնկալվում էր, դրան հետեւեց իշխանության կոշտ արձագանքը. վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն ասաց, թե «հավանաբար Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային»։ Արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ իր հասցեին քննադատություն, անգամ թեթեւ դիտողություն չհանդուրժող բարձրագույն իշխանությունը` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «մարտականորեն» է տրամադրված խորհրդարանական երկրորդ ուժի եւ նրա առաջնորդի դեմ, որի հետ մեկուկես տարի առաջ` 2018-ի դեկտեմբերին, հուշագիր էր ստորագրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ: Ծառուկյանն այն ժամանակ, վարչապետի գորովալից բնորոշմամբ, խոշոր սեփականատեր էր, այլեւս օլիգարխ չէր, լավն էր: Ու այդպիսն էլ կմնար մինչեւ վերջ, եթե դեմ չարտահայտվեր գործող իշխանությանը եւ, հատկապես, Նիկոլ Փաշինյանին: Վերջինս այդպիսի «սայթաքումը» չներեց: Չօգնեց անգամ համատեղ հուշագիրը:

Մի խոսքով` Ծառուկյանը չբռնեց հուշագրի շրջանակում տված հավատարմության թեստը: Ծառուկյանը սխալվեց, Նիկոլն իրավացի է` չնայած, դա այլեւս նշանակություն չունի: Այժմ վարչապետին իրենց հավատարմությունն ապացուցելու հերթում ԱԱԾ-ի ու Ոստիկանության նորանշանակ ղեկավարներն են: Այդպիսի հնարավորություն նրանք ստացան հունիսի 14-17-ը ծավալված բուռն իրադարձությունների բերումով: Եվ տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար` ԱԱԾ-ի, Գլխավոր դատախազության աշխատասենյակներում երկար ու ձիգ տարիների վաղեմության շինծու գործերի «կցմցումներ», փողոցներում` խաղաղ ցուցարարների աննախադեպ ծեծուջարդ: «Հպարտ քաղաքացիների» դեմ ռետինե մահակներով ելած հարյուրավոր ոստիկանները, կարմիր բերետավորները չէին նայում կին ու տարեց, պատգամավոր ու աշխարհահռչակ մարզիկ, ասֆալտին փռում էին` ով պատահեր: Երկու օրում կապտուկներով ու քերծվածքներով բերման ենթարկված խաղաղ ցուցարարների թիվն անցնում էր 500-ից:

Խորհրդարանում ներկայացնելով պատգամավորական անձեռնմխելիությունից Գագիկ Ծառուկյանին զրկելու հիմքերը, գլխավոր դատախազը չկարողացավ համոզել հանրությանը, հիմնավորումները խախուտ էին, ինչպես ամբողջ գործը: Փորձառու շատ մասնագետների համոզմամբ` վկայաբերվող հիմքերով ԲՀԿ նախագահին ձերբակալելու որոշումը կլինի ապօրինի եւ հակասահմանադրական: «2018 թվականի ապրիլին` այն ժամանակ դեռեւս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ու եւս երկու պատգամավորի, անձեռնմխելիությունից զրկելու համար ԱԺ միջնորդություն ներկայացնելու ավելի շատ օրինական հիմքեր կային, քան այսօր` Ծառուկյանի պարագայում»,- News.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Չնայած վարչապետի խոսնակի հավաստիացումներին, թե ամեն ինչ իրավական դաշտում է, ոլորտի մասնագետների գերակշիռ մեծամասնությունը հակառակն է ապացուցում:

Դատելով ամենից, ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի շուրջ տեղի ունեցող գործընթացները վկայում են քաղաքական խնդիրներն ուժային եղանակներով լուծելու մասին, ինչը անթույլատրելի է: Ծառուկյանի հանդեպ գործադրվող քաղաքական հետապնդումների եւ ճնշումների գործելակերպը դատապարտել են մի քանի տասնյակ քաղաքական ուժեր, իրավապաշտպան կազմակերպություններ, հայաստանյան եւ միջազգային կառույցներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մամուլի ներկայացուցիչներ, գործարար աշխարհի մարդիկ: Իշխանությունները հանձնառու են ականջալուր լինել հանրային եւ միջազգային արձագանքներին, բանականության ձայնին եւ խնդրի հանգուցալուծումը երաշխավորել բացառապես իրավական հարթությունում: Այլ կերպ լինել չի կարող:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Հունիսի 17-ին Հայաստանի ԱԳ առաջին նախարար եւ «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը տեսակապի միջոցով մասնակցում էր Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների 7-րդ հանդիպմանը: ԵԺԿ ղեկավար Դոնալդ Տուսկի նախագահությամբ` ժողովում ընդգրկված էին Եվրամիության, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության երկրների քույր կուսակցությունների առաջնորդներ եւ հրավիրյալներ:

Հանդիպմանը «Ժառանգությունը» ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ ելույթով` անդրադառնալով ԼՂ (Արցախի) հակամարտության կարգավորման խնդրին, ԵՄ-ի եւ նրա արեւելյան գործընկերների միջեւ անվտանգության ու արդյունավետ կառավարման հարթություններում գործակցության ամրապնդմանը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային  եւ աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Հովհաննիսյանը կոչ արեց ավելի ողջամիտ, անաչառ ու իրավունքի վրա խարսխված եվրոպական մոտեցում ցուցաբերել հակամարտության լուծման նկատմամբ, ընդգծեց խնդիրը Արցախի ինքնորոշման, ինքնիշխանության եւ միջազգային ճանաչման սկզբունքների ոգով կարգավորելու անհրաժեշտությունը:

Վերաքննիչ դատարանը հունիսի 18-ին բավարարեց Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպան Արամ Վարդեւանյանի միջնորդությունը` մասնակիորեն բեկանելով ՀՀ նախկին նախագահի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը: «Ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնել եւ խափանման միջոց կիրառել գրավը` 2 միլիարդ դրամի չափով»,- հայտարարել է դատավորը:

Փաստաբաններն այս դիմումով վիճարկում էին Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր պաշտպանների միջնորդությունը՝ Քոչարյանին ազատ արձակել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետների անձնական երաշխավորություն դիմաց: Միեւնույն ժամանակ առաջին ատյանի դատարանը մերժել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել գրավի դիմաց կամ էլ պարզապես փոխել խափանման միջոց կալանքը:

Հունիսի 17-ին Թուրքիայում նախագահական մակարդակով քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցում առկա մարտահրավերներին դիմակայելու ռազմավարությունը: Հարցն օրակարգային է եղել նախօրեին Անկարայում կայացած նախագահականին առընթեր Բարձրագույն խորհրդակցական մարմնի նիստի ժամանակ: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ` նախագահ Էրդողանի գլխավորությամբ եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ շուրջ 5 ժամ տևած դռնփակ նիստից հետո նախագահականի հաղորդակցության բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ` ամփոփելով ժողովի արդյունքները: «Ժողովում քննարկվել են այն ծավալուն քայլերը, որոնց նպատակն է լինելու կանխել Թուրքիային եւ մեր ազգին սեւացնելու համար 1915-ի դեպքերը որպես գործիք կիրառող հայկական լոբբիի եւ այս հարցը քաղաքական նպատակով շահարկող երկրների՝ իրականության հետ կապ չունեցող պնդումների վրա հիմնված քարոզչությունը»,- նշված է Ալթունի հայտարարության մեջ։

Քաղաքական հինգ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հունիսի 14-ին հավաք-հանդիպում է տեղի ունեցել ՀՅ Դաշնակցության գրասենյակում: «Ազատության» հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանը հաստատեց, որ հանդիպմանը մասնակցել են հինգ կուսակցություն՝ Դաշնակցությունը, «Մեկ Հայաստան»-ը, «Ազգային օրակարգ»-ը, ԲՀԿ-ն եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք»-ը: «Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, եւ քննարկվող հարցերի վերաբերյալ եղել է ընդհանուր փոխըմբռնում: Որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, անհրաժեշտության դեպքում նորից կհանդիպենք»,- ասել է Սաղաթելյանը` հրաժարվելով փակագծեր բացել։ Վանեցյանի գլխավորած «Հայրենիք»-ը եւս մանրամասներ չի հաղորդել հանդիպումից։

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: