Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

26 հունիսի - 3 հուլիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Արարատի մարզի մեկ տասնյակից ավելի գյուղեր ընտրություններից հետո զրկվել են ոռոգման ջրից, եւ ջրօգտագործողները հունիսի 26-ին, ի նշան բողոքի, փակել էին Երեւան-Արմավիր ավտոճանապարհը: Նրանք պահանջում էին մարզպետի կամ ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ հանդիպում՝ պարզաբանելու համար, թե ինչու արդեն մեկ շաբաթ ոռոգման ջուր չկա իրենց համայնքներում, ինչի պատճառով այգիներն ու մշակաբույսերը չորանում են: «Բնակիչների կողմից բարձրացված խնդիրն իսկապես արդարացված է, մի քանի օր է՝ ջուր չունենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էջմիածնի ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Արամ Սարգսյանը, ով հանդիպել էր մայրուղին փակած գյուղացիներին:

Նախընտրական քարոզարշավի օրերին վարչապետի պաշտոնակատարը Արմավիրի մարզում հավաստիացնում էր, որ գյուղացիները ոռոգման ջրի խնդիր չեն ունենա, սակայն ընտրություններից անմիջապես հետո մարզի մի շարք գյուղեր մնացին անջուր, եւ բանջարաբոստանային մշակաբույսերը սկսեցին կիզիչ արեւի տակ չորանալ՝ զգալի վնասներ պատճառելով խոշոր ջրօգտագործողներին: Մարդիկ վարկեր են վերցրել, հեկտարներով ցանքատարածություններ մշակել, ներդրումներ արել, բայց, ինչպես երեւում է, ոռոգման ցանցի խափանումների պատճառով մնալու են ձեռնունայն: «Վարչապետը խոստացավ, որ ջուր կլինի, հաջորդ օրվանից անջատվել ա: Հիմա կապ տվեք, ասեք պարոն Փաշինյան, ո՞ւր ա ձեր խոսք տվածը, ջուր տվեք: Ես ջահել տղա եմ, ուզում եմ աշխատել, ապրել, չեմ ուզում գողություն անել»,- գանգատվում էր Ակնալիճ գյուղի երիտասարդ մի բնակիչ: 

Երիտասարդը բորբոքվել էր, որ իշխանությունները՝ փոխանակ ականջալուր լինեն իրենց կենսահույզ խնդիրներին, ոստիկաններ են ուղարկել, որպեսզի լռեցնեն ակցիայի մասնակիցների արդար բողոքի ձայնը: «Թող մարզպետը գա, նախարար Սուրեն Պապիկյանը գա, խի՞ եք ոստիկան ուղարկել, որ ես կռիվ սարքեմ: Նախարար տղա ես, հելի, արի, քո ժողովուրդն ենք, քեզ ենք ընտրել, արա, խի՞ ես ոստիկան ուղարկել, ես չեմ ուզում ոստիկանի հետ կռիվ անեմ, ես թուրքի հետ եմ կռիվ արել»,- ասում էր մեկ այլ ցուցարար: Նրա խոսքով՝ ջրանցքը ենթակա չէ շահագործման, Մալաթիայի հատվածում այն վթարվել է, եւ ջուրը լցվում է մարդկանց նկուղային հարկերն ու բնակարանները, անգամ մանկապարտեզ է ներթափանցել: 

Եվ այդ վթարի հետեւանքով ամենաշատ տուժողը, թերեւս, գյուղացիներն են, որոնց նախեւառաջ մտահոգում է իրենց կրած վնասի փոխհատուցման խնդիրը: «Ո՞վ է մեր վնասը հատուցելու, ո՞վ է փակելու մեր վարկերը». անընդհատ այս հարցերն էին հնչում ակցիայի մասնակիցների շուրթերին, ինչպեսեւ՝ իշխանություններին հասցեագրված դժգոհության ու հիասթափության արտահայտություններ: Ահա դրանցից մեկը, որն ուղղված է վարչապետի պաշտոնակատարին. «Պարոն Փաշինյան, դիմում ենք քեզ, դու վարկը տվել ես ժողովրդին: Ինչի՞ համար ջուր չես տալիս: Եթե դու ջուր չես տալիս, քո տված վարկը մեզ ավելի վնաս է, քան օգուտ»: 

Կգիտակցի՞ արդյոք Փաշինյանին ընտրելու հետեւանքներն իր մաշկի վրա զգացող արմավիրցին, որ ինքը եւ նրա օգտին քվեարկած մյուս բոլոր քաղաքացիները, մեծ հաշվով, արժանի են նման վերաբերմունքի: Երեք տարի շարունակ այդ անձը պետության հերն անիծել է, արցախյան 44-օրյա պատերազմում խայտառակաբար պարտվել, տնտեսությունը հասցրել կործանման եզրին, պետական ինստիտուտները քայքայել, հասարակությունը պառակտել: Եվ այսքանից հետո էլ քայքայիչ գործունեությունը շարունակելու հայտով նա վերստին ներկայացել է քաղաքացիներին, ինչը վերջիններս ոչ միայն չեն մերժել, այլեւ հաստատել ու տվել են նրան «պողպատե» մանդատ՝ սկսած ավերածություններն ավելի ուժգին թափով վերջնական, աղետաբեր հանգրվանի հասցնելու համար: 

Վստահության կորստի ներկա իրադրությունում անհավանական թվացող տարբեր վարկածներ են պտտվում՝ այդ թվում տեսակետ, թե խդիրը վթարը չէ, այս «ջրախաղերի» ետեւում քաղաքական դիտավորություններ են թաքնված՝ իբր տեղական բանջարեղենի արհեստական պակասորդ է հրահրվում, որպեսզի հայկական շուկա ներկրվի թուրքական գյուղմթերք, եւ դա դիտարկվի որպես բարեհաճ վերաբերմունքի ու դրացի երկու երկրների մերձեցման քայլ: Սա դժվար պատկերացնելի վարկած լինելով հանդերձ՝ միանգամայն տեղավորվում է «Իմ քայլի» խաղաղասիրական անառողջ հակումների տրամաբանության ծիրում: Փորձառու, գյուղոլորտին առավել խորությամբ տիրապետող մասնագետների մեկնությամբ՝ ոռոգման ջրի սակավության հետ կապված խնդիրը համակարգի ապաշնորհ կառավարման հետեւանք է: 

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը համոզված է, որ ոռոգման կարիքների բավարարման առումով Հայաստանը տիրապետում է ջրային պաշարամիջոցների համադրելի քանակության: Խնդիրը, որը ժամանակ առ ժամանակ՝ հատկապես սեզոնային պիկով պայմանավորված, դժգոհությունների տեղիք է տալիս, նրա կարծիքով, ջրի ոչ խնայողաբար օգտագործումն ու սխալ վերաբաշխումն է: «Այսօր մեր ջրամբարները պետք է բերնիբերան լիքը լինեին, որովհետեւ ձմռանն ունեցել ենք ձյան բավական հաստ շերտ, իսկ գարնան շրջանում՝ հորդառատ անձրեւներ: Չնայած դրան, մի շարք ջրամբարներում ջրերը դրանց տարողությունների հազիվ կիսով չափ են կուտակվել, իսկ երբեմն՝ ավելի սակավ»,- նշել է Բերբերյանը: Ըստ նրա, անթույլատրելի է, որ գյուղատնտեսական նշանակության ջրամբարներն օգտագործվում են ՀԷԿ-երի շահագործման տակ՝ փաստորեն գյուղացուց գողանալով նրան հասանելիք ջուրը: 

Մասնագետի հիմնավորմամբ՝ ջրօգտագործողների դժգոհության արմատներն ավելի խորն են, քան ժամանակավոր վթարները: Ոռոգման ցանցի հաշվին աշխատող ՀԷԿ-երը կլանում են Արփի լճի, Կառնուտի, Ախուրյանի եւ այլ ջրամբարների ջրերի «առյուծի բաժինը»: Ջուրը՝ անցնելով 4-5 ՀԷԿ-երով կուտակվում է ամենախոշոր՝ Ախուրյանի ջրամբարում, որտեղից էլ ջրի 50 տոկոսը գնում է Թուրքիա: «Հայ եւ թուրք ջրաբախշներն ու նրանց տերերը միմյանց հետ լեզու գտած՝ լավ էլ «փոխգործակցում են» գյուղացու ջղերի հաշվին»,- ակնարկում է Բերբերյանը, եւ պատկերը, կարծես թե, ամբողջանում է: Խնդիրն արմատական լուծում է պահանջում:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին եւ վարչապետի պաշտոնակատարին՝ ԱԺ արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Բայդենը Թվիթերում մասնավորապես գրել է. «Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունը հիմնվում է ընդհանուր արժեքների ու համագործակցության վրա ժողովրդավարական բարեփոխումների եւ հակամարտությունների կարգավորման ոլորտում: Մենք հավատարիմ ենք այս գործընկերության ամրապնդմանը»,- գրել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը հուլիսի 1-ին ճանաչել է Արցախի անկախությունը: Նյու Ջերսիի նահանգային սենատը միաձայն ընդունել է բանաձեւը, հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնաժողովը: Սենատն Արցախը ճանաչելուց բացի, ի հավելումն դատապարտել է Թուրքիային ու Ադրբեջանին Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի համար եւ վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նյու Ջերսին Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ 10-րդ նահանգն է:

Ազգային ժողովը հունիսի 30-ին գումարեց արտահերթ նիստ, որի օրակարգում դրված էր 18 հարց, այդ թվում՝ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին հարցերը։ Նախօրեին գումարած՝ ԱԺ խորհրդի նիստում քննարկվել ու հաստատվել են արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցերը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հուլիսի 1-ի որոշմամբ Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, որում նշանակվել էր այս տարվա հունվարի 18-ին՝ փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին: Վարչապետի պաշտոնակատարի նույն օրվա մեկ այլ որոշմամբ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն էլ ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից, եւ նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավար։

Հունիսի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ է ընտրվել ակադեմիայի նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Ակադեմիայի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ առաջադրվել էր ԳԱԱ նախագահի եւս երկու թեկնածու՝ ակադեմիայի մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը եւ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ 2006 թվականից Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն էր Ռադիկ Մարտիրոսյանը:

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 30-ին հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի եւ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական ու ռազմաքաղաքական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության եւ քաղաքական երկխոսության դինամիկան:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: