Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

11-18 հունիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Փոքր դադարից հետո հունիսի 14-ին կրկին մարդաշատ էր Ֆրանսիայի հրապարակը, որտեղ հերթական հանրահավաքն ու քայլերթն էր հրավիրել Դիմադրության շարժումը՝ ներկայացնելու առաջիկա անելիքները, շարժումն ընդլայնելու ծրագիրը, արձանագրելու գրեթե երկամսյա փողոցային պայքարի ձեռքբերումներն ու բացթողումները, ինչպես նաեւ իրազեկելու անհնազանդության ակցիայի հաջորդ փուլի մարտավարական նորությունների եւ պայքարի առանձնահատկությունների մասին: «Ստեղծված իրավիճակը, բազմաթիվ հանգամանքները, ձեռքբերումները եւ բացթողումները գնահատելով՝ շարժումը տանելու ենք առաջ. փողոցային պայքարը երբեք չի դադարելու, բայց պայքարում փոփոխություններ կլինեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Շարժումը, ըստ նրա, դադար է առնելու միայն այն օրը, երբ հասնեն ընդհանուր նպատակին՝ կանխվի Հայաստանի նոր կապիտուլյացիան եւ հեռացվի օրվա իշխանությունը:

 

Մեկնաբանությունը

Հանրահավաքի օրվա վաղ առավոտյան Ֆրանսիայի հրապարակում սադրանք տեղի ունեցավ, որի մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել էր նաեւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: «Մերսեդես»-ի վարորդը՝ անտեսելով բազմաթիվ ոստիկանների ու կարմիր բերետավորների շարքերը, մեքենան վարել է ուղիղ հրապարակում տեղադրված վրաններից մեկի վրա, որի մեջ քաղաքացիներ են եղել: Միայն հրաշքով ոչ ոք չէր տուժել: Ոստիկանությունը ոչ միայն չի փորձել կասեցնել հնարավոր ողբերգությունը, այլեւ չի ֆիքսել նույնիսկ մեքենայի պետհամարանիշը: Մնում է մտածել, որ մեր ոստիկանները միայն ծեծուջարդի գծով են կատարելագործված, եւ ուժերը խնայում են երեկոյան ժամի համար:

Դե, իսկ երեկոյան ժամին, ինչպես նախօրոք խոստացված էր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հանգամանորեն խոսեց շարժման նոր փուլի, հետագա անելիքների ու ճանապարհային քարտեզի մասին՝ պարզաբանելով, թե ինչ հունով եւ ինչ գործիքակազմով են պատրաստվում գնալ առաջ: Սաղաթելյանի խոսքով՝ հենց Ֆրանսիայի հրապարակում է ձեւավորվում «ազգային, պետական կորիզը, որը դառնալու է նոր որակի հայկական պետականության հիմքը»: Շարժման նպատակը, ըստ նրա, նույնն է՝ կանխել Արցախի հայաթափումն ու Հայաստանի թրքացումը, ինչին հասնելու համար նախ պետք է շատ արագ հեռացնել գործող իշխանություններին:

Փորձենք հասկանալ, թե որն է ընդդիմադիր շարժման՝ այս ողջ ընթացքում կուտակած հասարակական-քաղաքական շահաբաժինը կամ ռեսուրսների այն խարիսխը, որը նրան հնարավորություն կընձեռի լուծել առաջադրված ոչ դյուրին խնդիրը: Այդ առնչությամբ երկամսյա ձեռքբերումների բավական տպավորիչ ցանկ էր հրապարակել «Դիմադրության» համակարգողն իր ելույթում, որտեղ կետ առ կետ նկարագրված է, թե ստեղծման օրից ի վեր ինչ է տվել շարժումը:

Արժե 12-կետանոց փաստաթղթից մեջբերել մի քանի նմուշ. 1/ շարժման շնորհիվ «Լաո»-ն արթնացավ, եւ միջազգային հանրությունը հասկացավ, որ այստեղ կա ժողովուրդ, որին չի կարելի ցանկացած լուծում ու զիջում պարտադրել; 2/ ձեւավորվեց ազգային գաղափարի շուրջ լայն համախմբում հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ; 3/ թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհի համար փաստվեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու; 4/ ամբողջությամբ փլուզվեցին գործող իշխանության քաղաքական եւ սոցիալական հիմքերը. իշխանության միակ հենարանը ՔՊ-ի նեղ շրջանակն է ու ոստիկանական բիրտ ուժը; 5/ գծվեց հստակ ջրբաժան. ժողովրդի 90 տոկոսը բացահայտ հայտարարել է՝ դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Սա սոցհարցման պաշտոնական արդյունք է։

Փաստաթղթում նաեւ արձանագրված է, որ շարժման շնորհիվ ոտքի են կանգնել Սփյուռքն ու արցախահայությունը, Նիկոլի հեռացման հանրային պահանջը դարձել է հստակ ու աներկբա, հանրային խոսույթում, ի վերջո, ձեւավորվել են այն առաջնահերթությունները, որոնք պետք է դրվեն հայկական պետականությունների հիմքում, իսկ նոր կապիտուլյացիա ստորագրելու ժամանակացույցը առնվազն այս պահին կանխվել է, ինչով պայմանավորված են նաեւ Փաշինյանի ու Ալիեւի վախերը: Եվ ամենակարեւոր ձեռքբերումը. որքան էլ վարչախումբը փորձեց հանրությանը տրամադրել նոր պարտության եւ աշխարհին համոզել, որ հայերը հաշտվել են տեղի ունեցածի հետ, այս շարժումով ապացուցվեց, որ 5000-ամյա ժողովրդի ընթացքը կասեցնել հնարավոր չէ։

Այդուհանդերձ՝ ձեռք բերվածը ինքնահանգստանալու առիթ չէ: Շարժումն, անտարակույս, ունեցել է եւ որոշ թերացումներ, խանգարող հանգամանքներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել մեծացնելու նրա ներուժը, ընդլայնելու աշխարհագրությունը, հարստացնելու գործիքակազմը եւ որդեգրելու նոր մոտեցումներ: «Անհրաժեշտ է շարժմանը հաղորդել ինստիտուցիոնալ եւ ցանցային բնույթ՝ կազմակերպական, քարոզչական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու, տարածքային եւ ճյուղային կառուցվածքային միավորներ, մասնավորաբար կոմիտեներ ստեղծելու համար»,- ասել է Սաղաթելյանը:

Պետք է նկատել, որ ցանկացած քաղաքական գործընթաց՝ այդ թվում «Դիմադրություն» շարժման անհնազանդության խաղաղ ակցիաները, որոշակի ժամանակաընթացքում հասնում է տրամաբանական մի հանգրվանի, որից հետո պահանջվում է անցած ուղու վերանայում կամ տվյալ պահի իրավիճակին համարժեք վերաիմաստավորում: Իրավիճակի այդպիսի միջանկյալ գնահատականները կարեւոր են առաջին փուլում անցածից դասեր քաղելու, հետագա ճիշտ որոշումներ կայացնելու, ինչպես նաեւ ինքնավստահություն ձեռք բերելու համար։ Այս շարժման դեպքում միջանկյալ դադարն ու ուժերի վերադասավորումն առավել եւս կարեւոր են:

Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞վ է առանձնահատուկ այս շարժման պարագան: Ամենից առաջ՝ քաղաքական օրակարգով: Սա ինչ-որ մեկին իշխանության բերելու խնդիր չէ: Ճիշտ հակառակը՝ սա «ինչ-որ մեկին» (հասկանալ՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին) ու նրա թիմին իշխանությունից քշելու հանրային պահանջ է, որովհետեւ նրանք մեր երկրի համար գոյաբանական ու անվտանգային սպառնալիք են, ՀՀ պետականության եւ Արցախի կորստյան լրջագույն վտանգ, որոնց հրաժարականի պահանջով ապրիլ ամսից փողոցային անարյուն պայքարի է դուրս եկել խորհրդարանական ընդդիմությունն իր բազմահազար աջակիցներով:

Ակնհայտ է, որ պայքարի դրոշ բարձրացրած «Դիմադրությունն» իր «երկարակեցությամբ» աննախադեպ է: Հետանկախական շրջանի երեսնամյա պատմության մեջ ներհայաստանյան որեւէ նմանատիպ միջոցառում, բողոքի գործողություն եւ այլն, այդքան երկար ժամանակ՝ մոտ երկու ամիս, չի կարողացել դիմանալ փողոցային պայքարի փորձություններին՝ ընդ որում այս ողջ ընթացքում ապահովելով պատշաճ կարգուկանոն եւ մարդաքանակի կայուն աճ: Սա էլ երկրորդ յուրահատկությունն է: Կա եւ երրորդը՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքվածների բարոյական նկարագիրը. կամային, անկաշառ, նպատակասլաց եւ անընկճելի քաղաքացիներ:

Իսկը ազգային գաղափարներով մոտիվացված հանրություն, որին չեն ընկճում ո՛չ ոստիկանական բռնությունները, ո՛չ սադրանքները, ո՛չ ձերբակալություններն ու կալանքները: Չեն ընկճում, որովհետեւ այս մարդկանց պայքարը գաղափարի համար է, ազգային ամենավսեմ գաղափարի՝ անկախ, ինքնիշխան պետականության պահպանման համար:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը եւ նրա խնդրանքով անդրադարձել ՀՀ ներքաղաքական իրավիճակին, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, ներկայացրել ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը: ՀՀ գործադիրի ղեկավարն ընդգծել է տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին, ինչպես նաեւ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քայլերին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարեւորությունը: Միաժամանակ նա կարեւորել է ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Սեդերֆելտը բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ փոխգործակցությունը եւ նշել վերջինիս ակտիվ գործունեությունը վեհաժողովում:

Հունիսի 16-ին պաշտոնական երկօրյա այցով Երեւան է ժամանել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Հաջորդ օրը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ: Տեղի են ունեցել նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի, Ազգային ժողովի նախագահի տեղակալի եւ արդարադատության նախարարի հետ ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումները:

Տաթեւիկ Ռեւազյանն այլեւս Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը չէ: Այս մասին նա հունիսի 13-ին գրել է իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ վերադառնում է բիզնեսի աշխարհ: Հրաժարականի պատճառների մասին նա հետեւյալն է նշել. «Ինչպես միշտ, այժմ եւս ենթադրում եմ՝ կլինեն իմ հրաժարականի պատճառների հետ կապված հոլիվուդյան մոտիվներով համեմված կեղծ լուրեր եւ բամբասանքներ։ Ես աշխատանքից դուրս եմ գալիս դրական էմոցիաներով եւ ոչ ոքի հետ չունեմ միջանձնային որեւէ տարաձայնություն»: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ըստ Ռեւազյանի, անցնում է շատ լուրջ բարեփոխումների եւ արդիականացման գործընթացներով: Տաթեւիկ Ռեւազյանը ոլորտը ղեկավարում էր 2018 թվականից:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Քաթարի Պետություն: Դոհայի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Քաթարի Արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բին Սաադ Ալ-Մուրեյխին: ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Քաթարի բարձրագույն ղեկավարության հետ: «Հանդիպումների օրակարգային հարցերն առնչվում էին երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը»,- ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրությունում:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: