Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Վարչապետի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումը հունիսի 18-ին Ֆրանսիայի հրապարակում անցկացրեց հերթական հանրահավաքը: Ավելի վաղ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ հանրահավաքին բացառապես խոսելու են, թե ինչպիսին է իշխանափոխությունից հետո ընդդիմությունը պատկերացնում Հայաստանի վաղվա օրը, ներկայացնելու են իրենց տեսլականը բոլոր ուղղություններով՝ տնտեսություն, կրթություն, անվտանգություն եւ այլն: Շարժման գլխավոր նպատակը, ինչպես հայտարարվեց հանրահավաքում, ուժեղ Հայաստան ունենալն է: «Դրան հասնելու համար կա անհրաժեշտ պայման՝ հեռացնել Նիկոլին, քանի որ նրանով ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստան հնարավոր չէ»,- ասել է Սաղաթելյանը՝ ընդգծելով արդյունավետ կառավարմամբ նոր որակի պետություն կառուցելու կարեւորությունը:
Մեկնաբանությունը
Շատ է խոսվել այն մասին, որ «Դիմադրություն» շարժումը վարչապետի ու Կառավարության հրաժարականը պահանջելուց այն կողմ չի անցնում: Ասել է թե՝ չպարզաբանված են մնում ենթադրյալ իշխանափոխությանը հաջորդող գործընթացները՝ ի՞նչ են հասարակությանն առաջարկում ապագայի իշխանությունները, որո՞նք են վաղվա Հայաստանի վերաբերյալ նրանց պատկերացումները, ի՞նչ հատկանիշներ ունեն այսօրվա իշխանությունները, որոնք ենթակա են փոփոխության եւ ինչպիսի՞ իշխանություն է, ընդհանրապես, անհրաժեշտ Հայաստանին: Հունիսի 18-ին տեղի ունեցած հանրահավաքը, որն ամենամարդաշատներից էր, մասամբ լույս սփռեց այս հարցերի վրա:
Մասնավորապես՝ փաստվեց, որ «Դիմադրություն» շարժման առաքելությունը Փաշինյանին հեռացնելով չի ավարտվելու. նրան հեռացնելուց հետո «Դիմադրության» գաղափարներն ու նպատակը դառնալու են պետության գործառույթը եւ նրա հոգածության գերակայությունը: Այլ կերպ ասած` հաջորդ իշխանությունը պետք է կարողանա դիմակայել ու հաղթահարել երկրի առջեւ ծառացած բոլոր սպառնալիքները։ Դրա համար, անտարակույս, պահանջվելու է կառուցել բոլորովին նոր որակի պետություն՝ արդյունավետ կառավարմամբ, ուժեղ տնտեսությամբ եւ հզոր բանակով։
«Մեզ պետք է օրվա իշխանության կործանարար, ապազգային քաղաքականությանն այլընտրանք առաջարկող իշխանություն, որը տեր կկանգնի մեր հաղթանակներին, կվերցնի պատմական ու քաղաքական պատասխանատվություն, կօգտագործի հնի դրականը, կհամադրի փորձը եւ երիտասարդությունը, իրապես կառաջնորդվի արժանավորների իշխանություն ձեւավորելու սկզբունքով, կառաջարկի ներկա վիճակից դուրս գալու հստակ լուծումներ, կհամախմբի ամբողջ ժողովրդի ներուժը եւ կգնա դրա իրականացման հետեւից»,- հանրահավաքում ասել է Սաղաթելյանը:
«Հնի դրականի օգտագործումը» եւ «փորձի ու երիտասարդության» համադրումը բավական թափանցիկ ակնարկներ են՝ հասկանալու համար, թե ով է անցումային կառավարության կազմավորման հնարավորության դեպքում լինելու ընդդիմության նախընտրելի թեկնածուն, չնայած առանց այդ էլ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընդդիմության թիկունքում «հնի ու փորձի» մարմնավորում հանդիսացող՝ ՀՀ երկրորդ նախագահն է: Ըստ երեւույթին, կազմավորվելիք անցումային կառույցի ղեկավարի դերում ընդդիմությունը տեսնում է Ռոբերտ Քոչարյանին՝ որպես «հնի դրականի» ու «փորձի» կրողի:
Հանուն ճշմարտության պետք է անձերից վեր կանգնել եւ ընդունել, որ աշխատանքային իր գործունեության ընթացքում՝ 1990-ականներին, Քոչարյանին վիճակվել էր երկու անգամ՝ նախ Արցախում, ապա նաեւ Հայաստանում, բախվել ծանր, ճգնաժամային իրավիճակների հետ եւ հաղթահարել՝ երկիրը դուրս բերելով սոցիալ-տնտեսական զարգացման մայրուղի, միջազգային հարաբերությունների նոր մակարդակ եւ անվտանգային հուսալի միջավայր: Սխալ կլինի, եթե անցումային շրջանում Երկրորդ նախագահի փորձը, քաղաքական ու կազմակերպչական ներուժը լավագույնս չօգտագործվի ի նպաստ երկրի բարօրության ու պաշտպանունակության ամրապնդման:
Չպետք է մոռանալ, որ վերջին մեկ-մեկուկես տասնամյակում ՀՀ-ում հասարակական եւ քաղաքական գործիչների մի վառ աստղաբույլ է աճել, որոնցից ամենաընդունակները, անշուշտ, կընդգրկվեն անցումային կառավարության կազմում, կթրծվեն փորձառու գործիչների հետ համատեղ աշխատանքի մեջ եւ արդյունավետ կառավարիչներ կդառնան վաղվա Հայաստանի համար: Կա նաեւ չվարկաբեկված անձանց ավելի ավագ սերունդ, որը քանիցս անձնական նվիրվածության օրինակներ է ցույց տվել եւ այսօր էլ պատրաստ է իր նպաստը բերելու մեր պետականության վերաշինմանը: Տրամաբանական կլինի, եթե 2-րդ նախագահը բավարարվի անցումային շրջանի ժամկետով եւ կառավարման ղեկը վստահի ամենաշնորհալի հետնորդի:
Երբ Հայրենիքին վտանգ է սպառնում, պետք է մի կողմ դնել մեծ ու փոքր վիրավորանքները եւ միասին լծվել ընդհանուր գործին: Որո՞նք են այսօր ՀՀ մարտահրավերները: Արտաքին մարտահրավերը, ինչպես հայտնի է, թուրք-ադրբեջանական դաշինքն է՝ Հայաստանից հնարավորինը պոկելու իր անհագ ախորժակով, իսկ ներքինը եւ առավել վտանգավորը՝ ապազգային իշխանությունը, որը ժողովրդից գաղտնի պայմանավորվածություններ է ձեռք բերում թշնամու հետ՝ երկրի ռազմավարական տարածքներն ու բնական պաշարամիջոցները մաս առ մաս հանձնելով Ադրբեջանին:
Ինչ վերաբերում է ամենահրատապ լուծում պահանջող հարցերին, որոնք արծարծվեցին հանրահավաքում, դրանք բազմազան են՝ բանակի վերազինում ու ԶՈՒ մարտունակության բարձրացում, անվտանգության հուսալիության ապահովում, տնտեսության հզորացում, գիտակրթական, մշակութային, առողջապահական, դատաիրավական համակարգերի առողջացում, արտաքին քաղաքականության ոլորտում, նախեւառաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի վերակագնում: Հանրահավաքում վերստին ընդգծվեց Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու անհնարինությունը, կարեւորվեց երիտասարդության դերը՝ որպես Դիմադրության շարժիչ ուժի:
Բոլորը հասկանում են, որ այսօր մեզ պետք է ազնիվ եւ պատասխանատու իշխանություն, որը չի խաբի ու չի մոլորեցնի սեփական ժողովրդին: Սա ճիշտ է, բայց բոլորը չէ: Երկիրը ներքին ու արտաքին այնպիսի բարդ մարտահրավերների հանգույցի առջեւ է, որ լինել պատասխանատու իշխանություն` դեռ քիչ է։ Լինել նաեւ պրոֆեսիոնալ ու բանիմաց՝ կրկին քիչ է։ Լինել ազնիվ ու հայրենասեր` դարձյալ քիչ է։ Հայաստանը, բառի բուն իմաստով, այսօր խնդիր ունի ցատկելու սեփական գլխից վերեւ։ Արտաքին ու ներքին խնդիրների քարտեզը դա է պարտադրում: Սա էր հունիսի 18-ի հանրահավաքի առանցքային պատգամը:
Մեկնաբանեց Գեւորգ Լալալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 18-ին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Դիլիջանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Ղարիբաշվիլի հանդիպումը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի եւ զարգացումների շուրջ: Երկու երկրների վարչապետները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետեւողականորեն խորացնելու պատրաստակամությունը եւ պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը:
Աշխատանքային այցով հունիսի 20-21-ը Բելառուսում գտնվող Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Հունիսի 20-ին տեղի են ունեցել կառավարությունների նեղ կազմով, իսկ հաջորդ օրը՝ ընդլայնված կազմով նիստերը: ԵԱՏՄ երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը երկրորդն էր այս տարի եւ 31-րդը ԵԱՏՄ աշխատանքների մեկնարկից ի վեր:
«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները հունիսի 20-ին շտապ հավաք են հրավիրել Ֆրանսիայի հրապարակում, որտեղից քայլերթով շարժվել են «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակի մոտ: Այդ օրվա ակցիայի պատճառը հունիսի 19-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպն էր: Ընդդիմության պնդմամբ՝ դեպքին մասնակից են եղել իշխանության հետ փոխկապակցված անձինք եւ նրանց հարազատներ: Ընդդիմադիրները գնացել են Ոստիկանության շենքի ուղղությամբ, այնուհետեւ շարժվել դեպի Ազգային անվտանգության ծառայություն: Նախօրեին Ոստիկանությունը հաղորդել էր, որ կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում, 7 մարդ տուժել եւ հոսպիտալացվել է, նրանցից մեկը սպանվել էր տեղում, եւս երկուսը՝ 27-ամյա ապարանցիներ, հիվանդանոցում: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ։
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ Վանեցյանի լիազորությունները կդադարեցվեն նրա հրաժարականի մասին ԱԺ նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց, եթե նա հետ չվերցնի իր դիմումը։ Անդրադառնալով իր որոշմանը՝ Վանեցյանը, մասնավորապես, նշել է, որ իրեն այլեւս չի տեսնում այս խորհրդարանում. «ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու եւ երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ»։
Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը: Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում: Եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի էր ունեցել հունիսի 4-ին Մոսկվայում:
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ին մեկնել է Մոսկվա: Հայկական ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Պապիկյանը Ռուսաստան է մեկնել հաջորդ օրը կայանալիք՝ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: