Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

27 հունիսի - 4 հուլիսի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարության հետ շուրջ 2 ժամ տեւած քննարկման արդյունքում օրերս սահմանեց ՀՀ սպառողների համար գազի նոր սակագները, որոնք կսկսեն գործել հուլիսի 19-ից: Ըստ այդմ` սպառող քաղաքացիներին մատակարարվող գազի գինը մնում է անփոփոխ` անապահով խավի համար 1 խմ գազի դիմաց 100 դրամ, շարքային սպառողների համար 1 խմ գազի դիմաց 139 դրամ: Նույնքան` 139 դրամ կվճարեն նաեւ խոշոր սպառողները` այդ թվում ՋԷԿ-երը, բայց միայն ամսական մինչեւ 10.000 խմ սպառած գազի դիմաց, դրանից ավելի սպառելու դեպքում ավել սպառված գազի յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրը կարժենա արդեն 255.91 դոլար:

Կառավարությունն առանձնացրել է նաեւ տնտեսական գործունեության որոշ տեսակներ: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին` նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն: Նույն սակագինը կգործի նաեւ պահածոների, խմիչքի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ոչ թե սեզոնային, այլ ամբողջ տարվա կտրվածքով:

…Վերջին շրջանի մի շարք աղմկոտ իրադարձությունները` Սահմանադրական դատարանի շուրջ կատարվող զարգացումները, Գույքահարկի մասին օրենքի փոփոխությունների ու լրացումների բուռն քննարկումները, մի տեսակ ստվերեցին կամ երկրորդ պլան մղեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների բարձրացման հետ կապված մտահոգությունները: Մեր բանակցողներին այդպես էլ չհաջողվեց գազի գնի իջեցման հարցում տարհամոզել ռազմավարական դաշնակցին: Ռուսական կողմը ոչ միայն չգնաց գնի նվազեցման, այլեւ չպահպանեց անգամ նախկին գինը` ի տարբերություն հարեւան Վրաստանի, որի հանդեպ ավելի բարյացակամ գտնվեց` այդ երկիր ներկրվող գազի գինն իջեցնելով 15 տոկոսով: Մեր դեպքում միակ մխիթարանքն այն է, որ բնակչության, այդ թվում սոցիալապես խոցելի խմբի համար գազի սակագները մնացին անփոփոխ:

Բայց դրանում, ըստ էության, մխիթարական քիչ բան կա, քանի որ սպառողների մի հոծ հատվածի` առանձին տնտեսվարողների համար սակագները կբարձրանան, ինչը, բնականաբար, իր հետ կբերի թանկացումներ` խփելով բոլորի գրպաններին: Այսպես` ջերմոցային տնտեսությունների, վերամշակող արդյունաբերության մի շարք ճյուղերի, խմիչքներ եւ կաթնամթերք արտադրողների դեպքում «կապույտ» վառելիքի սակագինը հազար խմ հաշվով կդառնա 224 ԱՄՆ դոլար` ներկայումս գործող գնի` 212 դոլարի փոխարեն կամ գնաճը կկազմի 5,7 տոկոս: Ճիշտ նույնչափ թանկացում է հուլիսի 19-ից հետո սպասվում նաեւ այն տնտեսվարողներին, որոնք ամսական սպառում են 10 հազար խմ-ն գերազանցող գազ: Օրինակ` ջերմային էլեկտրակայանների դեպքում սակագինը հազար խմ հաշվով կդառնա 255,9 ԱՄՆ դոլար` այժմյան 242,1-ի փոխարեն:

Թեպետ գազի թանկացումն առերեւույթ «չի դիպչում» շարքային քաղաքացու դրամապանակին, սակայն անուղղակիորեն վերաբերվում է բոլոր ընտանիքներին: Եվ, բացի դրանից, այն` որպես ծանր բեռ, կախվելու է մեր տնտեսության` առանց այդ էլ վտիտ պարանոցից, արտահայտվելու է տեղական արտադրության ապրանքների ինքնարժեքի տեսանելի բարձրացմամբ, արտադրանքի մրցունակության անկմամբ, արտադրության ծավալների ու արտահանման ներուժի նվազմամբ, ինչպե նաեւ աշխատատեղերի հնարավոր կրճատմամբ: Առավելապես զգայուն կարող են լինել այն տնտեսվարողները, որոնց աշխատանքային գործունեության ընդհանուր ծախքերի մեջ մեծ է գազօգտագործման տեսակարար կշիռը: Այդ առումով ռիսկային խմբում են մասնավորապես ջերմային էլեկտրակայանները, ցեմենտի գործարանները եւ բազմաթիվ այլ ձեռնարկություններ, որոնց առաջընթացի համար էներգակիրների դերն անվիճելի է:

Եվ եթե էներգակիրների տնտեսական բաղադրիչին առնչվող հարցում ամեն ինչ պարզ ու միանշանակ է, ապա դրանց քաղաքական բաղադրիչը տարբեր հանգամանքներում կարող է տարբեր կերպ դրսեւորվել: Հայտնի ասացվածք կա` գազի խողովակաշարով ավելի շատ քաղաքականություն է հոսում, քան` գազ: Նույն միտքը կարելի է հանգիստ արտապատկերել Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի խողովակաշարի վրա: Այդ համատեքստում ուշագրավ են անցած մայիսի կեսերին ԵԱՏՄ առաջնորդների առցանց գագաթաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պարզաբանումները, թե ինչու հնարավոր չէ ԵԱՏՄ-ում ունենալ գազի միասնական գին, որի գաղափարն առաջ էին քաշել պաշտոնական Երեւանն ու Մինսկը:

Պուտինի խոսքով` միասնական սակագինը կարող է իրականություն դառնալ միայն միասնական բյուջե եւ հարկման միասնական համակարգ ունեցող շուկայում: «ԵԱՏՄ-ն դեռ չի հասել ինտեգրման այդքան խոր մակարդակի։ Մենք բոլորս դա լավ գիտենք։ Իսկ մինչ այդ գները պետք է ձեւավորվեն շուկայական իրավիճակի հիման վրա` հաշվի առնելով ծախսերը, մատակարարների ներդրումները, ինչպես նաեւ ապահովելով արդյունահանման մեջ ներդրված կապիտալից ստացվող շահույթի հիմնավորված նորմը»,- նշել է ՌԴ նախագահը: Սակայն պետք է նկատել, որ խնդիրն այստեղ միայն գնագոյացման կամ տնտեսական գործոնները չեն, այլ դրանց տակ հասկացվող երկու երկրների փոխհարաբերությունները:

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունները փայլուն չես համարի, ինչի վկայությունը երկու երկրների իշխանությունների միջեւ առկա որոշակի ներքին տարաձայնություններն են, Հայաստանում ժամանակ առ ժամանակ հակառուսական տրամադրությունների դրսեւորումները, որոնց գինը այսօր կարող է գազի թանկացումը լինել, վաղը հայաստանցի միգրանտներների առջեւ ռուսական աշխատաշուկայի փակումը, մյուս օրը արցախյան հակամարտության ադրբեջանանպաստ կարգավորումը: Հայաստանն այս ամենին այլընտրանք չունի եւ, ավանդաբար, մնում է պորտալարով Ռուսաստանի հետ կապված: Ռուսաստանն, իր հերթին, ջանում է չկորցնել նախկին խորհրդային պետություններում ունեցած իր երբեմնի ազդեցությունն ու լծակները:

ԵԱՏՄ առաջնորդների վերոնշյալ գագաթաժողովում Պուտինը չթաքցրեց, որ հետխորհրդային երկրների հետ ինտեգրման «ավելի խոր մակարդակը» Ռուսաստանի համար կենսական նշանակության հարց է, եւ գազի գործոնը նրա կողմից դիտարկվում է իբրեւ այդպիսի մակարդակի ինտեգրման հասնելու շահագրգռություններից մեկը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով

Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 2-ին ընդունել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արգիշտի Քյարամյանին: Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ազգային անվտանգության ծառայության ընթացիկ գործունեությանը: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ԱԱԾ տնօրենին պաշտոնում նշանակվելու առթիվ ու հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության մեջ:

Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնել է հունիսի 8-ին:

«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները հուլիսի 2-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին են ուղարկել կորոնավիրուսի տարածումը կանխելու, դրա դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության ու պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշել է, որ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:

Պատգամավորի փոխանցմամբ` ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արկադի Խաչատրյանը:

Երեք կուսակցություններ` ԲՀԿ-ն,  ՀՅԴ-ն եւ «Հայրենիք»-ը, ՀՀ գլխավոր դատախազություն են ներկայացրել Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով սահմանված հանցագործությունների մասին հաղորդում, որը միտված է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հանցակցությամբ իրականացված իշխանության յուրացմանը իրավական գնահատական տալուն: «Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՍԴ երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու եւ Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնավարումից զրկելու, ինչպես նաեւ նրանց փոխարեն այլ անձանց նշանակելու միջոցով օրենսդիր ու գործադիր իշխանությունը ներկայացնող, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձինք` հանցակցությամբ, տիրանում են ՍԴ լիազորություններին եւ այդ ամենը կատարում են` վերազանցելով իրենց լիազորությունները»,- պնդում են երեք կուսակցությունները:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: